3/9/14

ԱՐԵՎԱԿԻ «թաքնված» հայերեն-անգլերեն բառարանը

«Արևակի» (Արևելահայերենի ազգային կորպուսի կայքի) գրադարանը թաքնված հայերեն-անգլերեն բառարան է նաև։ Ինչպե՞ս։ Բացատրեմ։ Երբ ընտրում եք որևէ հայերեն բնագիր, օրինակ՝ Թումանյանի հեքիաթները, և էջը բացում, բնագրային սովորական շարվածք եք տեսնում, բայց բավական է՝ մկնիկով սեղմեք որևէ բառի վրա, որ տեսնեք այդ բառի անգլերեն թարգմանությունը՝ քերականական նշումներով հանդերձ։

Սա չափազանց հարմար կարող է լինել այն հայորդիների կամ հայերեն սովորողների համար, ովքեր անգլերեն գիտեն, իսկ հայերեն նոր են սովորում կամ ամեն հայերեն բառ չեն հասկանում, սակայն ցանկանում են հայերեն գրքեր ընթերցել։



Ինչպես տեսնում եք վերոբերյալ օրինակներում, «շարունակեց» բառի՝ մկնիկով ակտիվացումը բացել է պատուհանիկ, որում գրված է, որ այդ բառն անգլերեն նշանակում է continue, ներգործական սեռի բայ է (V tr) և անցյալ կատարյալի եզակի երրորդ դեմքով է գործածված (aor,sg,3)։

Մյուս օրինակում «գայլը» բառը թարգմանված է wolf, շնչավոր գոյական է (N anim) և գործածված է եզակի թվով, ուղղական հոլովով ու որոշյալ առումով (sg,nom,def)։

Ովքեր քերականական եզրերը դժվարանում են հասկանալ, կարող են կարդալ «Արևակի» օգնական այն էջը, որում բացատրվում է այդ կայքում մշակված քերականական վերլուծիչը։