14/04/2014

FocusWriter ծրագիրը՝ արդեն նաև հայերեն

Սա մի պարզ տեքստային խմբագրիչ է, որն արդեն կարելի է գործածել նաև հայերեն (հայերենացումը կատարվել է մեր կողմից)։ Այն կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ՝ http://gottcode.org/focuswriter/

Ծրագիրը հայերենով գործածելու համար պարզապես պետք է մկնիկով շարժվել դեպի պատուհանի վերևում գտնվող ընտրացանկը և Settings-ի Application language-ում ընտրել հայերենը, ապա ծրագիրը փակել, նորից բացել։ Վե՛րջ։ Այդուհետ ամեն ինչ հայերեն կտեսնեք։ 







FocusWriter-ը նախատեսված է գրողների և լրագրողների համար կամ ո՛րևէ մեկի, ում նպատակն է ստեղծագործելը։ Սա պարզ խմբագրիչ է, որովհետև, ի տարբերություն Microsoft Word-ի կամ դրան փոխարինող այլ ծրագրերի, չունի շատ հնարավորություններ, ինչպես օրինակ՝ աղյուսակներ կազմելու, բնագրի ներսում նկարներ տեղադրելու և այլն։ Չունի նաև ծանոթագրություններ հավելելու հարմարանք (թեև, կարծում ենք, եթե լիներ այս հնարավորությունը, վատ չէր լինի)։

Սակայն ունի այլ հնարավորություններ, որոնք բացակայում են տարածված տեքստային խմբագրիչներում։ Դրանցից մեկը դրվագների (scenes) գործածությունն է։ Եթե բնագրի ներսում կան բաժանումներ (օրինակ՝ գլուխներ կամ անավարտ հատվածներ), ապա յուրաքանչյուրի առաջ որևէ բաժանիչ նշան կամ նշանակապակցություն մուտքագրելու դեպքում (լռելյայն նշանակապակցությունը սա է՝ ##. այն կարող եք կարգավորումներում փոխարինել Ձեզ հարմար որևէ այլ նշանով, օրինակ՝ աստղանիշներով), ձեր բնագրի հատվածները (դրվագները) կտեսնեք ձեր նիշքի ձախ կողմում իրար տակ դասավորված (բայց սա չի երևում, մինչև մկնիկով չգնաք դեպի ձախ)։ Ընդհանրապես այս ծրագրում բոլոր ընտրացանկերը թաքնված են, որպեսզի չշեղեն գրողի ուշադրությունը. սակայն բավական է՝ մկնիկը տանեք վերև, ներքև կամ ձախ, որ դրանք ակտիվանան։ Դրվագացանկում եղած դրվագները կարելի է մկնիկով տեղափոխելով վերադասավորել, և բնագրում նույն դասավորությունը կստանաք։ Այլև՝ դրվագացանկի որևէ միավորի վրա մկնիկով կանգնելով՝ կարելի է անմիջապես տեղափոխվել բնագրում համապատասխան հատվածը, այսինքն՝ դրվագացանկը նաև բովանդակության ցանկի դեր է կատարում։



Մեկ այլ հնարավորություն է նկարները որպես  խորապատկեր գործածելը։ Դրա համար անհրաժեշտ է օգտվել այսպես կոչված թեմաներից, որոնցում ընտրում եք և խորապատկերը, և գույներ (ինչպես նաև տառատեսակը, տողերի միջև հեռավորությունը և այլն), այսինքն՝ ստեղծում Ձեզ հաճելի մի միջավայր։

Այս ծրագրով կարելի է միանգամից բազմաթիվ նիշքեր բացել մեկ պատուհանում՝ ներդիրների (tabs) տեսքով, ինչպես համացանցային զննարկիչներում (բրաուզեր)։

Ծրագիրն ունի նաև ժամաչափիչ (timer), որը շատ հարմար է որոշակի ժամանակի ընթացքում կատարված աշխատանքը հաշվարկելու կամ պարզապես որոշակի ժամանակամիջոցից հետո Ձեզ ինչ-որ բան հիշեցնելու համար (օրինակ՝ որ պետք է դադարեցնել աշխատանքն ու վազել կրակին դրված ճաշի տակ անջատելու  կամ ընկերոջը զանգահարելու ։-))։

Ծրագիրը ոչ միայն էջերի, նիշերի, պարբերությունների, բառերի քանակն է ցույց տալիս (անմիջապես նիշքի ներքևում), այլև, եթե Դուք որոշել եք այդ օրը կատարելիք աշխատանքի սահմանաքանակ (օրինակ՝ թե քանի նիշ, բառ կամ էջ պիտի մուտքագրեք այդ օրը), ապա նիշքի ներքևում կտեսնեք նաև, թե Ձեր նշանակած սահմանաքանակի քանի տոկոսն եք արդեն լրացրել։


Թե էջը քանի նիշից պիտի կազմված լինի, Դուք եք որոշում ըստ այս ծրագրի։ Կարգավորումներում նշում եք, որ էջը, օրինակ, 1800 նիշից է բաղկացած, և ծրագիրը էջերի քանակն ըստ այդմ է հաշվարկում։

Այս ծրագիրն ունի նաև գրամեքենայի ձայնի միացման հնարավորություն, այսինքն՝ կարող եք մուտքագրելիս լսել այնպիսի կտկտոցի ձայն, որը հիշեցնում է աշխատող գրամեքենայի ձայնը։

Այս ծրագիրն ունի նաև դյուրակիր տարբերակ (portable)` ֆլեշ կրիչում գործածության համար։

Միով բանիվ, փորձե՛ք այս ծրագիրը, ինչպես նաև գրե՛ք մեզ, եթե հայերեն թարգմանության մեջ սխալներ գտնեք կամ ավելի լավ տարբերակներ ցանկանաք առաջարկել։ Համակարգչային ծրագրերի հայերենացումն այնքան էլ դյուրին գործ չէ հայերեն համակարգչային լեզվի դեռևս անմշակ լինելու պատճառով։

Հ.Գ. Ծրագրի հայերեն տարբերակում, մասնակի դեպքերում, որոշ բառեր կգտնեք անգլերեն մնացած։ Սրա պատճառն այն է, որ ծրագիրը հիմնված է Qt-ի վրա, որը հայերեն թարգմանված չէ։

No comments:

Post a Comment

Եթե ասելիք ունեք, գրեք այստեղ։