Արևմտահայերի լատինատառ անունները արևելահայերի մեծ մասը սխալ է հայերենացնում, այսինքն՝ արտահայտում հայերեն տառերով։ Ցավոք, այս առումով տգետ են նաև պետական այն մարմինների աշխատողները, որոնք գրանցում են Հայաստանի քաղաքացիություն ստացող արևմտահայերին։ Այս տգիտության հետևանքով աղավաղվում են արևմտահայերի հայատառ անունները։ Բացարձակապես անընդունելի են Վասկեն, Կևորկ, Անահիդ և այլ այսպիսի տառադարձումները։ Ոչ մի արևմտահայ իր հայատառ անունն այսպես չի գրում, ուստի արևելահայն էլ չպիտի գրի և չպիտի աղավաղի այս անունները։ Խորհրդային շրջանում բազմահազար արևմտահայեր հայրենադարձվեցին ու եկան Հայաստան իրենց օտարագիր փաստաթղթերով։ Բայց նրանց նոր փաստաթղթերում հայատառ անունները չէին աղավաղվում․ Խորհրդային Հայաստանի համապատասխան մարմիններում գիտեին ինչպես ճիշտ տառադարձել արևմտահայերի անունները։ Իսկ այժմյան Հայաստանում համատարած անգրագիտություն է այս առումով, և սա ամոթալի է։
Արևմտահայերենի հնչյունական համակարգը տարբերվում է արևելահայերենի հնչյունական համակարգից։ Պայթական բաղաձայնների մեկ երրորդը (շնչեղ խուլեր) արևմտահայերենում ընթերցվում է ճիշտ այնպես, ինչպես արևելահայերենում, սակայն երկու երրորդի (ձայնեղներ և պարզ խուլեր) արտասանությունը տարբերվում է։ Արևմտահայերի անունների լատինատառ ձևերը կամ տառադարձումները արևելահայերենում ճիշտ արտահայտելու համար ԽԻՍՏ ԿԱՐԵՎՈՐ է իմանալ, թե ինչպես են արևմտահայերն արտասանում, ուստիև լատինատառ տառադարձում ձայնեղ և պարզ խուլ բաղաձայնները։
Պայթականների արտասանությունը արևելահայերենում ու արևմտահայերենում
Շնչեղ խուլեր — փ, ք, թ, ց, չ —— արտասանվում են նույն կերպ
Արևելահայերենի ձայնեղ պայթականներ — բ, գ, դ, ձ, ջ —— արևմտահայերենում արտասանվում են ինչպես շնչեղ խուլերը (բ → փ, գ → ք, դ → թ, ձ → ց, ջ → չ)
Արևելահայերենի պարզ խուլեր — պ, կ, տ, ծ, ճ —— արևմտահայերենում արտասանվում են ինչպես արևելահայերենի ձայնեղ պայթականները (պ → բ, կ → գ, տ → դ, ծ → ձ, ճ → ջ)
Հետևաբար, արևմտահայերենում վերոբերյալ 2-րդ և 3-րդ խմբի տառերը լատինատառ արտահայտվում են հետևյալ կերպ։
բ — գ — դ — ձ — ջ
p — k — t — ts — ch/tch
—————————————————————
պ — կ — տ — ծ — ճ
b — g — d — dz — j/dj
Այս փոքրիկ աղյուսակը կօգնի, որ ճիշտ տառադարձեք արևմտահայերենից լատինատառի և լատինատառ տառադարձություններն էլ ճիշտ ՀԵՏ ՇՐՋԵՔ, այսինքն՝ արևմտահայերի անուն-ազգանունների լատինատառ ձևերը ճիշտ արտահայտեք հայերեն տառերով։
Կրկնենք․ արևմտահայն իր անունը հայատառ ԵՐԲԵՔ չի գրի Անահիդ, Կևորկ, Վասկեն և այլն։ Նա ԳՐՈՒՄ Է Անահիտ, Գևորգ, Վազգէն և այլն, բայց ԱՐՏԱՍԱՆՈՒՄ է Anahid, Kevork (|Քևորք|), Vazken/Vasken, ուստի այս անունները լատինատառ գրում է, ինչպես արտասանում է։ Սակայն հայերենում՝ արևմտահայերեն լինի, թե արևելահայերեն, այս անունները պիտի գրվեն իրենց ավանդական ու մեզ ծանոթ ձևերով։