Այսօր թողարկվել է այս ծրագրի վերջին՝ 0.35.10 տարբերակը, և, ինչպես միշտ, կատարվել են որոշ վրիպակների ուղղումներ և որոշ գործառույթների բարելավումներ։ Այնպես որ ցանկալի է ծրագիրը թարմացնել, եթե այն վաղուց եք տեղակայել։
Ինչո՞ւ ենք մենք խորհուրդ տալիս գործածել կամ տեղակայել այս ծրագիրը։
Եթե ցանկանում եք մեր կայքում տեղ գտած բոլոր գրացուցակներն ընդամենը մեկ առանձին, խիստ հարմարավետ նիշքով ունենալ ձեր համակարգչում, այսինքն՝ ձեր համակարգչում ունենաք մի ամբողջ հղումնավոր գրադարան ընդամենը մեկ փոքրիկ նիշքում, պետք է ձեր համակարգչում տեղակայված ունենաք CherryTree-ն։ Մի որոշ ժամանակից Գրահավաքը պատրաստվում է համահավաք գրացուցակի այդ նիշքը տեղադրել կայքում՝ ազատ ներբեռնման համար։ Նիշքը հաճախ կթարմացվի՝ նոր հավելումներին զուգահեռ։
Հիմա ավելի մանրամասն բացատրենք, թե ինչով է այս CherryTree նիշքը հարմար՝ գրացուցակները մեկտեղելու և դրանցից օգտվելու համար։
Ովքեր արդեն ծանոթ են այս ծրագրին, գիտեն, որ այն թույլ է տալիս նվիրապետական (հիերարխիկ) համակարգով կազմակերպել բազմաթիվ տեքստեր և տեքստային նիշքեր։ Այն թույլ է տալիս նաև փնտրել այդ բոլոր տեքստերում (ճյուղերում) միաժամանակ, իսկ փնտրման արդյունքները ներկայացնում է մոտավորապես նույն սկզբունքով, ինչ համացանցային որոնման համակարգերը, ասենք՝ «Գուգլը»։ Այս ծրագիրը չափազանց հարմար է հղումներով տեքստի համար և մի հպման միջոցով արագ տեղափոխում է գործածողին անհրաժեշտ համացանցային էջը։
Հիմա նկարներով բացատրենք այս ծրագրի հարմարությունները նվիրապետական համակարգով գրացուցակներ պահելու և գործածելու համար։
Ինչպես կարելի է տեսնել ստորև բերված նկարում, ձախ կողմի սյունը ներկայացնում է մեր պատրաստած գրացուցակները բառարանների, ձեռագրերի, անհեղինակ կամ հանրագիտարանային բնույթի երկերի, հայալեզու էլեկտրոնային գրադարանների համար, ինչպես նաև մեր այբբենական գրացուցակները։ Բավական է՝ սեղմեք անհրաժեշտ վերնագրի վրա, և կհայտնվեք անհրաժեշտ էջում։ Նկարում տեսնում եք, որ բացված է «Բ» տառի գրացուցակը, և այն հեղինակները, որոնց գործերն արդեն լրացրել ենք, ակտիվացած հղումներով են, մնացածը՝ առայժմ ոչ։ Եթե մենք սեղմենք այդ հեղինակներից որևէ մեկի անվան վրա, ապա կտեղափոխվենք այդ հեղինակի գործերի բաժինը։
Ենթադրենք՝ «Ա» տառի գրացուցակից ընտրել ենք Ալիշանի անունը և սեղմել հղման վրա։
Ստորև բերված նկարում տեսնում եք, որ արդեն Ալիշանի գործերի բաժնում ենք և
կարող ենք սեղմել մեզ անհրաժեշտ գործի՛ հղման վրա։ Դա անելով՝ իսկույն
կտեղափոխվենք մեզ անհրաժեշտ էջը մեր հիմնական զննարկիչում (բրաուզերում)։
Այս ծրագիրը թույլ է տալիս նաև, մկնիկի շարժագիծն անհրաժեշտ հղման վրա պահելով, իսկույն նույն տեղում տեսնել, թե մեզ անհրաժեշտ գիրքը ո՛ր կայքում է, և հղումը մեզ ո՛ւր է տանելու։ Ինչպես տեսնում եք ներքոբերյալ նկարում, մկնիկի շարժագիծը գտնվում է Սարգիս Այվազյանի «Ուրարտերեն-հայերեն. բառապաշար և պատմահամեմատական քերականություն» գրքի հղման վրա, և ցատկած տողում հստակ երևում են հղման տվյալները, այսինքն՝ թե գիրքը համացանցային որ կայքում է տեղադրված։ Երբ որևէ գրքի համար մի քանի հղում ենք տալիս մեր գրացուցակներում, այս հնարավորությունը շատ հարմար է՝ անմիջապես ընտրելու համար այն կայքը, որտեղ ուզում ենք գիրքն ընթերցել։
(Նկարում եղած կարմիր ընդգծումներին ուշադրություն մի՛ դարձրեք. սկրինշոտն անելիս ուղղագրության ստուգման գործիքին էինք դիպել և չէինք նկատել)։
Հիմա ուզում ենք որոնում կատարել մեր բոլոր գրացուցակներում միաժամանակ, այսինքն՝ մեր ամբողջ գրադարանում։ Ուզում ենք փնտրել, օրինակ, քերականական գործերը։ Սա կատարելը համացանցում՝ մեր բլոգում, շատ անհարմար է։ Բայց տեսեք՝ որքան հարմար է CherryTree-ի միջոցով։
Գրում ենք որոնման տողում, ենթադրենք, «քերական» և սեղմում OK կոճակը։
Բացվող պատուհանում բերվում են որոնման արդյունքները ցանկի տեսքով, ինչպես տեսնում եք ներքոբերյալ նկարում։ Մկնիկով կրկնակի կտտացմամբ ընտրեք որ գործն ուզում եք և իսկույն կտեղափոխվեք ձեզ անհրաժեշտ գրքի հղման հատվածը։
Որոնման արդյունքների պատուհանը՝ ավելի ընդարձակված։
Նկարում երևում են հիմնականում միայն «Ա» տառի գրացուցակում գտնվող անունները։ Պարզապես հնարավոր չէր պատուհանն այնքան մեծացնել, որ կարելի լիներ ցուցադրել ամբողջական ցանկը։
Հիմա համոզվեցի՞ք, թե որքան անհրաժեշտ ծրագիր է CherryTree-ն։ Եթե այո՛, տեղակայե՛ք այն այստեղից՝ Ուինդոուսի և Լինուքսի համար (ցավոք, ծրագրի հեղինակն այլ օպերացիոն համակարգերի համար տարբերակ չի ստեղծում), գործածե՛ք այն, վարժվե՛ք նրան, մինչև մենք մեր համահավաք գրացուցակի CherryTree նիշքի առաջին տարբերակը տեղադրենք մեր կայքում՝ ազատ ներբեռնման համար։