Ես կողմ եմ, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում դասավանդվի կրոն՝ ինչ անվամբ էլ որ այն ներկայացվի (անունը կարևոր չէ)։
Ես դեմ եմ, որ երեխաներին կրոնը քարոզվի։ Այսինքն՝ ես կողմ եմ, որ երեխաները ստանան կրոնական գիտելիքներ, բայց դրանց մատուցումը չլինի քարոզչական եղանակով ու երեխաներին «դարձի բերելու» նպատակով։
Թե՛ Եվրոպայում, թե՛ դրանից դուրս կան զարգացած և ժողովրդավարական երկրներ, որոնցում կրոնը ոչ միայն ուսուցանվում է, այլև պարտադիր առարկա է հանրակրթական դպրոցներում։
Ֆիննական դպրոցական կրթությունը վաղուց համարվում է լավագույններից մեկն ամբողջ աշխարհում։ Ֆիննական դպրոցներում ֆինների հիմնական կրոնի՝ լութերականության դասավանդումը պարտադիր է ֆինն երեխաների համար դպրոցական կրթության բոլոր մակարդակներում՝ 7-ից մինչև 18/19 տարեկանը։ Ովքեր այլակրոն են, սովորում են իրենց կրոնը։ Տես նաև այստեղ։
Ուելսում կրոնական կրթությունը թե՛ դպրոցներում, թե՛ անգամ նախադպրոցական հաստատություններում նույնպես պարտադիր է. կրոնն ուսումնասիրում են 3-ից մինչև 16 տարեկանը։
Շվեյցարիայի կանտոններում տարբեր անվանումների տակ մատուցվում է կրոնական կրթություն նաև աշխարհիկ դպրոցներում։
Իսրայելում հուդայականությունը, նույնիսկ առանձին «Աստվածաշունչ» առարկան, նույնպես ուսուցանվում է դպրոցներում՝ տարրականից սկսած (էլ ի՞նչ հրեա, որ իր կրոնն ու Սուրբ Գիրքը չիմանա, չէ՞)։
Այս բոլոր երկրներն էլ, չնայած կրոնական կրթությունը հանրակրթության մեջ ներառելուն, ունեն զարգացած աշխարհիկ հասարակություն, տնտեսություն, գիտություն և ժողովրդավարություն։ Այնպես որ կրոնի ուսուցումը դպրոցում, եթե ճիշտ է կազմակերպված, ճիշտ ձևով է մատուցվում, բացարձակապես վնասակար չէ, ինչպես փորձում են ներշնչել մարդկանց։ Շատ լավ կլիներ, եթե, օրինակ, ֆիննական դպրոցներում դասավանդվող կրոնական առարկայի դասագրքերն ու ծրագրերը Հայաստանում մի լավ ուսումնասիրվեին և նոր դասագրքերի ստեղծման համար հաշվի առնվեին, որովհետև մեր դպրոցներում գործածվող դասագրքերը հաջող չեն։
Հայաստանի բնակչության մեծ մասը հայեր են, որոնք, անկախ իրենց անհատական կրոնական համոզմունքներից, պատմականորեն ու ավանդաբար Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են կամ վերջիններիս ժառանգներ։ Լավ է, թե վատ, բայց մեր անցյալի ամբողջ մշակույթը, պատմությունը, գրականությունը ներծծված են կրոնականությամբ, և մենք քրիստոնյա ազգ ենք՝ անկախ նրանից, թե մեր մեջ հավատացյալներն ու անհավատները քանի տոկոս են կազմում։ Պարզապես անհնար է իսկապես ճիշտ ընկալել մեր պատմությունը, դարավոր ժառանգությունը, անգամ մեր հոգեբանության որոշ գծեր առանց համապատասխան կրոնական գիտելիքների։
Վերցնենք գրաբարյան կամ միջինհայերենյան գրականությունը։ 90 տոկոսը, եթե ոչ՝ ավելին, կրոնական է։ Կրոնական են նաև պատմական երկերը․ դրանք իրավամբ կարելի է կոչել կրոնական պատմություններ։ Ովքե՞ր են մեր այս գրականությունը ստեղծածները․ 90 տոկոսը, եթե ոչ՝ ավելին, հոգևորականներ են։ Ով էլ հոգևորական չէ, մանկուց կրոն շնչած, կրոնով սնված մարդ է։ Հետևաբար, երբ, օրինակ, մի բանասեր, որ լավ ուսումնասիրել է գրաբարը, բայց չունի համապատասխան կրոնական գիտելիքներ, թարգմանում է անգամ պատմական երկ, նրա թարգմանությունը սխալաշատ է հենց այն պատճառով, որ թարգմանիչը բոլորովին չի հասկանում, թե հեղինակն ինչ է ասում այնտեղ, ուր խոսում է կամ մի կրոնական իրողությունից, կամ ակնարկում դրան, կամ ոչ կրոնական իրողությունը ներկայացնում ու մեկնաբանում սեփական կրոնական տեսանկյունից։
Խորհրդային շրջանում գրաբարից աշխարհաբար կատարված բոլոր քիչ թե շատ հաջող թարգմանությունները կատարել են նախախորհրդային շրջանում Գևորգյան հոգևոր ճեմարանում կամ այլուր կրոնական նորմալ կրթություն ստացած անձինք։ Մյուսների թարգմանությունները լի են խայտառակ սխալներով։ Օրինակ՝ գրաբարագետ, բանասիրական գիտությունների դոկտոր երջանկահիշատակ Վարագ Առաքելյանը Կիրակոս Գանձակեցու «Հայոց պատմության» թարգմանության հենց առաջին էջում այնպիսի անհեթեթություններ է գրել, որ, ցավոք, ոչ միայն կրոնական, այլև հենց լեզվական գիտելիքի պակասի նշան են։ Բայց եթե նա կրոնական գիտելիքն ունենար, դա կօգներ նրան հաղթահարելու լեզվական դժվարությունը (եթե այդպիսին իրոք կա) և ճիշտ թարգմանել։
Ոմանք քրիստոնեական հավատքի, եկեղեցու կանոնների և կարգերի չիմացության պատճառով նաև այլ ոլորտներում են զբաղվում հորինաբանությամբ․ մի բան կարդում կամ տեսնում են, բոլորովին այլ բան հասկանում ու շատ ինքնավստահ հորինում, որովհետև չունեն համապատասխան գիտելիքներ՝ ճիշտ տեսնելու և ճիշտ հասկանալու համար։ Այսինքն՝ իրականում զբաղվում են շուրջգիտությամբ։
Ուրիշ բան ասեմ։ Սա հատուկ գրում եմ նրանց համար, ովքեր անհանգստանում են, որ ներկա դարում՝ գիտության դարում, երեխաներին կրոն դասավանդելով կարելի է խեղել։ Եթե երեխայի կրթությունը ճիշտ ես կազմակերպում և նրան սովորեցնում ես մտածել, քննել, հարցեր տալ, կրոնական գիտելիքը ոչ միայն նրան չի դարձնի կրոնախև, այլև ընդհակառակը՝ կարող է ստիպել նույնիսկ եղած մանկական պարզ հավատից էլ հրաժարվել, եթե քննասեր ու տրամաբանող աշակերտը նկատի, որ կրոնական ինչ-որ ուսմունք անտրամաբանական է կամ չի պատասխանում աշակերտին հուզող հարցերին։ Երբեմն որքան ավելի խորությամբ ես կրոնն ուսումնասիրում, այնքան ավելի ես նրանից հիասթափվում ու այն մերժում։ Վոլտերը քրիստոնեական կրոնի ու եկեղեցու պատմության քաջ գիտակ էր։ Նա նույնիսկ գիտեր, որ հայերը նապաստակի միս չեն ուտում, բա՞։ Նա գիտեր, իսկ հայերի մեծ մասն այսօր չգիտի էլ, որ ըստ Հայ եկեղեցու նախկին կանոնների (որոնք չգիտեմ երբ և ինչպես են փոխվել վերջին դարերում, համենայն դեպս՝ Վոլտերից հետո)՝ անմաքուր և ոչ ուտելի է այն բոլոր կենդանիների միսը, որոնք Հին Կտակարանում որպես անմաքուր են ներկայացված։ Սննդակարգի այս առանձնահատկությունը մինչև այսօր պահպանվում է մեզ դավանակից Եթովպական եկեղեցում։ Հայ եկեղեցու այս առանձնահատկությունը նույնիսկ եղել է հայերի հանդեպ այլ եկեղեցիների (հույն, ասորի) քննադատության և հայերին հրեաների պես «պիղծ» համարելու առիթներից մեկը։
Ուրեմն՝ շատ կարևոր է վստահելի ու ճիշտ կրոնական գիտելիքներ մատուցել մարդկանց դեռ երեխա տարիքից։ Իսկ թե այդ գիտելիքը կծառայի երեխայի հավատացյալ դառնալուն, թե ընդհակառակը՝ կրոնից հիասթափվելուն, արդեն վերաբերում է ամեն երեխայի ազատ կամքին ու իրավունքին, և այս իրավունքը հավասարապես չպիտի ոտնահարեն թե՛ պետությունն ու կրոնական հավատք չունեցողները, թե՛ հավատացյալներն ու եկեղեցին։
Իսկ մակերեսային գիտելիքներով կարող ես միշտ գրավվել եկեղեցու ներքին խորհրդավորությամբ, ծեսերի գունագեղությամբ, հոգևորականների զգեստներով ու շարականների գեղեցիկ երգեցողությամբ՝ առանց հասկանալու կամ քննելու այս ամենի էությունը։ Հավատացյալների մեծ մասն իրականում տգետ է՝ առանձնապես չգիտի՝ ինչին է հավատում։
Քրիստոնեական կրոնի և քրիստոնեական եկեղեցու պատմության ու կազմակերպության մասին վստահելի գիտելիքը (և ոչ թե այստեղից-այնտեղից կիսատ-պռատ լսածը) հեշտացնում է ոչ միայն սեփական քրիստոնյա ժողովրդի պատմության և պատմական ամբողջ ժառանգության ըմբռնումը, այլև ամբողջ Եվրոպայի, Միջին Արևելքի ու Աֆրիկայի քրիստոնյա ժողովուրդների։ Ինչպե՞ս կարելի է Բախի մեսսա կամ կանտատա լսել ու փորձել հասկանալ նրա կիրառած երաժշտական լուծումները՝ առանց հասկանալու այդ գործերի կրոնական բովանդակությունը։
Ես չեմ կարծում, թե ֆինները, շվեյցարացիները կամ հրեաները տխմար ու անհեռատես ազգեր են, որ իրենց դպրոցական կրթական համակարգում այդքան մեծ տեղ են տվել կրոնին։