Առաջինը քարտեզների հավաքածուն է, երկրորդը՝ հմայիլների։ Ներկայացված նյութերը ներբեռնելի pdf-ներ են։
Քարտեզների բաժնի ընտրացանկը թույլ է տալիս քարտեզներն ընտրել ըստ վերնագրի, հեղինակի, տարեթվի, հրատարակչի, տպագրության վայրի և գտնվելու վայրի։
Տարեթվի բաժինն ընտրելու դեպքում կտեսնենք, որ քարտեզները 1850-1956 թթ.-ի հրատարակություններ են, կան նաև անթվական քարտեզներ։
Ահա՛ մեկը նշված հավաքածուում գտնվող քարտեզներից։ Բաբկեն Հարությունյանի կազմած քառամաս քարտեզն է։
1. Հայկական կոտորածները 1894-96 և 1915-16 թթ.
2. Վան քաղաքի հերոսական ինքնապաշտպանությունը (7.04.1915-6.05.1915)
3. Հայ ժողովրդի տեղաբաշխումը, 1914 թ.
4. Տարոնի և Սասունի ինքնապաշտպանությունը
Աղբյուրը
Երկրորդ հավաքածուն ներկայացնում է Ազգային գրադարանում պահվող և 1698-1789 թթ. տպագրված հմայիլներ (մեկն անթվակիր է)։ Ստորև բերված է այդ հմայիլներից մեկից մի հատված միայն։
Հմայիլները թղթե գալարներ են, որոնցում գրված կամ տպագրված են աղոթքներ ու մաղթանքներ՝ բժշկության, պահպանության, երեխա ունենալու և այլ նպատակներով։ Հմայիլները սովորաբար առատորեն նկարազարդվում են։ Հմայիլներում գործածվում են մեզ հայտնի շատ աղոթքներ՝ Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու աղոթքները, «Կիպրիանոս» ժողովածուից հայտնի պահպանիչ աղոթքներ և այլն։ Այսպիսի հմայիլը դրվում էր հատուկ տուփի մեջ։
Այսպիսի քրիստոնեական բովանդակությամբ հմայիլները, ինչպես երևում է մեզ հասած նմուշներից, հավանաբար վերջին մի քանի դարի երևույթ են։ Սակայն որ նախկինում էլ են հայերը նմանատիպ քրիստոնեական պահպանիչ առարկաներ, նույնն է թե՝ հմայիլներ գործածել, երևում է Հովհաննես Ծործորեցու «Մատթեոսի Ավետարանի մեկնությունից»՝ գրված ԺԴ դարի սկզբում (1316 թ.)։ Ծործորեցին, մեկնելով Մատթ. ԻԳ 5 համարը և խոսելով հրեաների գրապանակների մասին, հիշատակում է իր ժամանակ մայրերի կողմից երեխաների վզից կախվող ավետարանակները։ Ասում է, որ հրեաները գրապանակները «պահպանակ էին կոչում, ինչպես որ այժմ էլ շատ կանայք ավետարանակ են կախում մանուկների պարանոցից» (Հովհ. Ծործորեցի, Մեկնություն Մատթեոսի Ավետարանի, պրակ Բ (ԺԹ-ԻԸ), Ս. Էջմիածին, 2010, էջ 171)։ «Նոր հայկազեան բառարանն» այս «աւետարանակ» բառը բացատրում է որպես «տուփ փոքր՝ յոր եդեալ իցէ հատուած ի բանից աւետարանի», այսինքն՝ փոքր տուփ, որում դրված է Ավետարանից հատված։ Եթե այս բացատրությունը ճիշտ է, ապա միջնադարյան ավետարանակները նույնպես հմայիլ են և վերջին դարերից մեզ հասած հմայիլներից տարբերվում են լոկ բովանդակությամբ։
Նշենք, որ հրեական գրապանակները՝ «թֆիլինները», որոնք ճակատին և ձախ բազկին կապելու հրաման է տալիս Աստվածաշունչը (Ելք ԺԳ 9, 16), այլ բան չեն, քան ավետարանակների և մեզ հասած հմայիլների մեկ այլ օրինակ։ Գրապանակները կաշվե գալարներ են, որոնց վրա գրված են Մովսիսական օրենքի հիմնական պատվիրանները (թե կոնկրետ ինչ պիտի գրվի դրանցում, Աստվածաշունչը չի ասում, այլ թելադրվում է հրեական «Թալմուդում»)։ Գալարներն ամփոփվում են տուփերում և կապվում հրեաների ճակատին ու ձախ թևին, ինչպես երևում է ներքոբերյալ նկարում (նկարի աղբյուր՝ http://imgsoup.com/1/tefillin/ )։
Ցավոք, Գրահավաքը չկարողացավ պարզել, թե վերջին դարերից մեզ հասած հայկական հմայիլներն ինչպես էին գործածվում, այսինքն՝ դրանք ամփոփող տուփերը դրվում էին բարձի տա՞կ (ինչպես «Նարեկը»), կախվում էին վզի՞ց, ինչպես միջնադարյան ավետարանակները, թե՞ գործածվում այլ կերպ։ Եթե մեր ընթերցողներից որևէ մեկն ունի տեղեկություն այս մասին, շնորհակալ կլինենք, եթե այն հաղորդեք մեզ։