4/24/14

Հատված «Շվեյցարական գյուղ»-ից

Ավետիս Ահարոնյանի «Շվեյցարական գյուղ»-ից (1913 թ.)։ Վերահրատարակությունը՝ շուտով մեր կողմից։ Էլ. գրքի տեսքով կարող եք բեռնել մեր կայքից։


Ես երբեք չեմ կարող մոռանալ մի դեպք, որին ականատես եղա շվեյցարական գյուղում և որ խորապես հուզեց ինձ։ Ամրան սկզբին հեռավոր գյուղում հարմար պանսիոն փնտռելով՝ կանգ առա մի գյուղացու տան առաջ։ Տանտիկինը, որից տեղեկություններ էի խնդրում, հետաքրքրվեց իմ ազգությամբ. ես մի փոքր շփոթված մնացի՝ հաստատ համոզված, որ այս գեղջկուհին այս խուլ լեռներում հայ անունը լսած չպիտի լինի, և հետևապես հարկավոր է երկար-բարակ բացատրել, թե ի՞նչ ասել է հայ․ սա մի հանգամանք էր, որ շատ էլ չէր շոյում իմ ազգային հպարտությունը։
- Հայ եմ,– ասացի վարանոտ եղանակով։
- Ի՞նչ եք ասում, հա՞յ եք, հա՞յ. խե՜ղճ հայեր, դժբա՜խտ ժողովուրդ, սուլթանը ձեզ ինչպես կոտորեց, ախ Տե՛ր Աստված, դու ինչո՞ւ թույլ տվիր, խե՜ղճ հայեր...

Պարզվեց, որ նա հայոց հարցի վերջին տարիների ամբողջ պատմությունը գիտե իր փոքրիկ թերթից, որ կարդում է երեկոները իր երեխաների հետ, և ինչ ասել կուզի, փոքրիկ երեխաներն էլ գիտեն շատ բան այն քրիստոնյա դժբախտ ժողովրդի մասին, որին թյուրքերը կոտորում են հեռավոր արևելքում։ Այս երևույթը մենակ Վո կանտոնում չէ, այլ ամբողջ Շվեյցարիայում նույնն է. ամենքը կարդացել են, ամենքը գիտեն, և նրանց շիտակ, մաքուր մամուլը ոչինչ չէ թաքցրել, ոչինչ չէ կեղծել։ Թյուրքական ոսկիներն այստեղ ոչինչ չէին կարող անել, սրանց բարոյական մաքրությունը մի ժայռ է, որի վրա կխորտակվի գայթակղության ամեն մի նողկալի փորձ։ Ակամա միտս ընկավ ֆրանսիական Le petit journal-ը, որը նույնպես մի շատ տարածված պատկերազարդ թերթ է ամբողջ Ֆրանսիայում։ Հայկական սարսափների ժամանակ այս թերթի «ազնիվ» խմբագիրներն իրանց ընթերցողներին ուղարկեցին պատկերներ, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես հայերը ավերում են թյուրքական մզկիթները և կոտորում են «խեղճ» թյուրքերին։ Ապականված մամուլի վարիչները աշխարհի մեծագույն ոճրագործներն են։