Այստեղ կանդրադառնանք մի սխալի, որ երբեմն թույլ են տալիս գրաբարյան երկերի քննական բնագիր կազմողները։ Դա եռարժեք օ տառի ներկայացումն է քննական բնագրում։
«Եռարժեք»-ով ի՞նչ նկատի ունենք։ Այն, որ մեր թե՛ ձեռագրերում՝ հայերենի ուղղագրության մեջ օ տառի մուտքից ի վեր, թե՛ տպագիր գրքերում օ-ն փոխարինել է դասական կամ մեսրոպյան հայերենի ոչ միայն աւ երկբարբառին, ինչն անշուշտ շատերը գիտեն, այլև ով-ին և պարզ ո-ին։ Մինչդեռ երբ այսօր գրաբարյան բնագրեր են հրատարակվում և ձեռագրերում եղած անխտիր ամեն օ դրանցում փոխարինվում է աւ-ով՝ իբրև թե վերականգնելու համար մեսրոպյան ուղղագրությունը, հաշվի չի առնվում օ-ի եռարժեքությունը։
Սրա հետևանքն այն է լինում, որ քննական բնագրերում գտնում ենք այնպիսի ուղղագրական աղավաղված ձևեր, որոնք ոչ մի առնչություն չունեն ո՛չ մեսրոպյան ուղղագրության հետ, ո՛չ հետագայի ընկալյալ՝ ավանդական ուղղագրության։
Ահա՛ այդպիսի ուղղագրական աղավաղումներից միայն մի քանիսը միայն մեկ քննական բնագրից, որ վերջերս է լույս տեսել. Ահարաւն, Ջերաւնիմոս, Գէդէաւն, միռաւն, Սիաւն, Աւնեսիմոս, Սաւղոմաւն, Սկաւթոս և այլն, և այլն։ Այսպիսի ուղղագրական ձևեր չեն կարող լինել ո՛չ դասական հայերենում, ո՛չ հետագա դարերի ավանդական ուղղագրության մեջ։ Իհարկե, ամեն տեսակ ուղղագրական աղավաղումներ (նույնիսկ այսպիսի) հանդիպո՛ւմ են մեր ձեռագրերում, շա՜տ, առատորե՜ն, բայց դրանք գրչական սխալներ են, գրչի թերի գրագիտության հետևանք։ Մինչդեռ օ-ն աւ-ի, ով-ի և օտար բառերում պարզ ո-ի փոխարեն գործածելը ոչ թե այս կամ այն գրչի թերի գրագիտության արդյունք էր, այլ հետդասական հայերենի ուղղագրության ընկալյալ և կանոնակարգված սկզբունք։
Հետևաբար, քննական բնագիր կազմողները կա՛մ պետք է ձեռք չտան ձեռագրային օ-ին, եթե չեն տարբերում տարբեր օ-երը, կա՛մ փոխարինում կատարելիս պետք է հաշվի առնեն, որ օ-ով գրված բառերի միայն մի մասը պիտի փոխարինվի աւ-ով։ Մնացածը պիտի փոխարինվի կա՛մ ով-ով, կա՛մ ո-ով։ Իսկ եթե հետոսկեդարյան, հատկապես ուշ շրջանների հեղինակների երկերի քննական բնագրեր են կազմվում, ճիշտ է վերջին երկու օ-երն էլ փոխարինել միայն ո-ով, թեև համոզված ենք, որ ուշ շրջանի երկերում ընդհանրապես օ-ի փոխարինումն անիմաստ է։ Ավելին՝ այն սխալ միջամտություն է, քանի որ եղծում է ուշ շրջանի ավանդական ուղղագրությունը և դրա մասին մեր պատկերացումները։
Հանրահայտ է, որ մոտավորապես 11-12-րդ դարերում օ-ն աւ-ի փոխարեն սկսեցին գործածել, որովհետև աւ-ն այլևս չէր արտասանվում իբրև երկբարբառ, այլ հնչում էր որպես պարզ /օ/. տաւն → տօն, արաւտ → արօտ, կրաւն → կրօն, Պաւղոս → Պօղոս և այլն։ Սա գրաբար կամ դասական ուղղագրություն սովորողներն անշուշտ գիտեն։ Բայց համարյա նույն ժամանակներում մի ուրիշ հնչյունափոխություն էլ էր տեղի ունեցել. հունարենից փոխառությունների ոսկեդարյան ով-երը կամ դրանց մի զգալի մաս արտասանվում էին առանց վ-ի։ Ուստի քերովբէ-ն դարձավ քերօբէ, սերովբէ-ն՝ սերօբէ, կինամովն-ը՝ կինամօն, Սիովն-ը դարձավ Սիօն, Յակովբ-ը՝ Յակօբ, Սողոմովն-ը՝ Սողոմօն, Անտովն-ը՝ Անտօն, Սիմովն-ը՝ Սիմօն և այլն։ Նույնիսկ աշխարհաբար գրական լեզվում ով-ը պահպանած շատ անուններ (Յովհաննէս, Յովսէփ, Մովսէս ևն) և քերովբէ ու սերովբէ հասարակ գոյականները նույնպես հնչյունափոխվել էին, ուստի առաջ էին եկել Յօհան, Յօհաննէս, Յօսէփ, Մօսէս, քերօբէ, սերօբէ և այլ ձևերը։ Որ այս անունները ժողովուրդը նույնպես պարզ /օ/-ով էր արտասանում, հստակ երևում է դրանց բարբառային ձևերից, որոնք մինչև վերջին ժամանակներն էլ գործածվում էին՝ Օհան, Մոսես/Մուսես, Հոսեփ/Հուսեփ, այսօր էլ տարածված Սերոբ և Քերոբ անունները ևն։
Ուրեմն՝ ով→օ ուղղագրական փոփոխությունն արտահայտում էր արտասանական փոփոխություն ճիշտ այնպես, ինչպես աւ-ի հնչյունափոխության հետևանքով առաջ եկած ուղղագրական փոփոխությունը։ Սրան զուգահեռ, միգուցե նաև ազդվելով հենց ով→օ հնչյունափոխության գրավոր արտահայտումից, սկսեցին նաև օտար ցանկացա՛ծ բառի (հունարեն, լատիներեն, լեհերեն, թե թուրքերեն, արաբերեն, նոր պարսկերեն), ինչպես նաև հաճախ հայերեն բարբառային բառերի մեջ լսված /օ/ հնչյունն արտահայտել օ տառով։ Ուստի գրում էին նօտար, օրթի, բօրէաս, Օնեսիմոս, Արագօնացի, սօլ և այլն, որոնք ոսկեդարյան ուղղագրությամբ պիտի գրվեին պարզ ո-ով՝ նոտար, որթի, բորէաս, Ոնեսիմոս, Արագոնացի, սոլ և այլն։ Օթաղ, մօլլայ, բօղազ, բօղչէ-ն դասական ուղղագրության սկզբունքներով գրվելու դեպքում պիտի ունենային ոթաղ, մոլլայ, բողազ, բողչէ տեսքը (թեև ոսկեդարյան հայերենում ղ-ն բոլորովին այլ հնչյունի արտահայտություն էր՝ կոկորդային ղ չէր), իսկ բարբառային բառեր բօլօճ-ը, հօտոց-ը, կօտոշ-ը՝ բոլոճ, հոտոց, կոտոշ։ Այսպիսի բառերն անշուշտ շա՜տ-շատ են. մենք ընդամենը մի քանի օրինակ բերեցինք։
Օ-ով էին սկսել գրել նաև Պօղիկարպոս, Պօղիկտոս և Կրօնիդէս անունները, որոնք պետք է ո-ով գրվեին՝ Պողիկարպոս, Պողիկտոս և Կրոնիդէս, և ոսկեդարյան հայերենում կարող էին միա՛յն ո-ով գրվել (և ո՛չ աւ-ով)։ Սրանցից առաջին երկուսը կապ չունեն Պաւլոս անվան հետ և հունարենում օմիկրոնով էին և են գրվում։ Իսկ հունարեն օմիկրոնը հայերեն տառադարձվում էր ո-ով։ Սրանք օ-ով գրելու պատճառը կարող էր լինել այն, որ մարդիկ այս անունները շփոթում էին նմանաձայն Պաւղոս-Պօղոս և հայերեն կրաւն-կրօն բառերի հետ։
Ուրեմն՝ եթե ուշ շրջանի հեղինակի երկի քննական բնագիր է կազմվում, և այս բոլոր օ-երն անխտիր վերածվում են աւ-ի, ապա այսպիսի մոտեցումը հակագիտական է և երկի ուղղագրությունը է՛լ ավելի է աղավաղում, քան եթե օ-երը մնային իրենց տեղում։ Ուստի ավելի լավ է օ-երին ընդհանրապես ձեռք չտալ։ Օ-երը աւ-ով փոխարինելն իմաստ ունի միայն մինչև հայերենի մեջ օ-ի մուտքը ստեղծված երկերի քննական բնագրերում։ Սակայն քանի որ այս հին գործերն էլ են մեզ հասել ավելի ուշ շրջանի ձեռագրերով, ապա դրանցում նույնպես որոշ բառերի ուղղագրություն կարող է հետագայում հարմարեցված լինել ուշ շրջանի ուղղագրական ավանդույթներին, ուստի օ-ն երբեմն կարող է կիրառված լինել նաև ո՛չ աւ-ի փոխարեն։ Հետևաբար, այսպիսի երկերում նույնպես պետք է օ-երի փոխարկումը կատարել խելամտորեն՝ հաշվի առնելով օ-ի եռարժեքությունը։