4/25/14

«Աշխարհացույցի» հեղինակը

Դարեր շարունակ «Աշխարհացույցը» համարվել է Մովսես Խորենացու գործը, սակայն  խորհրդային շրջանում այս գործը վերագրեցին 7-րդ դարում ապրած Անանիա Շիրակացուն, աշխարհաբար թարգմանությամբ հրատարակեցին դարձյալ Շիրակացու անունով և նրա ժողովածուում։ Այսպիսի վերագրման հիմնական պատճառն այն էր, որ «Աշխարհացույցում» կան տվյալներ, որոնք վերաբերում են ոչ թե 5-րդ դարին, այլ 7-րդ։ Դրանք, սակայն, «Աշխարհացույցի»՝ 7-րդ դարում կատարված խմբագրության հետևանք են, ինչպես ցույց է տալիս երջանկահիշատակ պատմաբան Բաբկեն Հարությունյանը դեռևս 1997 թ.-ին, այսինքն՝ 17 տարի առաջ, հրատարակած մի խիստ կարևոր ուսումնասիրության մեջ՝ «Աշխարհացոյցը» եւ չորս Հայքերի խնդիրը» (Երեւան, 1997)։ Այստեղ նա համոզիչ կերպով ապացուցում է, որ այս երկն իրոք գրվել է 5-րդ դարում և պատկանում է Մովսես Խորենացուն,  ինչպես և նշվում է մեզ հասած ձեռագրերում։


Ցավալի է, սակայն առ այսօր  անգամ գիտական ուսումնասիրություններում կարելի է տեսնել, որ «Աշխարհացույցի» հեղինակ են շարունակում նշել Շիրակացուն և այն ներկայացնում որպես 7-րդ դարի գործ։ Ներկայացնում ենք Բաբկեն Հարությունյանի վերոնշյալ աշխատության ամփոփումը (էջեր 102-103) և խնդրում այն տարածել՝ առավել լայն լսարանի հասցնելու և շարունակ կրկնվող սխալն այսուհետ կանխելու համար։


«Ավարտելով հարցիս քննությունը և ամփոփելով վերջինիս արդյունքները՝ հանգում եմ ներքոհիշյալ կարևոր եզրակացություններին.

ա) Հայ աշխարհագրական մտքի փայլուն կոթող «Աշխարհացոյց»-ի սկզբնական բնագրում բացակայել է չորս Հայքերի գաղափարը։ Անգամ խմբագրությունների հետևանքով նշանակալից փոփոխությունների ենթարկված մեզ հասած ձեռագրերում բացակայում է չորս Հայքերի գաղափարը, որովհետև դրանցից հնագույնները ընդհանրապես տեղեկություն չեն պարունակում Երրորդ Հայքի մասին։ Ձեռագրերի մեծ մասում Առաջին և Երկրորդ Հայքի հարևանությամբ նկարագրվում է անթվակիր Հայքը, որը մնացած ձեռագրերում համարվում է Երկրորդ Հայք և, իրոք, համապատասխանում է «Աշխարհացոյց»-ի ընդարձակ խմբագրության Երկրորդ Հայքին։ «Աշխարհացոյց»-ի մեջ մուծելով Չորրորդ Հայքը՝ խմբագիրները, չնկատելով հակասությունը, չեն ավելացրել Երրորդ Հայքը, որը պատճառ է դարձել առավել ուշ ժամանակներում առանձին գրիչների կողմից Երրորդ Հայքի գաղափարը մուծելուն, հանգամանք, որ հակասաության մեջ է մտնում բնագրի ներքին տրամաբանության հետ։

բ) «Աշխարհացոյց»-ի քննությունը ցույց է տալիս, որ այն իրոք ստեղծվել է 5-րդ դարում և նրա հեղինակը պատմահայր Մովսես Խորենացին է։ Մեծ Հայքի աշխարհագրական նկարագրությունը եղել է Սահակ Բագրատունու և Վահան Մամիկոնյանի կողմից ղեկավարած 481-484 թթ. ապստամության քաղաքական ծրագիրը, թե ինչ սահմաններում պետք է վերականգնվի Հայոց թագավորությունը։

գ) Պատմահոր «Պատմութիւն Հայոց»-ում և «Աշխարհացոյց»-ում սկզբնապես տեղեկություններ են հաղորդվել Թեոդոսիոս Մեծ կայսեր կողմից ստեղծված Առաջին և Երկրորդ Հայքերի մասին։

դ) Մեծ Հայքի ըստ աշխարհների վարչական բաժանումը չի ծագում և չէր կարող ծագել Մավրիկիոս կայսեր վարչական վերակառուցումներից։ Իրականում Մեծ Հայքի ըստ աշխարհների վարչական բաժանումը ծնունդ է առել, ամենայն հավանականությամբ, Տրդատ Ա Արշակունու գահակալության շրջանում, արձանագրվել է Կղավդիոս Պտղոմեոսի «Աշխարհագրության» մեջ և, ենթարկվելով որոշակի փոփոխությունների, իր լիակատար արտացոլումն է գտել «Աշխարհացոյց»-ում։ Հայկական վարչական բաժանման համակարգը հիմք է ծառայել Մավրիկիոս կայսեր վարչական վերակառուցումների և փոփոխությունների համար, որով էլ բացատրվում են «Աշխարհացոյց»-ի տվյալների և Մավրիկիոսի վարչական վերաձևումների նմանությունները։ Միաժամանակ պետք է նշել, որ «Աշխարհացոյց»-ի վարչական բաժանման համակարգի և Մավրիկիոսի վարչական միավորների միջև տեղ գտած նշանակալից տարբերությունները անհնարին են դարձնում «Աշխարհացոյց»-ի համար Մավրիկիոսի վերակառուցումների աղբյուր լինելը։

ե) Պատմահոր «Պատմութիւն հայոց»-ը անվերապահորեն 5-րդ դարի ստեղծագործություն է, որը 7-8-րդ դարերում ենթարկվել է լուրջ խմբագրման, որի արտահայտություններից մեկն էլ չորս Հայքերի գաղափարի մուծումն է նրանում Հուստինիանոս Ա-ի և, թերևս նաև, Մավրիկիոս կայսեր վարչական վերակառուցումների ազդեցությամբ։

զ) Հայ աշխարհահռչակ գիտնական Անանիա Շիրակացին «Աշխարհացոյց»-ի հեղինակը չէ և չէր էլ կարող լինել։ Ըստ արժանվույն գնահատելով նրա վիթխարի վաստակը Հայաստանում բնական գիտությունների զարգացման ասպարեզում՝ պետք է նշել, որ ոչ մի փաստ, եթե չհաշվենք «Աշխարհացոյց»-ում տեղ գտած մի շարք ընդմիջարկությունները, չի խոսում նրա հեղինակության օգտին։ «Աշխարհացոյց»-ի ձեռագրերում որպես կանոն հեղինակ է հիշվում Պատմահայրը, սակայն չկա ոչ մի ձեռագիր, որը հաստատեր Անանիա Շիրակացու հեղինակ լինելը։ «Աշխարհացոյց»-ը որոշ խմբագրման ենթարկվել է Անանիա Շիրակացու կողմից, թե ոչ հարցին հնարավոր չէ դրական կամ ժխտական պատասխան տալ նյութի բացակայության պատճառով»։