7/9/25

Գրավոր խոսքի առավելությունը


Ներկա դարում, երբ ամեն մարդ մի կոճակի սեղմումով կարող է բանավոր խոսք ձայնագրել ու հեշտությամբ հրապարակել՝ այն հասանելի դարձնելով հանրությանը, բոլորն ազատորեն կարող են տեղեկույթ տարածել՝ անկախ նրանից՝ ինչ-որ բան իսկապես գիտե՞ն, թե ոչ, ստո՞ւմ են, թե ճշմարտությունը պատմում, խոսելու շնորհք ունե՞ն, թե ոչ։ Սակայն հաճախ լրատվամիջոցների մատուցած հարցազրույցներն ու քննարկումները նույնպես կասկածելի որակ ունեն։

Ես քիչ եմ լսում հարցազրույցներ, քննարկումներ կամ բանավոր խոսքով մատուցվող որևէ այլ նյութ։ Նախ՝ շատ արագ հոգնում եմ, հատկապես երբ խոսողը լավ խոսելու շնորհք չունի (ամեն մարդու, ցավոք, դա չի տրված, հատկապես արևելահայերիս)։ Սովորաբար ավելի հաճույքով լսում են այն մարդկանց, որոնք ունեն բնածին դերասանական տաղանդ։ Խոսողի առոգանական հատուկ շեշտադրումները, ձայնի ելևէջները, աչքերի խաղը, դեմքի ու ձեռքերի շարժումները կարող են նրան կլանված լսել տալ։ Մինչդեռ միալար խոսքը չի լսվում ու հոգնեցնում է։ Ամեն մարդ ի վիճակի չէ այդպիսի խոսքը երկար լսելու, առավել ևս երբ այդ խոսքը հստակ ու գրագետ նախադասություններից չի կազմված։ Երբեմն չես հասկանում՝ սկսվելուց հետո նախադասությունը որտեղ ավարտվեց և ի վերջո ինչ ասվեց։

Նաև՝ բանավոր խոսքը շատ ավելի  անվստահելի է, քան գրավորը։ Հատկապես երբ հարցազրույց է, երբեմն մարդկային հորինասեր ու ինքնասեր միտքը, բանավոր խոսքում որևէ բան ճշտել-ստուգել չկարողանալով և չկամենալով անգետ երևալ, մոլորեցուցիչ վստահությամբ հորինում է այն, ինչ վատ է հիշում կամ պարզապես չգիտի։ Կամ էլ լղոզված խոսք է արտադրում, որը երբ փորձում ես գրի առնել, որ գոնե այդպես հասկանաս, տեսնում ես, որ անհասկանալի նախադասություններ են բխել արտաբերողի բերանից։ Խոսողն անշուշտ չի ուզում ցույց տալ, որ ինչ-որ բան լավ չգիտի կամ լավ չի հիշում ու կարիքն ունի ճշտելու։ Պատկերացնո՞ւմ եք, որ մեկին մի բան հարցնեն (որի մասին թերևս նրան նախապես չեն տեղեկացրել, որ նախապատրաստվեր), լավ չհիշի պատասխանի մանրամասները և սկսի տարակուսած ու հիշողությունը փորփրելու փորձեր անելով կմկմալ․ «Ճիշտն ասած՝ լավ չեմ հիշում. կարծեմ... ըըը... երևի.... չէ՛, ըըը...»։ Կամ ազնվորեն միանգամից ասի. «Կներեք, չգիտեմ այդ հարցի պատասխանը, լավ չեմ հիշում», քիչ հետո՝ «Կներեք, դրա մասին ընդհանրապե՛ս տեղյակ չեմ»։ Մարդը պիտի սահուն պատասխաններ տա, որ նրան լսողները չկասկածեն նրա գիտելիքներին ու արհեստավարժությանը։ Ուրեմն պիտի մտքի ճկունություն դրսևորի ու հարցի պատասխանի տակից դուրս գա լավագույնս։ Հորինելու, փիլիսոփայելու, բառախաղ անելու, հարցի բուն պատասխանից շեղվելու և ճշմարտությունն ու սուտը խառնելու կամ անհասկանալի լղոզված նախադասություններ արտաբերելու միջոցով։ Գրավոր խոսքում գոնե ժամանակ ունի տվյալները ճշտելու և հետո՛ գրելու (եթե բարեխիղճ մարդ է)։ Գրավոր խոսքում նաև ժամանակ ունի նորմալ ու հստակ կառուցված նախադասություններ կազմելու (եթե դրա շնորհքն ունի)։

Գրավորը շատ ավելի պատասխանատու խոսք է․ դրա ստեղծման վրա սովորաբար ավելի շատ ժամանակ են ծախսում, ավելի երկար մտածում գրածի շուրջ, քան բանավորի, որը հաճախ անպատասխանատու խոսք է։ Նկատե՞լ եք, որ կան այս կամ այն ոլորտի մասնագետ ներկայացողներ, որոնք գերազանցապես խոսում են. համարյա չեն գրում կամ նույնիսկ ընդհանրապե՛ս չեն գրում։ Օրինակ՝ քաղաքագետներ կան, որոնք հաճախ մասնակցում են հարցազրույցների, բայց երբ ուզում ես փնտրել-գտնել այդ քաղաքագետների հեղինակած մասնագիտական որևէ հոդված կամ գիրք, ոչինչ չես գտնում։ 

Մարդիկ կան, որ սիրում են խոսել, թվում է, ամե՛ն ոլորտից՝ ամեն անգամ անփորձ մարդկանց վրա այն տպավորությունը թողնելով, թե խոսքում ներկայացված թեմայի մասնագետ են։ Բայց այս «մասնագետները» միայն խոսում են, չեն գրում։ Հասկացել եմ, որ պատճառներից մեկը խոսվող նյութի մասին հստակ, լավ մարսված, իսկապես խորքային պատկերացումներ չունենալն է։ Մարդ կա՝ մի քանի բան է արագ կարդում մի թեմայի մասին, հաճախ կիսատ-պռատ, հատվածաբար, շատ մասեր բաց թողնելով և ապա, կարծելով, թե ճիշտ է հասկացել կարդացածը և արդեն ունի հստակ պատկերացումներ նյութի մասին, վստահաբար խոսում է հանրության առաջ՝ առանց այդ նյութի ոլորտի մասնագետ լինելու։ Նա այդպես կարող է մոլորեցնել շատերին, բայց ո՛չ՝ այդ ոլորտի մասնագետներին, ինչպես նաև նրանց, ովքեր քննողաբար են մոտենում իրենց լսած կամ կարդացած ամեն բանի։ Եթե փորձեք այսպիսի ինքնավստահ մարդու բանավոր խոսքը գրի առնել, ավելի լավ կնկատեք նրա խոսքում եղած թե՛ փաստական, թե՛ տրամաբանական սխալներն ու բացերը։ Հետևաբար, այս մարդիկ եթե փորձեին թեմայի շուրջ իրենց թերի ու մակերեսային, հաճախ նաև սխալ պատկերացումները թղթին հանձնել, տակից դուրս չէին գա։ Հենց դրա համար էլ դա չեն անում։ Ավելի հեշտ է այդ մասին խոսել. խոսքը թռչում-գնում է, գիրը՝ մնում։ Սակայն այսօր՝ տեղեկութային այս դարաշրջանում, բանավոր խոսքը նույնպես մնում է, և հարկ եղած դեպքում այն կարելի է գտնել և նրանում եղած սխալները մատնացույց անել, թեև անշուշտ դա ավելի դժվար ու ժամանակատար է, քան գրավոր խոսքի սխալները գտնելը։

Բանավոր խոսքը գրավորի հանդեպ մի ուրիշ թերություն էլ ունի։ Երբ դու կարդում ես և ինչ-որ բան լավ չես հասկանում, կարող ես նորից կարդալ, փորձել մտածել կարդացածիդ շուրջ, իսկ եթե կասկածում ես տեղեկությանը, կարող ես ճշտել։ Նաև կարդում ես այն արագությամբ, որը քեզ հարմար է՝ կարդացածդ լավ հասկանալու համար։ Իսկ բանավոր խոսքը ջրի նման հոսում-գնում է․ եթե մի բան չհասկացար էլ, այդ մասը պարզապես բաց ես թողնում՝ անկախ նրանից՝ դա կարևո՞ր էր, թե անկարևոր բլբլոց։ Նույնիսկ եթե բանավոր խոսքը լսում ես այնպիսի միջոցով, որը հնարավորություն է տալիս ձայնագրությունը կանգնեցնելու և անհրաժեշտ հատվածը նորից լսելու, դա անելը երբեմն ժամանակատար ու հոգնեցուցիչ է, եթե կորցրել ես չհասկացածդ մասի տեղը և պիտի այն փնտրես՝ ձայնագրությունը հետուառաջ տանելով։ 

Գրավոր խոսքը նաև «բաց» խոսք է և որոնելի է․ կարող ես նրանում հեշտությամբ որոնել ուզածդ բանալի բառը (եթե, իհարկե, գործ ունես էլեկտրոնային տեքստի կամ օպտիկական ճանաչման ենթարկված և ոչ թե տպագիր կամ նկարված տեքստի հետ)։ Նույնը չես կարող անել ձայնագրությունների դեպքում. ձայնագրված խոսքը «փակ»  է։ Ուստի համացանցում հրապարակված կամ տեղադրված գրավոր խոսքը որոնողական ծառայությունների ու գործիքների շնորհիվ շատ ավելի շատ մարդկանց է հասանելի, քան բանավորը։ 

Գրավոր խոսքը  հաճախ նաև շատ ավելի քիչ ժամանակ է խլում այն կարդացողից, քան բանավորը՝ այն լսողից։ Երբ դու քեզ հետաքրքրած վերնագիր ես կարդում, ապա կարող ես արագ աչքի անցկացնել դրա տակ ներկայացված գրավոր տեքստը, գտնել քեզ իսկապես հետաքրքրող մասերը, միայն դրանք կարդալ կամ ընդհանրապես հրաժարվել կարդալուց, եթե հասկացել ես, որ այդ տեքստի բովանդակությունը քեզ համար հետաքրքիր չէ։ Իսկ ի՞նչ անել, երբ հետաքրքրող վերնագրով ներկայացված է ձայնագրություն կամ տեսանյութ։ Ո՞վ այդքան ժամանակ ունի, որ ամեն վերնագրի համար դնի այդքան երկար տեսանյութեր մինչև վերջ դիտի կամ ձայնագրություններ լսի, որ հանկարծ իրեն իսկապես հետաքրքրող տեղեկույթը բաց չթողնի։  Օրինակ՝ Անդրիաս Ղուկասյանի հետ մի հարցազրույցի տեսանյութ՝ 1 ժամից ավելի տևողությամբ, ինձ այսօր գրավեց հետևյալ վերնագրով. «Ադրբեջանը արցախցիներին էթնիկ զտման համար փող է բաժանել»։ Տեսանյութի հղումը տրված էր դրա կեսից, ուստի մտածեցի՝ վերնագրում ներկայացվածի մասին հենց այդ մասում է խոսվել։ Այդ մասը լսեցի, լսեցի, չգտա, ինչը փնտրում էի, իսկ 1 ժամ լսելու հնարավորություն չունեի՝ չնայած նրան, որ պրն Ղուկասյանին միշտ հաճելի է լսել և նրանից սովորել։ Իսկ եթե սա տեքստով մատուցված լիներ, շատ արագ կգտնեի ինձ անհրաժեշտ մասը և շատ ուրիշ կարևոր մտքեր, որոնք էլ գուցե ինձ ստիպեին է՛լ ավելին կարդալ և իմանալ։ Ուստի պարզ է, որ ինձ նման շատեր տեսանյութերի կամ ձայնագրությունների մեծ մասը չեն էլ լսում կամ մի փոքր լսում են, մնացածն անտեսում, թեև հնարավոր է՝ անտեսված մասում նրանց հետաքրքող կամ խոսողի ասելիքի համար կարևոր տեղեկույթ լինի։ Իսկ գրավոր տեքստը, որքան էլ երկար լինի, թույլ է տալիս դրա վրայով արագ անցնել և հասկանալ՝ ամբողջը կարդալու կարիք կա, թե ոչ, կամ ո՛ր մասը կարդաս, ո՛րը՝ ոչ, որ ժամանակ չկորցնես։

Հետևաբար, եթե մեկն իսկապես կարևոր մտքեր ու գիտելիք է ուզում փոխանցել մարդկանց և իրոք վստահ է իր գիտելիքներին, ավելի լավ է՝ չզլանա և իր կարևոր ասելիքը գրի ու գրավոր տեսքով ներկայացնի։ Այդ դեպքում այդ ասելիքը վստահաբա՛ր ավելի շատ մարդկանց հասանելի կդառնա։ 





























5/25/25

-ույթ վերջածանցն ունեցող բառերով կազմված նորաբանությունների խնդիրը

 

Շատերը վիճում են, թե որն է մրցութային և մրցույթային ուղղագրական ձևերից ավելի ճիշտ։ Բայց -ույթ-ավոր բառերի մեջ սա միակ զուգաձևությունը չէ։ Լեզվաբանների մի մասը գործածում է թեքութային, հնչութային, ձևութային և նմանակազմ այլ գիտաբառեր, իսկ մի ուրիշ մասն էլ սրանց մեջ պահպանում է ույթյ-ն։ Այս բառերի կողքին ունենք նաև մշտապես առանց յ-ի գործածվող բազմաթիվ բառեր՝ ճիշտ նույն ածանցով կազմված՝ մշակութային, մակերևութային, շահութաբեր, արժութաֆինանսական և այլն։ Այսպիսի կազմությունները (ընդ որում համարյա բոլորն էլ՝ նորաբանություն) բազմաթիվ են։ Եվ սա անշուշտ անցանկալի խառնիճաղանջ ուղղագրական վիճակ է։

Հայերենի բառարաններում կարելի է գտնել մրցութային և մրցույթային երկու ձևերն էլ։ Աղայանի արդեն կեսդարյա բառարանում մրցույթային-ը միակ ձևն է։ Իսկ Մեյթիխանյանի ժամանակակից ուղղագրական բառարանում երկու ձևերն էլ տրված են, ուստի գործ ունենք զուգաձևերի հետ։ Եթե պետք է ուղղագրական միօրինակություն հաստատվի, ինչը խիստ ցանկալի է, նախապատվությունը պետք է տրվի մրցութային տարբերակին, որն այսօր բազմապատիկ ավելի շատ է գործածվում, քան մրցույթային-ը։ Սակայն նախապատվությունը դրան տալիս ենք ոչ թե դրա տարածվածության պատճառով (ամեն տարածված լեզվական միավոր չէ՛, որ նաև ճիշտ է), այլ այն պատճառով, որ դա բառակազմական տեսանկյունից ավելի ճիշտ է, այսինքն՝ ստեղծվել է հայերենի բառակազմական կանոնների պահպանմամբ, իսկ մրցույթային-ը հակասում է դրանց։

Դպրոցականներին իսկ սովորեցնում ենք, որ հայերենի հնչյունափոխական և բառակազմական կանոններով (դեռևս 5-րդ դարի գրական հայերենից մեզ հայտնի)՝ ույ-ը (գրաբարյան ոյ), թույլ երկհնչյուն լինելով ու շեշտից զրկվելով, կորցնում է յ-ն՝ վերածվելով պարզ ու-ի։ Հետևաբար, թեև բառերի թեքման (այսինքն՝ հոլովման) ժամանակ այս կանոնը չի գործում ժամանակակից հայերենում, սակայն իբրև բառակազմական սկզբունք՝ պահպանվում է։ Իհարկե, ժամանակակից հայերենը միշտ չէ, որ պահպանում է գրաբարից ժառանգած բառակազմական սկզբունքները. արդի հայերենում քիչ չեն ավանդական սկզբունքներին հակառակ ստեղծված բառերը, ուստի զարմանալի չէ, որ որոշ բառերում անշեշտ ույու-ի չի վերածվում։

Բայց եթե արդի հայերենն արդեն ունի նույն -ույթ վերջածանցն ունեցող բառերով կազմված ածականներ կամ բարդ բառեր, որոնցում այս վերջածանցը շեշտազրկված է և հնչյունափոխված (մշակութային, շահութաբեր, մակերևութային և այլն), ապա լեզվի մեջ խառնաշփոթ է ստեղծվում, երբ այս սկզբունքը չի պահպանվում նմանատիպ բոլոր դեպքերում։ Արդյո՞ք շեշտազրկված -ույթ-ով կազմված ամեն նոր բառի դեպքում մարդիկ պիտի ճշտեն, թե կոնկրետ այդ դեպքում ինչպես պիտի գրեն՝ յ-ն պահպանելո՞վ, թե այն դուրս մղելով։ Եթե արդեն հենց արդի հայերենում ստեղծված բառերում՝ նորաբանություններում, պահպանել ենք ույ→ու հնչյունափոխության կանոնը, ի՞նչ կարիք կա այն խախտելու։

Հայերենում -ույթ վերջածանցով բառերի մեծ մասը նորաբանություն է և ստեղծվել է 20-21-րդ դարերում։ Մշակույթ-ն ու մշակութային-ը հայերենում կան 19-րդ դարից, սակայն 19-րդ դարը նույնպես հայերենի զարգացման նոր շրջան է, ուստի մշակույթ-ն ու դրանից կազմված բառերն էլ հին հայերենից չենք ժառանգել։ Հին հայերենից ժառանգել ենք երևույթ-ն ու երևութական-ը, սովորույթ-ը, ծածկույթ-ը և էլի մի քանի բառ։ Մնացած բոլոր -ույթ-ավորները նորաբանություններ են։ Զարմանալի է, բայց ժամանակակից հայերենում գոյականաստեղծ ամենաբեղուն ածանցները նմանաձայն -ույթ-ն ու -ություն-ն են։

Ուրիշ բան, եթե դասագրքեր գրող մեր լեզվաբանները կամ լեզվական որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված մի մարմին որոշեին, որ ժամանակակից հայերենում -ույթ-ով կազմված բառերում այսուհետ չենք հետևում ավանդական հնչյունափոխությանը և յ-ն պահպանում ենք։ Ի՞նչ կա որ, կարելի էր և նման սկզբունք որդեգրել։ Բայց այդ դեպքում պետք է վերանայվեն նաև արդեն իսկ ույ→ու հնչյունափոխությամբ ստեղծված նույնածանց նորաբանությունները, և հանձնարարվի գրել մշակույթային, մշակույթաբան, շահույթաբեր, շահույթահարկ, արժույթային, արժույթաֆինանսական, մակերևույթային, օդերևույթային, վարձույթային և այլն։ Իսկ մինչ այդ այն լեզվաբանները (որոնք, բարեբախտաբար, բոլո՛ր լեզվաբանները չեն), որոնք գրում են թեքույթային, խոսույթային, ձևույթային ևն, խախտում են հայերենի բառակազմական կանոնները և իրենք իսկ խառնաշփոթ մտցնում մի լեզվի մեջ, որը խառնաշփոթից զերծ պահելը պիտի որ յուրաքանչյուր հայերենագետ լեզվաբանի պարտականությունը լիներ։

Եթե այսպիսի խառնաշփոթի պատճառն «ականջն» է, այսինքն՝ բարեհնչունությունը, ապա տարբեր մարդիկ ունեն տարբեր ականջներ։ Ինչը մեկի ականջին անբարեհունչ է, կարող է մի ուրիշի ականջին շատ բարեհունչ լինել, և հակառակը։ Հետևաբար, ճիշտ չէ բառերի ուղղագրության հարցերը լուծելիս միայն անհատական ականջի քմահաճույքով շարժվել, հատկապես եթե դա չես համաձայնեցրել նաև այլ լեզվաբանների ականջի հետ։ Եթե ընդունում ես լեզվում արդեն առկա ուղղագրական կամ բառակազմական որևէ կանոն, պիտի հետևես դրան։ Կամ էլ այդ կանոնը փոխելու հիմնավոր առաջարկով պիտի հանդես գաս և քո նոր կանոնին հավատարիմ լինես ամենուր և ոչ թե ընտրողաբար, հատկապես երբ խոսքը վերաբերում է միևնույն ածանցով ստեղծված նմանակազմ նորաբանություններին։



5/24/25

Եռարժեք «օ» տառի ներկայացումը քննական բնագրերում

Այստեղ կանդրադառնանք մի սխալի, որ երբեմն թույլ են տալիս գրաբարյան երկերի քննական բնագիր կազմողները։ Դա եռարժեք օ տառի ներկայացումն է քննական բնագրում։

«Եռարժեք»-ով ի՞նչ նկատի ունենք։ Այն, որ մեր թե՛ ձեռագրերում՝ հայերենի ուղղագրության մեջ օ տառի մուտքից ի վեր, թե՛ տպագիր գրքերում օ-ն փոխարինել է դասական կամ մեսրոպյան հայերենի ոչ միայն աւ երկբարբառին, ինչն անշուշտ շատերը գիտեն, այլև ով-ին և պարզ ո-ին։ Մինչդեռ երբ այսօր գրաբարյան բնագրեր են հրատարակվում և ձեռագրերում եղած անխտիր ամեն օ դրանցում փոխարինվում է աւ-ով՝ իբրև թե վերականգնելու համար մեսրոպյան ուղղագրությունը, հաշվի չի առնվում օ-ի եռարժեքությունը։ 

Սրա հետևանքն այն է լինում, որ քննական բնագրերում գտնում ենք այնպիսի ուղղագրական աղավաղված ձևեր, որոնք ոչ մի առնչություն չունեն ո՛չ մեսրոպյան ուղղագրության հետ, ո՛չ հետագայի ընկալյալ՝ ավանդական ուղղագրության։

Ահա՛ այդպիսի ուղղագրական աղավաղումներից միայն մի քանիսը միայն մեկ քննական բնագրից, որ վերջերս է լույս տեսել. Ահարաւն, Ջերաւնիմոս, Գէդէաւն, միռաւն, Սիաւն, Աւնեսիմոս, Սաւղոմաւն, Սկաւթոս և այլն, և այլն։ Այսպիսի ուղղագրական ձևեր չեն կարող լինել ո՛չ դասական հայերենում, ո՛չ հետագա դարերի ավանդական ուղղագրության մեջ։ Իհարկե, ամեն տեսակ ուղղագրական աղավաղումներ (նույնիսկ այսպիսի) հանդիպո՛ւմ են մեր ձեռագրերում, շա՜տ, առատորե՜ն, բայց դրանք գրչական սխալներ են, գրչի թերի գրագիտության հետևանք։ Մինչդեռ օաւ-ի, ով-ի և օտար բառերում պարզ ո-ի փոխարեն գործածելը ոչ թե այս կամ այն գրչի թերի գրագիտության արդյունք էր, այլ հետդասական հայերենի ուղղագրության ընկալյալ և կանոնակարգված սկզբունք։

Հետևաբար, քննական բնագիր կազմողները կա՛մ պետք է ձեռք չտան ձեռագրային օ-ին, եթե չեն տարբերում տարբեր օ-երը, կա՛մ փոխարինում կատարելիս պետք է հաշվի առնեն, որ օ-ով գրված բառերի միայն մի մասը պիտի փոխարինվի աւ-ով։ Մնացածը պիտի փոխարինվի կա՛մ ով-ով, կա՛մ ո-ով։ Իսկ եթե հետոսկեդարյան, հատկապես ուշ շրջանների հեղինակների երկերի քննական բնագրեր են կազմվում,  ճիշտ է վերջին երկու օ-երն էլ փոխարինել միայն ո-ով, թեև համոզված ենք, որ ուշ շրջանի երկերում ընդհանրապես օ-ի փոխարինումն անիմաստ է։ Ավելին՝ այն սխալ միջամտություն է, քանի որ եղծում է ուշ շրջանի ավանդական ուղղագրությունը և դրա մասին մեր պատկերացումները։

Հանրահայտ է, որ մոտավորապես 11-12-րդ դարերում  օաւ-ի փոխարեն սկսեցին գործածել, որովհետև աւ-ն այլևս չէր արտասանվում իբրև երկբարբառ, այլ հնչում էր որպես պարզ /օ/. տաւն → տօն, արաւտ → արօտ, կրաւն → կրօն, Պաւղոս → Պօղոս և այլն։ Սա գրաբար կամ դասական ուղղագրություն սովորողներն անշուշտ գիտեն։ Բայց համարյա նույն ժամանակներում մի ուրիշ հնչյունափոխություն էլ էր տեղի ունեցել. հունարենից փոխառությունների ոսկեդարյան ով-երը կամ դրանց մի զգալի մաս  արտասանվում էին առանց վ-ի։ Ուստի քերովբէ-ն դարձավ քերօբէսերովբէ-ն՝ սերօբէկինամովն-ը՝ կինամօն, Սիովն-ը դարձավ Սիօն, Յակովբ-ը՝ Յակօբ, Սողոմովն-ը՝ Սողոմօն, Անտովն-ը՝ Անտօն, Սիմովն-ը՝ Սիմօն և այլն։ Նույնիսկ աշխարհաբար գրական լեզվում ով-ը պահպանած շատ անուններ (Յովհաննէս, Յովսէփ, Մովսէս ևն) և քերովբէ ու սերովբէ հասարակ գոյականները նույնպես հնչյունափոխվել էին, ուստի առաջ էին եկել Յօհան, Յօհաննէս, Յօսէփ, Մօսէս, քերօբէ, սերօբէ և այլ ձևերը։ Որ այս անունները ժողովուրդը նույնպես պարզ /օ/-ով էր արտասանում, հստակ երևում է դրանց բարբառային ձևերից, որոնք մինչև վերջին ժամանակներն էլ գործածվում էին՝ Օհան, Մոսես/Մուսես, Հոսեփ/Հուսեփ, այսօր էլ տարածված Սերոբ և Քերոբ անունները ևն։ 

Ուրեմն՝ ով→օ ուղղագրական փոփոխությունն արտահայտում էր արտասանական փոփոխություն ճիշտ այնպես, ինչպես աւ-ի հնչյունափոխության հետևանքով առաջ եկած ուղղագրական փոփոխությունը։ Սրան զուգահեռ, միգուցե նաև ազդվելով հենց ով→օ հնչյունափոխության գրավոր արտահայտումից, սկսեցին նաև օտար ցանկացա՛ծ բառի (հունարեն, լատիներեն, լեհերեն, թե թուրքերեն, արաբերեն, նոր պարսկերեն), ինչպես նաև հաճախ հայերեն բարբառային բառերի մեջ լսված /օ/ հնչյունն արտահայտել օ տառով։ Ուստի գրում էին նօտար, օրթի, բօրէաս, Օնեսիմոս, Արագօնացի, սօլ և այլն, որոնք ոսկեդարյան ուղղագրությամբ պիտի գրվեին պարզ ո-ով՝ նոտար, որթի, բորէաս, Ոնեսիմոս, Արագոնացի, սոլ և այլն։ Օթաղ, մօլլայ, բօղազ, բօղչէ-ն դասական ուղղագրության սկզբունքներով գրվելու դեպքում պիտի ունենային ոթաղ, մոլլայ, բողազ, բողչէ տեսքը (թեև ոսկեդարյան հայերենում ղ-ն բոլորովին այլ հնչյունի արտահայտություն էր՝ կոկորդային ղ չէր), իսկ բարբառային բառեր բօլօճ-ը, հօտոց-ը, կօտոշ-ը՝ բոլոճ, հոտոց, կոտոշ։ Այսպիսի բառերն անշուշտ շա՜տ-շատ են. մենք ընդամենը մի քանի օրինակ բերեցինք։

Օ-ով էին սկսել գրել նաև ՊօղիկարպոսՊօղիկտոս և Կրօնիդէս անունները, որոնք պետք է ո-ով գրվեին՝ Պողիկարպոս, Պողիկտոս և Կրոնիդէս, և ոսկեդարյան հայերենում կարող էին միա՛յն ո-ով գրվել (և ո՛չ աւ-ով)։ Սրանցից առաջին երկուսը կապ չունեն Պաւլոս անվան հետ և հունարենում օմիկրոնով էին և են գրվում։ Իսկ հունարեն օմիկրոնը հայերեն տառադարձվում էր ո-ով։ Սրանք օ-ով գրելու պատճառը կարող էր լինել այն, որ մարդիկ այս անունները շփոթում էին նմանաձայն Պաւղոս-Պօղոս և հայերեն կրաւն-կրօն բառերի հետ։

Ուրեմն՝ եթե ուշ շրջանի հեղինակի երկի քննական բնագիր է կազմվում, և այս բոլոր օ-երն անխտիր վերածվում են աւ-ի, ապա այսպիսի մոտեցումը հակագիտական է և երկի ուղղագրությունը է՛լ ավելի է աղավաղում, քան եթե օ-երը մնային իրենց տեղում։ Ուստի ավելի լավ է օ-երին ընդհանրապես ձեռք չտալ։ Օ-երը աւ-ով փոխարինելն իմաստ ունի միայն մինչև հայերենի մեջ օ-ի մուտքը ստեղծված երկերի քննական բնագրերում։ Սակայն քանի որ այս հին գործերն էլ են մեզ հասել ավելի ուշ շրջանի ձեռագրերով, ապա  դրանցում նույնպես որոշ բառերի ուղղագրություն կարող է հետագայում հարմարեցված լինել ուշ շրջանի ուղղագրական ավանդույթներին, ուստի օ-ն երբեմն կարող է կիրառված լինել նաև ո՛չ աւ-ի փոխարեն։ Հետևաբար, այսպիսի երկերում նույնպես պետք է օ-երի փոխարկումը կատարել խելամտորեն՝ հաշվի առնելով օ-ի եռարժեքությունը։


5/18/25

Անհայտ կծանը կամ դարձյալ այն մասին, թե որքան անվստահելի է մարդկային հիշողությունը

Իմ հիշողության մեջ մնացել է, որ մի խնջույքի ժամանակ հարբած Հրանտ Մաթևոսյանը փորձել է կծել հայրիկիս ականջը։ Սա՝ ըստ իմ հիշողության։ Մայրիկիս հարցնում եմ. «Մա՛մ, հիշում ե՞ս, որ Հրանտ Մաթևոսյանն ուզում էր հայրիկի ականջը կծի»։ Մայրիկս պատասխանում է. «Չէ՜, դա Մաթևոսյանը չէր, Լևոն Հախվերդյանն էր, ու ոչ թե հայրիկի ականջը, այլ քիթն էր ուզում կծի, դրանից հետո հայրիկը չէր սիրում նրան ու խուսափում էր նրանից»։ Հարցնում եմ քույրիկիս, որ տարիքով ինձնից մեծ է. ասում է. «Չէ՜, ի՞նչ Հախվերդյան, Երվանդ Քոչարն էր, որ հենց հարբում էր, կպած ուզում էր հայրիկի քիթը կծի, դրա համար էլ հայրիկը խուսափում էր նրա հետ խնջույքի մասնակցելուց»։

Սիրելի՛ ընթերցող, ցավոք, հայրս այս աշխարհում չէ, որ նրան ևս հարցնեի-ճշտեի, թե ի վերջո նրա քիթը թե ականջը ով է փորձել կծել։ Չի բացառվում, որ նա մի չորրորդ կծանի անուն տար։ 

Ուրեմն՝ եթե ես հիշողությունների գիրք գրեի կամ դառնայի պատմագիր, պիտի կծան սարքեի խեղճ Հրանտ Մաթևոսյանին։ Եթե մայրիկս գրեր, կծանը պիտի լիներ Լևոն Հախվերդյանը, իսկ եթե քույրիկս գրեր, կծան պիտի հռչակվեր Երվանդ Քոչարը։

Իսկ դուք կարդում եք մարդկանց հիշողությունների հիման վրա գրված պատմություններն ու ամեն ինչի հավատում։ Չարժե՛ ։)

Սա մի ուրախ, բայց իմաստալից փոքրիկ հավելում էր այս թեմայով իմ ավելի լուրջ ու ավելի երկար հոդվածի՝ «Մարդու հիշողական ու հորինողական կարողությունների, դյուրահավատության, տեղեկույթի և պատմության մասին»։