7/9/25

Գրավոր խոսքի առավելությունը


Ներկա դարում, երբ ամեն մարդ մի կոճակի սեղմումով կարող է բանավոր խոսք ձայնագրել ու հեշտությամբ հրապարակել՝ այն հասանելի դարձնելով հանրությանը, բոլորն ազատորեն կարող են տեղեկույթ տարածել՝ անկախ նրանից՝ ինչ-որ բան իսկապես գիտե՞ն, թե ոչ, ստո՞ւմ են, թե ճշմարտությունը պատմում, խոսելու շնորհք ունե՞ն, թե ոչ։ Սակայն հաճախ լրատվամիջոցների մատուցած հարցազրույցներն ու քննարկումները նույնպես կասկածելի որակ ունեն։

Ես քիչ եմ լսում հարցազրույցներ, քննարկումներ կամ բանավոր խոսքով մատուցվող որևէ այլ նյութ։ Նախ՝ շատ արագ հոգնում եմ, հատկապես երբ խոսողը լավ խոսելու շնորհք չունի (ամեն մարդու, ցավոք, դա չի տրված, հատկապես արևելահայերիս)։ Սովորաբար ավելի հաճույքով լսում են այն մարդկանց, որոնք ունեն բնածին դերասանական տաղանդ։ Խոսողի առոգանական հատուկ շեշտադրումները, ձայնի ելևէջները, աչքերի խաղը, դեմքի ու ձեռքերի շարժումները կարող են նրան կլանված լսել տալ։ Մինչդեռ միալար խոսքը չի լսվում ու հոգնեցնում է։ Ամեն մարդ ի վիճակի չէ այդպիսի խոսքը երկար լսելու, առավել ևս երբ այդ խոսքը հստակ ու գրագետ նախադասություններից չի կազմված։ Երբեմն չես հասկանում՝ սկսվելուց հետո նախադասությունը որտեղ ավարտվեց և ի վերջո ինչ ասվեց։

Նաև՝ բանավոր խոսքը շատ ավելի  անվստահելի է, քան գրավորը։ Հատկապես երբ հարցազրույց է, երբեմն մարդկային հորինասեր ու ինքնասեր միտքը, բանավոր խոսքում որևէ բան ճշտել-ստուգել չկարողանալով և չկամենալով անգետ երևալ, մոլորեցուցիչ վստահությամբ հորինում է այն, ինչ վատ է հիշում կամ պարզապես չգիտի։ Կամ էլ լղոզված խոսք է արտադրում, որը երբ փորձում ես գրի առնել, որ գոնե այդպես հասկանաս, տեսնում ես, որ անհասկանալի նախադասություններ են բխել արտաբերողի բերանից։ Խոսողն անշուշտ չի ուզում ցույց տալ, որ ինչ-որ բան լավ չգիտի կամ լավ չի հիշում ու կարիքն ունի ճշտելու։ Պատկերացնո՞ւմ եք, որ մեկին մի բան հարցնեն (որի մասին թերևս նրան նախապես չեն տեղեկացրել, որ նախապատրաստվեր), լավ չհիշի պատասխանի մանրամասները և սկսի տարակուսած ու հիշողությունը փորփրելու փորձեր անելով կմկմալ․ «Ճիշտն ասած՝ լավ չեմ հիշում. կարծեմ... ըըը... երևի.... չէ՛, ըըը...»։ Կամ ազնվորեն միանգամից ասի. «Կներեք, չգիտեմ այդ հարցի պատասխանը, լավ չեմ հիշում», քիչ հետո՝ «Կներեք, դրա մասին ընդհանրապե՛ս տեղյակ չեմ»։ Մարդը պիտի սահուն պատասխաններ տա, որ նրան լսողները չկասկածեն նրա գիտելիքներին ու արհեստավարժությանը։ Ուրեմն պիտի մտքի ճկունություն դրսևորի ու հարցի պատասխանի տակից դուրս գա լավագույնս։ Հորինելու, փիլիսոփայելու, բառախաղ անելու, հարցի բուն պատասխանից շեղվելու և ճշմարտությունն ու սուտը խառնելու կամ անհասկանալի լղոզված նախադասություններ արտաբերելու միջոցով։ Գրավոր խոսքում գոնե ժամանակ ունի տվյալները ճշտելու և հետո՛ գրելու (եթե բարեխիղճ մարդ է)։ Գրավոր խոսքում նաև ժամանակ ունի նորմալ ու հստակ կառուցված նախադասություններ կազմելու (եթե դրա շնորհքն ունի)։

Գրավորը շատ ավելի պատասխանատու խոսք է․ դրա ստեղծման վրա սովորաբար ավելի շատ ժամանակ են ծախսում, ավելի երկար մտածում գրածի շուրջ, քան բանավորի, որը հաճախ անպատասխանատու խոսք է։ Նկատե՞լ եք, որ կան այս կամ այն ոլորտի մասնագետ ներկայացողներ, որոնք գերազանցապես խոսում են. համարյա չեն գրում կամ նույնիսկ ընդհանրապե՛ս չեն գրում։ Օրինակ՝ քաղաքագետներ կան, որոնք հաճախ մասնակցում են հարցազրույցների, բայց երբ ուզում ես փնտրել-գտնել այդ քաղաքագետների հեղինակած մասնագիտական որևէ հոդված կամ գիրք, ոչինչ չես գտնում։ 

Մարդիկ կան, որ սիրում են խոսել, թվում է, ամե՛ն ոլորտից՝ ամեն անգամ անփորձ մարդկանց վրա այն տպավորությունը թողնելով, թե խոսքում ներկայացված թեմայի մասնագետ են։ Բայց այս «մասնագետները» միայն խոսում են, չեն գրում։ Հասկացել եմ, որ պատճառներից մեկը խոսվող նյութի մասին հստակ, լավ մարսված, իսկապես խորքային պատկերացումներ չունենալն է։ Մարդ կա՝ մի քանի բան է արագ կարդում մի թեմայի մասին, հաճախ կիսատ-պռատ, հատվածաբար, շատ մասեր բաց թողնելով և ապա, կարծելով, թե ճիշտ է հասկացել կարդացածը և արդեն ունի հստակ պատկերացումներ նյութի մասին, վստահաբար խոսում է հանրության առաջ՝ առանց այդ նյութի ոլորտի մասնագետ լինելու։ Նա այդպես կարող է մոլորեցնել շատերին, բայց ո՛չ՝ այդ ոլորտի մասնագետներին, ինչպես նաև նրանց, ովքեր քննողաբար են մոտենում իրենց լսած կամ կարդացած ամեն բանի։ Եթե փորձեք այսպիսի ինքնավստահ մարդու բանավոր խոսքը գրի առնել, ավելի լավ կնկատեք նրա խոսքում եղած թե՛ փաստական, թե՛ տրամաբանական սխալներն ու բացերը։ Հետևաբար, այս մարդիկ եթե փորձեին թեմայի շուրջ իրենց թերի ու մակերեսային, հաճախ նաև սխալ պատկերացումները թղթին հանձնել, տակից դուրս չէին գա։ Հենց դրա համար էլ դա չեն անում։ Ավելի հեշտ է այդ մասին խոսել. խոսքը թռչում-գնում է, գիրը՝ մնում։ Սակայն այսօր՝ տեղեկութային այս դարաշրջանում, բանավոր խոսքը նույնպես մնում է, և հարկ եղած դեպքում այն կարելի է գտնել և նրանում եղած սխալները մատնացույց անել, թեև անշուշտ դա ավելի դժվար ու ժամանակատար է, քան գրավոր խոսքի սխալները գտնելը։

Բանավոր խոսքը գրավորի հանդեպ մի ուրիշ թերություն էլ ունի։ Երբ դու կարդում ես և ինչ-որ բան լավ չես հասկանում, կարող ես նորից կարդալ, փորձել մտածել կարդացածիդ շուրջ, իսկ եթե կասկածում ես տեղեկությանը, կարող ես ճշտել։ Նաև կարդում ես այն արագությամբ, որը քեզ հարմար է՝ կարդացածդ լավ հասկանալու համար։ Իսկ բանավոր խոսքը ջրի նման հոսում-գնում է․ եթե մի բան չհասկացար էլ, այդ մասը պարզապես բաց ես թողնում՝ անկախ նրանից՝ դա կարևո՞ր էր, թե անկարևոր բլբլոց։ Նույնիսկ եթե բանավոր խոսքը լսում ես այնպիսի միջոցով, որը հնարավորություն է տալիս ձայնագրությունը կանգնեցնելու և անհրաժեշտ հատվածը նորից լսելու, դա անելը երբեմն ժամանակատար ու հոգնեցուցիչ է, եթե կորցրել ես չհասկացածդ մասի տեղը և պիտի այն փնտրես՝ ձայնագրությունը հետուառաջ տանելով։ 

Գրավոր խոսքը նաև «բաց» խոսք է և որոնելի է․ կարող ես նրանում հեշտությամբ որոնել ուզածդ բանալի բառը (եթե, իհարկե, գործ ունես էլեկտրոնային տեքստի կամ օպտիկական ճանաչման ենթարկված և ոչ թե տպագիր կամ նկարված տեքստի հետ)։ Նույնը չես կարող անել ձայնագրությունների դեպքում. ձայնագրված խոսքը «փակ»  է։ Ուստի համացանցում հրապարակված կամ տեղադրված գրավոր խոսքը որոնողական ծառայությունների ու գործիքների շնորհիվ շատ ավելի շատ մարդկանց է հասանելի, քան բանավորը։ 

Գրավոր խոսքը  հաճախ նաև շատ ավելի քիչ ժամանակ է խլում այն կարդացողից, քան բանավորը՝ այն լսողից։ Երբ դու քեզ հետաքրքրած վերնագիր ես կարդում, ապա կարող ես արագ աչքի անցկացնել դրա տակ ներկայացված գրավոր տեքստը, գտնել քեզ իսկապես հետաքրքրող մասերը, միայն դրանք կարդալ կամ ընդհանրապես հրաժարվել կարդալուց, եթե հասկացել ես, որ այդ տեքստի բովանդակությունը քեզ համար հետաքրքիր չէ։ Իսկ ի՞նչ անել, երբ հետաքրքրող վերնագրով ներկայացված է ձայնագրություն կամ տեսանյութ։ Ո՞վ այդքան ժամանակ ունի, որ ամեն վերնագրի համար դնի այդքան երկար տեսանյութեր մինչև վերջ դիտի կամ ձայնագրություններ լսի, որ հանկարծ իրեն իսկապես հետաքրքրող տեղեկույթը բաց չթողնի։  Օրինակ՝ Անդրիաս Ղուկասյանի հետ մի հարցազրույցի տեսանյութ՝ 1 ժամից ավելի տևողությամբ, ինձ այսօր գրավեց հետևյալ վերնագրով. «Ադրբեջանը արցախցիներին էթնիկ զտման համար փող է բաժանել»։ Տեսանյութի հղումը տրված էր դրա կեսից, ուստի մտածեցի՝ վերնագրում ներկայացվածի մասին հենց այդ մասում է խոսվել։ Այդ մասը լսեցի, լսեցի, չգտա, ինչը փնտրում էի, իսկ 1 ժամ լսելու հնարավորություն չունեի՝ չնայած նրան, որ պրն Ղուկասյանին միշտ հաճելի է լսել և նրանից սովորել։ Իսկ եթե սա տեքստով մատուցված լիներ, շատ արագ կգտնեի ինձ անհրաժեշտ մասը և շատ ուրիշ կարևոր մտքեր, որոնք էլ գուցե ինձ ստիպեին է՛լ ավելին կարդալ և իմանալ։ Ուստի պարզ է, որ ինձ նման շատեր տեսանյութերի կամ ձայնագրությունների մեծ մասը չեն էլ լսում կամ մի փոքր լսում են, մնացածն անտեսում, թեև հնարավոր է՝ անտեսված մասում նրանց հետաքրքող կամ խոսողի ասելիքի համար կարևոր տեղեկույթ լինի։ Իսկ գրավոր տեքստը, որքան էլ երկար լինի, թույլ է տալիս դրա վրայով արագ անցնել և հասկանալ՝ ամբողջը կարդալու կարիք կա, թե ոչ, կամ ո՛ր մասը կարդաս, ո՛րը՝ ոչ, որ ժամանակ չկորցնես։

Հետևաբար, եթե մեկն իսկապես կարևոր մտքեր ու գիտելիք է ուզում փոխանցել մարդկանց և իրոք վստահ է իր գիտելիքներին, ավելի լավ է՝ չզլանա և իր կարևոր ասելիքը գրի ու գրավոր տեսքով ներկայացնի։ Այդ դեպքում այդ ասելիքը վստահաբա՛ր ավելի շատ մարդկանց հասանելի կդառնա։