Լինուքս


Այս էջում մեկ ամբողջական հոդվածաշարի տեսքով ներկայացնում ենք Լինուքս համակարգը սկսնակների համար։ (Նկատի ունեցեք, որ նյութը գրվել է հիմնականում 2014 թ. և չի թարմացվել)։


ՈՐՊԵՍ ՆԱԽԱԲԱՆ

ՍԿԻԶԲ

ՀԱՅԵՐԵՆԸ ԼԻՆՈՒՔՍՈՒՄ

ՏԵՐՄԻՆԱԼ. ՆԱԽԱԳԻՏԵԼԻՔ

ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԻՇՔԵՐԻ ՀԵՏ


Ինչ կարելի է անել pdf-ի հետ լինուքսում և ինչպես 

  ---------------------------------------------------------------


ՈՐՊԵՍ ՆԱԽԱԲԱՆ


Նկարը գողացված է http://s717.photobucket.com/user/prestonjjrtr/media/Christmas/PenguinJumpsRopeLOL.gif.html-ից։



«Լինե՞լ, թե չլինել»,– ասել է ծագումով հայ Համլետը ;) անգլիացի մեծն Շեքսպիրի գրչով։ «Իսկ գող լինե՞լ, թե չլինել»,– նույնքան կարևոր գոյաբանական հարց եմ տալիս ես՝ համակարգչային ստեղնաշարին տկտկացնելով։ ☺

Այն պահից, երբ սկսում ես անհարմար զգալ, որ գործածում ես «գողացված», օրինական ճանապարհով ձեռք չբերված, չգրանցված ապրանք, օրինական ճանապարհով քեզ չտրամադրված այլագրեր՝ ծրագրերն ակտիվացնելու կամ ամբողջական օպերացիոն համակարգ տեղադրելու համար, ահա այդ պահից պետք է մտածել այլընտրանքային ծրագրերի և օպերացիոն համակարգի մասին, որոնք գործածելիս խիղճդ էլ, ձեռքերդ էլ մաքուր կլինեն։

Իմ ճանապարհը դեպի Լինուքս օպերացիոն համակարգ սկսվեց հենց այս գիտակցությունից։ Նախ Windows ՕՀ-ում (որն օրինական, գործարանային տեղակայմամբ էր ինձ բաժին հասել) սկսեցի հրաժարվել բոլոր այն ծրագրերից՝ Microsoft-ի, Adobe-ի, ABBYY-ի և այլոց կողմից ստեղծված, որոնք ազատ տարածման համար չեն, իսկ ես էլ չէի գնել, այլ տեղակայել էի, ինչպես համարյա բոլորը մեզանում, կեղծ այլագրերով ու «քրեկ-մրեկներով», և փոխարինեցի դրանք ձրի և օրինական համարժեքներով` երբեմն ո՛չ այնքան փայլուն լուծումներ գտնելով, բայց գոնե արդար ու մաքուր։ Այնուհետև, երբ Windows-ս խնդիրներ ունեցավ, որոնք այլ կերպ, քան վերաֆորմատավորմամբ, հնարավոր չէր լուծել, ես ռիսկի դիմեցի և անցա Ուբունտու կոչվող լինուքսյան բաշխմանը (այսինքն՝ Լինուքս համակարգի ընտանիքին պատկանող բաշխումներից մեկին)։

Դուք երբևէ չե՞ք ձանձրանում ձեր տան կամ սենյակի ներքին կահավորումից։ Չե՞ք հոգնում նույն միջավայրից։ Ես հոգնել էի Windows-ից. ուրիշների Mac-երն էլ, որ գործի բերումով բավականին երկար ժամանակ գործածում էի, երբեք չհրապուրեցին ինձ. հարմար, երբեմն էլ անհարմար աշխատանքային գործիք էին, ուրիշ ոչինչ։ Եվ հանկարծ գտնում եմ Լինուքս մեծ հայրիկին՝ բազմազավակ, բազմաթոռ ու բազմածոռ։ Ընտրության ինչպիսի՜ հնարավորություն, նոր ընտանիք գտնելու և դրա մաս կազմելու ինչպիսի՜ ուրախություն ու ապրումներ։

Աչքերս բացվեցին, ախորժակս՝ նույնպես։ Ոնց որ ընկնեի բազմախորտիկ սեղաններով, հազարումի գույնզգույն, զրնգուն զանգուլակ-մանգուլակներով զարդարված արքայական պալատ։ Այնքան ուրախություն, որ պատճառում է ինձ լինուքսյան բաշխումով իմ համակարգիչը, դեռ երբեք ես չէի վայելել համակարգիչ գործածելիս։ Սա՞ չես հավանում, մյո՛ւսն ընտրիր. փոխիր միջերեսը և երբ մի միջերեսային միջավայրից (interface environment) հոգնում ես, համակարգ մտիր մեկ այլ միջավայր ընտրելով և քեզ զգա մեկ այլ համակարգչում։ Ես հենց այդպես եմ վարվում. ընդամենը մեկ Ուբունտու բաշխում է, բայց երբեմն Cinnamon կոչվող միջավայրն եմ գործածում և ինձ զգում LinuxMint բաշխման մեջ, երբեմն Gnome-shell-ը, երբեմն Unity-ն, երբեմն էլ Cairo-dock-ով միջավայրը և այլն։ Հիմա այսպիսի ճոխությունից հետո գնա ու ձանձրալի Ուինդոուսը գործածիր, կլինի՞։ Դա նման է նրան, որ լավ ու ճոխ պայմաններում, մեծ հարմարություններով շրջապատված ապրես, հետո քեզ զրկեն դրանից ու խցկեն մի վատ լուսավորված սենյակում, ուր ճնշվում ես լույսի պակասից, իսկ պատերից կյանքից հոգնածության հոտ է գալիս։

Ասացի հարմարություն, չեմ կարող չասել, որ ես երբեք, ոչ մի այլ համակարգում այսքան շատ ծրագրակազմերից ու համակարգչային հնարավորություններից չեմ օգտվել, այն էլ՝ արագության պահպանմամբ, որքան այժմ, երբ գործածում եմ լինուքսյան բաշխում։ Ես մտածում եմ, որ եթե այսքան ծրագիր տեղակայեի իմ նախկին՝ ուինդոուսյան համակարգում, խեղճը ծանրությունից կտապալվեր գետնին, ոտք-մոտք կջարդեր ու վախենամ թե շուտով ընդհանրապես մեռներ։ Արդեն իսկ այսքան ծրագիր-մրագիր չկար նրանում, բայց ավելի դանդաղ էր գործում, քան իմ ծանրաբեռնված լինուքսյան բաշխումը։ Իսկ հիմա ես մի լավ ծանրաբեռնել եմ համակարգիչս, և նրա պետքն էլ չէ, այն դեպքում, որ արդեն հին է, մարած մարտկոցով, իսկ Ուինդոուսով աշխատելիս ամեն առումով նոր էր և պիտի որ ավելի լավ գործեր։

Գուցե պատճառներից մեկն այն է, որ Լինուքսին գործնականորեն չեն սպառնում վիրուսնե՞րը, ուստի հակավիրուսային ծրագիր աշխատեցնելու կարիք չկա՞։ Ես չունեմ հակավիրուսային ծրագիր և դրա կարիքն էլ չունեմ։ Օրինակ՝ եթե մի հին համակարգչում Ուինդոուս տեղակայեք հակավիրուսային ծրագրով՝ վիրուսներից պաշտպանվելու համար, հաստատ այդ համակարգչից օգտվելը կվերածվի մղձավանջի։ Իսկ լինուքսյան բաշխումներ կան, որ այնքան սակավապետ են, որ կարող են տեղակայվել և շատ լավ գործել հին համակարգիչներում՝ վերակենդանացնելով դրանք։

Հիմա որ այսքան անկեղծանում ու համակարգչային կյանքս եմ պատմում, մի՛ կարծեք, թե ասում եմ՝ Ուինդոուսը (առավել ևս Մակինտոշը, որ, սակայն, մեզանում քչերին է առայժմ հասանելի) բանի պետք չէ, անցեք բոլորդ Լինուքսին, ինչպես ես։ Չէ՛։ Իմ բախտը պարզապես բերել է, որ ես գործի բերումով պետք չունեմ այնպիսի մասնագիտական ծրագրերի, որոնք կան միայն Ուինդոուսի (կամ Մակի) համար և, ցավոք, դեռևս չկան Լինուքսի համար, քանի որ այդ ծրագրերը ստեղծողներն ու վաճառողները միայն փողի և լայն շուկայի մասին են մտածում։ Որ ուզեն, Լինուքսի համար էլ տարբերակներ կստեղծեն։ Սակայն այս դեպքում էլ միշտ կարելի է և՛ գործածել լինուքսյան բաշխումը, և՛ պահել Ուինդոուսը և վայելել երկուսի բարիքներն էլ։ Թե ինչպես է պետք դա անել, կասվի հաջորդիվ։

Բացի դրանից, մասնագիտական անփոխարինելի ծրագրերից օգտվողները հասարակության միայն փոքր տոկոսն են կազմում, և նաև ենթադրելի է, որ այդ ծրագրերը գործածվում են հիմնականում աշխատավայրում, մինչդեռ մարդկանց մեծ մասն իր համակարգչային բոլոր կարիքները կարող է լիովին, նույնիսկ ավելի՛ քան լիովին, բավարարել լինուքսյան որևէ բաշխումով (Linux distribution կամ կարճ` distro)։ Եվ ամեն ինչ՝ ձրի և ընտրության մեծ ազատությամբ։

Լինուքսյան ազատության զգացումը ոչ մի բանի հետ չես փոխի։ Սկսում ես նաև համակարգչից ավելի լավ հասկանալ, նույնիսկ եթե մասնագիտությունդ շատ հեռու է համակարգչային ոլորտից։ Ուինդոուսն ու Մակինտոշը նման են փակ կողպեքով դռներ ունեցող տան, ուր դու սպասավորի կարգավիճակ ունես, և քեզ ասել են՝ այստեղ չի կարելի մտնել, այնտեղ չի կարելի մտնել, քո տարածքն ու իրավունքները սահմանափակվում են այսքանով և մինչև այստեղ։ Իսկ Լինուքսում դու տեր ես, բոլոր դռներն էլ բաց են քո առաջ, միայն թե, իհարկե, եթե նոր ես տիրացել այդ մեծ տանը և վստահ չես, որ անծանոթ դռան հետևում ինչ-որ բան վրադ չի փլչի կամ տան հին մեռելների ոգիներն այնտեղ չեն ծվարել ու կյանքդ չեն փչացնի, անծանոթ ու կասկածելի դռները մի քիչ զգուշությամբ բացիր կամ բացելուց հետո զգուշությամբ շրջիր անծանոթ սենյակում։

Լինուքսն, ուրեմն, ազատություն է, խղճի մաքրություն (որովհետև ոչ մի անօրինական բան չես անում), ապահովություն (որովհետև վիրուսները քեզ հետ գործ չունեն, ինչպես նաև ոչ մի համացանցային կայք առանց քո թույլտվության ոչինչ չի կարող «կողքից» տեղակայել համակարգչումդ՝ երբեմն գլխացավանք դառնալով), ինչպես նաև ուրախություն։

Դե եթե մի բանի խորհրդանիշը լինի պինգվինը, ինչպե՞ս կարելի է չուրախանալ։ ։))

Այս նկարն էլ գողացված է http://giphy.com/gifs/H4uE6w9G1uK4M-ից։




Որոշել եք ռիսկի՞ դիմել, լինուքսյան որևէ բաշխո՞ւմ տեղակայել ձեր համակարգչում։ Համացանցում փնտրեք կամ ծանոթ լինուքսասերներին-լինուքսագետներին հարցրեք, և եթե որևէ բաշխում հավանեցիք, այդ բաշխման մասին համացանցում ավելի շատ տեղեկություն ձեռք բերեք։ Օրինակ՝ կարևոր է, որ այդ բաշխումը հասարակ օգտվողների շրջանում տարածված բաշխումներից մեկը լինի։ Կարևոր է, որ նրա համար ավելի շատ պատրաստի ծրագրեր լինեն։ Կարևոր է, որ գործածության առումով ավելի հարմար լինի սկսնակին։ Շատ կարևոր է, որ ձեր համակարգչի պարամետրերին համապատասխանի։ Եթե, օրինակ, շատ հին ու թույլ համակարգիչ ունեք, պետք է այնպիսի բաշխում ընտրեք, որը հնարավոր է նորմալ աշխատեցնել ձեր համակարգչում։ Օրինակ՝ Bodhy Linux-ը, Lubuntu-ն և Linux Lite-ը շատ հարմար են հին համակարգիչների համար։ Այս բաշխումները նաև նրանով են լավ, որ Ուբունտու հայրիկից են սերել, եթե կարելի է այսպես ասել, ինչը նշանակում է, որ Ուբունտուի (մինչ այժմ ամենից շատ ուշադրության արժանացած ու տարածված բաշխման) համար առկա ծրագրերից շատերը կկարողանաք գործածել ձեր համակարգչում։ Ընդհանրապես ես խորհուրդ եմ տալիս սկսնակներին տեղակայել և գործածել ուբունտուահիմն բաշխումներ, որոնք շատ-շատ են։ Շատ գովում են LinuxMint-ը, Zorin OS-ը։

Եթե երկար-բարակ փնտրել չեք ուզում և Ձեր համակարգիչն էլ շատ հին չէ, հենց Ուբունտու կոչվող բաշխումը տեղակայեք։ Նրան փոքր-ինչ ծանոթանալու՝ նրա ճաշակն առնելու համար գնացեք հետևյալ հղմամբ՝ http://www.ubuntu.com/desktop/take-the-tour և սեղմեք Take the tour կոճակի վրա։ Այնուհետև ուր ուզում եք՝ սեղմեք, նիշքեր ու ծրագրեր «բացեք», գնացեք հետ-առաջ և մոտավորապես կպատկերացնեք, թե ուր եք պատրաստվում տեղափոխվել։ Երբ բաշխումը տեղակայեք և տեսնեք, որ այդ միջերեսը, որին էլ ծանոթացաք այդ վիրտուալ շրջայցում, չեք հավանում, կարող եք տեղակայել այլ միջերեսներ ևս և փորձել։ Եթե Ձեր տեսածը հավանեցիք, ապա այդ կայքէջի վերին ընտրացանկում գտեք ներբեռնումների բաժինը (Download) և ներբեռնեք տեղակայման համար անհրաժեշտ նիշքը։  Ներբեռնումների բաժնում անհրաժեշտ է ընտրել Ubuntu Desktop-ը։ Այնուհետև ընտրեք Ձեր համակարգչի հատկություններին համապատասխան բաշխումը (Դուք պիտի որ իմանաք՝ այն քանի բիտանոց է՝ 32 թե 64) և բեռնեք նիշքը։ Քանի որ այն ծանր է, ավելի հարմար է միանգամից գնալ հետևյալ էջը՝ http://releases.ubuntu.com/14.04/, և ընտրել Ձեզ անհրաժեշտ torrent նիշքը, քանի որ բեռնվելիք նիշքը բավականին մեծ է։

Նիշքը բեռնեցիք-վերջացրիք։ Այստեղ կարդացեք, թե ինչ եղանակով այդ նիշքը փոխանցեք DVD սկավառակի մեջ, որպեսզի այն պիտանի լինի տեղակայման համար։ Երբ անհրաժեշտ սկավառակն արդեն ունենաք, տվեք այն որևէ մասնագետի և խնդրեք տեղակայել Ուբունտուն ձեր համակարգչի մեջ, եթե Դուք ինքներդ չեք կարող դա անել։ Իսկ եթե Դուք եք ուզում դա անել, ապա կարդացեք սա։
Լինուքսյան ինչ բաշխում էլ որ ներբեռնեք համացանցից, DVD սկավառակին այն փոխանցելու և տեղակայման համար պիտանի սկավառակ ունենալու համար պիտի անեք նույնը, ինչ գրված է վերևում։ 

Չափից դուրս թույլ համակարգիչների համար հիանալի լուծում է Puppy Linux-ը, որը նաև կարելի է գործածել՝ տեղակայելով խտասկավառակում կամ ֆլեշ կրիչում միայն, առանց համակարգչի մեջ տեղակայման։ Այսպիսի խտասկավառակով կամ ֆլեշ կրիչով Puppy-ն (ինչպես նաև լինուքսյան այլ բաշխումներ ևս` տեղակայված կենդանի սկավառակում (live CD կամ live USB)) հիանալի միջոց է նաև որևէ անսարք համակարգչի (ո՛րևէ ՕՀ-ով՝ Ուինդոուս թե մեկ ուրիշ) նիշքերը փրկելու համար։

Լինուքսյան տարբեր բաշխումներին համառոտաբար կարող եք ծանոթանալ հետևյալ կայքում՝
http://distrowatch.com/

Բաշխումների հիմնական էջերը (home page) նույնպես տրված են վերոնշյալ կայքում։ Ձեզ հետաքրքրած բաշխման կայքը գնացեք, փորփրեք, էկրանահաններ (սկրինշոտներ) դիտեք։ Գնացեք նաև youtube և բաշխման անունը գրելով՝ տեսանյութեր դիտեք, որոնցով ավելի լավ կպատկերացնեք, թե ինչպիսին է այդ բաշխումը։ Մի խոսքով՝ որոշ քննություն կատարելուց հետո արդեն կարող եք որոշում կայացնել։

*******************

Ձեր ընտրած բաշխումը տեղակայել կարող եք թե՛ Ուինդոուսը պահելով ձեր համակարգչում, թե՛ այն ամբողջապես փոխարինելով լինուքսյան բաշխումով։ Առաջին դեպքում պետք է համակարգիչը գործարկելիս ընտրեք, թե որ համակարգն եք ուզում գործածել և նրա մեջ մտնեք (սա կոչվում է dual booting)։ Իսկ թե ինչպես տեղակայեք ձեր ընտրած բաշխումն արդեն առկա Ուինդոուսի կողքին, եթե ուզում եք սա ինքնուրույն անել, կարող եք կարդալ բազմաթիվ կայքերում՝ փնտրում կատարելով, օրինակ, հետևյալ նախադասությամբ՝ "How to dual-boot Ubuntu (Linux Mint/Zorin OS/Elementary OS/Bodhi Linux...) and Windows"։ Ուրեմն՝ եթե անգլերեն գիտեք ու անվախ եք (կամ ավելի ճիշտ՝ մի քիչ քթի ծակ ունեք ։)), ինքնուրույն էլ կարող եք տեղակայել լինուքսյան բաշխումը ձեր համակարգչում, հատկապես եթե պարզապես Ուինդոուսը փոխարինելու եք Լինուքսով. սա ավելի հեշտ է։ Բայց երկու դեպքում էլ, եթե կամ անգլերեն լավ չեք հասկանում և Ձեզ անհրաժեշտ տեղեկույթը չեք կարողանում ձեռք բերել ու կիրառել, կամ վախենում եք ինքնուրույն որևէ բան անել, ավելի ապահով է դիմել մասնագետի օգնությանը։ Ի վերջո, Ուինդոուս համակարգն էլ շարքային օգտվողն ինքնուրույն չի տեղակայում, այլ դիմում է մասնագետի օգնությանը։

Տեղակայվե՞ց ձեր ընտրած բաշխումը ձեր համակարգչում։

Շնորհավո՛ր։ Ձեր կյանքի լինուքսյան փուլը սկսվեց։



Առաջին հերթին մարդկանց կարող է մտահոգել հայերենի հարցը. «Արդյոք ինչպե՞ս պիտի մուտքագրենք հայերեն, ի՞նչ է պետք դրա համար», «Կա՞ն արդյոք հայերեն տառատեսակներ»։ Միանգամից պատասխանենք, որ Լինուքսում հայերենի հարցը, ես կասեի, ավելի լավ է լուծված, քան Ուինդոուսում։ 

Ստեղնաշարներ
Լինուքսյան բաշխումներում արդեն իսկ տեղադրված են հայերեն թե՛ գրամեքենայի (typewriter), թե՛ հնչյունային (phonetic) դասավորությամբ ստեղնաշարներ, որոնք պարզապես պետք է ընտրել ստեղնաշարների ցանկից։ Ստեղնաշարների դասավորությունը փոխելու համար էլ կարելի է ընտրել ստեղնային այն համադրությունը, որը հարմար է Ձեզ. սովորաբար մենք գործածում ենք alt+shift համադրությունը, ուստի, եթե լինուքսյան Ձեր բաշխումում այլ համադրություն կլինի, խնդիր չկա, փոխեք ալտ-շիֆտի։

Հիմա կհարցնեք՝ որտե՞ղ ավելացնենք ստեղնաշարը, ինչպե՞ս փոխենք ստեղնային համադրությունը։ Լինուքսյան բաշխման մեջ կա System Settings` «Համակարգի կարգավորումներ» բաժինը, ուր փնտրեք ստեղնաշարին (keyboard) վերաբերող կարգավորումները։ Դասավորությունը layout-ն է, ստեղնային համադրությունը՝ shortcut-ը, ստեղնը՝ key-ն։ Բավական է՝ մտնեք System Settings, արդեն կկողմնորոշվեք ուր գնալ և ինչն ինչպես փոխել. դժվար ոչինչ չկա։

Քանի որ լինուքսյան բաշխումները շատ-շատ են, մեր բացատրությունները կներկայացնեն ամենատարածված բաշխումը՝ Ուբունտուն։ Ուբունտուահիմն կամ ուբունտուածին այլ բաշխումներում ևս պիտի որ շատ բան նույնը լինի։

Եթե ստեղնաշարի դասավորությունը լավ չգիտեք կամ ինչ-որ բան Ձեզ համար սովորական ստեղնաշարի դասավորությունից տարբեր է, ստեղնաշարի պատկերը կարող եք մեխել էկրանին։ Դրա համար պարզապես պետք է միջերեսային վահանակում (պանել) տեղադրված ստեղնաշարային պատկերակի վրա սեղմելով՝ ընտրեք Show layout chart-ը, այնուհետև, եթե ուզում եք, որ ստեղնաշարի պատկերը մեխվի էկրանին, կանգնելով նրա վրա՝ մկնիկի աջ կողմին սեղմեք և ընտրեք Always on top-ը։ Այսպես կարելի է որևէ այլ ծրագրի պատուհան ևս մեխել էկրանին, որպեսզի այն միշտ երևա, և այլ ծրագրերի պատուհաններ չփակեն այն։

Տառատեսակներ

Քանի որ մենք վաղուց անցել ենք յունիկոդ տառատեսակների, ապա, ինչպես համացանցում գրելիս հատուկ հայերեն տառատեսակ չենք տեղակայում, այդպես նաև լինուքսյան բաշխման մեջ արդեն տեղակայված շատ տառատեսակներ կարող ենք գործածել հայերեն մուտքագրելու համար։ Սակայն ավելի մեծ ընտրություն ունենալու համար առաջարկում ենք ներբեռնել մեր կազմած հավաքածուն՝ սեղմված նիշքի տեսքով, որը պարզապես ընդարձակեք («անզիպ» արեք) և, տառատեսակների նիշքերը բանալով, սեղմեք բացված պատուհաններում առկա Install կոճակի վրա։ Վե՛րջ։ Այդուհետ, եթե բացեք, օրինակ, LibreOffice-ի Writer-ը (Microsoft Word-ին փոխարինող շատ հարմար ծրագիր, որ կա նաև Ուինդոուս համակարգի համար), տառատեսակների շարքում կտեսնեք Ձեր տեղակայած հայերեն տառատեսակները։

ANSI-ն փոխարկել Unicode-ի

Հին այլագրումով ստեղծված բնագրերը նորին փոխարկելու համար, եթե Ձեր համակարգչում դեռևս կան այդպիսի նիշքեր, կարող եք գործածել http://unicodenow.com/-ի առցանց փոխարկիչը, որը շատ հարմար է և շատ արագ փոխարկում է անգամ ծավալով մեծ նյութեր։ Ուինդոուսի համար ստեղծված փոխարկիչները (օրինակ՝ այն, որ, որպես հավելված, կցվում է  Microsoft Word-ին), ցավոք, Լինուքսում չեն գործում։

Թեև այսօր այլևս ANSI այլագրմամբ տառատեսակներ չեն գործածվում (պարզապես իմաստ չունի դրանք գործածել, երբ կան յունիկոդային տառատեսակներ), սակայն երբեմն, երբ, օրինակ, պետք է լինում փնտրում կատարել հին նիշքերում, որոնք ստեղծվել են հին այլագրման տառատեսակներով, կարիքն ենք ունենում նաև ANSI-ի համար ստեղծված ստեղնաշարային դասավորության։ Լինուքսում լռելյայն այն տեղակայված չէ, ինչպես և ոչ մի այլ օպերացիոն համակարգում։ Եթե Windows համակարգում դրա համար KDWin կոչվող ծրագրից կարող եք օգտվել, ապա Լինուքսում այդպիսի և մի շարք այլ ստեղնաշարներ ունենալու համար  ներբեռնեք մեր պատրաստած այս սեղմանիշքը, այն բացեք և նախ կարդացեք «Կարդա սա» նիշքի պարունակությունը, որտեղ գրված է, թե ինչ է պետք անել։ Անհրաժեշտ գործողությունները կատարելուց հետո ձեր համակարգչում կունենաք ANSI-ի համար երկու ստեղնաշար (գրամեքենայի և հնչյունային դասավորություններով), IPA-ի համար ստեղնաշարը և հայկական ձայնագրության (Լիմոնջյանի) ստեղնաշարը։ Ավելացված բոլոր չորս ստեղնաշարները մեր պատրաստածն են՝ բացի ANSI-ի՝ հնչյունային դասավորությամբ ստեղնաշարից։





Տերմինալը Լինուքսում մի գործիք է, որով հրամաններ են տրվում այս կամ այն գործողության կատարման համար։ Իսկական տերմինալը ժամանակին գործածվող առանձին մի սարք էր՝ դարձյալ հրամանների իրականացման համար, որն այսօր չի գործածվում։ Այդ իսկ պատճառով լինուքսյան տերմինալը երբեմն կոչում են terminal emulator/simulator, այսինքն՝ տերմինալին նմանակող։ Քանի որ տերմինալը բացվում է պատուհանիկի տեսքով, այն կարող ենք նաև հրամանապատուհան կոչել՝ ելնելով նրա՝ մեզ համար տեսանելի արտաքին տեսքից։ Սովորաբար տերմինալը գտնվում է ծրագրացանկերի Accessories բաժնում։ Այն կարելի է կանչել, այսինքն՝ բացել, ctrl alt T ստեղնային համադրությամբ։

Ի՞նչ կարելի է անել տերմինալով։ Կարելի է ծրագրեր տեղակայել, ջնջել, թարմացնել, աշխատեցնել, փնտրել նիշքեր, ստանալ համակարգի այս կամ այն գործիքի, ծրագրի վերաբերյալ տվյալներ, կարդալ նիշքեր ու էլի հազարումի բան անել, անգամ խաղ խաղալ (օրինակ՝ «Օձ»՝ Snake պարզ խաղը)։

Թեև ներկայումս թողարկվող լինուքսյան բաշխումների մեծ մասում տերմինալով արվող շատ գործողություններ կարելի է անել տերմինալի շրջանցմամբ՝ գրաֆիկական միջերես ունեցող տարբեր ծրագրային գործիքների միջոցով, սակայն, այնուամենայնիվ, դեռևս որոշ գործողություններ կարելի է միայն տերմինալով կատարել։

Ուինդոուսյան հիմնական ընտրացանկից Ձեզ անշուշտ ծանոթ է Run-ը։ Սակայն սովորական օգտվողը հազիվ թե երբևէ այն գործածելու կարիքն ունենա։ Այսպես չէ Լինուքսում, ուր օգտվողները պետք է կարողանան օգտվել տերմինալից։ Բայց սա թող չխրտնեցնի ոչ ոքի։ Տերմինալից օգտվելը ոչ միայն դժվար չէ, այլև շատերին հաճելի։ Մարդիկ կան, որ անգամ այն ամենը, ինչ կարելի է հանգիստ անել այս կամ այն ծրագրի միջոցով, նախընտրում են տերմինալով անել։ Ուրեմն սովորենք մի շարք հրամաններ, որոնք Ձեզ վստահաբար պետք կգան։

cd
Այս հրամանով տեղափոխվում եք այն պանակը, որը Ձեզ անհրաժեշտ է նրանում նիշքերի հետ գործողություն կատարելու համար։ Ենթադրենք՝ ուզում եք գնալ համակարգչի home բաժնում գտնվող պանակներից մեկը։ Ուրիշ բան պետք չէ գրել, քան պարզապես՝ cd և home-ում գտնվող պանակի անունը։ Օրինակ՝
cd Documents
cd Downloads
cd Music

Եթե Ձեզ պետք է այդ պանակների ներսում գտնվող պանակ, ապա ուղին (path) կնշվի հետևյալ կերպ՝

cd Music/Bach

Սա նշանակում է, որ գնում եք  Music պանակում գտնվող Bach պանակը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Տերմինալում գրվող որևէ անուն՝ պանակի, նիշքի, ծրագրի ևն, պետք է ամբողջությամբ ճիշտ լինի, առանց որևէ վրիպակի և հաշվի առնելով նաև մեծատառ-փոքրատառը։

Եթե պանակի կամ նիշքի անունը մեկից ավելի բառերից է կազմված, ենթադրենք՝ վերոնշյալ Bach պանակում ունեք Piano sonatas անունով պանակ, ապա այդ պանակի անունը տերմինալում նշելիս պետք է բացակից առաջ դնել \ նշանը։ Այսինքն՝ այդ պանակի ուղին կնշվի հետևյալ կերպ՝

 cd Music/Bach/Piano\ sonatas

Թե տերմինալում ինչպիսի գործողություններ կարելի է կատարել նիշքերի հետ նախ վերոնշյալ հրամանը գործածելով, կարող եք կարդալ, օրինակ, pdf-ի հետ աշխատանքին նվիրված մեր գրառման մեջ՝ «Ինչ կարելի է անել pdf-ի հետ Լինուքսում և ինչպես»։

 locate
Տերմինալով կարելի է փնտրել ո՛րևէ նիշք՝ գործածելով locate հրամանը։
Օրինակ՝ եթե բացեք տերմինալն ու գրեք՝ locate pdf, այս հրամանը վայրկենապես կբերի ցանկը ոչ միայն Ձեր համակարգում գտնվող բոլոր pdf նիշքերի, այլև այն նիշքերի, ծրագրերի կամ պանակների, որոնց անվանումներում կա pdf տառակապակցությունը։ Այս ցանկը ներկայացնում է միավորները նիշքերի/պանակների ուղու մատնանշմամբ։

Տերմինալում կարելի է նաև հայերեն տառեր գործածել, այնպես որ հայերեն անվանումով նիշքեր ևս կարող եք փնտրել locate հրամանով։

Տերմինալային հրամանների մասին թեման կշարունակենք լինուքսյան ծրագրային փաթեթների կառավարմանը ծանոթանալուց հետո։







Ըստ փաթեթային կառավարման (package managing)՝ լինուքսյան տարածված բաշխումները երկուսի են բաժանվում։ Մի մասը գործածում է dpkg (apt  գործիքով) կոչվող կառավարումը, մյուսը՝ rpm (yum գործիքով)։ dpkg-ն սկզբնապես Debian բաշխման կառավարումն է եղել, իսկ rpm-ը՝ Red Hat-ի։ Dpkg փաթեթային կառավարումն ունեն Debian-ից ծագած Ուբունտուն, սրանից էլ ծագած բազմաթիվ այլ բաշխումներ, իսկ rpm կառավարումը՝ Red Hat-ից ծագածները՝ Fedora, Arch, OpenSuse և այլն։ Կախված նրանից, թե ինչ փաթեթային կառավարմամբ բաշխում եք գործածում՝ ծրագրերի հետ աշխատանքի հրամանների ձևերը տերմինալում տարբեր կլինեն։ Քանի որ մենք արդեն գրել ենք, որ ներկայացնում ենք հիմնականում Ուբունտու բաշխումը, ապա ծրագրերին առնչվող հրամանները կներկայացնեն apt գործիքով կառավարումը։

Ուրեմն այսպես։

Ծրագրի տեղակայում և Synaptic

Ծրագիր կարող եք տեղակայել թե՛ Ձեր բաշխման տրամադրած ծրագրային կենտրոնի՝ Software Center (օրինակ՝ Ubuntu Software Center)-ի միջոցով, թե՛ Synaptic կոչվող ծրագրային կառավարման գործիքի, թե՛ տերմինալի միջոցով։ Վերջին դեպքում տերմինալում գրում ենք՝

sudo apt-get install ծրագրային փաթեթի անունը
Օրինակ՝
sudo apt-get install firefox

Այս հրամանից, ինչպես նաև sudo-ով սկսվող որևէ հրամանից հետո Ձեզանից պահանջվելու է լրացնել Ձեր հիմնական գաղտնաբառը, որով Դուք մուտք եք գործում համակարգիչ։ Լինուքսի ապահովության երաշխիքներից մեկն էլ հենց այն է, որ որևէ ծրագիր տեղակայել, ջնջել, համակարգային նիշքեր փոփոխել չի կարող ոչ ոք, եթե չունի ադմինիստրատորական իրավունքներ, այսինքն՝ չգիտի տեղակայված համակարգի ադմինիստրատորի գաղտնաբառը։ Տվյալ դեպքում, եթե համակարգիչը Ձերն է, բաշխումը տեղակայվել է Ձեզ համար և գաղտնաբառով Դուք եք մուտք գործում համակարգ, ապա նրա ադմինիստրատորը Դուք եք և միայն Դուք կարող եք ծրագիր տեղակայել, ջնջել, փոփոխել և համակարգային նիշքերի հետ գործողություններ կատարել Ձեր համակարգչում։

Ծրագրային փաթեթի անունը, որը Դուք պետք է գրեք տերմինալով տեղակայում կամ ծրագրերի հետ կապված այլ գործողություններ կատարելու համար, պետք է տարբերել տվյալ ծրագրի տարածված կամ ընտրացանկում երևացող անունից։ Այս երկուսը կարող են տարբերվել։ Եվ եթե Դուք սխալ անուն գրեք տերմինալում, Ձեր ուզած ծրագիրը չի տեղակայվի։ Իսկ ինչպե՞ս իմանաք ծրագրային փաթեթների անունները։ Խորհուրդ ենք տալիս Ձեր բաշխման տրամադրած ծրագրակենտրոնից (software center), օրինակ՝ Ubuntu Software Center-ից, կամ տերմինալի միջոցով, տեղակայել ծրագրերի կառավարման համար նախատեսված Synaptic (Synaptic package manager) կոչվող ծրագիրը, եթե, իհարկե, այն արդեն տեղակայված չէ Ձեր համակարգչում։ Synaptic-ը ծրագրերը ներկայացնում է հենց ծրագրային փաթեթների անուններով։ Այնպես որ եթե Դուք չգիտեք, թե որ ծրագրի փաթեթի անունն ինչ է, այն փնտրեք Synaptic-ում։ Synaptic-ն ունենալու դեպքում Դուք ծրագրերի մեծ մասը հենց նրանով էլ կարող եք տեղակայել, ջնջել, թարմացնել՝ առանց դիմելու տերմինալի օգնությանը։

Դուք կարող եք Synaptic-ը տեղակայել նաև հենց տերմինալով՝ գրելով՝
sudo apt-get install synaptic



Եթե Դուք որևէ ծրագիր տեղակայում եք տերմինալով՝ գործածելով վերոնշյալ հրամանը, և այդ ծրագիրը չի գտնվում, կամ ծրագրային փաթեթի անունն եք սխալ գրել, կամ էլ, ամենայն հավանականությամբ, այդ ծրագիրը ներառված չէ Ձեր համակարգչին հասանելի ծրագրերի մեջ։ Դուք կարող եք սա ստուգել Synaptic-ում. գրեք Ձեզ անհրաժեշտ փաթեթի անունն այնտեղ՝ փնտրման տողում, և տեսեք՝ արդյո՞ք այն կա։ Որովհետև Դուք վերևի հրամանով կարող եք տեղակայել այն ծրագրերը միայն, որոնք գտնվում են Synaptic-ում ներկայացված ծրագրացանկում։ Դրանցում չներառված ծրագրերը տեղակայելու համար Դուք պետք է Ձեր համակարգչին հասանելի ծրագրապահոցներին (repositories), որոնց պարունակությունն էլ ցուցադրում և դրանցից օգտվում է Synaptic-ը, ավելացնեք ծրագրապահոցների հավելյալ հասցեներ։ Սովորաբար, եթե Դուք Ձեզ հետաքրքրող մի նոր ծրագրի մասին իմանում եք համացանցային ինչ-որ կայքում, և այդ ծրագիրը ներկայացված չէ տարածված բաշխումների ծրագրապահոցներում, ապա այդ կայքը Ձեզ կտրամադրի այն ծրագրապահոցի հասցեն, որը Ձեզ պետք է Ձեզ հետաքրքրած նոր ծրագիրը տեղակայելու համար։ Այդ կայքը Ձեզ կտրամադրի բոլոր անհրաժեշտ հրամանները, որոնք Դուք պետք է գրեք տերմինալում՝ այդ ծրագիրն ունեցող ծրագրապահոցն ավելացնելու և ծրագիրը տեղակայելու համար։

Եթե ուզում եք տեսնել, թե ինչ ծրագրապահոցներից է օգտվում Ձեր համակարգիչը, Synaptic-ում նայեք ընտրացանկի Settings/Repositories բաժնում։ Կարող եք այդ ծրագրապահոցները տեսնել նաև Ձեր համակարգի թարմացման կառավարման (Update Manager) միջոցով ևս (այստեղ նույնպես նայել Settings-ում)։ Այստեղ ևս տրվում է այն ծրագրապահոցների ցանկը, որից օգտվում է Ձեր համակարգիչը, քանի որ թարմացման ծառայությունը Ձեր համակարգում առկա ծրագրերը թարմացնելու համար պետք է օգտվի այդ ծրագրապահոցներից։


Ծրագրի ջնջում


Որևէ ծրագիր ջնջել կարող եք թե՛ Synaptic-ի միջից, թե՛ Software Center-ի, եթե այնտեղ գտնում եք այն։ Իսկ եթե ուզում եք տերմինալով ջնջել, ապա գրեք՝

sudo apt-get remove ծրագրային փաթեթի անունը

Ցանկալի է դրանից հետո նաև տալ purge հրամանը, եթե Դուք ուզում եք, որ այդ ծրագրի կոնֆիգուրացիոն նիշքերն էլ ջնջվեն։

sudo apt-get purge ծրագրային փաթեթի անունը

Քանի որ շատուշատ ծրագրակազմերի տեղակայման ժամանակ նաև տեղակայվում են այդ ծրագրերին անհրաժեշտ հավելյալ ծրագրային փաթեթներ, ապա երբ Դուք ջնջում եք հիմնական ծրագիրը, հնարավոր է, որ նրան անհրաժեշտ ծրագրային բոլոր փաթեթները, որ տեղակայվել էին նրա հետ և որոնք ուրիշ ծրագրերի համար պետք չեն, չջնջվեն և մնան համակարգչում։ Որպեսզի ազատվեք նաև ոչ անհրաժեշտ մնացորդային փաթեթներից, տերմինալում գրեք՝

sudo apt-get autoremove

Դարձյալ, Դուք կարող եք այս դեպքում էլ չօգտվել տերմինալից, եթե ունեք Synaptic-ը։ Ծրագիրը ջնջելուց հետո նայեք-տեսեք՝ արդյո՞ք Synaptic-ի ձախակողմյան ընտրացանկում ավելացել է autoremovable ծրագրափաթեթների նախընտրանքը։ Եթե այո՛, ջնջե՛ք այդ նախընտրանքի ներկայացրած ցանկի բոլոր միավորները։ Synaptic-ի ձախ ընտրացանկում ստուգեք նաև, թե կա՞ Not installed (residual config) նախընտրանքը։ Եթե այո՛, դրա ներկայացրած ցանկի բոլոր միավորները նո՛ւյնպես ջնջեք։ Այսպիսով՝ Դուք Ձեր համակարգիչը կմաքրեք ավելորդ և ոչ անհրաժեշտ փաթեթներից կամ դրանցից մնացած աղբից։

Համակարգիչը ծրագրերի տեղակայումից հետո մնացած այլ ավելորդ նիշքերից մաքուր պահելու համար Synaptic-ի նախընտրանքներում կատարեք հետևյալ գործողությունը։ Սա միանգամյա գործողություն է. ամեն անգամ այն կատարելու կարիք չունեք։ Լավ կլինի, որ հենց Synaptic-ը տեղակայեք Ձեր համակարգչում, հետո կատարեք հետևյալը.

Գնացեք Settings - Preferences - Files

Ընտրեք՝ Delete downloaded packages after installation

Սեղմեք հետևյալ կոճակը՝ Delete cached package files

Ծրագրային թափոններից ազատվելու համար երբեմն գործածեք նաև հետևյալ հրամանը՝
sudo apt-get clean
Սա մաքրում է ծրագրերի այսպես կոչված «քեշը»` հիշապահեստը։


Ծրագրի թարմացում


Սովորաբար ծրագրերի թարմացումները գալիս են թարմացման ծառայության միջոցով (Update manager)։ Որոշ ծրագրեր միշտ ավելի ճիշտ է տեղակայել այն տարբերակով, որը Ձեզ տրամադրում է Ձեր բաշխման ծրագրակենտրոնը։ Սրա պատճառն այն է, որ, հնարավոր է, Ձեր ցանկացած թարմ տարբերակն այնքան էլ լավ չգործի Ձեր համակարգչում։

Այնուամենայնիվ, եթե Դուք անձամբ եք ցանկանում որևէ ծրագրի թարմ տարբերակը տեղակայել, ապա, եթե այդ թարմացումը .deb ընդլայնմամբ նիշքի տեսքով ներբեռնել եք համացանցից կամ տերմինալային հրամանների միջոցով է Ձեզ առաջարկվում տեղակայել որևէ ծրագիր, ապա հին տարբերակը ջնջելու կարիք չկա (եթե հատուկ չի նշվում դրա մասին)։ Պարզապես կտտացրեք .deb նիշքի վրա, և կբացվի Ձեր ծրագրակենտրոնը, որն էլ կառաջարկի Ձեզ ծրագիրը թարմացնել։ Եթե կտտացումով չբացվի ինչ-որ պատճառով, սեղմեք մկնիկի աջ կողմին և ընտրեք Open with Ubuntu Software Center (կամ այն ծրագրակենտրոնի անունը, որը լռելյայն գործածում է Ձեր համակարգը)։
* .deb ընդլայնումն ունեն Դեբիանի և նրանից ծագած Ուբունտուի և այլ բաշխումների համար նախատեսված փաթեթները։ Այնպես որ համացանցում ծրագրերի փաթեթներ փնտրելիս ուշադրություն դարձրեք, որ ճիշտ ընդլայնմամբ փաթեթ ներբեռնեք։ rpm փաթեթային կառավարմամբ բաշխումների համար նախատեսված փաթեթներն ունեն .rpm ընդլայնումը։
** Որևէ ծրագիր թարմացնելու համար Դուք չեք կարող գործածել թարմացման տերմինալային հրամանը՝ sudo apt-get update, որովհետև այս հրամանով ոչ թե կոնկրետ ծրագիր կարելի է թարմացնել, այլ Ձեր համակարգչին հասանելի ծրագրապահոցների տվյալները։ Թարմացման այս հրամանը սովորաբար գործածում ենք տերմինալով որևէ նոր բան տեղակայելիս կամ մի նոր ծրագրապահոց ավելացնելիս, որպեսզի մեր համակարգչի ծրագրապահոցներում առկա տվյալները թարմացվեն։ Օրինակ՝ եթե Դուք ուզում եք Ձեր Ուբունտու բաշխման մեջ տեղակայել մեր շատ սիրելի ;) FocusWriter ծրագիրը և ունենալ միշտ նրա թարմ տարբերակները, ապա, համաձայն ծրագիրը տրամադրող կայքի, հրամանաշարքը կլինի հետևյալը՝
sudo apt-add-repository ppa:gottcode/gcppa
sudo apt-get update
sudo apt-get install focuswriter


Առաջին տողում «հրամայում» ենք, որ FocusWriter-ի աղբյուր ծրագրապահոցը ավելանա մեր համակարգչում առկա ծրագրապահոցներին։ Երկրորդ հրամանով թարմացնում ենք մեր համակարգչին հասանելի բոլոր ծրագրապահոցների տվյալները։ Իսկ երրորդ հրամանով արդեն տեղակայում կամ թարմացնում ենք ծրագիրը։

Որևէ ծրագիր թարմացնելու համար պետք չէ նաև sudo apt-get upgrade հրամանը գործածել, որովհետև սա ոչ թե մեկ, այլ բոլոր փաթեթների թարմացման համար է։





Նիշքակառավարիչներ և նիշքերի որոնում

Նիշքակառավարիչով (file manager) ենք «կառավարում» մեր համակարգչում առկա նիշքերը, այսինքն՝ տեսնում դրանք, տեղափոխում, ջնջում, պատճենում, ստեղծում կառավարիչում նոր պանակներ և այլն, և այլն։ Եթե գործածում եք Ուբունտու բաշխումը, ապա անշուշտ արդեն գիտեք Nautilus անունը։ Սա Ուբունտուում լռելյայն տեղակայված նիշքակառավարիչն է։ Սակայն Լինուքսի համար ստեղծված նիշքակառավարիչները շատ-շատ են և միևնույն բաշխման մեջ կարելի է գործածել մեկից ավելի նիշքակառավարիչներ։ Thunar, Marlin, Dolphin, Nemo, Pcman, Xfe, Krusader և այլն, և այլն. սրանք անուններն են նիշքակառավարիչների, որոնք այս կամ այն լինուքսյան բաշխման լռելյայն նիշքակառավարիչն են, սակայն կարող են գործածվել նաև այլ բաշխումներում։ Կարող եք տեղակայել, փորձել և ընտրություն կատարել։ Իմ փորձած նիշքակառավարիչների մեջ ամենահաջողը հենց Nautilus-ն է։ Նրան բավականին նման է Nemo-ն։ Ես երբեմն գործածում եմ ևս մեկ նիշքակառավարիչ՝ ո՛չ այնքան տարածված. կոչվում է Marlin։ Այս վերջինը միայն մեկ առավելություն ունի նշածս մյուս կառավարիչների հանդեպ. Marlin-ը թույլ է տալիս նիշքերին տարբեր գունավորում տալ՝ գունապիտակ կցել։ Կանգնում ենք նիշքի վրա, սեղմում մկնիկի աջ կոճակը և ընտրացանկից ընտրում անհրաժեշտ գույնը։ Բայց մնացած առումներով Marlin-ը զիջում է նիշքային կառավարիչների մեծ մասին, քանի որ նրա գործառույթները սակավաթիվ են։

Եթե կարդում եք այս հոդվածը, կարծում ենք՝ արդեն գիտեք, թե ինչպես են նիշքեր ստեղծում, տեղափոխում, պատճենում նիշքակառավարչում։ Նոր բան չկա այստեղ։ Թերևս միակ տարբերությունը Լինուքսի և հանրածանոթ Ուինդոուսի նիշքակառավարիչների հիմնական գործողությունների միջև՝ բազմաթիվ նիշքեր միանգամից ընտրելու եղանակն է, որը Լինուքսում կատարվում է shift ստեղնի սեղմումով։ Ընտրվող բազմաթիվ նիշքերից առաջինի վրա կանգնելով՝ սեղմում եք shift ստեղնը և ապա եզրափակող՝ վերջին նիշքը։

Եթե գործածում եք Nautilus-ը կամ Nemo-ն, իմացե՛ք, որ երբ դրանցով նիշքեր եք փնտրում, ապա կարող եք փնտրման արդյունքները պահպանել (save)։ Կարող եք փնտրել նիշքերը թե՛ անվանումով, թե՛ նիշքի ընդլայնմամբ։ Վերջին դեպքում ընդլայնման անունը գրեք կետիկից հետո։ Ենթադրենք՝ փնտրել եք միայն .epub նիշքերը կամ այն նիշքերը, որոնց անվանման մեջ կա «դաս» տառակապակցությունը («դասագիրք», «դասարան», «անդաստիարակ» ևն)։ Նաուտիլուսը (կամ Նեմոն) բերել է փնտրման արդյունքները։ Ուզում եք այդ արդյունքները պահպանել հետագայի համար, որ ամեն անգամ չփնտրեք։ Նաուտիլուսի ընտրացանկից ընտրեք File -> Save Search As և դրեք այն անվանումը, որով ցանկանում եք փնտրման արդյունքը պահպանել, և ընտրեք պահպանման վայրը (պանակը)։

Նիշքեր որոնել կարելի է նաև տերմինալային հրամաններով։ Շատ արագագործ հրաման է locate-ը։ Կա նաև find հրամանը, սակայն այն ավելի դանդաղաշարժ է, ուստի ես հիմնականում օգտվում եմ locate-ից։ Այս հրամանը, ի տարբերություն Նաուտիլուսի, թույլ է տալիս միանգամից որոնել թե՛ home-ում, թե՛ համակարգային (System-ի) պանակներում։ Ինչպե՞ս ենք գործածում այս հրամանը։ Ամենադյուրին եղանակով, որ կարելի է պատկերացնել։ Պարզապես գրում ենք locate և ապա այն բառը, բառի մասը կամ ընդլայնումը, որը փնտրում ենք։ Շատ արագ բերվում են փնտրման արդյունքները։ locate-ով կարող եք փնտրել ոչ միայն լատինատառ անվանումներ, այլև հայատառ, ռուսատառ ևն։


Որոնում նիշքերի ներսում

Առանց նիշքերի մեջ հատ-հատ մտնելու՝ կարելի է որոնել նաև նրանց պարունակության մեջ։ Օրինակ՝ ենթադրենք՝ չեք հիշում, թե Ձեզ անհրաժեշտ տեքստը Ձեր բազմաթիվ նիշքերից որում է գտնվում։ Այդ տեքստից հիշեք բառ, որը վստահաբար առկա է նրանում, և փնտրեք այդ բառով։ Սա կատարելու համար, ըստ իս, ամենահարմար գործիքը Recoll կոչվող ծրագիրն է։ Այն փնտրում է զանազան ընդլայնումներով նիշքերում, նաև pdf-ներում, եթե, իհարկե, վերջիններս տեսածրված նկարներից չեն պատրաստված, այլ ունեն մեքենայի կողմից ճանաչվող նիշեր։ Այս ծրագիրն անգամ սեղմված (արխիվացված) նիշքերում է փնտրում։ Այն և շատ արագ է գործում, և փնտրում է զանազան լեզուներով, և որոնման արդյունքները ներկայացնում համացանցային փնտրող ծառայությունների, օրինակ՝ Գուգլի եղանակով, ինչը շատ հարմար է։ Միայն թե այս ծրագրից օգտվելիս, նրա արագագործությունը վայելելու համար, ցանկալի է նրա նախընտրանքներում (Preferences) նշել միայն այն պանակները, որոնց նիշքերո՛ւմ փնտրում պիտի կատարեք։ Կամ ընդհակառակն՝ նախընտրանքներում բացառեք այն պանակները, որոնցում փնտրում կատարել պետք չէ։ Սա կխնայի թե Ձեր, թե ծրագրի ժամանակը։ Օրինակ՝ եթե դուք էլ, ինչպես ես, ունեք բազմագիգաբայտանոց գրադարան-պանակ՝ հիմնականում pdf-ներով լեցուն, ապա այդ պանակի ցուցակավորումը (ինդեքսավորումը) Recoll-ի կողմից կարող է չափազանց երկար ժամանակ տևել և խիստ ծանրաբեռնել Ձեր համակարգչի աշխատանքը։ Այդ իսկ պատճառով ես այդ պանակը չեմ ներառել այս ծրագրի նախընտրանքներում։
Recoll-ի տվյալները միշտ թարմ պահելու համար անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ թարմացնել ցուցակավորումը Update index (ընտրացանկի File-ում) հրամանի օգնությամբ։ Յուրաքանչյուր այսպիսի թարմացում ընդամենը րոպեներ է տևում։

Մի բան է՛լ նկատի ունեցեք։ Հայերենով փնտրելիս այս ծրագիրը բառի Ձեր ներկայացրած ձևն է միայն գտնում. հայերենի դեպքում նա հոլով, խոնարհում և սրանց վերջավորությունները, ածանց-մածանց չի հասկանում։ Այնպես որ այս հանգամանքը նկատի ունեցեք հայերեն բառ ու արտահայտություն փնտրելիս։ Սա վերաբերում է միայն հայերենին։ Օրինակ՝ եթե անգլերեն light բառը գրեք, Recoll-ը փնտրման արդյունքներում կբերի ոչ միայն հենց այդ ձևը, այլև lightly, lighting և այլն։ Եթե ռուսերեն дом բառը գրեք, Recoll-ը փնտրման արդյունքներում կբերի նաև домов, доме և այլ ձևեր։ Իսկ հայերենի դեպքում այս ծրագիրը միայն այն ձևն է փնտրում, որը Դուք նրան հանձնարարում եք, որովհետև Recoll-ը հայերենի քերականությունը դեռ չի սովորել ։)

Տեքստային նիշքերի ներսում շատ արագ որոնում է կատարում նաև Kate տեքստային խմբագրիչը (այս հնարավորությունը Kate-ի հին տարբերակները չունեն)։ Այն ունի ոչ միայն Ձեր բացած տվյալ նիշքում փնտրելու հնարավորություն, այլև Ձեր նշած պանակ(ներ)ում առկա տեքստային նիշքերում։ Kate-ը փնտրում է .txt, .html, .dict, .po, .ctd (սա մեր սիրելի cherrytree ծրագրի ընդլայնումն է) և տեքստային այլ նիշքերում, օրինակ՝ համակարգային բազմապիսի նիշքերում, որոնք կարող են զանազան ընդլայնումներ ունենալ, բայց ստեղծված են պարզ տեքստային խմբագրիչներով (cherrytree ծրագիրը, թեև տեքստի ձևավորման շատ մեծ հնարավորություններ ունի, սակայն նույնպես պարզ տեքստային խմբագրիչ է՝ ի տարբերություն Libre Office-ի կամ սրա նման ծրագրերի)։ Kate-ը չի փնտրում .doc, .odt, .docx և տեքստային բազմագործառական խմբագրիչներին հատուկ այլ ընդլայնումներով նիշքերում։ Սրանցում որոնում կատարելու համար գործածեք Recoll-ը։


Տեքստային նիշքի ստեղծում քաշել-գցելու (drag and drop) միջոցով

Սա մի բան է, որի մասին, հնարավոր է, շատերը տեղյակ չլինեն։ Եթե Դուք գործածում եք լինուքսյան այնպիսի բաշխում, որը գնոմյան սեղանադիր ունի, կամ Nautilus և Nemo նիշքակառավարիչները, ապա կարող եք գործածել հետևյալ հնարքը։ Որևէ տեքստ որևէ ծրագրում կամ, ասենք, համացանցում, ընտրեք-մգացրեք և ապա մկնիկի օգնությամբ տեղաշարժելով պարզապես գցեք սեղանադրի (desktop) վրա կամ որևէ պանակի մեջ. կստեղծվի այդ տեքստը պարունակող նիշք՝ .txt ընդլայնմամբ։ Փորձե՛ք ու կտեսնեք, որ մի քանի գործողության փոխարեն այսպիսով կատարում եք ընդամենը երկու գործողություն։ Այսինքն՝ փոխարեն տեքստն ընտրելու, հետո այն պատճենելու, ապա նոր նիշք բացելու, նրանում փակցնելու գործողությունը կատարելու և վերջում պահպանման հրամանը տալու, Դուք ընդամենը ընտրում եք տեքստն ու այն գցում սեղանադրի վրա (կամ որևէ պանակի մեջ), իսկ մնացած գործողությունները կատարվում են մեքենաբար։ Այսպես մի րոպեի ընթացքում կարելի է ստեղծել բազմաթիվ նիշքեր։ Կարող եք փորձել այս հնարքը լինուքսյան տարբեր բաշխումներում, տարբեր սեղանադրային միջավայրներում և նիշքակառավարիչներում՝ ստուգելու, թե որում է այս հնարքը գործում, որում՝ ոչ։ Մենք չենք փորձել, ուստի այժմ բավարարվում ենք ասելով, որ այս հնարքը գործում է Ուբունտուում, Գնոմում և մեր նշած երկու նիշքակառավարիչներում (Nautilus և Nemo)։


Տերմինալում ուղի նշելու դյուրին տարբերակ

Քաշել-գցելու հնարքը գործում է նաև տերմինալում, եթե cd գրելուց հետո չեք ուզում երկար-բարակ մուտքագրում անել՝ Ձեզ անհրաժեշտ պանակի կամ նիշքի հասցեն նշելու համար, այլ այդ պանակը կամ նիշքը մկնիկով ընտրելով տանում-գցում եք cd-ից հետո։ Այդ ժամանակ այդ պանակի կամ նիշքի ուղին գրվում է մեքենաբար։