8/24/24

Մասնագետների մասին

Որևէ ոլորտի մասնագետներին կարելի է երկու հիմնական խմբի բաժանել՝ հետազոտողների և դասատուների։ «Դասատու» և ոչ թե «ուսուցիչ» եզրը գործածում եմ ո՛չ պատահականորեն։ «Դասատու»-ով նկատի ունեմ այն մարդկանց, որոնք ինչ-որ բան սովորած լինելով՝ որդեգրում են դասագրքային ճշմարտություններ, կանոններ, սկզբունքներ և դրանց այնքան հավատարիմ են, որ կորցնում են մտքի ճկունությունը և դառնում իրենց սերտածի համառ (երբեմն տխմարության հասնող) պաշտպաններ, բայց երբեք խորությամբ չեն քննում իրենց սերտածը, չեն մտածում դրա էության ու նպատակի կամ նպատակահարմարության մասին։ Ուստի բնական է, որ երբեք կարիք չեն զգում որևէ բան վերանայելու, փոփոխելու, ինչ-որ բան ճշտելու կամ փոխելու, առավել ևս մերժելու։ Դասագրքայինից կամ կանոնականից տարբեր կարծիք չունեն որևէ երևույթի վերաբերյալ, ուստի նոր ասելիք չունեն իրենց ոլորտում։ Նրանք պարզապես լավ սերտում ու շարունակ հավատարմորեն կրկնում են որոշակի տեղեկույթ կամ կիրառույթ և այն հավատարմորեն կիրառում իրենց աշխատանքում։ Իսկ եթե իրենց ոլորտում որևէ երևույթի վերաբերյալ բան չեն գտնում դասագրքերում, որ յուրացնեն ու կրկնեն, ի՞նչ են անում այս դեպքում։ Հանրության շրջանում կամ իրենց ոլորտի շրջանակում եղած տեսակետներից ընտրում են այն մեկը, որն ավելի տարածված կամ ընդունելի է շատերի համար (կամ ընդունելի կարող է լինել)՝ անկախ նրանից՝ այդ տեսակետը ճիշտ կամ խելամիտ է, թե ոչ։ 

Դասատուի այս նկարագրությունն արդեն հուշում է, թե հետազոտողն ով է՝ քննողը, մտածողը, ուսումնասիրողը, հարցեր բարձրացնողը, ճշտումներ կամ անգամ հերքումներ անողը, ասելիք ունեցողն ու հանրությանը համարձակորեն դա ներկայացնողը։ 

Իրերի այս դրությունը շատ բնական է։ Պարզ է, որ բոլոր մարդիկ չեն կարող ունենալ նույն ձևով աշխատող ուղեղ։ Սակայն իրերի այս դրության հետևանքը հաճախ այն է լինում, որ հետազոտողի ու դասատուի ջրերը նույն առվով չեն գնում, իսկ երբ բախվում են, դասատուները, ավելի շատ լինելով, հաղթում են։

Բայց այս հիմնական երկու խմբերից բացի կան նաև էքսցենտրիկները կամ էքսցենտրիկ երևալուց հաճույք ստացողները (մեծամիտ «հանճարները»), որոնք խիստ թերի գիտելիքներ և անգամ մտավոր կարողություններ ունենալու պատճառով նույնիսկ մասնագետ կոչվել չեն կարող, բայց որոնք անպայման ուզում են ինչ-որ բան փոխել այն ոլորտում, որի իբր մասնագետն են, կամ այդ ոլորտում մի ցնցող նոր խոսք ասել։ Կարևոր չէ՝ այդ փոփոխության կամ նոր խոսքի կարիքը կա, թե ոչ, կամ թե այդ փոփոխությունը կամ նոր խոսքն ընդհանրապես խելամիտ է, թե ցնորամտության արդյունք։ Կարևորը՝ որ երևում է և երևացնում։