4/11/24

Շուրիշկանի Ավետարանի առիթով

Զորությունակիր բազմաթիվ նյութական առարկաներ ունենալը ծանր բեռ է որևէ քրիստոնյայի համար, որի հայրենիքը երկնքում է։ Ուրեմն պետք է դրանց պահպանման և չպղծվելու համար պատասխանատվություն կրես։ Դրանք անվերջ հավաքես երկրային ամբարներումդ ու պինդ-պինդ պահես բանալու տակ։ Տեղաշարժվելիս էլ մտածես՝ ուր դնես, ինչպես պահես, որ չկորցնես։ Բա կարելի՞ է Քրիստոսի ազատ ոգին այսքան շղթայել երկրի վրա։ Բա կարելի՞ է այսքան նյութ կուտակել մի ժամանակավոր կացարանում։

Երբեք չեմ հասկացել նյութից այսպես կառչող հավատը։ Նաև այսպիսի հավատն է պատճառը, որ շատերը բողոքական ուղղությունների են հարում։

Ինչ պաշտամունքի որ կաթոլիկների համար արժանանում են արձանները, հունադավանների, հատկապես ռուսների համար՝ սրբապատկերները, նույնին արժանանում են հայերի մեջ զանազան Ավետարանները։ Բոլորն էլ՝ զորությունակիր ու հրաշագործ, ուստի պաշտելի։

Լավ է գոնե, որ հայերիս մեջ սրբերը չեն զանազանվում ըստ պաշտոնների (սակավ բացառությամբ), ինչպես հեթանոսական աստվածները, որոնց տարբեր պաշտոններ էին հատկացվում և որոնք արարիչ աստված չէին, այլ տարբեր գործառույթների համար նախատեսված աստվածներ, կարելի է ասել՝ ոչ իսկական աստվածներ, եթե քրիստոնեական միտքը «աստված» ասելով հասկանում է արարչին։ Ճիշտ այդպիսին են հատկապես կաթոլիկների ու հունադավան քրիստոնյաների համար սրբերը։ Վերջիններս աստված չեն անշուշտ, քանի որ կա միայն մեկ Արարիչ Աստված, սակայն ստանում են նույն այն պատիվն ու երկրպագությունը, որ նախատեսված էին հեթանոսական աստվածների համար։ Սրբերից մեկը կորած իրերն է գտնում, դրա համար են նրան հաճախ դիմում, մյուսը՝ կոկորդային հիվանդություններ բուժում, երրորդին դիմում են արտերը պտղաբեր դարձնելու համար, չորրորդին՝ հղիության ու ծննդագործության, հինգերորդին՝ երեխաներ բուժելու, և այլն, և այլն։ Ինչո՞վ են տարբերվում հեթանոսական ոչ արարիչ աստվածներից։ Այս սրբերի համար արձան կամ սրբապատկեր է ստեղծվում, մարդիկ բառիս ուղիղ իմաստով նաև երկրպագում են նրանց կամ էլ պարզապես համբուրում արձաններն ու սրբապատկերները, սրբերի պատվին կառուցված տաճարներում մանր-մունր նվերներ թողնում իրենց սրբերի համար և աղոթքներով դիմում նրանց (այս ամենը նաև հայ հավատացյալներն են անում)։ Իսկ, ինչպես արդեն նշեցի, կաթոլիկության և հունադավանության մեջ նաև կոնկրետ մի սրբի հատկացված պաշտոնից բխող խնդրանքներ են մատուցում։ Վերևում հայերիս համար ավելացրի «սակավ բացառությամբ»-ը, որովհետև այս պահին միայն սբ Սարգսին եմ հիշում, որին հատուկ դեր է հատկացվել իբրև սիրահարներին օգնության հասնող, իսկ այժմ էլ երիտասարդների պաշտպան սրբի։

Հեթանոսություն է սա․ անուններն են փոխվել, բայց հասարակ հավատացյալ ժողովրդի ընկալումներում բան չի փոխվել։ Հավատացյալ ժողովուրդը սովորաբար դավանաբանություն չգիտի, անցյալում է՛լ առավել չի իմացել։ Նա հավատացել ու հավատում է, ինչպես նրա սիրտը  հուշում է։ Իսկ սիրտը, ինչպես տեսնում եք, հուշում է բազմաստվածություն, որն ունի իր գերագույն արարիչ Աստվածը և ապա՝ մանր-մունր զանազան աստվածներ՝ մարդկանց զանազան կարիքների հոգացման համար։

Ի՞նչ տարբերություն, թե գերագույն Աստծո և ենթակա աստվածների անուններն ինչ են, եթե ժողովրդի ընկալման մեջ կա մի պանթեոն՝ գերագույն Արարիչ Աստծով և նրան ենթակա, բայց դարձյալ զորավոր ու հրաշագործ, մարդկանց աղոթքները լսող ու օգնության հասնող աստվածներով։

Սա լա՞վ է, վա՞տ է մարդկության համար՝ չգիտեմ։ Մարդկանց չես կարող պարտադրել չհավատալ այնպես, ինչպես նրանք ուզում են։ Բայց միևնույն ժամանակ մարդկանց չես կարող պարտադրել հավատալ այսպիսի քրիստոնեության, եթե նրանք դա չեն ուզում, չեն ընկալում և սրանում միջնադարյան տգիտություն ու խավար տեսնում։

Հետևաբար, հայերիս մեջ էլ միշտ կլինեն զանազան քրիստոնեական հարանվանությունների հետևորդներ։ Հայ առաքելական եկեղեցու դերը ազգապահպանման գործում գիտակցող մարդիկ էլ, որ իրենց Հայ առաքելական եկեղեցու մի մասն են համարում, կարող են ընդհանրապես աթեիստ լինել, չմարտնչող աթեիստներ։ Ուրեմն՝ Հայ առաքելական եկեղեցու պաշտպանների մեջ կան ոչ միայն գիտելիք ունեցող հավատացյալներ, որ գիտեն, թե ինչին են հավատում, այլև բազմաթիվ հեթանոս հավատացյալներ և ընդհանրապես չհավատացողներ կամ, ենթադրենք, կասկածողներ՝ ագնոստիկներ, ովքեր նույնպես, հարգանքի զգացումից դրդված, կարող են մտնել եկեղեցի ու նույնիսկ մասնակցել Հայ առաքելական եկեղեցու ծեսերին։

Եվ կլինեն մարդիկ, որ, Հայ առաքելական եկեղեցին իրենց մայր եկեղեցին համարելով հանդերձ և ջանալով նրան հավատարիմ լինել, այնուամենայնիվ, չեն կարողանա ընդունել նրա որոշ թե՛ դավանական դրույթներ, թե՛ ավանդույթներ  ու սովորույթներ՝ դրանք խորթ համարելով իրենց պատկերացրած, զգացած, սիրած քրիստոնեությանը։ Եվ չես կարող մարդկանց պարտադրել հավատալ քեզ պես, չես կարող քո բացատրություններով ու փիլիսոփայություններով ծռել նրանց սիրտը և դրդել, որ, օրինակ, գնան Շուրիշկանի կամ Կարմիր կամ չգիտեմ ուրիշ էլ ինչ Ավետարան երկրպագելու, սրբի մասունք համբուրելու, սրանցից հուզվելու և հավատով զորանալու։ Նրանք դրանից չեն զորանա հավատով։ Ավետարանը Ավետարան է, նրանում կարևորը խոսքերն են այս հավատացյալների համար, ոչ թե նյութական գրքի անցած ճանապարհը, որի ընթացքում հավատացյալ ժողովուրդը մի գրքի՝ իբրև մի աստվածիկի՝ դիմել է օգնության և բժշկվել կամ մի ուրիշ հրաշքի ականատես եղել՝ դա վերագրելով նյութական գրքի զորությանը, որի պատճառով էլ այդ գիրքը վերածվել է երկրպագության ու հարգանքի հատուկ առարկայի։

Այսպիսի հեթանոսատիպ հավատը վանող է շատերի համար։ Ուստի մինչ մեր եկեղեցու հոգևորականների դասը այսպիսի միջոցներով հրապուրում է ժողովրդի հիմնականում տգետ շերտերին, նույնով վանում է ուրիշների։