8/6/15

Սնգիկով փլավ


Դուք գիտեք անշուշտ, որ գիտնականները ոչ միայն մարդու մարմնի կազմության նույնիսկ ամենաչնչին մասի համար են անուններ ստեղծել, այլև, օրինակ, մարդուն բնորոշ ամեն տեսակ վախի՝ «ֆոբիայի», և դրանց թիվը հավանաբար հարյուրների է հասնում։ Փակ տարածքից վախը մի անուն ունի, միջատներից վախը՝ ուրիշ, մենակ մնալու վախը՝ ուրիշ, անգամ 666 թվից վախը հատուկ անուն ունի՝ hexakosioihexekontahexaphobia։

Հետաքրքիր է իմանալ, թե հոգեբաններն ի՛նչ անուն են տվել այն երևույթին, երբ մարդիկ, նույնիսկ կրթված, գրագետ, ովքեր, թվում է, պե՛տք է ունենան մտածել-վերլուծելու գոնե տարրական կարողություններ, հանկարծ սկսում են հորինել անհեթեթ բաներ՝ ազգային սնապարծությունից դրդված, ակնհայտ սուտն ու ապուշությունը իմաստության կամ փաստի տեղ դնել և այս ամբողջ առասպելաբանությունը տարածել։ Պարզվում է՝ սա մի այնպիսի վարակիչ բան է, որ բոլոր տարածողները, փաստորեն, նույնպես կորցնում են մտածել-վերլուծելու կարողությունը և ջանասիրաբար կատարում այս գործը՝ ուրախանալով ու հրճվելով, «աշխարհին զարմացնելով»... ամաչելու փոխարեն։ Տգիտությունը՝ իմաստության դիմակ հագնող և այն էլ համառ ու կույր տգիտությունը, իրոք, ամոթալի երևույթ է։

Այս նախաբանը գրեցի, որովհետև այս էլ որերորդ անգամ ցավով տեսնում եմ, թե ինչպես համացանցում, հատկապես ֆեյսբուքյան տիրույթում, հայերս ջանասիրաբար տարածում ենք հայոց այբուբենի հետ կապված մի ցնցող հայտնագործություն և չենք էլ ուզում նկատել ակնհայտ կեղծիքը։ Առաջին անգամ ես սա ֆեյսբուքյան մի էջում տեսա և շատ զարմացա. կարծում էի՝ խելքը գլխին մարդիկ են վարում այդ էջը։ Այսօր հայտնաբերեցի, որ մասնագիտությամբ մաթեմատիկոս մի հայտնի հաղորդավար էլ է տարածում այս անհեթեթությունը։ Պահո՜...


Խոսքս ուղղում եմ այդ այբուբենական կեղծիքը տարածողներին։ Ինձ ո՞վ կասի, որտե՞ղ եք տեսել, որ հայերենում «արծաթ» բառը «արծ» ձևն ունենա, պղինձը հանկարծ դառնա «մեդ», «կլայեկ»-ը գրվի «կլաէկ» ձևով և նշանակի ոչ այլ բան, քան ռուսերեն олово, երբ վերջինիս հայերեն համարժեքն իրականում «անագ»-ն է և ոչ թե ինչ-որ անհասկանալի «կլաԷկ», կամ որ железо-ն, այսինքն՝ երկաթը, հայերենում լինի «ալգաթ», իսկ «սնդիկ»-ն էլ չգիտես ինչու դառնա «սնԳիկ» (ձեր սնԳիկով փլավն անո՛ւշ լինի, բարի ախորժա՛կ)։

Այս ամբողջ այբուբենական «խորհրդաբանության» մեջ իրոք զարմացնողը միայն երկու բառ են՝ ՈՍԿԻ-ն և ԱՐՃԻՃ-ը։ Այս երկուսի գոյությունն էլ բավական է՝ զարմանալու և հիանալու համար։ Հիմա թող մեկն այստեղ հետաքրքիր զուգադիպություն տեսնի, մի ուրիշը՝ գերբնական ու խորհրդավոր բան։ Ով ինչպես ուզում է։ Բայց այսքանը լիովի՛ն բավական է։ Մնացածը հորինաբանելու և տարածելու ի՞նչ կարիք կա։ Եվ տեսնես ո՞ր պայծառ միտքն է առաջինը հղացել այս բոլոր անկապությունները։

Սիրելի՛ հայեր, դուք իսկապե՞ս չեք տեսնում ճչացող տգիտությունն ու կեղծիքը, դուք իսկապե՞ս չեք զգում, որ ամոթ է այսպիսի անհեթեթություններ տարածելը, դուք իսկապե՞ս ինչ-որ անհասկանալի պատճառով կորցնում եք մտածել-վերլուծելու կարողությունը։ Պատճառն ի՞նչ է այս ախտի, անունն ի՞նչ է։ Գուցե սրան դեղ կա՞։ Ումի՞ց ճշտենք։ Դրամահավաք կազմակերպենք, դեղը գնենք-բերենք, ազատորեն տարածենք մեր ժողովրդի մեջ, որ այս վարակից վերջապես ազատվենք։ Թե չէ մեկը Վենետիկի առյուծների մեջ կիլիկյան հայոց առյուծներ է տեսնում, մի ուրիշը Լեոնարդո դա Վինչիի մեջ է հայ տեսնում, իսկ մի երրորդ իմաստուն էլ արամեերենը հայերենից է ծագեցնում։ Այս գիտունների աչքին ու մտքին երևում են տարօրինակ բաներ։ Սա դժբախտություն է։ Այս հիվանդությանը դեղ է պետք գտնել, ժողովո՛ւրդ ջան, կոտորվեցինք արդեն։