5/11/14

Լինուքս-2. Սկիզբ

Առաջին մասը՝ այստեղ։

Որոշել եք ռիսկի՞ դիմել, լինուքսյան որևէ բաշխո՞ւմ տեղակայել ձեր համակարգչում։ Համացանցում փնտրեք կամ ծանոթ լինուքսասերներին-լինուքսագետներին հարցրեք, և եթե որևէ բաշխում հավանեցիք, այդ բաշխման մասին համացանցում ավելի շատ տեղեկություն ձեռք բերեք։ Օրինակ՝ կարևոր է, որ այդ բաշխումը հասարակ օգտվողների շրջանում տարածված բաշխումներից մեկը լինի։ Կարևոր է, որ նրա համար ավելի շատ պատրաստի ծրագրեր լինեն։ Կարևոր է, որ գործածության առումով ավելի հարմար լինի սկսնակին։ Շատ կարևոր է, որ ձեր համակարգչի պարամետրերին համապատասխանի։ Եթե, օրինակ, շատ հին ու թույլ համակարգիչ ունեք, պետք է այնպիսի բաշխում ընտրեք, որը հնարավոր է նորմալ աշխատեցնել ձեր համակարգչում։ Օրինակ՝ Bodhy Linux-ը, Lubuntu-ն և Linux Lite-ը շատ հարմար են հին համակարգիչների համար։ Այս բաշխումները նաև նրանով են լավ, որ Ուբունտու հայրիկից են սերել, եթե կարելի է այսպես ասել, ինչը նշանակում է, որ Ուբունտուի (մինչ այժմ ամենից շատ ուշադրության արժանացած ու տարածված բաշխման) համար առկա ծրագրերից շատերը կկարողանաք գործածել ձեր համակարգչում։ Ընդհանրապես ես խորհուրդ եմ տալիս սկսնակներին տեղակայել և գործածել ուբունտուահիմն բաշխումներ, որոնք շատ-շատ են։ Շատ գովում են LinuxMint-ը, Zorin OS-ը։


Եթե երկար-բարակ փնտրել չեք ուզում և Ձեր համակարգիչն էլ շատ հին չէ, հենց Ուբունտու կոչվող բաշխումը տեղակայեք։ Նրան փոքր-ինչ ծանոթանալու՝ նրա ճաշակն առնելու համար գնացեք հետևյալ հղմամբ՝ http://www.ubuntu.com/desktop/take-the-tour և սեղմեք Take the tour կոճակի վրա։ Այնուհետև ուր ուզում եք՝ սեղմեք, նիշքեր ու ծրագրեր «բացեք», գնացեք հետ-առաջ և մոտավորապես կպատկերացնեք, թե ուր եք պատրաստվում տեղափոխվել։ Երբ բաշխումը տեղակայեք և տեսնեք, որ այդ միջերեսը, որին էլ ծանոթացաք այդ վիրտուալ շրջայցում, չեք հավանում, կարող եք տեղակայել այլ միջերեսներ ևս և փորձել։ Եթե Ձեր տեսածը հավանեցիք, ապա այդ կայքէջի վերին ընտրացանկում գտեք ներբեռնումների բաժինը (Download) և ներբեռնեք տեղակայման համար անհրաժեշտ նիշքը։  Ներբեռնումների բաժնում անհրաժեշտ է ընտրել Ubuntu Desktop-ը։ Այնուհետև ընտրեք Ձեր համակարգչի հատկություններին համապատասխան բաշխումը (Դուք պիտի որ իմանաք՝ այն քանի բիտանոց է՝ 32 թե 64) և բեռնեք նիշքը։ Քանի որ այն ծանր է, ավելի հարմար է միանգամից գնալ հետևյալ էջը՝ http://releases.ubuntu.com/14.04/, և ընտրել Ձեզ անհրաժեշտ torrent նիշքը, քանի որ բեռնվելիք նիշքը բավականին մեծ է։

Նիշքը բեռնեցիք-վերջացրիք։ Այստեղ կարդացեք, թե ինչ եղանակով այդ նիշքը փոխանցեք DVD սկավառակի մեջ, որպեսզի այն պիտանի լինի տեղակայման համար։ Երբ անհրաժեշտ սկավառակն արդեն ունենաք, տվեք այն որևէ մասնագետի և խնդրեք տեղակայել Ուբունտուն ձեր համակարգչի մեջ, եթե Դուք ինքներդ չեք կարող դա անել։ Իսկ եթե Դուք եք ուզում դա անել, ապա կարդացեք սա։
Լինուքսյան ինչ բաշխում էլ որ ներբեռնեք համացանցից, DVD սկավառակին այն փոխանցելու և տեղակայման համար պիտանի սկավառակ ունենալու համար պիտի անեք նույնը, ինչ գրված է վերևում։ 

Չափից դուրս թույլ համակարգիչների համար հիանալի լուծում է Puppy Linux-ը, որը նաև կարելի է գործածել՝ տեղակայելով խտասկավառակում կամ ֆլեշ կրիչում միայն, առանց համակարգչի մեջ տեղակայման։ Այսպիսի խտասկավառակով կամ ֆլեշ կրիչով Puppy-ն (ինչպես նաև լինուքսյան այլ բաշխումներ ևս` տեղակայված կենդանի սկավառակում (live CD կամ live USB)) հիանալի միջոց է նաև որևէ անսարք համակարգչի (ո՛րևէ ՕՀ-ով՝ Ուինդոուս թե մեկ ուրիշ) նիշքերը փրկելու համար։

Լինուքսյան տարբեր բաշխումներին համառոտաբար կարող եք ծանոթանալ հետևյալ կայքում՝
http://distrowatch.com/

Բաշխումների հիմնական էջերը (home page) նույնպես տրված են վերոնշյալ կայքում։ Ձեզ հետաքրքրած բաշխման կայքը գնացեք, փորփրեք, սկրինշոտներ դիտեք։ Գնացեք նաև youtube և բաշխման անունը գրելով՝ տեսանյութեր դիտեք, որոնցով ավելի լավ կպատկերացնեք, թե ինչպիսին է այդ բաշխումը։ Մի խոսքով՝ որոշ քննություն կատարելուց հետո արդեն կարող եք որոշում կայացնել։

*******************

Ձեր ընտրած բաշխումը տեղակայել կարող եք թե՛ Ուինդոուսը պահելով ձեր համակարգչում, թե՛ այն ամբողջապես փոխարինելով լինուքսյան բաշխումով։ Առաջին դեպքում պետք է համակարգիչը գործարկելիս ընտրեք, թե որ համակարգն եք ուզում գործածել և նրա մեջ մտնեք (սա կոչվում է dual booting)։ Իսկ թե ինչպես տեղակայեք ձեր ընտրած բաշխումն արդեն առկա Ուինդոուսի կողքին, եթե ուզում եք սա ինքնուրույն անել, կարող եք կարդալ բազմաթիվ կայքերում՝ փնտրում կատարելով, օրինակ, հետևյալ նախադասությամբ՝ "How to dual-boot Ubuntu (Linux Mint/Zorin OS/Elementary OS/Bodhi Linux...) and Windows"։ Ուրեմն՝ եթե անգլերեն գիտեք ու անվախ եք (կամ ավելի ճիշտ՝ մի քիչ քթի ծակ ունեք ։)), ինքնուրույն էլ կարող եք տեղակայել լինուքսյան բաշխումը ձեր համակարգչում, հատկապես եթե պարզապես Ուինդոուսը փոխարինելու եք Լինուքսով. սա ավելի հեշտ է։ Բայց երկու դեպքում էլ, եթե կամ անգլերեն լավ չեք հասկանում և Ձեզ անհրաժեշտ տեղեկույթը չեք կարողանում ձեռք բերել ու կիրառել, կամ վախենում եք ինքնուրույն որևէ բան անել, ավելի ապահով է դիմել մասնագետի օգնությանը։ Ի վերջո, Ուինդոուս համակարգն էլ շարքային օգտվողն ինքնուրույն չի տեղակայում, այլ դիմում է մասնագետի օգնությանը։

Տեղակայվե՞ց ձեր ընտրած բաշխումը ձեր համակարգչում։

Շնորհավո՛ր։ Ձեր կյանքի լինուքսյան փուլը սկսվեց։

Հաջորդ մասը՝ այստեղ։