12/05/2014

CherryTree. հայացված ևս մեկ և շատ օգտակար ծրագիր

Ուրախ ենք ներկայացնելու ձեզ ևս մեկ հայացված ծրագիր։ Այնքան լավն է այս ծրագիրը, այնքան քաղցր պտուղներ ունի այս բալենին, որ եթե կարողանայի ներբողյան հյուսել նրա պատվին, էլի քիչ կլիներ ։))

Այն կարող եք ներբեռնել հեղինակի կայքից։ Կան և Ուինդոուսի, և Լինուքսի համար ստեղծված տարբերակներ։

Ծանոթանանք CherryTree-ին։ Սա պատկանում է նշատետր-տեքստային խմբագրիչների ցեղին։ Եվ բալենի է կոչվում, որովհետև ծառանման նվիրապետական կառուցվածք ունի, ուր կարելի է ծլեցնել-աճեցնել ճյուղեր, ենթաճյուղեր, թոռնիկ ու ծոռնիկ ճյուղեր և այլն, որոնք ներկայացված են տարբեր գույների բալերի տեսքով (բայց եթե չեք ուզում այս պատկերակները, կարող եք նախընտրանքներում փոխարինել սովորական կետանշաններով կամ ընդհանրապես պատկեր չգործածել)։







Ծրագիրն օգտակար է թե՛ սովորական օգտվողներին, ովքեր ուզում են մի տեղ հավաքել-կազմակերպել իրենց նշումները, օրագրային գրառումները, հոդվածները, համացանցից վերցված նյութերն ու նկարները, անգամ ամբողջական գրքեր, և թե՛ ծրագրավորողներին, քանի որ թույլ է տալիս այլագրի վանդակներ (CodeBox) դնել և ծրագրավորման բազմաթիվ լեզուներ գործածել՝ շարահյուսական գունանշմամբ (syntax highlighting)։ Ընտրության ենթակա ծրագրավորման լեզուներն ու ձևաչափերն այնքան շատ են այս ծրագրում, որ լիովին կարող են բավարարել շատ ծրագրավորողների կարիքները և, ավելին, մի տեղ հավաքել նրանց բազմաթիվ նիշքերը՝ կազմակերպված ծառի տեսքով։



Ծրագիրը բնագրի ձևավորման մեծ հնարավորություններ ունի. ոչ միայն կարելի է տառատեսակներ ընտրել և դրանց ձևերը՝ թավատառ, շեղատառ և այլն, ընտրել տառերի և խորքի գույները, այլև գործածել հատուկ նշաններ, գլխագրեր (headings), ներմուծել նկարներ, դնել աղյուսակներ (որոնք կարելի է արտահանել որպես csv նիշք, կամ էլ, ընդհակառակն, աղյուսակի պարունակությունը ներմուծել այդպիսի նիշքից), գործածել հղումներ (ոչ միայն դեպի համացանցային կայքեր, այլև համակարգչում գտնվող նիշքեր ու պանակներ), դնել հղումներից կազմված բովանդակության ցանկ (եթե գործածել եք h1 գլխագիրը) կամ ցանկերի այլ տեսակներ՝ նշանակալված (bulleted), համարակալված, ինչպես նաև անելիքի (To-Do)։




Ծրագիրը թույլ է տալիս ներմուծել բազմաթիվ այլ նշատետր-ծրագրերով (Basket, Gnote, KeepNote, KeyNote, Knowit, Leo, Mempad, NoteCase, Tomboy, Treepad Lite, TuxCards, Zim) ստեղծված, ինչպես նաև html-ային և հասարակ տեքստային նիշքեր ու դրանցով պանակներ և արտահանել սեփական նյութը որպես pdf, որպես մեկ կամ բազմաթիվ html-ային նիշքեր, մեկ կամ բազմաթիվ հասարակ տեքստային նիշքեր։ Հատկապես շատ հարմար է ամբողջ ծառը html-ային բազմաթիվ նիշքերի տեսքով արտահանելը՝ ծառի հղումների պահպանմամբ։ Իսկ հենց CherryTree-ի նիշքերի հիմնական ընդլայնումներն են .ctb-ն և .ctd-ն։

Ծրագիրը թույլ է տալիս նաև գաղտնաբառ դնել նիշքի վրա, եթե դրա տերը չի ցանկանում, որ իրենից բացի ուրիշ մեկն էլ նիշքից օգտվի։

Ծրագիրն ունի պիտակներ (tag) դնելու և դրանցով նյութերը փնտրելու հնարավորություն ևս։

CherryTree-ն ունի նաև էջանիշներ դնելու և դրանք կարգավորելու հարմարություն։ Եթե շատ են ձեր ճյուղերն ու ենթաճյուղերը (գրառումները), դրանցից նրանք, որոնք հաճախ են ձեզ պետք գալիս, կարող եք էջանշել՝ հեշտ ու արագ գտնելու համար։

Եթե ընտրեք ընտրացանկի «Ծառ» բաժնի «Դնել այսօրվա ճյուղը» հրահանգը, միանգամից իրար ենթակա երեք ճյուղ կստեղծվի ձեր ծառի վրա, որոնք կկրեն տվյալ տարվա, ամսվա և օրվա թվերը, և այսպիսով Դուք կկարողանաք CherryTree-ն գործածել նաև որպես օրագիր։ Երբ հաջորդ կամ հերթական օրը սեղմեք «Դնել այսօրվա ճյուղը» հրահանգի վրա, համապատասխան ճյուղում կստեղծվի ևս մեկ ենթաճյուղ՝ նվիրապետական դասավորությամբ։ Եվ այսպես՝ շարունակ։ Անգլերեն անունները կարող եք խմբագրել-հայերեն դարձնել՝ մկնիկի աջ կողմին սեղմելով և համապատասխան ընտրանքը գործածելով։


Ծրագրի հեղինակն այն շարունակ թարմացնում է, ինչ-որ թերություններ շտկում, ավելացնում նոր հարմարանքներ, այնպես որ միշտ կարելի է հետևել թարմացումներին. գուցե Ձեզ անհրաժեշտ մի նոր հարմարանք ևս ավելանա եղածներին։ Հեղինակը նպատակ է դրել ծրագիրը բազմաթիվ այլ հնարավորություններով օժտելու, օրինակ՝ նիշքի արտահանում որպես .epub, .odt, ներմուծում .pdf-ից, ծրագրի անդրոիդ տարբերակի պատրաստում և բազմաթիվ այլ բաներ։ Տեսնենք՝ երբ է դրանք հաջողելու անել։

Ծրագիրը հայերենով աշխատեցնելու համար մտեք ընտրացանկի Edit բաժնի նախընտրանքների (Preferences) Miscellaneous (ծրագրի հին տարբերակներում՝ Various) բաժինն ու լեզուների շարքում ընտրեք հայերենը (ներկայացված է hy տառակապակցությամբ)։ Ծրագիրը փակեք, նորից բացեք և ահա ամեն ինչ հայերեն կտեսնեք։ Իսկ ծրագրում առաջին գրառումը կատարելու համար չմոռանաք նախ ճյուղ ավելացնել (գործիքների պանակի ձախ ամենածայրում գտնվող պատկերակի օգնությամբ կամ ctrl N ստեղնային համադրությամբ)։ Սրանից հետո արդեն ինքներդ էլ կգտնեք ինչը որտեղ է և ինչպես է պետք այն գործածել։



Այս ծրագրում ևս, խիստ հազվադեպ, կհանդիպեք անգլերեն մնացած բառերի, որոնք թարգմանված չեն, քանի որ դրանց որ լեզվով լինելը կախված է համակարգչի ընդհանուր համակարգի լեզվից։

Բարի վայելում։




Փորձեք մեր հայացրած մեկ այլ ծրագիր ևս՝  FocusWriter՝ տեքստային խմբագրիչ գրողների համար։

2 comments:

  1. Edit բաժնի նախընտրանքների (Preferences) Various բաժինն չկա, կա Miscellaneous, լեզուն փոխելու համար:

    ReplyDelete
    Replies
    1. Շնորհակալություն, հարգելի Անահիտ։ Քանի որ այս հոդվածը գրելուց հետո ծրագիրը բազմիցս թարմացվել-փոփոխվել է, բառն ըստ հին տարբերակի էր մնացել։ Այդ հատվածը մեր հոդվածում փոխեցինք։

      Delete

Եթե ասելիք ունեք, գրեք այստեղ։