Սրանք գրաբարյան կապակցություններ են, որոնք նշանակում են «նորավարժների (սկսնակների) համար» և «զարգացածների (առաջադիմածների) համար»։ Սրանք գրվում էին գլխավորապես 19-րդ դարում հրատարակված որոշ ձեռնարկների կամ կրթական այլ նյութերի տիտղոսաթերթին՝ իբրև ամբողջական վերնագրի մաս, և նախատեսված էին սկսնակների և առավել առաջադիմածների համար համապատասխանաբար*։
Սրանցից առաջինը համապատասխանում է անգլերեն For Dummies-ին և ռուսերեն для чайников-ին, իսկ երկրորդի անգլերեն ու ռուսերեն կայուն համարժեք չկա. օրինակ՝ կարող են գրել՝ For Advance Learners/Users, для продвинутых, для профи և այլն։
Կարծում ենք՝ ժամանակին հայերենում կիրառված վերոնշյալ գրաբարաբանություններն արժե վերակենդանացնել։ Սրանցից երկրորդը՝ ի պէտս զարգացելոց-ը, այսօր ակտիվ գործածում է Արմենակ Եղիայանը արևմտահայերենին նվիրված իր ուսուցական հոդվածները ներկայացնելիս։
* Որոշ օրինակներ։ Խաչատուր Աբովյանի «Նախաշաւիղ կրթութեան ի պէտս նորավարժից», Հ. Ղուկասյանի «Քերականութիւն գրաբար լեզուի հայոց ի պէտս նորավարժից», Հ. Միքայել Չամչյանի «Բառարան համառօտ ի պէտս նորավարժից», Հ. Արսեն Բագրատունու «Հայերէն քերականութիւն ի պէտս զարգացելոց», Կարապետ եպս Շահնազարյանցի «Ուսումն քրիստոսական հաւատոց», որի տիտղոսաթերթին ավելացված է՝ «ի պէտս զարգացելոց հասակաւ եւ ուսմամբ»։