4/11/24

-ություն-ի հնչյունափոխությունը

Թարմացվել է 2025 թ. հունիսի 5-ին։


Նախորդ գրառմանս մեջ գործածեցի «զորությունակիր» բառը և մտածեցի, թե արդյոք ինչո՛ւ են -ություն-ին կցված մեկ այլ ածանցով կամ արմատով ածանցավոր կամ բարդածանցավոր բառերում -ություն-ը վերածում -ութեն-ի (օրինակ՝ միութենական, բնութենակից, հայտնութենական և այլն)։ Չէ՞ որ գրական հայերենում բառակերտման մեջ յու>ե հնչյունափոխություն գոյություն չունի։ Եթե լիներ, կգրեինք ու կասեինք, օրինակ, անկենաքար և հնչենային՝ անկյունաքար-ի և հնչյունային-ի փոխարեն։ Նայեցի Հայկազյան մեծ բառարանում․ կան յարութիւնական, յարութիւնակից, բնութիւնակից, բնութիւնակցութիւն, բնութիւնաբար, բնութիւնական բառերը։ Սրանց կողքին կան նաև բնութենակից-ն ու յարութենակից-ը, բայց երկուսն էլ՝ ուշ շրջանի գրականությունից։ Բնութիւնակից-ի կողքին բառարանագիրը փակագծերում նաև ավելացրել է. «(որ առ յետինս գրի բնութենակից)»։

Հետևություն։ Գրական հայերենի բառակերտիչ հնչյունափոխական սկզբունքներում իրո՛ք չկա յու>ե (իւ>ե) հնչյունափոխություն. -ութեն-ը կա -ութիւն-ով բառերի գրաբարյան և արևմտահայերեն բացառական հոլովաձևում, որը կազմվում է սեռական հոլովից (օր.՝ (ի) գիտութենէ. գիտութիւն→գիտութեան→գիտութենէ․ իւ→եա→ե)։ Բայց մենք գիտենք, որ մեր շատ բարբառներում -ություն-ը վերածվել է -ութեն-ի (զորութեն, արքայութեն ևն, այլ բարբառներում էլ՝ ութին-ի՝ զորութին, արքայութին)։ Հետևաբար, -ութեն-ով բառերը  բարբառային ձևի վրա են կազմվել։ Իսկ եթե հետևենք գրական հայերենի հնչյունական օրենքներին, ապա -ություն-ին ածանց կամ արմատ ավելացնելիս -ություն-ը պիտի թողնենք անփոփոխ, ինչպես վերոնշյալ բառարանային օրինակներում և իմ գործածած զորությունակիր-ում։