11/6/24

Թվայի՞ն, թե թվանշային

Թարմացվել է 2025 թ. հունիսի 22-ին։


Քանի որ թվային-թվանշային զույգին վերաբերող իմ գրառումը «թաքնված» է լեզվաոճական  ուղեցույցի տեքստում և նաև համացանցային որոնող ծառայությունների կողմից չի ցուցակագրվում, որ լայն հանրությանը հասանելի դառնա, այստեղ առանձին պատճենում եմ։ 


numerical — թվային  (числовой, численный)

digital — թվանշային  (цифровой) (ուշադրություն դարձրեք բառի գրությանը՝ թվանշային և ոչ թե թվանշԱՆային)

number — թիվ, համար  (число, номер)

digit — թվանշան, թվանիշ  (цифра) (միայն մեկ նիշ)

numeral — թվանշաններով արտահայտված թիվ (որևէ քանակի նիշերով)

digital representation of numerical data — թվային տվյալների թվանշային ներկայացում 

numerical/numeral system, numerical order — թվային համակարգ, թվային դասավորություն

digital system, digital technologies, digital age, digital broadcasting —  թվանշային համակարգ, թվանշային տեխնոլոգիաներ, թվանշային դարաշրջան, թվանշային հեռարձակում (սրանցում «թվանշային»-ը «համակարգչային»-ի հոմանիշ է և չի նշանակում «թվանշԱՆային»)։

numerical literacy - թվային գրագիտություն (թվերով գործողություններ կատարելու հմտությունը)

digital literacy - թվանշային գրագիտություն (համակարգչային գրագիտություն)


Բայց՝ 

digitize — թվայնացնել  (ո՛չ թվանշայնացնել), որովհետև «թվայնացնել»-ը, բացի digitize-ից, այլ իմաստով չի գործածվում և ավելի կարճ ու բարեհունչ է, քան «թվանշայնացնել» տարբերակը։

------------

Տարիներ առաջ ես էլ էի սխալ բառը գործածում, բայց մեկը բացատրեց, և հասկացա։ Հույս ունեմ՝ հասկացողների թիվը օրեցօր կմեծանա, որովհետև իսկապես տխրեցնող է, որ մեր ազգը երկու հասկացությունների և բառերի միջև տարբերությունը չի հասկանում և մի բանի փոխարեն մի ուրիշ բան է ասում՝ հասկացությունների շփոթ ստեղծելով։

Օրինակ՝ երբ ասում են թվային գրագիտություն, սա այլ բան չէ, քան թվերով գործողություններ կատարելու (գումարել, հանել, բազմապատկել, բաժանել ևն) ունակությունը՝ numerical literacy-ն։ Մինչդեռ digital literacy-ն ուրիշ բան է։ Այստեղ կարող եք տեսնել գրագիտությունների տեսակները և դրանց բացատրությունները։

Մենք լեզվական ու տրամաբանական խնդիր ենք ներկայացնում (երկու տարբեր եզրույթներ ու տարբեր հասկացություններ չպիտի արտահայտվեն/թարգմանվեն միևնույն բառով), իսկ ոմանք հակադարձում են, թե «ժամանակակից համակարգիչները փոխանցում և մշակում են երկուսի հիմքով բիթերից բաղկացած թվեր, այլ ոչ թե թվանշաններ։ Այդ առումով հայերեն «թվային համակարգիչ» եզրույթը շատ ավելի ճիշտ է բնութագրում օգտագործվող տեխնոլոգիան, քան «թվանշանային» բառը»... Իսկ մնացա՞ծ դեպքերում ինչպես պիտի վարվենք։ Չէ՞ որ digital եզրույթը միայն «տեխնոլոգիա» կամ «համակարգիչ» բառի հետ չի գործածվում։ Այն մի եզրույթ է, որ ինքնին նշանակում է «համակարգչային»՝ համակարգչին վերաբերող (և ոչ թե հենց թվերին կամ թվանշաններին)։ 

Ժամանակակից աշխարհում շատ հստակ տարբերակվում են digital և numerical եզրույթներն ու դրանց կիրառությունները։ Հետևաբար, ոչ ոք երբեք numerical computer/technology չի գրի, որովհետև դա չի նշանակում այն, ինչ արտահայտվում է digital բառով։  Մինչդեռ հայերս հենց numerical-ի ավանդական հայերեն համարժեքն ենք գործածում digital-ի համար։ Չի կարող լինել միայն հայկական գիտություն։ Գիտական լեզուն բոլոր լեզուներում էլ պիտի այնպիսին լինի, որ յուրաքանչյուր հասկացություն ունենա իր անվանումը՝ արտահայտվի առանձին եզրույթով, եթե այդ եզրույթն արդեն կիրառվում է այդ գիտության մեջ։ Երբ մարդիկ մի որևէ եզրույթ չեն կարողանում սեփական լեզվով արտահայտել, պարզապես փոխառում են օտար բառը։ Բայց մի եզրույթի փոխարեն մի ուրիշը գործածելը ճիշտ չէ։ 

Ոչ մի նշանակություն չունի, թե ինչից է կազմված «թվանշային» բառն այս դեպքում․ այն մի պայմանական բառ է, ինչպես անգլերեն digital-ը, որը գործածվում է numerical-ից տարբեր որոշակի իմաստներով։ Այն եզրույթ է։ Օրինակ՝ եթե հայը digital system-ն ու numerical system-ը թարգմանում է նույն բառով, սա անտրամաբանական է և ճիշտ չէ։ Սա, կարելի է ասել, լեզվական փնթիություն է։ Մի՞թե ամեն անգամ, որ անգլերենում այս երկու եզրույթները գործածված լինեն, մենք ամեն առանձին դեպքի համար պիտի առանձին լուծում մտածենք, որպեսզի երկու տարբեր հասկացություններ չշփոթվեն։  

Եթե մեկը թվանշային (ոչ թե թվանշԱՆային) եզրույթը չի հավանում, կարող է այլ եզրույթի առաջարկով հանդես գալ։ Կարևորն այստեղ այն է, որ լեզվում պետք է հստակորեն տարբերվեն երկու տարբեր երևույթներ ու հասկացություններ և խոսքում չշփոթվեն միմյանց հետ։ Հայերենը ՊԵʼՏՔ է ունենա տարբեր եզրույթներ՝ տարբեր բաներ նշանակող անգլերեն տարբեր եզրույթներ թարգմանելու համար։ Հակառակը լեզվական և տրամաբանական սխալ է։