5/28/22

Ո՞վ, թե որ

Անձնանիշ գոյականների հետ գործածվող (այսինքն՝ դրանց լրացնող) հարաբերական դերանվան խնդիրը վերջին տարիներին դարձել է վիճաբանությունների առարկա։ Սա այն խնդիրներից է, որոնց վերաբերյալ տարբեր լեզվաբաններ ունեն տարբեր կարծիք։ Ոմանք հայերենի համար անհարազատ երևույթ են համարում անձնանիշ գոյականների հետ գործածվող ով հարաբերական դերանունը (օրինակ՝ բժիշկը, ով...), մինչ նա անձնական դերանվան հետ դրա գործածությունը՝ ընդունելի և ճիշտ։ Ոմանք էլ (օրինակ՝ 2017 թ. «Ուղեցույց հայոց լեզվի» դասագրքի կամ 2016 և 2021 թթ. «Հայոց լեզու և խոսքի մշակույթ» դասագրքի հեղինակները՝ Յուրի Ավետիսյանն ու համահեղինակները) ով հարաբերականը որ(ը) հարաբերականի հետ հավասար ընդունելի են համարում։ Տողերիս հեղինակը հետևյալ երեք տարբերակներից ոչ մեկը սխալ չի համարում։

Եզակի թիվ

✔ Հակոբը, որ.... (Հակոբի, որի...., Հակոբին, որին.... ևն)

✔ Հակոբը, որը.... (Հակոբի, որի...., Հակոբին, որին.... ևն)

✔ Հակոբը, ով.... (Հակոբի, ում...., Հակոբին, ում.... ևն)

Հոգնակի թիվ

✔ Աշակերտները, որ.... (աշակերտների, որոնց.... ևն)

✔ Աշակերտները, որոնք.... (աշակերտների, որոնց.... ևն)

✔ Աշակերտները, ովքեր.... (աշակերտների, ում.... ևն)

Հասկանալու համար, թե ինչու ով հարաբերականով տարբերակները պետք է ոչ թե սխալ կամ հայերենին անհարազատ համարվեն, այլ գրական արևելահայերենի բնական զարգացման հետևանք, մի փոքր ուսումնասիրենք գրական հայերենում հարաբերական դերանունների գործածության պատմությունը։

Գրաբարում հարաբերական են որ դերանունը (միշտ առանց որոշիչ հոդի, հոգնակին՝ որք), զի-ն և ո դերանվան միայն հոգնակին՝ ոյք դերանունը (=ովքերՈյք հարաբերականը գործածվում է միայն անձնանիշ բառերի հետ՝ դերանուն, թե գոյական (օրինակները տեսեք ներքևում)։ Դրա եզակին՝ ո դերանունը՝ որպես հարաբերական, խիստ հազվագյուտ է։ Այն գործածվում է, օրինակ, նարեկյան հետևյալ տողում. «Հայր քո օրհնեալ, երկնաւոր, անճառ, որ առաքեացդ զքեզ ի վերուստ, ում [փխ. առավել տարածված որում-ի] փառակիցդ ես արարչութեամբ, այնքան հոգացաւ փրկութեան իմոյ տարագրեալ գերւոյ, մինչեւ զքեզ իսկ մատնեաց մարդկան» (Գ. Նարեկացի, Մատեան ողբերգութեան, Բան ԽԴ)։

Իսկ հոգնակի ոյք հարաբերականը հազվագյուտ չէ, թեև, այնուամենայնիվ, ավելի քիչ է գործածվում, քան դրան համարժեք որք հարաբերականը։ Ոյք-ի գործածության որոշ օրինակներ բերված են ներքևում։

  • Ձեռն Տեառն մերոյ օգնէ ամենեցուն որ խնդրեն զնա ի բարութիւն. եւ զօրութիւն նորա եւ բարկութիւն նորա ի վերայ ամենեցուն ոյք թողուն զնա (Եզր Ը 22):

  • Զի այժմ հանդարտեալ դադարէի եւ ննջեցեալ հանգչէի ընդ թագաւորս եւ ընդ խորհրդականս երկրի, ոյք հպարտացեալ էին ի սուրս իւրեանց (Յոբ Գ 13-14):

  • Ո՞չ ապաքէն կորուստ անիրաւին, եւ տարագրութիւն այնոցիկ ոյք գործեն զանօրէնութիւն (Յոբ ԼԱ 3)։

  • Արդ թագաւորք, զայս ի միտ առէք, խրատեցարուք ամենեքեան ոյք դատիք զերկիր (Սաղմ. Բ 10)։

  • Ոչ երկեայց ես ի բիւրուց զօրաց նոցա, ոյք շուրջանակի պատեալ պաշարեալ պահէին զիս (Սաղմ. Գ 7)։

  • Պահեա զիս որպէս բիբ ական, ընդ հովանեաւ թեւոց քոց ծածկեսցես զիս. յերեսաց ամպարշտաց ոյք տառապեցուցին զիս. թշնամիք զանձն իմ պաշարեցին (Սաղմ. ԺԶ 8-9):

  • Եւ համր եղիցին շրթունք նենգաւորք` ոյք խօսէին զարդարոյ զանիրաւութիւն յամբարտաւանութեան եւ յանգոսնել իւրեանց (Սաղմ. Լ 19)։

  • Տէր Աստուած երկնի եւ երկրի, որ զօրաւորդ ես եւ մեծ եւ ահարկու, պահես զուխտս եւ զողորմութիւնս [վասն այնոցիկ] ոյք սիրեն զքեզ եւ ոյք առնեն զօրէնս քո (Նեեմ. Ա 5)։

  • Կամ զիա՞րդ խօսիցիմ ի հաշտութիւն վասն այնոցիկ, ոյք փախուցեալն են եւ ոչ կամին դառնալ (Բուզանդ, Պատմութիւն հայոց, դպրութիւն Գ, գլ. ԺԴ)։

Ինչպես վերոբերյալ օրինակները ցույց են տալիս, գրաբարում հարաբերականը կարող է տարբերակվել, երբ գործածվում է անձնանիշ դերանվան (ամենեքեան, այնոքիկ) կամ անձնանիշ գոյականի (թագաւորք, խորհրդականք, զօրք, ամպարիշտք, շրթունք) հետ։

Արևմտահայ գրական լեզվում հարաբերական է որ դերանունը։ Ի տարբերություն գրաբարի և արևելահայերենի՝ ոչ մի դեպքում՝ ո՛չ դերանունների, ո՛չ էլ գոյականների հետ գործածվելիս, հարաբերականը չի տարբերակվում։ Եթե արևելահայերենում սովորական և այսօր առավել տարածված է անձնական նա դերանվան հետ ով հարաբերականի գործածությունը (նա, ով....), ապա արևմտահայերենում այս դեպքում ևս միայն որ հարաբերականն է գործածվում (ան, որ.... / անոնք, որ(ոնք)....)։

Հիմա դառնանք արևելահայերենին և նրանում հարաբերական դերանունների գործածության պատմությունն ուսումնասիրենք ԱՐԵՎԱԿ-ի (Արևելահայերենի ազգային կորպուս) օգնությամբ։

Այսօր անձնական «նա» և որոշ այլ դերանունների հետ գործածվող ով հարաբերականի գործածության դեմ (նա, ով ևն) ոչ ոք առարկություն չունի․ այն ընդունելի և հայերենին հարազատ է համարվում։ Սակայն ԱՐԵՎԱԿ-ի միջոցով տեսնում ենք, որ արևելահայերենում ով հարաբերականը սկզբնապես ոչ միայն գոյականների, այլև անձնական նա դերանվան հետ էլ է շատ ավելի քիչ գործածվել, քան որ հարաբերականը, և ապա՝ ժամանակի ընթացքում, տարածվել։ Երբ ԱՐԵՎԱԿ-ի կայքի օգնությամբ որոնում ենք միայն մինչև 1920 թ. երկերում նա և նրանք դերանունները հարաբերական որ և ով դերանունների հետ, ահա թե ինչ արդյունքներ ենք ստանում։

Նա, որ - 182 դեպք

Նա, որը - 6 դեպք (ամենավաղ գործածությունը, ըստ ԱՐԵՎԱԿ-ի տվյալների, 1886 թ. «Մեղու Հայաստանի» պարբերականում)

Նա, ով - 40 դեպք* (Ամենավաղ գործածությունը, ըստ ԱՐԵՎԱԿ-ի տվյալների, 1872 թ. «Մշակում» է. «Հարցին պէտք է պատասխանի նա, ում առաջարկում են, և ոչ թե նա, ով առաջարկում է». 1872.07.20 #28։ Սակայն ով որ ձևով ամենավաղ վկայությունը շատ ավելի հին է՝ 1862 թ. «Մեղու Հայաստանի» պարբերականում. «Ճշմարիտ քրիստոնեայ կը համարուի նա, ով որ Քրիստոսի սուրբ Աւետարանի աշակերտ է, ով որ ամենայն սրտով և ամենայն զօրութիւնով կատարում է....». 1862.10.27 #43)։

* Ճշգրիտ տվյալներ ստանալու համար մենք «նա, ով»-ի որոնումների արդյունքից հանել ու չենք հաշվել բոլոր այն դեպքերը, որոնցում «ով»-ը ստորոգելի է՝ «նա ով է», «նա ո՞վ է»։

Նրանք, որոնք - 95 (ներառյալ իրանիշ գոյականների համար գործածված «նրանք, որոնք»-ը)

Նրանք, ովքեր - 2

Նա, որի - 23

Նա, ում - 2 (մեկը՝ Նար-Դոսի մի երկից, մյուսը՝ ամենահին վկայությունն ըստ ԱՐԵՎԱԿ-ի շտեմարանների՝ 1872 թ. «Մշակում». «Հարցին պէտք է պատասխանի նա, ում առաջարկում են, և ոչ թե նա, ով առաջարկում է». 1872.07.20 #28)

նրան, որի - 7

նրան, որին - 18

նրան, ում - 5

Այնուհետև, ԱՐԵՎԱԿ-ի գործիքի օգնությամբ, նույն որոնումը կատարում ենք միայն 1950 թվականից հետո եղած տեքստերում։

նա, որը - 40

նա, ով - 1117

նրան, որի - 37

նրան, որին - 32

նրան, ում - 202

նրանք, որոնք - 266 (ներառյալ իրանիշ գոյականների հետ գործածվող որոնք-ը)

նրանք, ովքեր - 2801

Վերոբերյալ փոքրիկ հետազոտությունը ցույց է տալիս, որ անձնական նա դերանվան հետ ով հարաբերականի (հոլովներով և հոգնակի ձևով հանդերձ) գործածությունն արևելահայերենում շատ հին է, կարելի է ասել՝ գոյություն ունի ի սկզբանե։ Սակայն այն նաև ցույց է տալիս, որ արևելահայերենի վաղ շրջանում ով հարաբերականը անձնական նա դերանվան հետ շատ ավելի քիչ է գործածվել, քան որ հարաբերականը, և ժամանակի ընթացքում չափազանց տարածվել է, այնքան, որ այսօր գերազանցում է որ-ին։ Տեսնում ենք նաև, որ եզակի թվով և ուղիղ ձևով («նա, ով») գործածվելիս ով հարաբերականը զգալի գերազանցում է որը (որոշիչ հոդով) հարաբերականին անգամ մինչև 1920 թ. բնագրերում։

Այստեղ պետք է նկատի ունենալ, որ մենք «նա, որ» (անորոշ հարաբերական) ձևով որոնում չենք կատարել։ Պատճառն այս դեպքում ճիշտ հաշվարկ կատարելու դժվարությունն էր, քանի որ արդյունքները պիտի արտացոլեին ոչ միայն հարաբերական դերանվան գործածությունը, այլև որ շաղկապի։ Օրինակ՝ «Այդ խոսքերը այնպիսի արագությամբ արտասանեց նա, որ ես ժամանակ չգտա բացատրություն պահանջելու»։ «Նա որ խմող ըլներ՝ նրանց չէր մտիկ տալ»։

Այնուհետև որոնեցինք և գտանք նաև անձնանիշ գոյականների հետ գործածվող ով հարաբերականի օրինակներ դեռևս 19-րդ դարի վերջից, այսինքն՝ համարյա այն նույն ժամանակից, երբ արևելահայերենում սկսեցին գործածել այս հարաբերականը անձնական նա դերանվան հետ։ Վաղ շրջանի արևելահայ դասականների գործերում կամ պարբերականներում համեմատաբար քիչ են այսպիսի դեպքերը, սակայն, այնուամենայնիվ, կան (որոշ օրինակներ տեսեք այս նյութի վերջում)։ Եվ, ինչպես արդեն հասկանալի է, այդ գործածությունը ժամանակի ընթացքում այնքան է աճել, որ այսօր դարձել է համատարած։ Այսինքն՝ տեղի է ունեցել ճիշտ նույն երևույթը, ինչ անձնական նա դերանվան հետ ով-ի գործածության դեպքում. սկզբում՝ սակավադեպ գործածություն, հետո՝ դրա աստիճանական աճ, և վերջում՝ լայն տարածում։

Քանի որ ռուսերենում кто հարաբերականը գործածվում է միայն անձնանիշ դերանունների հետ (тот, кто; те, кто; все, кто; каждый, кто), բայց ո՛չ՝ գոյականների (ռուսերենում չեն ասի человек, кто, այլ՝ человек, который), ապա պարզ է, որ հայերենում գոյականների հետ գործածվող անձնական հարաբերական ով-ը (հոգնակի և հոլովված ձևերով հանդերձ) չի կարող լինել ռուսերենի ազդեցության հետևանք։ Այս երևույթը տարածված է մեզ քաջածանոթ լեզուներից, օրինակ, անգլերենում, սակայն մտածել, թե արևելահայերենում այս երևույթն անգլերենի ազդեցության հետևանք է, հավատալի չի թվում, քանի որ անգլերենն ուղղակի ազդեցություն արևելահայերենի քերականության վրա չի ունեցել։ Փոխարենը արևմտահայերե՛նը կարող էր դրա ազդեցությանը ենթարկվել, բայց, ինչպես տեսնում ենք, սա տեղի չի ունեցել. արևմտահայերենում դերանունների և անձնանիշ գոյականների հետ գործածվում է միայն որ հարաբերականը, այն էլ՝ միշտ անորոշ ձևով։

Հետևաբար, արևելահայերենում անձնական հարաբերականի գործածությունը ծագել ու զարգացել է ինքնուրույնաբար, առանց կողմնակի ազդեցությունների։ Կարելի է միայն մտածել, որ 19-րդ դարի վերջից արևելահայերենը ռուսերենի ազդեցությամբ է, որ ներմուծել է անձնանիշ դերանունների հետ գործածվող անձնական հարաբերականը («նա, ով», «նրանք, ովքեր», «նա, ում», «յուրաքանչյուրը, ով» ևն), բայց այդուհետ այս հարաբերականի գործածությունը արևելահայերենում ունեցել է ինքնուրույն զարգացում։ Որ ով հարաբերականի գործածությունն արևելահայերենում շուրջ 150 տարվա պատմություն ունի (սկզբում ավելի շատ միայն նա և այլ դերանունների հետ, ապա՝ նաև անձնանիշ գոյականների), կարելի է տեսնել այս նյութի վերջում բերված օրինակներով (հայ գրողների երկերից, թարգմանական գրականությունից և մամուլից)։

Համեմատության համար նշենք, որ անգլերենում ևս դարեր առաջ նախ գոյություն են ունեցել ոչ անձնական հարաբերականները (which, that), և միայն հետո՝ who հարաբերականը։ Սկզբնական շրջանում վերջինս գործածվել է միայն խիստ պաշտոնական բնագրերում, իսկ հետո տարածվել լեզվական նաև այլ շերտերում*։ Անգլերենի օրինակը բերում ենք պարզապես ցույց տալու համար, որ եթե ժամանակին որևէ լեզվում չի գործածվել անձնական հարաբերական դերանուն, սա դեռ չի նշանակում, որ ժամանակի ընթացքում այն չի կարող ի հայտ գալ և հաստատուն տեղ գրավել այդ լեզվում։

 * Tagliamonte, Sali A. "Historical Change in Synchronic Perspective: The Legacy of British Dialects," 19.4.3.1. Historical Trajectory. In The Handbook of the History of English (Ans van Kemenade, Bettelou Los [ed.].), Wiley-Blackwell 2009, pp. 493-495. 

Hewett, Waterman T. "The Historical Use of the Relative Pronouns in English Literature." In Proceedings of the American Philosophical Society. Vol. 43, No. 177 (Apr. - Sep., 1904), pp. 278-289.

Սակայն իրականությունն այն է, որ, այնուամենայնիվ, հայերենում ժամանակին եղել և գործածվե՛լ է անձնական հարաբերական, թեպետ միայն հոգնակի թվում և ո՛չ լայնորեն։ Խոսքս արդեն վերևում հիշատակված գրաբարյան ոյք հարաբերականի մասին է, որը միայն անձերի համար է գործածվում։

Մեր արդեն բերած գրաբարյան օրինակները հստակորեն ցույց են տալիս, որ անձնական ոյք հարաբերականը գրաբարում գործածվել է թե՛ անձնական և որոշյալ դերանունների հետ, թե՛ անձնանիշ գոյականների։ Ուրեմն պարզ է, որ հայերենին խորթ չի կարող լինել հարաբերական դերանունների տարբերակումը իր և անձ ցույց տվող առարկաների համար։ Եվ եթե վերջին 150 տարվա ընթացքում արևելահայերենում հարաբերական անորոշ որ դերանունն իր միակության պատվից զրկվել է՝ տեղ տալով նաև որը որոշյալ ձևին և ով հարաբերականին, և վերջիններիս գործածությունը հետզհետե աճել է, սա պետք է դիտել որպես լեզվական օրինաչափ զարգացման երևույթ և ոչ թե սխալ, որի դեմ պետք է ապարդյուն պայքարել՝ այն վերացնելու նպատակով։

Անձնանիշ գոյականների և դերանունների* հետ ով հարաբերականի գործածության օրինակներ (ըստ ԱՐԵՎԱԿ-ի տվյալների)**

* Անձնական «նա» դերանվան հետ գործածության օրինակներ չենք բերում։

** Օրինակներում որոշ գոյականների (օր.՝ մարդ, աշակերտ ևն) հաճախադեպության պատճառն այն է, որ «ով» հարաբերականի հետ միայն որոշ պատահական գոյականներ ենք որոնել։

Այո՛, նա է բուն մարդը, ով այդ լուսո գոնե մի նշույլն ունի յուր մեջ: (Շիրվանզադե, Արսեն Դիմաքյան)

Մեզ համար առայժմ կարևոր են նրա կյանքի և գործունեության այն խոշոր փաստերը, որոնք, մեր կարծիքով, չափազանց ուսանելի են յուրաքանչյուրի համար, ով ուզում է իրեն նվիրել հարազատ հասարակության բարձր շահերին: (Շիրվանզադե, Ուղեգրություններ և ակնարկներ)

....ես հավիտյան չեմ մոռանա այն գեղեցիկ ժամացույցը, որ դուք ընծայեցիք ինձ բերդի հնությունները տեսնելու ժամանակ. ամբողջ քաղաքում իրա նմանը չկա. ամեն մարդ, ով որ տեսնում է, հիանում է: (Րաֆֆի, Կայծեր)

Եվ ամեն մարդ, ով որ կտեսնե քո փառավորությունը, երանի կտա քո ծնողներին: (Րաֆֆի, Սամվել)

....հայր Քյանդարյանը գնդակախորով կանի այնպիսի հանդուգն մարդին, ով «նորին բարձր սրբազնություն տեղակալ Ղուկաս արքեպիսկոպոսից» ավելի արժանավոր կաթողիկոսացու կտեսնի յուր մտավոր աչքերով։ (Պերճ Պռոշյան, Հուշագրություններ)

Ջալալադդինն երազ է տեսել, որ աստված կպատժի այն քրդին, ով որ յուր մաքիներից ամենալավերը հնգից մեկը չուղարկի շեյխի տունը.... (Պերճ Պռոշյան, Սկիզբն երկանց)

Վատ և անարգ է այն հայը, ով կդավաճանի յուր հայրենիքին: (Բագրատ Այվազյան, Աշոտ Երկաթ)

Վա՜յ այն թշնամուն, ով այդ ժամանակ նրա առաջ դուրս գար. նա պատրաստ էր նրա արյունը անգամ խմելու: (Բագրատ Այվազյան, Աշոտ Երկաթ)

Ամենքն, ում բանականությունն ասում է, թե էս մինը վատ է, էն մինը՝ լավ— մարդիկ են։ Պարիան գիտի չարն ու բարին— Պարիան մարդ է։ (Հ. Թումանյան, Խղճահարության աղբյուրը)

Ամեն մարդ էլ, ով որ լըսում,

Հենց մի բերան էն էր ասում.

— Ա՛յ ամոթ ձեզ, Չըղջիկ ու Ճայ... (Հ. Թումանյան, Անբախտ վաճառականներ)

....և Պապի շքախմբի անդամներն ու զինվորները, ովքեր հարկավ գիտեին հունարեն, աջից և ձախից շարունակ հարցումներ ու ենթադրություններ էին լսում: (Ստեփան Զորյան, Պապ թագավոր)

Նրանք տակավին հեռու էին նետընկեց տարածությունից ավելի, և նրանք, ովքեր գալիս էին ճանապարհով, աղմկում էին ահարկու, իսկ սրանք, այսինքն այն խմբերը, ովքեր բարձրանում էին սարի քարքարոտ լանջերով` քարերից, մացառներից, երբեմն ժայռերից բռնելով, նրանց ձայնը նվազել էր: (Ստեփան Զորյան, Հայոց բերդը)

....այն ծառաները, ովքեր կամենում են լինել ազատ` թող գան նոր Ավանը: (Ստեփան Զորյան, Հայոց բերդը)

Որդիները այն նախարարների, ովքեր եղած են հարսանյաց հանդիսին և ովքեր... դժգոհ են քեզնից: (Ստեփան Զորյան, Հայոց բերդը)

Թե ի՞նչ անակնկալ է սպասում այն մարդկանց, ովքեր իրենց գրաված պաշտոնի պատճառով մեծամտանում և վերևից են նայում ընկերներին։ (Վախթանգ Անանյան, Հովազաձորի գերիները, 1956)

Բոսֆորի այն քարափներից, որտեղից դեռևս մի երեք տասնամյակ առաջ սուլթանների արժանավոր հաջորդները՝ երիտթուրքերը, սեփականացրին համիդյան ծրագիրը և արդեն տարան անապատներ հենց նրանց հայրերին ու մայրերին, ովքեր այժմ երգում էին հիմնը` Հայաստանի պետականության: (Գեղամ Սևան, Հող և սեր)

Իմացեք, հա՛յեր, ....որ ձեր աշխարհի գահերեց փաշան կլինի այն հայը, ով Մուխիթարի գլուխը կբերի ինձ: (Սերո Խանզադյան, Մխիթար Սպարապետ, 1961)

Կռվի առաջին օրը նա հազար ոսկի էր խոստացել այն կտրիճին, ով մի փողհար կսպանի, իսկ կենդանի փողհար բերողը երկու անգամ ավելի կստանար: (Զարզանդ Դարյան, Արծիվ Վասպուրականի, 1965)

Բայց թողնենք այդ թեման, թեև այսօր էլ կան մարդիկ, ովքեր երեկվա կերուխումը ազերիների հետ համարում են եղբայրության վառ արտահայտություն: (Մկրտիչ Սարգսյան, Դարավերջի հայը)

Փորձված զինվորները, ովքեր խրամատներում են եղել և տեսել անցյալ տարվա ձմեռը, գտնում են, որ սառնամանիքն ավելի վտանգավոր հակառակորդ է, քան թշնամին, որովհետև վերքին դիմանալ կարելի է, ցրտահարությանը՝ ոչ: ....Մանավանդ, չվիրավորել այն զինվորներին, ովքեր պանծացնում են մեր զորամասի անունն ու պատիվը: (Մկրտիչ Սարգսյան, Չմակարդվող արյուն)

Ահա կանայք, ում կյանքը խեղել են ամուսինները, և ահա գայթակղիչները խորամանկ: (Սիլվա Կապուտիկյան)

Իմ տունն ի՛մը չէ —

Տունըս նրա՛նն է,

Ով պատի՛վ կանի` դուռը կբացի.

Բայց

Վա՛յը եկավ-տարավ այն շա՛նը,

Ով պղծի՛

Նշխարն իմ աղ ու հացի: (Գևորգ Էմին)

....այդ բարեհամբույր, լիքը-լիքը կինը, ում անունը, չգիտես ինչու, Դեղձանիկ էր, նրան ներկայացրեց.... (Ռազմիկ Դավոյան, Եթե Աստված կամենա)

....և ինքն ու այդ պատկառելի գիտնականը, ում հիմա տանում էին հողին հանձնելու, կուրծք-կրծքի սեղմված, այդ օրվա կյանքի իրականության միայն մեկ խնդիր շոշափեցին։ (Ռազմիկ Դավոյան, Եթե Աստված կամենա)

Ես կասեմ` արժե ծաղրել այն մարդուն, ում գաղափարները միայն խոսելիս են ի հայտ գալիս: (Օքրոյան Օքրո, Երկնաբնակը)

Եվ հասակ առանք այն հայրերից, ովքեր ժեռ քարերից

շինված բերդեր էին կանգուն... (Օքրոյան Օքրո)

Կան մարդիկ, ովքեր թշնամի են ծնվում աշխարհի, ամեն ինչի նկատմամբ, նրանք, առաջին հերթին, թշնամի են սեփական անձին: (Աղասի Այվազյան, Եղած չեղածը՝ մի կյանք)

— Զորանա այն մարդը, ով առաջինը լուսամուտ հնարեց: (Վլադիմիր Հարությունյան, Նաիրյան աստվածներ)

— Եթե դա հաստատվեց, այն անձնավորությունները, ովքեր նրան հայտնաբերել են, արժանի են պարգևատրման: (Վլադիմիր Հարությունյան, Վայոց ձոր, 1965-1966)

Հասկանալի է, որ նրանք ինչքան իրական, նոյնքան էլ ֆոլկլորային կերպարներ են. նրանց հնարել են այն բազմաթիւ գրողները, ովքեր նրանց վարքերն են գրել: (Հրանտ Մաթևոսյան, Էսսե 020)

Ես ուղղակի երախտապարտ եմ իմ գրողական լեզվի ուսուցիչներին, ովքեր ինձ բան են սովորեցրել՝ Չարենցի կռանված, կռանահարված խոսքը, Թումանյանի ժողովրդական բացարձակումները, Իսահակյանի լեզվի շքեղությունը: (Հրանտ Մաթևոսյան, Էսսե 007)

Աչքը նրա դեմքին՝ նրա չբեր կինը մի աննշմար ծամածռության է սպասում, որ թողնի հեռանա իր դժբախտությունը գրկած, այդ տանը տեղ ազատի պտղավոր մեկի համար, ով այդ տունը կլցներ երեխաների փափուկ լացերով, անհամ ծիծաղներով ու թաց շալվարիկներով՝ կյանքո՛վ։ (Հրանտ Մաթևոսյան, Խումհար)

....նա ջանում էր իրենով փոխարինել այն շատերին, ովքեր նրա խոր, իրոք ոսկրածուծային համոզմամբ, պետք է լինեին, պարտավոր էին լինել, սակայն չկային — ամբողջը թողել էին մի Մոտալովայի՝ փխրուն մի աղջնակի հույսի: (Հրանտ Մաթևոսյան, Էսսե 068)

....ստիպված ենք նորից շեշտել, որ մեր ճաշակը ետ է մնում - ետ է մնում և այդ բանաստեղծի, և այդ դահլիճի, և այդ պաշտոնյայի, և առհասարակ բոլորիս ճաշակը՝ ովքեր կազմում ենք այս հանրապետության մեծ մեջլիս-հրապարակը: (Հրանտ Մաթևոսյան, Հանուն գեղարվեստական խոսքի)

Զորյանը չար, նախանձ, անհեռատես տիպ է դարձնում ու բանսարկու կոչում նաև ժամանակի պատմիչին, ով պարտավոր էր անկողմնակալ տարեգիր լինել, ում գրական վառվռուն երևակայությունը աչք է շլացնում.... (Հրանտ Մաթևոսյան, Զորյանը)

Դու հասկացել ես, որ դժգոհելու իրավունք ունի միայն այն մարդը, ով սիրում Է` մեկ ուրիշի, սիրում Է իր հողը, ժողովուրդը: (Վարդգես Պետրոսյան, Կրակե շապիկ)

Նա մտաբերեց այն զինվորներին, ովքեր Սարդարապատի դեպքերից հետո երևացին Խորհրդարանի հրապարակում` անբավական գոչերի ուղեկցությամբ, հրացաններ ճոճելով: (Ռոբերտ Կարայան, Փրկություն)

Թարգմանական գրականությունից (մինչև 1990 թ.)

Այդ պահին քաջալերված քմծիծաղից և նրանից, որ Շիբկոն զբաղեցնում է հռետորի տեղը, իսկ իրենք կարող են բղավել անկյունից, խոսեցին նաև այն տղաները, ովքեր պետք է ելույթ ունենային: (Մարիետա Շահինյան, Հիդրոցենտրալ, 1928)

Որ ծառայեմ այն չըքնաղ աղջկան, ում խորն եմ սիրում: (Շեքսպիր, Անսանձ կնոջ սանձահարումը, 1953)

Դեպի այն մարդը, ով պաշտում է քեզ: (Շեքսպիր, Հուլիոս Կեսար, 1955) Այդ նույն օրը հանդիպեցի 23-ամյա մի կնոջ, ում օվկիանոսի գույն ունեցող աչքերը կարող են մի ակնթարթում կյանքի մի ամբողջ վեպ պատմել: (Ալիս Հովհաննիսյան, Դարձ նավահանգիստ)

Բայց այն մարդուն, ում դուք կընտրեք, ես կհնազանդվեմ ըստ կարելվույն առավել, որպեսզի համոզվեք, թե ենթարկվել գիտեմ ոչ պակաս, քան որևէ մեկ ուրիշ մարդ: (Քսենոֆոն, Անաբասիս, 1970) Այնուհետև նրան դուրս բերեցին այն մարդիկ, ում հրամայվել էր: (Քսենոֆոն, Անաբասիս, 1970)

Երգիչ դու հմո՛ւտ, մշտնջենավո՛ր,

Հելլադան հիմա և քե՛զ է կանչում`

Ուրվականի տեղ այն հռչակավոր,

Ում առաջ հիմա Ցերբերն է հաչում: (Պուշկին, 1954)

....բայց չէին կարողանում մեղադրել այն մարդուն, ով նրանց ճնշում էր այդպես, թեպետ, ներքին մի ձայն ասում էր, որ այդ մոգական մարդն էր իրենց անկարողության ակունքը: (Բալզակ, Երեսնամյա կինը, 1956)

Մեր փոխադրական միջոցներից կարող են օգտվել, այն էլ ծառայողական գործերով, այն իտալացիները, ովքեր աշխատում են ամերիկյան բանակի համար: (Մորավիա Ալբերտո, Չոչարա, 1957)

....նա լալիս էր ամենից առաջ Ռոզարիոյի համար, որին անխղճորեն սպանեցին, ինչպես շանը, լալիս էր իր համար, ինձ համար էր լալիս և այն բոլորի, ում կյանքը խեղել և ում ոչնչացրել էր պատերազմը: (Մորավիա Ալբերտո, Չոչարա, 1957)

«Շուտով Մորիս Ջերալդը հրաժեշտ կտա կյանքին», — այսպես էր մտածում ամեն մեկն այն մարդկանցից, ովքեր մասնակցում էին բնության ծոցում, իսկական ծառերի ստվերի տակ խաղացվող այս ողբերգությանը: (Մայն Ռիդ, Անգլուխ ձիավորը, 1958)

Եթե ես կարողանայի բռնել այն սրիկային, ով հափշտակել է այդ նամակը, նա անհապա՛ղ կզարդարեր կախաղանը: (Ռոբերտ Ստիվենսոն, Գանձերի կղզին, 1959)

....երբեմն ուտելիքը նրան ավելի համեղ է թվացել, քան, իր կարծիքով, պիտի թվար այն մարդուն, ով իր նման ծոմը պահում է բարեպաշտորեն: (Ջիովաննի Բոկաչչո, Դեկամերոն, 1960)

Իսկ զբոսայգի եկավ արդեն թեթև սրտով, մի բան, որ շատ հատուկ է այն մարդկանց, ովքեր ի վիճակի են հեշտությամբ մոռանալու անախորժությունները: (Թեոդոր Դրայզեր, Քույր Քերրի, 1966)

Հիմա ի՞նչ կասի իր մայրը, ով քանիցս նախազգուշացրել է իրեն: (Թեոդոր Դրայզեր, Քույր Քերրի, 1966)

— Հավանաբար ճիշտ այնպես, ինչպես կզգար այն մարդը, ով մի շիշ վիսկիով գնացել էր նրա մոտ ու ստիպել մի թուղթ ստորագրելու: (Ջոն Սթայնբեք, Մեր հոգսերի ձմեռը, 1978)

Միակ մարդը, ում հետքը չհաջողվեց գտնել, Վարենուխան էր: (Բուլգակով, Վարպետը ու Մարգարիտան, 1980)

Ռազումիխինը այդ նկատեց, այնինչ հագուստի այդ ակնբախ աղքատությունը նույնիսկ մի ինչ-որ առանձին արժանիքի տեսք էր տալիս մորն ու աղջկան, մի բան, որ հատուկ է այն մարդկանց, ովքեր կարողանում են աղքատ, բայց վայելուչ հագնվել: (Դոստոևսկի, Ոճիր և պատիժ, 1980)

....եթե մեզնից ամերիկացիներիցս յուրաքանչյուրը, ով մյուսների հետ համահավասար կիսել է մեր խմբի հոյակապ խնջույքների բոլոր ծախսերը, նվիրաբերեր ասենք՝ երեքական շիլինգ, մենք շատ ազնիվ արարք կատարած կլինեինք: (Վիլյամ Սարոյան, Վեսլի Ջեքսոնի արկածները, 1988)

Մամուլից (մինչև 1990 թ.)

Ուստի մենք կատարեալ համոզումով և հանգիստ խղճով խորհուրդ ենք տալիս ամեն մարդու, ով ուզում է պահպանել իւր ատամները, կարելոյն չափ յաճախ ողողել բերանը Օդոլով: (Նոր Դար, 1901.08.15 #129)

Իսկ Ռուսաստանի իւրաքանչիւր քաղաքացի, ամեն մէկը, ով ապրել է Ռուսաստանում, առանց խտրութեան դաւանանքի և կուսակցութեան, գիտեն թէ ինչ արիւնոտ բովանդակութիւն ունեն այդ.... (Կայծ, 1906.08.02 #45)

......Մայթին կնոջը սպասում էր մի ուրիշ թափառական, տղամարդ, ում շրջապատել էին մի քանի փողոցային շներ, մի շուն էլ կնոջ հետ էր եկել ու նույնպես նայում էր մեքենայի լուսամուտին: (Բոլշևիկյան դրոշով, 1936.05.01 #28)

....խնդրվում ե դատական որգանների բոլոր աշխատավորներին, ովքեր դիմումներ և նյութեր ունեն կուսկազմակերպության անդամների մասին, գցեն այս արկղը: (Կարմիր Զանգեզուր, 1937.04.07 #33)

Ընտրությունների ժամանակ ասաց ընկեր ԿՈՍԱՐԵՎԸ յերիտասարդությունն իր քվեն կտա այն մարդկանց, ովքեր պայքարում են հայրենիքի դավաճանների դեմ.... (Անասնապահ Կոլխոզնիկ, 1937.07.15 #37)

....այն բոլոր քաղաքացիներին, ովքեր արտոնություններով ազատվում են ջրի վարձից, շտապ ներկայացնեն 1940 թ. համար համապատասխան տեղեկանքներ, ջրի վարձից ազատվելու համար: (Խորհրդային Հայաստան, 1940.01.26 #20)

....վորովհետև այդ գիրքը տալիս ե մեր կուսակցության առաջավոր ջոկատներից մեկի՝ Անդրկովկասի բոլշևիկների հերոսական պատմությունը, մերկացնում ե բոլշևիզմի դեմ չարամտորեն տրամադրված այն բոլոր մարդկանց, ովքեր ցանկացել են աղճատել, ծուռ հայելու մեջ արտացոլել մեր կուսակցության պատմությունը: (Ավանգարդ, 1940.07.21 #167)

....այլև միահամուռ կերպով ընդունված բանաձևերում պահանջում են որպեսզի երկրագնդի բոլոր մարդիկ, ում համար թանկ է խաղաղությունը, ավելի սերտորեն միավորվեն.... (Կոլխոզային ուղի, 1952.06.07 #32)

Երկրագնդի ամեն կողմերում բոլոր պրոգրեսիվ մարդիկ, ում համար թանկ է երեխաների կյանքը, այսօր կրկին իրենց ձայնն են բարձրացնում.... (Սովետական դպրոց, 1956.06.01 #23)

Այսպիսի խախուտ շենք են հիշեցնում գիտելիքներն ա՛յն աշակերտի, ով մի դասը գիտե, մյուսը չգիտե ու ժամանակին չի մտահոգվում բաց թողած նյութերը սովորելու, բաց թողած «քարերը» տեղը դնելու մասին: (Պիոներ կանչ, 1961.02.16 #14)

Ակումբի անդամ կարող է լինել յուրաքանչյուր ուսուցիչ ու դպրոցական, ով սիրում է հայոց լեզուն, հայ դասական ու սովետական գրականությունը, խոսում է մայրենի լեզվով՝ պարզ, սահուն և արտահայտիչ: (Պիոներ կանչ, 1961.02.26 #17)

Երեկոյան (հերթափոխային, սեզոնային) և հեռակա միջնակարգ դպրոցներում սովորող VIII և XI դասարանների այն աշակերտները, ովքեր մասնակցում են ավարտական քննություններին, տրվում է լրացուցիչ արձակուրդ: (Երեկոյան Երևան, 1964.05.20 #118)

Այդ ազդեցություններից հետո, մնացին միայն այն գրողները, ովքեր ամուր թելերով կապված էին հարազատ ժողովրդին, ապրում էին նրա հոգսերով ու գործերով: (Խորհրդային Հայաստան, 1967.10.19 #246 )

Փոփոխությունները խորհել են տալիս յուրաքանչյուր ուսանողի, ով առաջին կուրսեցի չէ: (Գյուղատնտես, 1967.09.01 #21)

Գեղեցիկ է այն մարդը, ով յուրացնում է հասարակության առաջադեմ գաղափարները և ծառայում դրանց, դարձնում դրանք իր գործելակերպի ներքին ազդակներ: (Գյուղատնտես, 1967.04.13 #11)

Այն անձինք, ովքեր անձնական օգտագործման ավտոտրանսպորտը վարում են հավատարմագրով, կարող են մեքենան ներկայացնել ստուգատեսի՝ իրենց հետ ունենալով փոստային բացիկում նշված փաստաթղթերը: (Հրազդան, 1975.01.30 #13)

Չէ՞ որ մեր կողքին դեռևս կան այնպիսի աշակերտներ, ովքեր խուսափում են հասարակական աշխատանքից, իսկ նրանց ևս պետք է խրախուսել, դարձնել ակտիվ կոմերիտականներ: (Վարդենիս, 1976.10.28 #130)

Կարճ Ալո-ով կամ նույնքան լակոնիկ Այո-ով խոսակցություն է սկսում այն մարդը, ով ունի անկախության և սեփական արժանապատվության զգացումի պաշար: (Փարոս, 1977.04.26 #50 )

Դաշնամուրի և ջութակի դասարաններում կարող են ընդունվել 7- 8 տարեկան, իսկ մյուս դասարաններում՝ 10-12 տարեկան այն երեխաները, ովքեր հաջողությամբ կհանձնեն ընդունելության քննությունները: (Քաջարան, 1979.05.18 #19)

Մանուկյանի համար ոչ միայն անմոռաց են առաջին դասաժամերը, այլև բոլոր այն աշակերտները, ովքեր սովորել են նրա մոտ: (Թռիչք, 1984.03.08 #30)

Աստղացուցարան են այցելում դպրոցականները, պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնարանների սովորողները, նաև տարբեր տարիքի ու մասնագիտության մարդիկ, ում հետաքրքրում է աստղային երկինքը իր հազար ու մեկ հրաշալիքներով: (Հայրենիքի ձայն, 1987.12.16 #51 )

Այդ զգացումը համակել էր բոլոր այն 18 տարին բոլորած զինվորներին, ովքեր մեկ մարդու պես կանգնեցին մարտական դիրքերում: (Լեռնագործ, 1988.09.10 #110)