Կենդանիների պաշտպանի ելույթը
կենդանիների պաշտպանությանը նվիրված միջտեսակային համաժողովում
Սիրելի ժողովակիցներ ու գաղափարակիցներ,
Վերջերս մի ուսումնասիրություն կարդացի, որը պնդում էր, որ կատուների 30 տոկոսը ձանձրույթից ընկնում է դեպրեսիայի մեջ։ Անկախ այդ ուսումնասիրության փաստերի վստահելիության աստիճանից՝ ինձ բնավ չի զարմացնում, որ կատուները կարող են տառապել դեպրեսիայից, ինչպես մարդիկ, քանի որ մեզ բոլորիս քաջ հայտնի է, որ ոչ միայն կատուները, այլև շները, ինչպես նաև այլ կենդանիներ, տառապում են համարյա նույն հիվանդություններից, ինչ մարդիկ, անգամ սրտի կաթված են ստանում կամ մեռնում քաղցկեղից։ Բանականությամբ մեզ զիջող մեր կրտսեր եղբայրներին ու քույրերին հատուկ են այն բոլոր զգացումները, որոնք հատուկ են մեզ՝ բանականությամբ նրանց բազմապատիկ գերազանցող մարդկանց. նրանք տխրում են մեզ պես, ուրախանում, զայրանում, քեն պահում ու վրեժխնդիր լինում, երախտիքը չեն մոռանում և այն հատուցում են, ատում ու սիրում են, սիրով կապվում, մենակությունից տառապում, անգամ անձնազոհության գնում հանուն սիրո, ընկերության և երախտագիտության։ Հայտնի է, թե ինչպես են մենասեր գայլերը երբեմն այնքան ծանր տանում իրենց կողակցի մահը, որ վշտից մեռնում են։ Մի խոսքով, ի՞նչ երկարացնեմ, բոլորիս քաջ հայտնի է, թե որքան նման են մյուս կենդանատեսակները մարդկանց։ Սակայն միայն այն պատճառով, որ պակաս զարգացած ուղեղ ու բանականություն ունեն, քան մարդիկ, մենք մեզ տարանջատում ենք նրանցից, ասես տարբեր աշխարհների ծնունդ լինենք, տարբեր միս ու արյունից կազմված լինենք, և ոտնահարում նրանց իրավունքները, տանջում ու ծառայեցնում նրանց կամ վերաբերվում նրանց իբրև սիրելի խաղալիքների, բայց ո՛չ իբրև մեզ պես լիարժեք անհատների։ Քի՞չ են մարդկանց մեջ հոշոտիչները, անգամ մարդակերները։ Եթե մենք ուտում ենք կովեր, ոչխարներ, խոզեր, հավեր ու ճագարներ, Հեռավոր Արևելքում՝ նաև այլ բազմաթիվ կենդանատեսակներ, զարմանալի ի՞նչ կա, որ մի երկու կենդանի էլ հոշոտի կամ ուտի մեզ՝ մարդկանց։ Այս աշխարհն այդպիսին է. բոլորն էլ գոյատևելու ճանապարհին ուտում են ինչ կարողանում են։ Ուստի մենք վայրենությամբ բնավ չենք զիջում մյուս կենդանատեսակներին, ավելին՝ գերազանցում ենք նրանց՝ հաշվի առնելով, որ բանականությամբ ավելի զորեղները պիտի որ պակաս վայրենի լինեին։
Ուրեմն՝ ի՞նչ տարբերություն իմ ու իմ կատվի միջև՝ բացի բանականության աստիճանից։ Ո՛չ մի։ Ես ուրիշ ոչ մի տարբերություն չեմ տեսնում իմ ու նրա միջև՝ իբրև կենդանի էակների։ Հետևաբար, մենք ունենք հավասար իրավունքներ։ Ահա այսպիսին պիտի լինի մարդու վերաբերմունքը մյուս կենդանատեսակների հանդեպ։ Մենք բոլորս բնության մասնիկներն ենք, նրա զանազան մասերն ու զարգացման օղակները։ Ես նույնքան կենդանի ու ասուն անասուն եմ, որքան իմ կատուն։ Իհարկե, պատիս հայտնվող սարդերին ես տանել չեմ կարողանում, բայց դրանում ևս բացահայտվում է իմ նմանությունը մյուս կենդանատեսակներին և նրանցից տարբեր չլինելը։ Ես պիտի պաշտպանեմ իմ բնակատեղին օտարներից, որոնք առանց իմ թույլտվության ներխուժում են իմ տարածք և այնտեղ որոշում իրենց տունը կառուցել ու ձագեր բազմացնել։ Այլ կենդանատեսակներ նույնպես հարձակվում են իրենց տարածքի սահմաններն առանց թույլտվության հատողների վրա։ Սա պաշտպանական բնական բնազդ է, սեփականության անկապտելի զգացում։ Այդ նույն սարդերը դանդաղ մահով սպանում և ուտում են պատահաբար իրենց տունը մտած ճանճերին և այլ միջատների։ Ես գոնե սարդերին սպանում եմ միանգամից, որ չտանջվեն։
Մարդկությունը շատ կարճ հիշողություն ունի։ Նա մոռացել է, որ կար ժամանակ, երբ մարդիկ վարազներին, ցլերին, գայլերին, շներին, արծիվներին և բազմաթիվ այլ կենդանիների պաշտում էին այնքան, որ համարում էին իրենց նախնիները։ Մարդիկ իրենց կոչում էին կենդանիների անուններով, անգամ չէին խորշում կոչել իրենց Գայլ, Վարազ կամ Մրջյունիկ։ Տեսեք քանի արջ Արթուրներ ու Արշակներ կան, քանի աղավնի Հովնաններ ու Վարուժաններ, կարմիր գայլ Ռուդոլֆներ, շնագայլ Առնակներ, գորտ Վազգեններ, առյուծ Լևոններ, Կորյուններ, Արիելաներ, մաքի Ռաքելներ, շիկահավ Ռոբիններ, արծիվ Արեններ ու Արծվիկներ։ Մի՞թե անգամ այս անունները ոչինչ չեն հուշում մարդկանց։ Մինչդեռ այսօր մարդիկ կենդանիների շատ անուններ գործածում են իբրև վիրավորական բառեր՝ էլ շուն, էլ էշ, էլ խոզ, էլ աղվես ու կրիա։ Եվ սա ցույց է տալիս կենդանիների հանդեպ մարդու պախարակելի բարձրամտությունը։
Խոսքս ուզում եմ եզրափակել մի կարևոր առաջարկությամբ։ Կենդանիների պաշտպանությունը կմնա միշտ ձևական, երկրորդական մի բան, մնացորդային, եթե մենք չբռնենք գաղափարական փոփոխություններ կատարելու ճանապարհը։ Մենք պետք է, մանկապարտեզից ու դպրոցից սկսած, կրթենք մարդկանց նոր սերունդներին այնպես, որ նրանք ոչ մի տարբերություն չդնեն իրենց և մյուս կենդանատեսակների միջև, հասկանան, որ բոլորս էլ հավասար արարածներ ենք։ Եվ բանականության աստիճանը պիտի պատճառ չդառնա պակաս բանականություն ունեցող կենդանատեսակների հանդեպ արհամարհանքի, ծաղրի, նվաստացման, բռնության, ստրկության, իբրև զվարճանքի առարկա գործածության, բանտարկության, հարկադիր ու ծեծով վարժեցման, ինչպես որ այսպիսի վերաբերմունքի չեն արժանանում մյուս կենդանատեսակներից շատ ավելի անբան ու անխելք մարդ նորածինները կամ այն մարդիկ, որ ծնվել են մտավոր խեղումներով, այսինքն՝ վնասված բանականությամբ։
Շնորհակալություն ուշադրության համար։
(Բուռն ծափահարություններ, խռնչոցներ, կռինչներ, վրնջոցներ, հաչոցներ, մլավոցներ, ծվծվոցներ, մայուններ, բառաչոցներ, սուլոցներ, ոռնոցներ, զռռոցներ, մկկոցներ ու ծուղրուղունե՜ր)