8/7/24

Հրամայական եղանակի բայերի շեշտադրություն

 Ըստ Սերգեյ Աբրահամյանի «Հայերենի կետադրություն» ձեռնարկի (2004 թ.)՝ «Հրամայական եղանակի բայաձևի վրա կարող է շեշտ չդրվել՝ պայմանավորված որոշակիորեն մեղմ հնչերանգով» (էջ 64)։ Սակայն ավելի տարածված է այն պնդումը, թե հրամայական բայաձևերի վրա պարտադիր պետք է շեշտ դրվի, նույնիսկ եթե բայը շեշտված չի արտասանվում կամ խնդրանք է ներկայացնում։

Մենք սխալ ենք համարում վերջին պնդումը։ Շեշտն առոգանական նշան է, հետևաբար պիտի դրվի միայն այնտեղ, ուր կա շեշտված առոգանություն։ Եթե հրամայական եղանակի բայը շեշտված չի արտասանվում, դրա վրա դրված շեշտը ոչ միայն  ավելորդ է, այլև երբեմն խանգարում է նախադասության թե՛ ճիշտ առոգանությանը, թե՛ իմաստի ճիշտ ընկալմանը։ Առավել ևս երեխայի հետ խոսելիս անվերջ շեշտված հրամայական բայեր գործածելով՝ երեխայի վրա գոռալու տպավորություն ենք թողնում, երբ շեշտված ներկայացնում ենք բառեր, որոնք բնական խոսքում չէինք շեշտելու։

 Հրամայական բայաձևերի վրա պարտադիր շեշտ դնելու պահանջն արդարացնողները երբեմն բացատրում են, թե այդ շեշտը դրվում է հրամայական եղանակի բայն ըղձական եղանակի նույնաձև բայից տարբերելու համար։ Սակայն նախ՝ հրամայական եղանակի թե՛ եզակի, թե՛ հոգնակի ձևերի մի զգալի մաս (գրիր, երգիր, հասցրու, խաղացեք, հասկացրեք ևն) ըղձական եղանակի բայերի հետ ձևով չի նույնանում, այդ դեպքո՞ւմ ինչու ենք անիմաստ շեշտ դնում։ Եվ երկրորդ՝ շեշտն առոգանական նշան է, ուստի նրա դերը մի եղանակի բայը մի ուրիշ եղանակի բայից տարբերելը չէ, այլ ճիշտ առոգանություն ապահովելը։ Եթե մի եղանակի բայը մի ուրիշ եղանակի բայից տարբերելու խնդիր լիներ, ապա մի ինչ-որ նշան պիտի գործածեինք նաև, օրինակ, նույնաձև վաղակատար ու անորոշ դերբայներն իրարից տարբերելու համար։ Սակայն ոչ ոքի մտքով իսկ չի անցնում նման բան անել։ Որովհետև դրա կարիքը չկա։ Ճիշտ այդպես էլ կարիք չկա հրամայական եղանակի բայերն ավելորդ շեշտերով բեռնավորելու, երբ այդ բայերը շեշտված չեն արտասանվում։ 

Ինչ վերաբերում է ծանոթագրական տես-ին, այն թեև հրամայական եղանակի բայ է, բայց թե՛ շեշտված չի արտասանվում, թե՛ կատարում է պայմանական բառի դեր, ինչպես հմմտ.-ն (համեմատիր), նույն-ը, անդ-ը, փխ.-ը (փոխարեն) և այլն։ Եթե տես ամբողջական բառը կարճ չլիներ, ապա ծանոթագրական տես-ը վստահաբար ներկայացնելու էինք համառոտագրության տեսքով, և դրա վրա բնականաբար շեշտ չէինք դնելու։ Այնպես որ ծանոթագրական տես-ի վրա շեշտը նույնպես ավելորդ է, թեև եթե որևէ մեկի աչքը սովորել է այդ շեշտին, կարող է դնել․ որևէ խնդիր չենք տեսնում։ Կգրես շեշտով, թե անշեշտ, դրանից ծանոթագրական տես-ը մի բանից մի ուրիշ բանի չի վերածվի։

Հայերենում առոգանական նշանները պետք է դրվեն ճիշտ այնտեղ, որտեղ դրանք պահանջում է բնական առոգանությունը։ Սա վերաբերում է թե՛ շեշտին, թե՛ պարույկին, թե՛ երկարին։ Առոգանությունը պահանջո՞ւմ է. դնում ենք։ Չի՞ պահանջում․ չենք դնում։ Այս մասին տես նաև նաև մեր «Հարցական շեշտադրմամբ օժանդակ բայի «խնդիրը»» հոդվածը։