Մեր այս գրառումն ուղղակիորեն չի առնչվում «Գրահավաքի» նպատակներին, սակայն չկարողացանք լռել, երբ հերթական անգամ տեսանք Ստիվ Ջոբսին վերագրված այն խոսքը, թե նրա մայրը հայ է, ինքը համաձայն չէ «խորթ մայր» արտահայտությանը, որ ինքը խոսում է շատ լավ հայերեն և իրեն Հայաստանի մասնիկ զգում։
Ես չեմ կարդացել Ջոբսի մասին գիրքը ոչ անգլերեն, ոչ հայերեն, ոչ ռուսերեն, բայց համացանցում մի փոքրիկ փնտրտուք ի սկզբանե կասկած է առաջացրել իմ մեջ այս խոսքերի վավերականության վերաբերյալ։ Որ Ջոբսը սիրել է իր հայ մայրիկին և չէր ցանկանա նրան խորթ մայր կոչել, բնական է։ Որ նա կարող էր նաև հայերեն իմանալ, չի բացառվում, ի՞նչ կա որ։ Որ շատ լավ է խոսել հայերեն, խիստ կասկածելի է։ Իսկ որ իրեն Հայաստանի մասնիկ է զգացել, պարզապես սուտ է (որովհետև ուզում եմ հիշել, թե ինչով է Հայաստանի մասնիկ նրա լինելը դրսևորվել, Հայաստանի համար ինչ է արել՝ այդքան հարուստ ու ազդեցիկ լինելով, և չեմ կարողանում. գոնե Հայաստանին իր աճեցրած խնձորներից մեկ-մեկ ձրի ուղարկեր)։ Բայց ինչ էլ որ եղել է կամ ինչ խոսք էլ որ ասել, բնական է, որ այդ խոսքը պիտի անգլերեն ասեր, չէ՞, իսկ հայերենն ու ռուսերենը պիտի լինեին դրա թարգմանությունը։ Ես փնտրում էի այդ անգլերեն բնագիրը և ահավասի՛կ այսօր «գտա»։
Դե հիմա, քիչ թե շատ անգլերեն իմացողներդ, կարդացեք հետևյալը, որն այսօր ֆեյսբուքյան լրահոսում գտա.
Հը՞, ամեն ինչ նորմալ է՞։ Գուցե Ստիվն այսքան անգրագե՞տ է եղել, անգլերեն գրքի հեղինակն ու խմբագիրը՝ նմա՞նապես։
Չէ՛, պարզ երևում է, որ սա հայերենից կամ ռուսերենից է թարգմանվել անգլերեն, այն էլ անգլերենին ոչ այնքան լավ տիրապետողի կողմից։
Հարգելինե՛րս, եթե անգլերեն բնագիրն ունեք, դա՛ մեջբերեք։ Ինձ նման թերահավատներին լավ կլիներ ցույց տալ նաև անգլերեն գրքի նկարահանված այն էջը, որում Ստիվն այսպիսի մտքեր է արտահայտել (կներեք թերահավատությանս)։ Թե՞ գուցե պարզվի, որ անգլերեն բնագրում բնավ էլ դրանք չկան...
Հիշեցի ջանասեր հավատացյալների խարդախությունները որևէ հայտնի մարդու հավատացյալ ներկայացնելու իրենց եռանդուն ջանքերում։ Հավատացյալներ աշխարհում եղել են, կան ու կլինեն, նաև գիտնականների մեջ. հասկանալի է և զարմանալի չէ բնավ։ Բայց արի ու տես, որ սա բավական չէ, պետք է նաև կեղծ պատմություններ հորինել ու տարածել, ասենք, Էյնշտեյնի հավատացյալ լինելու կամ Դարվինի՝ իբր մահից առաջ դարձի գալու և իր ուսմունքի համար զղջալու մասին։
Մի փոքր քննություն, և տեսնում ես, որ ուսանողի և նրա դասախոսի միջև երկխոսությունը ներկայացնող այն պատմությունը՝ «Խավարը լույսի բացակայությունն է», որն ապացուցում է Աստծո գոյությունը և որի վերջում նշվում է. «Այդ ուսանողը Էյնշտեյնն էր», կեղծ է։ Պարզվում է, որ այդ պատմությունը նախ հորինվել ու տարածվել է առանց որևէ մեկի անվան հիշատակման, իսկ հետո ինչ-որ մարդիկ, տգետ նախանձախնդրությամբ, ավելացրել են վերջում Էյնշտեյնի անունը։ Բայց Աստված կարիք չունի կեղծիքով ու խարդախությամբ պաշտպանության, ու փաստորեն նրան հավատացողների մի մասը սա լավ չի հասկանում։ Եվ սա նոր հիվանդություն չէ, այլ բազմադարյա։
Այսպես միջնադարում էլ վերցնում էին ինչ-որ մեկի գործը, ենթադրենք՝ հերետիկոսի, ում անունը տալ չէր կարելի, կամ պարզապես անհայտ մեկի, և այն վերագրում մի հայտնի հեղինակի կամ սուրբի՝ այդ գործին կամ ուսմունքին կշիռ տալու համար կամ միամիտ մարդկանց ասելու՝ «Տեսնո՞ւմ եք, սուրբ այսինչն է այսինչ բանն ասում»։ Կամ էլ իրենց իսկ հորինած ինչ-որ խիստ կարևոր միտք որպես մի շատ կարևոր հեղինակի գործից արված մեջբերում էին ներկայացնում՝ մոլորեցնելով ընթերցողներին։ Այսպես են տարածվել Արիսպագացու անունով հասած գործերը, այսպես են Եվագրի գործերը վերագրվել այլ հեղինակների՝ Նեղոսին, Գրիգոր Նազիանզացուն և այլոց, այսպես են ստեղծվել հազարումի վարքագրական հեքիաթաբանություններ և այլն, և այլն։ Կեղծիք, կեղծիք, և այս ամենը՝ իբր հանուն ճշմարտության, իբր հանուն լավ բանի։
Հիմա էլ այդ « լավ բանը» գտել ենք հանգուցյալ Ստիվ Ջոբսի կյանքում առկա հայկական մասնիկը անվերջ աչքակոխ անելու մեջ՝ հայոց, ռուսաց լեզուներով և անգամ անգրագետ անգլերենով։ Եվ, ինչպես ես կասկածում եմ, կեղծ խոսքեր նրան վերագրելով։ Բայց հանուն ինչի՞...