8/6/15

Իրական և մտացածին ռուսաբանությունների մասին

Վերջերս կարդացինք ռուսաբանությունների վերաբերյալ ֆեյսբուքյան երկու գրառում (դրանցից մեկը՝ հենց այսօր), և սա ստիպեց մեզ անդրադառնալու այս խնդրին։

Առաջին գրառման մեջ ռուսաբանություն էր դիտվում «կողմից» կապի գործածությունը հայերենում, իսկ այսօրվա գրառման մեջ քննադատվում էր «մահվան ելք» արտահայտությունը։ Մեր այս գրառման մեջ ցույց կտանք, որ այս երկու քննադատությունն էլ իրականում անտեղի է, և որ կան ա՛յլ, իրակա՛ն ռուսաբանություններ, որոնցից իսկապես պետք է խորշել։

«Կողմից» բառի գործածությունը («այսինչ բանն արվեց այսինչի կողմից») ռուսերենի հետ կապ չունի, քանի որ հենց հայերենին է հատուկ և, եթե հավատանք «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»-ին, «ընտիր հայկաբանութիւն» է։ Գրաբարում էլ «ի կողմանէ» ձևը (ինչպես նաև «կողմն» բառի այլ հոլովաձևեր) գործածվել է նույն կերպ, այսինքն՝ այնպես, որ թվում է, թե ավելորդ է, դրա կարիքը չկա, սովորական բացառականը (կամ համապատասխան այլ հոլով) լիովին բավական կլիներ, բայց չէ՛, հայն ավելացրել է «կողմն» բառը։ Գործածության օրինակները կարող եք տեսնել դարձյալ «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»-ում։ Ուրիշ բան, իհարկե, որ արդի հայերենում «կողմից»-ի գործածությունը հաճախ չափն անցնում է և, անկախ իր ծագումից, երբեմն լիովին ավելորդ է։ Օրինակ՝ անիմաստ է ասել. «Հիմնադրամի կողմից կազմակերպված խնջույքին....», եթե կարելի է ասել. «Հիմնադրամի կազմակերպած խնջույքին....»։ Ուստի, անշուշտ, խոսքը շարունակ «կողմից»-ով ու կրավորական բայերով ուռճացնելը հաճելի չէ, և սրանից պետք է խուսափել, սակայն սա ո՛չ մի դեպքում ռուսաբանություն չէ, այլ հայկաբանություն։


«Մահվան ելք» արտահայտության մասին էլ են որոշ մարդիկ կարծում, թե սա ռուսաբանություն է, ռուսերենից անհաջող պատճեն, և որ «ելք»-ն այստեղ անտրամաբանական է։ Սակայն այն անտրամաբանական է միայն առաջին հայացքից, այսինքն՝ երբ այդ բառի միայն մի իմաստն ես նկատի առնում։ Իրականում հայերեն «ելք» բառն ունի նաև «վախճան, վերջ, վերջնարդյունք» իմաստը, և սա ոչ թե մի նոր իմաստ է՝ ռուսերենի ազդեցությամբ գոյացած, այլ գալիս է գրաբարյան ժամանակներից։ Սա նույնպես հեշտությամբ կարելի է պարզել «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»-ի, ինչպես նաև հետագայում հրատարակված հայերեն բառարանների միջոցով։ Իսկ որ «մահվան ելք»-ին ամբողջապես համարժեք, «պատճենային» արտահայտություններ կան նաև ռուսերենում, լատիներենում և էլի ուրիշ լեզուներում, հետո՞ ինչ։ Քի՞չ արտահայտություններ ունենք, որոնց ուղղակի համարժեքները կարող ենք գտնել այլ լեզուներում, հատկապես երբ խոսքը վերաբերում է որոշակի մասնագիտական համատեքստում գործածվող արտահայտություններին։

Իսկ հիմա խոսենք մեր լեզուն վերջին շրջանում պարզապես հեղեղած մի ռուսաբանության մասին, որից եթե օր առաջ կարողանանք հրաժարվել և մեր լեզուն մաքրել, իսկապե՛ս մեծ գործ արած կլինենք։

Ռուսաբանություն է «կիսվել ինչ-որ բանով» արտահայտությունը, որն այնքան է տարածվել վերջին 10, գուցե 20 տարում և դժբախտաբար այնքան սիրելի ու անփոխարինելի դարձել արևելահայերիս համար, որ անգամ «Ֆեյսբուքում» share հրամանի հայերեն թարգմանությունն է դարձել։ Ամեն գրառման տակ կարդում ենք «ԿԻՍՎԵ՛Լ»՝ առանց նկատելու, որ սա անհեթեթ է հնչում հայերենում, պարզապես հայերեն չէ։ Բոլորն աջ ու ձախ «կիսվում» են։ Բայց հայերենում «կիսվել»-ը նշանակում է «երկու կես լինել» կամ «մասնատվել», և եթե ասում ենք, որ կիսվում ենք ինչ-որ բանով, ենթադրենք՝ գրառմամբ կամ փորձով, ապա իրականում ոչ թե գրառումը կամ փորձն ենք «կիսում»՝ թեկուզ փոխաբերական իմաստով, այլ մենք ինքներս ենք կիսվում, և մեզ կիսողը այդ գրառումը կամ փորձն է։ Բա սա անհեթեթություն չէ՞։

Նույնպիսի կազմությամբ ռուսաբանություն է նաև «փոխանակՎել ինչ-որ բանով»-ը։ Հայերենում չեն «փոխանակՎում ինչ-որ բանով», հայերենում բավական է ինչ-որ բան «փոխանակել» այս պարագայում, որովհետև «փոխանակել» ներգործական բայն արդեն ունի այն իմաստը, որն ուզում ենք արտահայտել «փոխանակՎել ինչ-որ բանով» սխալ արտահայտությամբ։ Այսինքն՝ ոչ թե պետք է «փոխանակՎել հեռախոսահամարներով», այլ պարզապես «փոխանակել» դրանք։ Այլապես ասում ենք, թե մենք ինքներս ենք փոխանակվում և ոչ թե փոխանակվում են հեռախոսահամարները։

Եթե կարող եք, պայքարեք վերոնշյալ կրավորական բայերի սխալ գործածության դեմ, հատկապես անհեթեթ «կիսվել»-ու։ Այդքան կիսվել, հա մի գլուխ կիսվել չի լինի, մեղք ենք։ Եթե տարածում եք գրառումները, ՏԱՐԱԾԵʼՔ դրանք, ոչ թե դրանցով «կիսվեք»։ Եթե ձեր փորձին, վշտին, ուրախությանը կամ չգիտեմ ուրիշ էլ ինչին եք ուզում հաղորդակից դարձնել ուրիշին, հենց այդպես էլ ասե՛ք. հոգ չէ, թե մի փոքր երկար է հայերեն տարբերակը։ Կամ էլ ձեր միտքն այլ կե՛րպ ձևակերպեք. ոչ թե, օրինակ, «փորձով կիսվե՛ք ուսանողների հետ», այլ ձեր «փորձը ներկայացրե՛ք ուսանողներին», եթե չեք ուզում նրանց «հաղորդակի՛ց դարձնել ձեր փորձին»։ Նաև ոչ թե անկեղծանալու նպատակո՛վ «կիսՎեք» ինչ-որ մեկի հետ, այլ պարզապես «անկեղծացե՛ք» նրա հետ, պատմե՛ք ձեր ապրումների մասին։ Այսինքն՝ ձեզ անհրաժեշտ միտքն արտահայտեք այնպես, ինչպես դա կանեին թե՛ մեր դասական հեղինակները, թե՛ անգամ խորհրդային շրջանում ապրած մեր բազմաթիվ գրողներ, ովքեր շատ հանգիստ կարողանում էին նույն իմաստներն արտահայտել առանց «կիսվելու»։ Խե՞ղ էր նրանց լեզուն, թերի՞ հայերեն էր։ Պետք էր անպայման ռուսերենից վերցնել «կիսվել» բայի՝ հայերենին խորթ այս գործածությո՞ւնը, որ կարողանայինք վերջապես մեր որոշ մտքեր արտահայտել։

Եթե ուզում եք համոզվել, որ իսկապես մեր հայ դասական գրողները, անգամ խորհրդային շրջանի, չէին գործածում «կիսվել»-ն այնպես, ինչպես գործածում ենք մենք այսօր, խորհուրդ ենք տալիս օգտվել «ԱՐԵՎԱԿ» կայքի որոնման հզոր համակարգից։ Գրահավաքը սա արել է «կիսվել» բառի գործածության համար և պարզել, որ «կիսվել ինչ-որ բանով» արտահայտությունը գործածվում է միայն վերջին շրջանի՝ հետխորհրդային հեղինակների գործերում, առավելապես լրագրողների նյութերում, և այն չկա ավելի վաղ շրջանի հայ գրողների երկերում։ Կարող եք համոզվել նաև, եթե կարդաք Ղարիբյանի «Ռուս-հայերեն բառարանի» (1977 թ.)  делиться բառի բացատրության 3-4-րդ կետերը. այնտեղ դուք չեք գտնի «կիսվել ինչ-որ բանով»-ը հայերեն թարգմանությունների շարքում, այլ ուրիշ տարբերակներ։