Ովքեր ծանոթ են դասական ուղղագրության այն տարբերակին, որ գործածում ու ջատագովում են հարգելի քաղաքագետ ու Իրական դպրոցի գրաբարի ուսուցիչ Ալեքսանդր Քանանյանը, հարգելի գրականագետ Լուսինե Ավետիսյանը և Իրական դպրոցը, նկատել են անշուշտ, որ նրանք օ-ի փոխարեն աւ են գրում արևելահայերենում, լ-ի փոխարեն ղ՝ այղ, քայղ, ողիմպոս և այլ այսպիսի բառերում՝ փորձելով գրել այնպես, ինչպես հավանաբար գրել են Մեսրոպ Մաշտոցն ու այլք Ե դարում։ Նաև իւ-ի փոխարեն եւ-ով գրվող բառերի և այլ այսպիսի վաղգրաբարյան ձևերի վերականգնումներ են կատարել աշխարհաբարի համար գործածվող ուղղագրության մեջ։ Ես այսօր Իրական դպրոցի ֆեյսբուքյան էջում՝ ուղղագրության վերաբերյալ մի գրառման տակ, հետևյալ մեկնաբանությունը թողեցի, որն այստեղ էլ եմ դնում բոլոր նրանց համար, որոնց հետաքրքրում է իմ տեսակետն այս «մաշտոցյան» ուղղագրության վերաբերյալ։
Իրական դպրոցի հայերենասերներին ու դասական ուղղագրության ձեր ընդունած «մաշտոցյան» տարբերակի ։) նախանձախնդիր հետևորդներին մի կարևոր բան ասեմ, դուք մտածեք, լա՞վ։ Ուղղագրությունը միայն բառերի տառային կազմին չի վերաբերում։ Այն վերաբերում է նաև բառերը մեծատառով թե փոքրատառով սկսելուն, բառերի անջատ, կից կամ գծիկով գրելուն և այլն։ Եթե դուք, անտեսելով լեզվի զարգացումն ու դրա առաջ բերած իրողությունները, ուզում եք հավատարմորեն վերականգնել մաշտոցյան ուղղագրությունը (դրա համար էլ գրում եք «այՂ», «Ղատինական», «օ» չեք գրում, որովհետև Մաշտոցը «աւ» է գրել, «օ» տառ չի ստեղծել և այլն), ուրեմն նախ՝ պիտի հրաժարվեք բոլորգրերով գրելուց, քանի որ Մաշտոցն այս տառերը նույնպես չի ստեղծել ու չի կիրառել։ Մաշտոցյան տառերը միայն մեծատառերն են՝ երկաթագիրը։ Ուրեմն դուք էլ, հավատարմորեն վերականգնելով մաշտոցյան ուղղագրությունը, պիտի գրեք միայն մեծատառերով։ Երկրորդ՝ մաշտոցյան ուղղագրության մեջ բնականաբար մեծատառի ու փոքրատառի տարբերակում չկա, բայց դուք տարբերակում եք։ Եվս մեկ շեղում մաշտոցյան ուղղագրությունից։ Մաշտոցյան ուղղագրության մեջ բառանջատում չկա․ բառերը կից են գրվում, միավորման գծիկով գրվող բառեր էլ չկան։ Էլի շեղումներ։ Եվ, ձեր ցավիկը տանեմ, մաշտոցյան շրջանից պահպանված համարյա տեքստ չկա, որ առանձին բառերի մաշտոցյան ուղղագրության վերաբերյալ իսկապես հստակ ու վերջնական պատկերացում ունենայինք։ Բազմաթիվ վիճելի ուղղագրությամբ բառեր կան դասական ուղղագրության մեջ։ Հո Տեկորի կամ երուսաղեմյան մի քանի տող արձանագրությունները չե՞ն ձեր աղբյուրը, որ անգամ հայերենի բոլոր տառերը չեն ներկայացնում։ Մի խոսքով՝ մտածեք գրածիս շուրջ, լա՞վ։ Թե չէ «օ» չէ, «աւ», «այլ» չէ, «այղ» ու կիսագիտական փիլիսոփայություններ ։)
Այստեղ ավելացնեմ, որ դասական ուղղագրության այն տարբերակների համար, որ այսօր գործածում են սփյուռքում ու երբեմն նաև Հայաստանում (հաճախ ես ինքս էլ) ես նախընտրում եմ «ավանդական ուղղագրություն» անվանումը։ Ինչո՞ւ։ Որովհետև այս ուղղագրությունը, ինչպես էլ այն մաքրես-ճշգրտես ու ժամանակակից հայերենին հարմարեցնես, միևնույն է, մեսրոպյան կամ մաշտոցյան չի կարող դառնալ։ 21-րդ դարի հայերենում ո՛չ հնարավոր է իսկապես մաշտոցյան ուղղագրություն կիրառել (կարելի է գործածել դրա տնազը), ո՛չ կա դրա իմաստը։ Հնարավոր է գործածել ավանդակա՛ն ուղղագրության որևէ տարբերակ, այսինքն՝ մի ուղղագրության, որ կիրառվել է ավանդաբար՝ երկար դարերի ընթացքում, և հիմնված է մաշտոցյան ուղղագրության հիմնական սկզբունքների վրա, բայց նաև արտացոլում է դարերի ընթացքում լեզվի անհրաժեշտաբար կրած փոփոխությունները։ Ի վերջո այդ փոփոխությունները Մաշտոցի ու նրա ուղղագրության հանդեպ մեր նախնիների «անհավատարմությունից» չէ, որ առաջ են եկել, այլ լեզվի բնական զարգացումների հետևանք են, որոնք անտեսելը ոչ թե մեծ գիտության, այլ դրա պակասի նշան է։ Եվ արդի հայերենում իբր իսկական մաշտոցյան ուղղագրության վերականգնման բոլոր փորձերը որքան էլ ներկայացվեն գիտական հիմնավորումներով, անլուրջ են։