7/18/15

Եկեք մի բարի գործ անենք :)




Շուտով տասը տարին կլրանա այն բախտավոր ու երջանիկ օրվանից, որ վերջապես տեսանք «Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատուի» վերջին՝ 2006 թ. հրատարակությունը։ Չծանրանալով այս հրատարակության  թերությունների և առաջացրած որոշակի հիասթափության վրա՝ ասենք, որ այս գիրքը, այնուամենայնիվ, պետքական է, և լավ կլիներ, որ ամեն հայ ընտանիք այն ունենար։ Ի վերջո, գրքի սկզբում այդ ժամանակվա ՀՀ ԿԳՆ նախարարի երկու խոսքի թավատառ վերնագիրը հայտարարում է. «Ի ՆՊԱՍՏ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ»։

Բայց արի ու տես, որ այս տեղեկատուի հրատարակիչները հեղինակային իրավունքի մասին օրենքն այնքան լավ են հարգում, որ այս արագափոփոխ աշխարհում ժամանակից արդեն բավականին հետ ընկած շուրջ տասնամյա այս տեղեկատուն, որն արդեն գրախանութներում էլ չկա, պահում են հազար փակի տակ, և դրա pdf տարբերակը հասանելի է միայն խիստ անհարմարավետ առցանց ընթերցման համար՝ ISSUU.com կայքում։ Այս կայքը թույլ է տալիս նաև ներբեռնել այնտեղ տեղադրված գրքերը, բայց սա չի վերաբերում «Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատուին». գիրքը տեղադրողն այն ներբեռնելու հնարավորությունը վերացրել է անգամ այդ կայքում գրանցվածների համար։


Գրահավաքը դիմում է այդ գիրքը տեղադրողին, ում անձամբ չի ճանաչում. «Հարգելի՛ Արտաշես Թադևոսյան, արդյոք մեր կողմից անխղճությո՞ւն կլինի, որ խնդրենք այդ տեղեկատուն գրակալանքից ազատել՝ ականջալուր լինելով նախկին նախարարի հորդորին՝  նպաստելու հայոց լեզվի զարգացմանը»։

Սիրելի՛ ընթերցողներ, եթե ձեր մեջ կան Արտաշես Թադևոսյանին ճանաչողներ, շատ խնդրում եմ միջնորդել՝ այս ծանր, բայց ազգանվեր գործը գլուխ բերելու համար ։)))))

 Լեզվի տեսչության գոյության մասին արդեն վաղո՜ւց մոռացել ենք. այն չկա անգամ վիրտուալ, համացանցային աշխարհում, ուր նույնիսկ ամեն երեխա կարող է էջ ու կայք բացել։ Լեզվի տեսչությունը սեփական կայք չունի, ԿԳ նախարարության կայքում էլ սեփական էջ չունի, որ գոնե այնտեղ հայալեզու ժողովրդի հետ խոսի, նպաստի հայոց լեզվի զարգացմանը, հրապարակի նախկին և ներկա լեզվական բոլոր որոշումները, որ մարդիկ իմանան՝ հայերենի ինչ օրենքներ կան։ Ահավոր խղճալի, աղետալի վիճակ է։ Պետք է մի բան անել, օգնել, խեղճության մեջ պետք չէ թողնել մեր լեզվի տեսչությանը։ Գոնե այս մի բանով օգտակար լինենք նրան, որ կալանքից ազատենք 2006 թ. «Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատուն»։

Շնորհակալություն։


* Նկարի հասցեն՝ http://images.huffingtonpost.com/2010-12-30-BookInChains.PNG