8/8/25

Մատենագիտական հղումների ուղեցույց

Այս ուղեցույցը դրել ենք «Լեզվաոճական ուղեցույցի» Ա մասում։ Բոլոր տեսակի դիտարկումները, լրացումները, վրիպակների կամ լեզվական այլ սխալների մասին նկատողությունները ողջունվում են (ուղարկել grahavak@email.com-ին)։


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

• Գիրք
• Հոդված
• Ժողովածու կամ անհեղինակ հրատարակություն
• Մատենաշարային հրատարակություն
• Անհայտ վայր, անհայտ թվական, անհայտ հրատարակիչ
• Այլ տվյալներ
• Գրքի բազմամաս վերնագիր
• Մատենագիտական հղումը ծանոթագրության մեջ
• Մատենագիտական հղմանն ուղեկցող պայմանական բառեր
• Համացանցային հղում
• Ձեռագրեր, արխիվային նյութեր


Այստեղ ներկայացվող մատենագիտական հղումները չեն վերաբերում գրադարանային ոլորտին, որում մատենագիտական աղբյուրները կարող են այլ սկզբունքներով ներկայացվել։ Այստեղ խոսում ենք միայն գրքի (հոդվածի ևն) ծանոթագրություններում ու գրականության ցանկում ներկայացվող մատենագիտական հղումների մասին։

Մատենագիտական հղումներ կազմելու հատուկ ստանդարտ հաստատված չէ հայերեն հրատարակությունների համար։ Հետևաբար, տարբեր հեղինակներ ու հրատարակիչներ որոշ տարբերություններով են դրանք կազմում։ Տարածված ավանդական ձևը, երբ ներկայացվում է հեղինակ ունեցող գիրք, հետևյալն է։

  • Սկզբում ներկայացվում է հեղինակի անունը, ապա՝ գրքինը (առանց չակերտների), հետո՝ հրատարակության վայրը, հրատարակիչը և ապա հրատարակման թվականը։ Եթե այդ հրատարակությունից որոշ էջ կամ էջեր է պետք նշել, դա էլ արվում է ամենավերջում։

  • Բոլոր տվյալներն իրարից զատվում են ստորակետերով։

Սա հայ գրականության մեջ ընդունված ամենատարածված ձևն է, որը չի պահանջում որոշ տվյալների հատուկ ձևավորում (թավատառ, շեղատառ, միայն մեծատառեր ևն)։ Սակայն հեղինակի անունը վաղուց սովորություն կա որևէ ձևով ընդգծելու, օրինակ՝ թավատառ ներկայացնելու (թեև սա պարտադիր չէ), ուստի ներքևում բերված օրինակներում հեղինակի անունը տրված է թավատառ։ Հեղինակի անունը մինչևս վերջերս ընդգծվում էր նաև անվան տառերի միջև բացատներ թողնելու միջոցով (օրինակ՝ Ա ճ ա ռ յ ա ն)․ սակայն այս կիրառույթն այժմ կարծես թե խափանվել է։

Հատկապես վերջին ժամանակներում տարբեր հրատարակիչներ, հատկապես գիտական հանդեսներ, տարբեր սկզբունքներ են կիրառում մատենագիտական հղումներ ներկայացնելիս։ Հատկապես շատ են տեղ տալիս տեքստային ձևավորմանը։ Տեքստային ձևավորում ասելով նկատի ունենք տեքստի ներկայացումը տարբեր տառաձևերով (շեղատառ, թավատառ, միայն մեծատառեր ևն)։ Ընդ որում ամեն մեկը կիրառում է մյուսների կիրառածից տարբերվող սեփական սկզբունքներ։ Երբեմն թավատառի փոխարեն ամբողջությամբ մեծատառերով են ներկայացնում հեղինակի անունը։ Երբեմն պարբերականների անուններն են ամբողջությամբ մեծատառերով ներկայացնում։ Երբեմն գրքի կամ պարբերականի անունը շեղատառ են ներկայացնում, ինչպես ընդունված է անգլերենում։ Երբեմն ոչ միայն գրքի վերնագիրը, այլև տպագրության վայրն ու թվականն են շեղատառ ներկայացնում։ Երբեմն միայն անհեղինակ հրատարակության վերնագիրն են շեղատառ ներկայացնում, իսկ հեղինակ ունեցողինը՝ ուղղատառ։ Երբեմն, օտարալեզու հրատարակություններում ընդունված սկզբունքների համաձայն, նաև կառուցվածքային ձևափոխություններ են անում, օրինակ՝ հրատարակության թվականը բերում են անմիջապես հեղինակի անունից հետո և դնում փակագծերում, պարբերականների անուններից առաջ դնում են երկու թեք գիծ և այլն, և այլն։

Այսպիսի բոլոր տեքստային ձևավորումներն ու կառուցվածքային փոփոխությունները պարտադիր չեն և նորամուծություններ են, երբ խոսքը վերաբերում է հայերեն գրականության մեջ հայագիր մատենագիտական հղումների ներկայացմանը։ Եվ քանի որ տարբեր հրատարակիչներ և գիտական հանդեսներ տարբեր սկզբունքներ են կիրառում, հայագիր գրականության մեջ մատենագիտական հղումների ներկայացման խառնիճաղանջ պատկեր է ստեղծվում։

Անգլերեն և ռուսերեն (կամ մեկ այլ լեզվով) մատենագիտական հղումները հայերեն գրքում կամ հոդվածում կարող են հետևել այդ լեզուներում ընդունված պայմանականություններին, որոնց այստեղ չենք անդրադառնում, կամ էլ կազմվել հայերեն հրատարակությունների մատենագիտական հղումների սկզբունքներով։

Մատենագիտական հղումների՝ ներքևում բերված ձևերը հիմնականում հայ գրականության մեջ ամենատարածված և, կարելի է ասել, «ավանդական» տարբերակներն են։ Տողերիս հեղինակը դրանք նախընտրում է մնացած՝ ներկայումս կիրառվող զանազան ձևերից, որովհետև համոզվել է, որ այս ավանդական ձևերն ամենապարզն ու հասկանալին են, եթե ճիշտ են կազմվում, և հավելյալ տարբեր տեքստային ձևավորում չպահանջելու պատճառով ամենահարմարն են։ Դրանք հարմար են նաև խմբագիրների և սրբագրիչների աշխատանքի համար, քանի որ վերջիններս ստիպված չեն տեխնիկական ավելորդ մանրուքների վրա ժամանակ կորցնելու։ Որևէ տեքստային ձևավորում ավելորդ է, եթե առանց դրա նույնպես հստակ հասկացվում է, թե խոսքն ինչի մասին է։

Որևէ գիտական հանդեսի կամ հրատարակչի համար հոդված կամ գիրք գրող հեղինակը մատենագիտական հղումներ կազմելիս անշուշտ պիտի հետևի այդ հանդեսի կամ հրատարակչի պահանջած սկզբունքներին, որոնք կարող են տարբերվել ներքևում մեր ներկայացրածից։


Գիրք

Հեղինակի ամբողջական անունը կարող է գրվել թե՛ անուն-ազգանուն դասավորությամբ (ամենատարածվածը մեզանում), թե՛ ազգանուն-անուն, թե՛ անվան (և հայրանվան, եթե նշված է) սկզբնատառով և ամբողջական ազգանունով, եթե այդպես գրված է հրատարակության տիտղոսաթերթին։ Սակայն եթե ներկայացվում է գրականության ցանկ, որը սովորաբար այբբենական դասավորությամբ է, ապա ավելի տրամաբանական է ազգանուն-անուն ձևաչափը։ Այդ պատճառով էլ մենք ներքևում բերված օրինակներում այդ ձևաչափով ենք ներկայացնում հեղինակի ամբողջական անունը։ Անվան և ազգանվան ինչպիսի դասավորություն էլ որ ընտրեք, պարզապես հետևողական եղեք, որ ամբողջ գրքում մատենագիտական հղումները նույն սկզբունքով կազմեք։

Ի տարբերություն անգլերեն գրականության մեջ ընդունված պայմանականություններին՝ հայերեն գրականության մեջ գրականության ցանկում և ծանոթագրության մեջ ամբողջական մատենագիտական հղման ներկայացման ձևը նույնն է։

Զաքարյան Հովհաննես, Կետադրական բառարան (ուսումնական տեղեկատու), երկրորդ՝ լրամշակված հրատարակություն, Երևան, «Զանգակ» հրատ., 2013։

Հաճախ հրատարակիչը չի նշվում.

Զաքարյան Հովհաննես, Կետադրական բառարան (ուսումնական տեղեկատու), երկրորդ՝ լրամշակված հրատարակություն, Երևան, 2013։

Ավետիսյան Յու., Զաքարյան Հ., Հայոց լեզու. ձևաբանություն, Երևան, 2008։

Երբ գրքի հեղինակները շատ են (երկուսից ավելի), երբեմն գրվում է միայն առաջին հեղինակի անունը և ապա՝ և այլք։ Սակայն գրականության ցանկում ցանկալի է նշել բոլոր հեղինակների անունները։

Եթե գրքի հեղինակի անունն ու գրքի բուն վերնագիրը միազանգված կազմություն ունեն, որտեղ հեղինակի անունը սեռական հոլովով է (հատկապես նախորդ դարերի գրաբարյան հրատարակություններում սա տարածված էր), ապա հենց սեռական հոլովաձևով էլ կգրվի հեղինակի անունը գրքի անվան հետ։

Տեառն Յովհաննու Մանդակունւոյ Հայոց հայրապետի ճառք, Վենետիկ, 1860։

Երբեմն այսպիսի հրատարակությունները ներկայացնում են հեղինակի անունն առանձնացնելով․

Յովհան Մանդակունի, Ճառք, Վենետիկ, 1860։

Հրատարակության թվականից հետո երբեմն նաև թ. համառոտագրությունն են ավելացնում (օր.՝ 2008 թ.)։ Սակայն, կարծում ենք, նախընտրելի է առանց այդ համառոտագրության տարբերակը։ Դարձյալ՝ ինչ ընտրություն էլ որ կատարեք (որոնցից ոչ մեկն էլ սխալ չէ), պարզապես հետևողական եղեք, որ ամբողջ գրքում նույն սկզբունքով կազմեք մատենագիտական հղումները։

Սա վերաբերում է նաև վայրի անվան գրության կերպին․ երբեմն վայրի անունը, հատկապես Երևան-ը, ներկայացնում են կրճատ՝ Եր. կամ Ե.։ Մենք նախընտրելի ենք համարում ամբողջական գրությունը, բայց եթե համառոտագրությունն եք նախընտրում, պարզապես ուշադիր եղեք, որ ամենուր նույն ձևը գործածեք։


Հոդված

Աճառեան Հ. Յ., Հայերէնի բնաձայն եւ կրկնաւոր բառերը (630 բառի քննութիւն), «Հանդէս ամսօրեայ», Վիեննա, 1899, հմ. 7, էջ 202-207։

Պարբերականի հատորի թվից առաջ կարող է գրվել թե՛ հմ. (այսինքն՝ համար), թե՛ թ. (այսինքն՝ թիվ), թե՛ ։ Որն էլ ընտրեք, սխալ չէ։ Բայց մենք նախընտրելի ենք համարում ընդհանրապես ոչ մի համառոտագրություն կամ նշան չդնել և հատորի համարի թիվը գրել տարեթվին հաջորդող թեք գծից անմիջապես հետո։

Աճառեան Հ. Յ., Հայերէնի բնաձայն եւ կրկնաւոր բառերը (630 բառի քննութիւն), «Հանդէս ամսօրեայ», Վիեննա, 1899/7, էջ 202-207։

Ինչպես նկատեցիք, պարբերականի անունը դրվում է չակերտների մեջ։

«Հանդէս ամսօրեայ», Վիեննա, 1899/7։

«Լեզու և լեզվաբանություն», Երևան, 2008/2։

Եթե պարբերականը օրաթերթ է, անհրաժեշտ համարի կողքին սովորաբար նշվում է օրը ևս, օրինակ՝ 1991/5, հունվարի 6։

Երբեմն պարբերականի անունը ծանոթագրության մեջ ներկայացվում է հապավման տեսքով, և այս դեպքում չակերտներ չեն դրվում։ Այս դեպքում պարբերականի հրատարակության վայրն էլ սովորաբար չի նշվում, քանի որ ենթադրվում է, որ եթե ընթերցողը գիտի, թե հապավումն ինչ է նշանակում, գիտի նաև այդ պարբերականի հրատարակության վայրը։ Ուստի այսպիսի հապավումներ գործածող գրքի կա՛մ նախաբանի մի բաժնում, կա՛մ վերջում՝ գրականության ցանկում, ցանկալի է որևէ ձևով ներկայացնել գրքում գործածված հապավումները, որպեսզի ոչ քաջատեղյակ ընթերցողն իմանա, թե դրանք ինչ են նշանակում։

Աճառյանի՝ «Հանդէս ամսօրեայ»-ում հրատարակված վերոբերյալ հոդվածի տվյալները կարող ենք ներկայացնել նաև այսպես.

Աճառեան Հ. Յ., Հայերէնի բնաձայն եւ կրկնաւոր բառերը (630 բառի քննութիւն), ՀԱ, 1899/7, էջ 202-207։

Այսպես նաև՝ ՊԲՀ (այսինքն՝ «Պատմաբանասիրական հանդես»), ԲԵՀ («Բանբեր Երևանի համալսարանի») և այլն։

Վերջին շրջանում որոշ հրատարակիչներ պարբերականները ներկայացնում են առանց չակերտների և շեղատառ, ինչպես ընդունված է անգլերեն հրատարակություններում, որոշ հրատարակիչներ էլ՝ առանց չակերտների և/կամ շեղատառ՝ երկու թեք գծերից հետո (//), ինչպես ընդունված է ռուսերենում։ Սրանք բոլորը նորամուծություններ են, որոնք կախված են հրատարակչի նախընտրությունից։ Սակայն, ինչպես վերևում գրել ենք, մենք նախընտրում ենք հավելյալ տեքստային ձևավորում չպահանջող ավանդական ձևերը։


Ժողովածու կամ անհեղինակ հրատարակություն

Բազմահեղինակ ժողովածուն (որի տիտղոսաթերթին որևէ հեղինակի անուն նշված չէ) կառուցվածքով նման է պարբերականի, այսինքն՝ այն հավաքածու է տարբեր հեղինակների երկերի։ Ուստի եթե հղվում է ժողովածուի որևէ միավոր (հոդված, պատմվածք, բանաստեղծություն ևն), ապա այն կներկայացվի այնպես, ինչպես որևէ պարբերականում հրատարակված հեղինակային երկը՝հեղինակի անուն, գործի անուն, ժողովածուի անունը՝ չակերտների մեջ, վայր, թվական։

Արփիարյան Արփիար, Սրտի յաղթանակը, «Պատմուածքներու ժողովածու (արեւմտահայ գրողներ)», Պէյրութ, 1938, էջ 16-25։

Սակայն եթե հղման մեջ միայն ամբողջական ժողովածուի տվյալներն են տրվում՝ առանց առանձին հեղինակի կամ նրա գործի հիշատակման, ապա վերոբերյալ հղումը կունենա հետևյալ տեսքը.

Պատմուածքներու ժողովածու (արեւմտահայ գրողներ), Պէյրութ, 1938, էջ 16-25։

Պատմուածքներու ժողովածու (արեւմտահայ գրողներ), Պէյրութ, 1938։ [գրականության ցանկում]

Եթե անհեղինակ գործ է, օրենքների ու որոշումների ժողովածուի օրենքներից մեկը կամ մեկ հեղինակի գործերի (բանաստեղծությունների, պատմվածքների ևն) ժողովածուի մի ստեղծագործություն, ապա այս առանձին միավորները հաճախ ներկայացվում են հրատարակության ընդհանուր տվյալների ներկայացումից հետո և էջից առաջ՝ չակերտների մեջ։

Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. 1956-2006, Երևան, 2006, «1. Փողոցների և հրապարակների հայերեն անվանումների մասին», էջ 45։

Չարենց Եղիշե, Երկերի ժողովածու, հտ. 3, Երևան, 1964, «Ընկեր գյուղացի», էջ 225։

Վերոբերյալ ժողովածուների հիմնական տվյալները (առանց դրանց որևէ առանձին միավորի հիշատակման) ներկայացվում են ճիշտ նույն ձևով, պարզապես առանց տարեթվին հաջորդող տվյալների։

Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. 1956-2006, Երևան, 2006։

Չարենց Եղիշե, Երկերի ժողովածու, հտ. 3, Երևան, 1964։


Մատենաշարային հրատարակություն

Մատենագիտական հղման մեջ հաճախ մատենաշարային հրատարակության մատենաշարի անունն ու հատորը չեն նշվում։ Սակայն եթե դրանք նշվում են, կարող են դրվել կա՛մ գրքի բոլոր տվյալների վերջում՝ փակագծերում և առանց չակերտների, կա՛մ հրատարակության վայրից առաջ և այն նույն ձևաչափով, որով նշվում է ժողովածուն։

Ոսկեան Համազասպ, Կիլիկիայի վանքերը, Վիեննա, 1957 (Ազգային Մատենադարան, ՃՁԳ)։

Թովմա Արծրունի եւ Անանուն, Պատմութիւն տանն Արծրունեաց, «Մատենագիրք հայոց», հտ. ԺԱ, Անթիլիաս, 2010, էջ 287-392։

Վերևում քանիցս հիշված սկզբունքը սրան էլ է անշուշտ վերաբերում․ ներկայացման տարբերակներից որն էլ ընտրեք, միևնույն գրքում ամենուր նույնը կիրառեք։ Մենք նախընտրելի ենք համարում առաջին տարբերակը։


Անհայտ վայր, անհայտ թվական, անհայտ հրատարակիչ

Եթե որևէ գրքի տիտղոսաթերթին հրատարակության վայրը, թվականը կամ հրատարակիչը նշված չէ, կամ էլ հրատարակությունը եզակի է, իսկ տիտղոսաթերթը չկա կամ վնասված ու անընթեռնելի է, ապա այդ հրատարակության ամբողջական տվյալների մեջ անհայտ վայրը, անհայտ թվականը և (եթե անհրաժեշտ է) անհայտ հրատարակիչը ներկայացվում են հետևյալ համառոտագրություններով.

ա.տ. — անհայտ տեղ

ա.թ. — անհայտ թվական

ա.հ. — անհայտ հրատարակիչ

Երբեմն այս համառոտագրությունները դրվում են ուղիղ փակագծերի մեջ, օրինակ՝ [ա.թ.]։

Ինչպես վերոբերյալ օրինակներից արդեն հասկանալի է, անհեղինակ գրքի կամ հոդվածի հեղինակի մասը պարզապես բաց է թողնվում․ որևէ կերպ դա նշելու կարիք չկա։ Եթե հեղինակ նշված չէ, ուրեմն գիրքը կամ հոդվածը հեղինակ չունի (հեղինակ նշված չէ գրքի տիտղոսաթերթին, հոդվածին չի ուղեկցում որևէ հեղինակի անուն՝ հոդվածի վերևում կամ տակը)։

Անաստվածների միության առաջին համագումարը, «Խորհրդային Հայաստան», Երևան, 1928/254, նոյեմբերի 1, էջ 2։


Այլ տվյալներ

Հրատարակությունը կարող է հեղինակից բացի ունենալ նաև կազմող, աշխատասիրող, խմբագիր կամ թարգմանիչ, որոնց անունները հատուկ նշված են տիտղոսաթերթին (և ոչ թե գրքի վերջում կամ մեկ այլ տեղ ներկայացված աշխատասիրողների շարքում)։ Գրքի կազմողը, աշխատասիրողը ևն հաճախ նույնպես նշվում են հրատարակության մատենագիտական հղումներում։ Օրինակ՝ եթե կա մի երկի՝ մեկից ավելի թարգմանություն, կարող է կարևոր լինել թարգմանչի հիշատակումը՝ զանազանելու համար նույն երկի տվյալ թարգմանությունը մեկ այլ թարգմանությունից։ Կամ գուցե մեկը կամենում է հնարավորինս ամբողջական տվյալներ հաղորդել որևէ հրատարակության վերաբերյալ՝ հիմնվելով տիտղոսաթերթի տվյալների վրա։ Այսպիսի հավելյալ տվյալները կարող են նշվել ներքոբերյալ ձևերով։

[Հեղինակ], գրքի վերնագիր, կազմող՝ Այսինչ Այսինչյան [կամ Այսինչյան Այսինչ], Վայր, թվական։

[Հեղինակ], գրքի վերնագիր, կազմեց և ծանոթագրեց՝ Այսինչ Այսինչյան, Վայր, թվական։

[Հեղինակ], գրքի վերնագիր, թարգմանությունը և ծանոթագրությունները՝ Այսինչ Այսինչյանի, Վայր, թվական։

[Հեղինակ], գրքի վերնագիր, թարգմանեց և ծանոթագրեց՝ Այսինչ Այսինչյան, Վայր, թվական։

[Հեղինակ], գրքի վերնագիր, աշխատասիրությամբ՝ Այսինչ Այսինչյանի, Վայր, թվական։

[Հեղինակ], գրքի վերնագիր, աշխատասիրեց՝ Այսինչ Այսինչյան, Վայր, թվական։

[Հեղինակ], գրքի վերնագիր, հրատարակության պատրաստեց՝ Այսինչ Այսինչյան, Վայր, թվական։

Հավելյալ բառերը՝ աշխատասիրությամբ, հրատարակության պատրաստեց, թարգմանությունը և այլն, կարող են նաև համառոտագրվել՝ աշխ., հրատ. պատր., թրգմ. և այլն։ Այսպիսի համառոտագրությունների որևէ կայուն ձևաչափ չկա։

Գրքի հատորը կամ մասը, տպագրությունը (Բ հրատարակություն/տպագրություն, Գ հրատարակություն ևն), լուսատիպ հրատարակություն լինելը ևն նշվում են գրքի վերնագրից անմիջապես հետո՝ վայրից առաջ։

Աճառյան Հրաչյա, Հայոց լեզվի պատմություն, մաս 2, Երևան, 1951։

Աճառյան Հրաչյա, Հայոց լեզվի պատմություն, հտ. 2, Երևան, 1951։

Կնիք հաւատոյ ընդհանուր սուրբ եկեղեցւոյ (լուսատիպ վերհրատարակություն), Անթիլիաս, 1998։

Հատոր-ը ոմանք համառոտում են իբրև հտ., ոմանք էլ՝ հ. (հ.1, հ. 2), հոգնակին՝ հհ. (հհ. Ա-Ե)։

Եթե հղում է տրվում որևէ աղբյուրում եղած ծանոթագրության, ապա ծանոթագրության թիվը նշվում է էջից հետո ծնթ. համառոտագրությամբ․ օրինակ՝ էջ 5, ծնթ. 2։


Գրքի բազմամաս վերնագիր

Գրքի ամբողջական վերնագիրը կարող է մի քանի միավորից կազմված լինել, որոնք մատենագիտական հղման մեջ ինչ-որ ձևով պիտի զատվեն միմյանցից։ Հայ գրականության մեջ սա անելու ամենատարածված ձևերը, որոնք նաև կարելի է տեսնել լեզվաբանների աշխատություններում, վերնագիրն ու ենթավերնագիրը միմյանցից միջակետով զատելն է, իսկ նկարագրական վերնագիրը՝ փակագծերի մեջ դնելը՝ անմիջապես հիմնական վերնագրից հետո։ Վերևում մենք սրանց օրինակներ բերել ենք։

Երկմաս վերնագիր (հիմնական վերնագիր և ենթավերնագիր)

Ջահուկյան Գ., Հայոց լեզվի պատմություն. նախագրային ժամանակաշրջան, Երևան, 1987։

Ավետիսյան Յու., Զաքարյան Հ., Հայոց լեզու. ձևաբանություն, Երևան, 2008։

Նկարագրական վերնագիր

Զաքարյան Հովհաննես, Կետադրական բառարան (ուսումնական տեղեկատու), երկրորդ՝ լրամշակված հրատ., Երևան, 2013։

Ֆիլանյան Ֆ., Ֆալան-ֆիլան (ատենախոսություն բանասիրական գիտությունների թեկնածուի գիտ. աստիճանի հայցման համար), Երևան, 2024։


Մատենագիտական հղումը ծանոթագրության մեջ

Ծանոթագրության մեջ մատենագիտական հղումը ներկայացնելու հիմնական երկու ձև կա։

Ա. Եթե գիրքը (հոդվածը ևն) հանդիպում է առաջին անգամ, գրվում են դրա լրիվ տվյալները, իսկ հաջորդ ծանոթագրական հիշատակումներում գրվում են միայն հեղինակի անունը, գործի անունը և անհրաժեշտ էջը (այսինքն՝ բաց են թողնվում վայրի, հրատարակչի, պարբերականի, տարեթվի տվյալները), իսկ երկար վերնագրերն էլ կարող են կրճատվել։ Եթե հեղինակի միայն մեկ աշխատություն է նախորդիվ հիշատակվել, ապա աշխատության անունը նույնպես կարող են չգրել՝ այն փոխարինելով նշվ. աշխ. կամ նշ. աշխ. համառոտագրությամբ։ Վերջին տարբերակը հարմար է նրանով, որ կիրառելի է նաև արևմտահայերեն և դասական ուղղագրությամբ հրատարակություններում։

Աճառեան Հ.Յ., Հայերէնի բնաձայն եւ կրկնաւոր բառերը, էջ 205։

Աճառեան Հ.Յ., նշ. աշխ., էջ 205։

Երբեմն առաջին անգամ հղվող աղբյուրի լրիվ տվյալների կողքին՝ փակագծերում (այսուհետ-ից կամ հավասարման նշանից հետո), ավելացվում է այն կրճատ տարբերակը կամ հապավման վերածված վերնագիրը, որով այդուհետ ծանոթագրություններում նշանակվելու է նույն հրատարակությունը։

Աճառյան Հրաչյա, Հայոց լեզվի պատմություն, մաս Բ, Երևան, 1951 (այսուհետ՝ Աճառ. Բ)

Աճառյան Հրաչյա, Հայոց լեզվի պատմություն, մաս Բ, Երևան, 1951 (= Աճառ. Բ)

Աճառյան Հրաչյա, Հայոց լեզվի պատմություն, մաս Բ, Երևան, 1951 (այսուհետ՝ ՀԼՊ)

Աճառյան Հրաչյա, Հայոց լեզվի պատմություն, մաս Բ, Երևան, 1951 (= ՀԼՊ)

Բ. Եթե գրքի կամ հոդվածի վերջում տրվելու է օգտագործված գրականության ցանկ՝ աղբյուրների մանրամասն տվյալներով, ծանոթագրություններում կարելի է հենց առաջին հիշատակման ժամանակ աղբյուրը ներկայացնել կրճատ տարբերակով։ Օրինակ՝ եթե նույն հեղինակի այլ գործ (գիրք, հոդված ևն) չի գործածվել ու ներառված չէ գրականության ցանկում, միայն հեղինակի անունն ու նրա գործի անհրաժեշտ էջի նշումը բավական են, օրինակ՝ Աճառյան, էջ 205։ Իսկ եթե նույն հեղինակի մեկից ավելի գործեր են գործածվել, ապա հեղինակի անունից ու էջից բացի պիտի նշվի նաև գործի անունը, որը կարող է նաև կրճատված լինել, օրինակ՝ Աճառյան, Հայոց լեզվի պատմություն, մաս Ա, էջ 68։

Այսպիսի կրճատ ծանոթագրումները կարող են դրվել անմիջապես բուն տեքստում՝ անհրաժեշտ հատվածում՝ փակագծերի մեջ՝ (Աճառյան, էջ 205) (եթե գրքում Աճառյանից միայն մեկ գործ է հղվում) կամ (Աճառյան, Հայոց լեզվի պատմություն, Բ, էջ 68) (եթե գրքում Աճառյանի մեկից ավելի գործեր են հղվում)։

Երբեմն, հետևելով այլալեզու (հիմնականում անգլերեն) հրատարակություններում ընդունված պայմանականություններին, գրականության ցանկ ունեցող գրքերում կամ հոդվածներում աղբյուրները բուն տեքստում փակագծերի մեջ նշվում են հեղինակի անուն + էջ ձևաչափով։ Օրինակ՝ (Աճառյան 205)։ Եթե գրքում կամ հոդվածում հեղինակի մեկից ավելի գործեր են հղվում, ապա էջից առաջ տրվում է նաև հրատարակության թվականը. օրինակ՝ (Աճառյան 1899, 205)։ Այս նույն սկզբունքով, սակայն առանց փակագծերի, մատենագիտական հղումը կարող է ներկայացվել նաև տողատակի ծանոթագրության մեջ։


Մատենագիտական հղմանն ուղեկցող պայմանական բառեր

Եթե բուն տեքստում չակերտների մեջ ճշգրիտ մեջբերում է արվել մի որևէ գրքից, վերջինիս տվյալները ծանոթագրության մեջ նշվում են առանց հավելյալ ծանոթագրական բառի (այսինքն՝ առանց տես-ի, հմմտ.-ի և այլն)։

  • Տե՛ս/Տես

Եթե ոչ թե ճշգրիտ մեջբերում է արվել, այլ վերաշարադրանք, կամ պարզապես տեքստում խոսվում է մի բանի մասին, որին ավելի լավ կարելի է ծանոթանալ մի կոնկրետ աղբյուրից, ծանոթագրության մեջ այդ աղբյուրի տվյալներից առաջ գործածվում է Տե՛ս (շեշտը կարող է և բաց թողնվել, թեև ավելի տարածված է շեշտով տարբերակը) պայմանական բառը։ Կարող է գրված լինել նաև այսպես. Այս մասին տե՛ս....։

Տես Աճառյան Հ., Հայոց լեզվի պատմություն....

Այս մասին տես Աճառյան Հ., Հայոց լեզվի պատմություն....

  • Հմմտ.

Եթե տեքստում արտահայտված միտքը հեղինակն ուզում է համեմատել մի աղբյուրում եղած ինչ-որ հատվածի հետ, ապա Տես-ի փոխարեն գործածվում է Հմմտ. համառոտագրությունը (այսինքն՝ Համեմատիր

Հմմտ. ծանոթագրությունը գործածվում է նաև, երբ Աստվածաշնչից ոչ ճշգրիտ մեջբերումներ են կատարվում, բայց դրանք առնված են չակերտների մեջ։ Ճշգրիտ մեջբերումների դեպքում որևէ հավելյալ պայմանական բառի կարիք չկա։

Ճշգրիտ մեջբերում՝ Բ Կոր. Ա 5։

Ոչ ճշգրիտ մեջբերում՝ Հմմտ. Բ Կոր. Ա 5։

Եթե մեջբերման տվյալները ներկայացվում են բուն տեքստում՝ մեջբերումից անմիջապես հետո՝ փակագծերի մեջ, ապա հմմտ.-ն գրվում է փոքրատառով, օրինակ՝ (հմմտ. Բ Կոր. Ա 5)։

Աստվածաշնչյան գրքերից մեջբերումների տվյալները (աստվածաշնչյան տեղիները) ներկայացնելու պայմանականությունների մասին տես այս գրքի «Աստվածաշնչյան գրքեր» հոդվածը։

  • Նույն տեղում / Անդ

Եթե ծանոթագրության մեջ պիտի կրկնվի անմիջապես նախորդած ծանոթագրության մեջ նշված աղբյուրը, ապա այս դեպքում աղբյուրի տվյալները կրկնելու կարիք չկա (բացի էջից, եթե միայն էջն է տարբեր)։ Աղբյուրի տվյալների փոխարեն գործածում ենք Նույն տեղում կամ Անդ։

Նույն տեղում, էջ 125։

Տես նույն տեղում, էջ 125։

Անդ, էջ 125։

Տես անդ, էջ 125։

Իսկ եթե էջն էլ է նույնը, ապա՝ Նույն տեղում։ / Անդ։ / Տես նույն տեղում։ / Տես անդ։


Համացանցային հղում

Եթե աղբյուրը տեղադրված է համացանցում և չունի հրատարակության տեսք՝ տիտղոսաթերթային տվյալներով, ապա այդպիսի աղբյուրից օգտվելիս և դրան հղում տալիս պետք է նկատի ունենալ, որ այդ հղումը մի որոշ ժամանակից կարող է չգործել, իսկ նյութը, որին հղում է տրվել, կարող է համացանցից ընդհանրապես վերանալ։ Եթե միայն համացանցային լրագիր է, որը չի տպագրվում, ապա նրա հղումներն էլ կարող են մի որոշ ժամանակից դառնալ անպիտան, եթե լրագիրը որոշի գործունեությունը դադարեցնել կամ իր հին նյութերը հանել։ Ուստի նույնիսկ եթե այլ աղբյուրներում մեկը փորձի փնտրել հիշատակված ու հղված տեքստը, կարող է չգտնել։ Եվ արդյունքը կլինի այն, որ մի գրքում կամ հոդվածում տրվել է գոյություն չունեցող մատենագիտական աղբյուր։ Համացանցային նյութերը նաև կարող են փոփոխվել ժամանակի ընթացքում․ նյութը հղված համացանցային էջում կարող է մնալ, բայց նրանում հետագայում կարող է փոխվել բովանդակության որևէ մաս, և կարող է այնպես պատահել, որ ինչ տեղեկույթի որ հղում էիք, այլևս այդ նյութում չլինի։ Ահա սա է պատճառը, որ համացանցային հղման հետ միասին նաև նշում են այն ժամանակը, երբ դրանից օգտվել են։

Հետևաբար, ցանկալի է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում օգտագործել այսպիսի համացանցային նյութերն իբրև մատենագիտական աղբյուր։ Եթե, այնուամենայնիվ, տեքստային աղբյուրը պետք է համացանցային հղմամբ ներկայացնել ծանոթագրության մեջ կամ գրականության ցանկում, ապա հղումը պատճենելուց հետո պետք է ավելացնել, թե նյութը երբ է հասանելի եղել (որովհետև նույն նյութը տարբեր ժամանակներում կարող է տարբեր բովանդակություն ունենալ)։

Նյութի հեղինակի անուն (եթե նշված է), նյութի վերնագիր, տարեթիվ, ամիս-ամսաթիվ (եթե նշված են), կայքի հիմնական անուն, URL և ապա՝ այն ամիս-ամսաթիվն ու տարեթիվը, երբ այդ հղումից օգտվել եք. ահա սա՛ է համացանցային աղբյուրի ներկայացման հիմնական ձևը։ Հղումից օգտվելու ժամանակային տվյալները նախընտրելի ենք համարում ներկայացնել փակագծերում և համացանցային հղումից (URL-ից) անմիջապես հետո, որպեսզի URL-ը նախադասության կամ շարույթի վերջում չհայտնվի և նրան անմիջապես կից որևէ կետադրական նշան դնելու կարիք չլինի։

Հորդորակ բայական որոշ կառույցների ճիշտ գործածության մասին, 2021-03-12, Լեզվի կոմիտե, https://old.langcom.am/հորդորակ-բայական-որոշ-կառույցների-ճի/ (20 հուլիսի 2025)։


Ձեռագրեր, արխիվային նյութեր

Թե՛ ձեռագիր մատյանները, թե՛ արխիվային նյութերը ներկայացվում են դրանց պահպանման վայրերում (գրադարաններ, արխիվներ և թանգարաններ, երբեմն՝ մասնավոր հավաքածուներ) դրանց տրված համարներով։ Սովորաբար նախ ընդունված համառոտագրությամբ կամ հապավմամբ ներկայացնում են ձեռագրի կամ արխիվային նյութի պահման վայրը, օրինակ՝ ՄՄ (այսինքն՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան), ՀԱԱ (Հայաստանի ազգային արխիվ)։ Այնուհետև տրվում են պահման վայրում ձեռագրին կամ արխիվային նյութին (որը հաճախ դարձյալ ձեռագիր է) տրված համարը։

Ձեռագրապահոցներում պահվող ձեռագրերի դեպքում գրվում է ձեռ. համառոտագրությունը և կողքին՝ պահման վայրում այդ ձեռագրին տրված համարը։ Օրինակ՝ ՄՄ ձեռ. 5355։ Իսկ արխիվների դեպքում, քանի որ դրանք տարբեր ֆոնդերից են կազմված, սրանք էլ՝ ցուցակներից, վերջիններիս մեջ պահվող ձեռագիր թե մեքենագիր նյութերն էլ խմբված են գործ կոչվող թղթապանակներում, ապա նշվում է նախ ֆոնդի համարը, ապա ցուցակի համարը, այնուհետև գործի համարը (ֆ. X, ց. X, գ. X) և վերջում թերթի համարը։ Երբ նշվում են մեկից ավելի ֆոնդ, մեկից ավելի ցուցակ, մեկից ավելի գործ, գործածվում են հետևյալ համառոտագրությունները՝ ֆֆ., ցց. և գգ.։ Թերթերն էլ եթե մեկից ավելի են, ապա՝ թթ.։ Այս բոլոր համառոտագրությունները նշվում են համարներից առաջ, օրինակ՝ ՀԱԱ, ֆ. 1, ց. 5, գգ. 32-35։ Կամ՝ ՀԱԱ, ֆ. 57, ց. 3, գ. 25, թթ. 1-5շրջ։ Այստեղ շրջ-ը նշանակում է շրջերես։

Արխիվներում և ձեռագրապահոցներում արխիվային գործերն ու ձեռագրերը սովորաբար ոչ թե էջակարգվում են, այլ թերթակարգվում, այսինքն՝ թվով համարակալվում են ոչ թե էջերը (էջ 1, էջ 2 ևն), այլ թերթերը՝ թերթ 1, թերթ 2 ևն։ Իսկ քանի որ թերթը երկու էջից է կազմված, դրանք մատենագիտական հղումներում նշվում են արխիվային գործերի դեպքում X և Xշրջ ձևաչափով։ Օրինակ՝ թ. 5-ը նշանակում է թերթ 5-ն ամբողջությամբ կամ թերթ 5-ի առաջին՝ աջակողմյան էջը, իսկ թ. 5շրջ-ը՝ թերթ 5-ի շրջերեսը՝ ձախակողմյան էջը։

Ձեռագրապահոցներում պահվող ձեռագրի թերթերը (օտարալեզու աղբյուրներում՝ fol. [folio] = թ.` թերթ, fols./ff. = թթ.՝ թերթեր) նշվում են հետևյալ ձևաչափով։ Եթե հայկական գրադարան է, օրինակ՝ ՄՄ Մատենադարանը, ապա ձեռագիր գրքի բացվածքի աջակողմյան էջը կնշվի որպես (X-ը թերթի համարն է), իսկ դրա շրջերեսը (գրքի բացվածքի ձախակողմյան էջը)՝ ։ Եթե ձեռագիրն օտար գրադարանում է պահվում, ապա հայերեն ա և բ տառերի փոխարեն գործածվում են r և v տառերը համապատասխանաբար (լատիներեն recto և verso բառերի սկզբնատառերը)։ Հայկական գրադարանում պահվող ձեռագրի թերթեր՝ 5-25, էջեր՝ 5ա-25բ, օտար գրադարանում պահվող ձեռագրի թերթեր թե էջեր՝ fol. 5, fol. 5r, fols. 5-25 / ff. 5-25, fols. 5r-25v / ff. 5r-25v։ Հայերեն մատենագիտական հղումներում այսօր հաճախ ձեռագրի համարից հետո պարզապես ստորակետ է դրվում և առանց որևէ համառոտագրության կամ բառի (առանց թ., թթ. համառոտագրությունների կամ էջ-ի) նշվում են թվերը, օրինակ՝ ՄՄ ձեռ. 5355, 5ա-25բ։ Եթե որևէ գրադարանում պահվող ձեռագիրը, այնուամենայնիվ, էջակարգված է, ապա, բնականաբար, նշվում են էջերը սովորական ձևով (առանց ա-ի կամ բ-ի)։

Արխիվային նյութի մատենագիտական հղման վերջում կարող է ավելացվել նաև այդ նյութի մեքենագիր թե ձեռագիր, ինքնագիր թե պատճեն լինելը, կարող է նշվել նաև սևագիր ձեռագիր-ը։ Օրինակ՝ ՀԱԱ, ֆ. 57, ց. 2, գ. 80, ինքնագիր ձեռագիր։

Ձեռագրերի և արխիվային նյութերի մատենագիտական հղումների պարտադիր մասերը միայն այսքանն են, այսինքն՝ միայն պահման վայր և համար, ինչպես նաև թերթ կամ էջ, եթե կոնկրետ թերթեր կամ էջեր են նշվում։ Հեղինակ, գործի անուն, վայր, թվական ևն կարող են նշվել, բայց իբրև հավելյալ տեղեկություններ, քանի որ, ի տարբերություն տպագիր գրքերի, ձեռագրերն ու արխիվային գործերը չունեն տիտղոսաթերթ։

Եթե պետք լինի որևէ ձեռագրի մասին մեկ տողով կամ պարբերությամբ ավելի շատ տեղեկություն հաղորդել, ապա կարող են ավելացնել բազմաթիվ այլ տվյալներ, որոնք սովորաբար վերցնում են համապատասխան գրադարանի ձեռագրացուցակներից կամ, եթե ձեռագիրն առցանց տեղադրված է, դրան կցված տեղեկատվական քարտից։ Ուստի կարող են ավելացնել ձեռագրի տեսակը կամ պարունակությունը ցույց տվող բառ, գրության վայրը (եթե հայտնի է), գրության թվականը (եթե հայտնի է կամ մոտավոր դարը), գրիչի անունը (եթե հայտնի է), ծաղկողի անունը (եթե ձեռագիրը նկարազարդ է և ծաղկողի անունն էլ՝ հայտնի)։ Կարող են ավելացնել նաև պատվիրատուի անունը, թերթերի քանակը, կազմի տեսակը և այլ մանրամասներ, եթե կամենում են։

Ներքևում հավելյալ տեղեկություններով մատենագիտական հղումների օրինակներ են՝ ներկայացման մեր մշակած սկզբունքով՝ ձեռագրերի համար։ Մենք այս մատենագիտական հղումներում ներկայացնում ենք միայն հետևյալը՝ 1. ձեռագրի տեսակը կամ բովանդակությունը ցույց տվող նկարագրական բառը (ձեռագրի «անունը»), 2. ձեռագրի պահման վայրի համառոտագրությունն ու ձեռագրի համարը, 3. որպես հավելյալ տեղեկույթ՝ միայն թվականը կամ դարը, գրության վայրը, գրիչի ու ծաղկողի տվյալները։ Այլ մանրամասներ (պատվիրատու, ձեռագրի թերթերի քանակ, մատյանի չափեր, կազմի տեսակ և այլն) չենք ավելացրել՝ հակիրճության համար։

Աւետարան, Եղմ. 1956 (1265 թ., Հռոմկլայ, գրիչ եւ ծաղկող՝ Թորոս Ռոսլին)։

Թուղթք Պօղոսի և Յայտնութիւն Յովհաննու, Վրշ․ Rps 12672 I (1564 թ․, Լվով (Իլով), գրիչ՝ Թուման երէց)։

Ժողովածոյ, Բռլ. Ms. or. quart. 304 (ԺԴ դար (1353-ից յետոյ), Քռնա, գրիչ՝ ֆրա Դօմինիկոս)։

Ավելի շատ օրինակներ կարող եք գտնել «Գրահավաք» կայքի ձեռագրերի բաժնում։

Հայերեն ձեռագրերի պահման վայրերի համառոտագրությունների մեր կազմած ցանկը կարող եք տեսնել ներքևում։

ԲԱԴ - Աստուածաբանութեան մերձաւորարեւելեան դպրոց, Բեյրութ, Լիբանան / Near East School of Theology, Beirut

Բդլ. - Բոդլեյան գրադարան, Օքսֆորդի համալսարան, ՄԹ / Bodleian Library, Oxford University

Բլտ. - Ուոլտերսի արուեստի թանգարան, Բալտիմոր, ԱՄՆ / Walters Art Museum, Baltimore

Բոդ. - Բոդմերեան հիմնադրամ, Կոլոնի, Շուեյցարիա / Fondation Martin Bodmer, Cologny

Բուխ. - Տուտեան մշակոյթի տուն, Բուխարեստի հայոց թեմ / Parohia Bisericii Armene Bucureşti. Casa Culturală Armeană Dudian

Բռլ. - Բեռլինի պետական գրադարան, Գերմանիա / Staatsbibliothek, Berlin

Բրտ. - Բրիտանական գրադարան, Լոնդոն, ՄԹ / The British Library, London

Դբլ. - Չեստեր Բիտիի գրադարան, Դուբլին, Իռլանդիա / Chester Beatty Library, Dublin**

Եղմ. - Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց վանք, Իսրայէլ

ԵՅՊ - Երուսաղէմի Յոյն Պատրիարքարան, Իսրայէլ

ԵՊՀ - ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլեանների գրադարան, Երևան

Էջմ. - Մայր Աթոռ Սբ Էջմիածնի ձեռագրատուն

Թբնգ. - Թիւբինգենի համալսարանի գրադարան, Գերմանիա / Universitätsbibliothek, Tübingen

ԼԱ - Լոս Անջելեսի կալիֆոռնիական համալսարան, ԱՄՆ / UCLA Library

Լյդ. - Լեյդենի համալսարանի գրադարան, Նիդեռլանդներ / Universiteitsbibliotheek Leiden

Կիլ. - Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն

ԿՅԳ - Կրակովի Եագելոնեան գրադարան, Լեհաստան / Biblioteka Jagiellońska

Կնգ. - ԱՄՆ Կոնգրեսի գրադարան, Վաշինգտոն / Library of Congress, Washington

ԿՉԹ - Կրակովի Չարտորիսկի իշխանների թանգարան, Լեհաստան / Muzeum Książąt Czartoryskich w Krakowie, Fundacja XX Czartoryskich

Հալ. - Սաքսոն-Անհալտեան համալսարան և գրադարան, Հալլէ, Գերմանիա / Universitäts- und Landesbibliothek Sachsen-Anhalt

ՄՄ - Մեսրոպ Մաշտոցի անւ. Մատենադարան, Երևան

Մնխ. - Բաւարիայի պետական գրադարան, Միւնխեն, Գերմանիա / Bayerische Staatsbibliothek, München

Մրգ. - Մորգանի գրադարան-թանգարան, Նիւ Եորք, ԱՄՆ / The Morgan Library and Museum, New York

Շվ. մսն. - Utopia, armarium codicum bibliophilorum էլ. հաւաքածու (շուեյցարական տարբեր մասնաւոր հաւաքածուների ձեռագրեր, որոնց ֆիզիկական տեղը չի նշւում), e-codices - Virtual Manuscript Library of Switzerland

Չկգ. - Չիկագոյի համալսարանի գրադարան, ԱՄՆ / University of Chicago Library

ՍԿՎ - Սուրբ Կատարինէի վանք, Սինա լեռ, Եգիպտոս

Վիեն. - Վիեննայի Մխիթարեան միաբանութիւն

Վնտ. - Վենետիկի Մխիթարեան միաբանութիւն

Վտկ. - Վատիկանի առաքելական գրադարան / Biblioteca Apostolica Vaticana

Վրշ. - Լեհաստանի ազգային գրադարան, Վարշաւա / Polska Biblioteka Narodowa, Warszawa

Փրզ. - Ֆրանսիայի ազգային գրադարան, Փարիզ / Bibliothèque nationale de France, Paris

НБКМ - «Սբ Կիրիլ և սբ Մեթոդիոս» ազգային գրադարան, Սոֆիա, Բուլղարիա / Национална библиотека "Св. св. Кирил и Методий"

Իբրև մատենագիտական հղումների թեմայի լրացում՝ տես նաև «Լեզվաոճական ուղեցույցի» ներածության «Խմբագիրների և հրատարակչական ոլորտի աշխատողների համար» գլխի Ծանոթություն և աղբյուրների ներկայացում ենթագլուխը։