5/18/25

Անհայտ կծանը կամ դարձյալ այն մասին, թե որքան անվստահելի է մարդկային հիշողությունը

Իմ հիշողության մեջ մնացել է, որ մի խնջույքի ժամանակ հարբած Հրանտ Մաթևոսյանը փորձել է կծել հայրիկիս ականջը։ Սա՝ ըստ իմ հիշողության։ Մայրիկիս հարցնում եմ. «Մա՛մ, հիշում ե՞ս, որ Հրանտ Մաթևոսյանն ուզում էր հայրիկի ականջը կծի»։ Մայրիկս պատասխանում է. «Չէ՜, դա Մաթևոսյանը չէր, Լևոն Հախվերդյանն էր, ու ոչ թե հայրիկի ականջը, այլ քիթն էր ուզում կծի, դրանից հետո հայրիկը չէր սիրում նրան ու խուսափում էր նրանից»։ Հարցնում եմ քույրիկիս, որ տարիքով ինձնից մեծ է. ասում է. «Չէ՜, ի՞նչ Հախվերդյան, Երվանդ Քոչարն էր, որ հենց հարբում էր, կպած ուզում էր հայրիկի քիթը կծի, դրա համար էլ հայրիկը խուսափում էր նրա հետ խնջույքի մասնակցելուց»։

Սիրելի՛ ընթերցող, ցավոք, հայրս այս աշխարհում չէ, որ նրան ևս հարցնեի-ճշտեի, թե ի վերջո նրա քիթը թե ականջը ով է փորձել կծել։ Չի բացառվում, որ նա մի չորրորդ կծանի անուն տար։ 

Ուրեմն՝ եթե ես հիշողությունների գիրք գրեի կամ դառնայի պատմագիր, պիտի կծան սարքեի խեղճ Հրանտ Մաթևոսյանին։ Եթե մայրիկս գրեր, կծանը պիտի լիներ Լևոն Հախվերդյանը, իսկ եթե քույրիկս գրեր, կծան պիտի հռչակվեր Երվանդ Քոչարը։

Իսկ դուք կարդում եք մարդկանց հիշողությունների հիման վրա գրված պատմություններն ու ամեն ինչի հավատում։ Չարժե՛ ։)

Սա մի ուրախ, բայց իմաստալից փոքրիկ հավելում էր այս թեմայով իմ ավելի լուրջ ու ավելի երկար հոդվածի՝ «Մարդու հիշողական ու հորինողական կարողությունների, դյուրահավատության, տեղեկույթի և պատմության մասին»։