3/21/23

Թվարկում կամ ցանկեր

Թվարկում կամ ցանկ* ներկայացնելիս պետք է ուշադրություն դարձնել երկու բանի՝ ցանկի քերականական կառուցվածքին և կետադրությանը։

* Թվարկում — բանավոր կամ գրավոր խոսքում որոշակի հաջորդականությամբ մի առ մի թվելը՝ անվանելը՝ հիշատակելը։ Ցանկ — (այս բառի ամենալայն իմաստը՝ որպես անգլ. list-ի համարժեք) թվարկված միավորների ամբողջությունը գրավոր խոսքում, թվարկման գրավոր արտահայտությունը։

Ա. Քերականական զուգանմանություն (parallelism)

Ինչպիսի արտաքին տեսք էլ ունենա ցանկը՝ հորիզոնական (կողք կողքի շարված միավորներ), ուղղահայաց (իրար տակ շարված միավորներ), շրջանաձև (բլիթի կտորների տեսքով), թե մեկ ուրիշ՝ ըստ տեքստը ձևավորողի երևակայության, կետադրությունը կարող է տարբերվել, սակայն քերականական կառուցվածքին վերաբերող պահանջները բոլոր դեպքերում էլ նույնն են։ Քերականական զուգանմանությունը (համանմանություն, համաձայնեցվածություն) ցանկի կառուցման ամենակարևոր սկզբունքն է, որը եթե խախտված է, նշանակում է՝ ցանկը սխալ է կազմված։ Եվ սա վերաբերում է բոլոր լեզուներին, ո՛չ միայն հայերենին։ Այսինքն՝ ինչ լեզվով էլ թվարկում կամ ցանկ ներկայացնեք, պետք է նախևառաջ ուշադրություն դարձնեք քերականական զուգանմանությանը, եթե ուզում եք, որ ցանկն իսկապես ցանկ լինի։

Այդ սկզբունքը հետևյալն է. ցանկի բոլոր միավորները պետք է քերականորեն համաձայնեցված լինեն՝ շարունակեն այն նո՛ւյն նախադասությունը, որը բացում է ցանկը (այսինքն՝ ծառայում դրա համար որպես սկիզբ), կամ վերաբերեն նո՛ւյն վերնագրին (եթե ցանկն ունի վերնագիր) և իրար հետ քերականորեն համաձայնեցված լինեն։

Դիտարկենք սխալ կազմված ցանկերի որոշ օրինակներ։


✗✗✗

Կայքում գրանցվելու համար անհրաժեշտ քայլերը

  1. Ստեղծել մուտքանուն և գաղտնաբառ

  2. Կայքը պահանջելու է կրկնել գաղտնաբառը։ Նորի՛ց նույնությամբ մուտքագրեք այն։

  3. Բացել պրոֆիլի էջը և լրացնել պահանջվող տվյալներն ու էլեկտրոնային հասցեն։

  4. Կայքում գրանցումը վճարովի է, ուստի սեղմեք «Վճարում» կոճակը և առցանց վճարեք պահանջվող գումարը։

  5. Ձեր գրանցումը բարեհաջող ավարտված է։

Այս ցանկը սխալ է կազմված, որովհետև ցանկի բոլոր միավորների միջև չկա քերականական համաձայնություն, և դրանք բոլորը չեն վերաբերում վերնագրին։ Օրինակ՝ 5-րդ կետն ընդհանրապես ցանկի մաս չպիտի լիներ, որովհետև այն չի ներկայացնում «քայլ», մինչդեռ ցանկը վերնագրված է «Կայքում գրանցվելու համար անհրաժեշտ քայլերը», ուստի դրա տակ պետք է ներկայացվեին միայն այն գործողությունները (քայլերը), որոնք անհրաժեշտ են կայքում գրանցվելու համար։ Մինչդեռ վերջին նախադասությունը պարզապես ամփոփիչ նախադասություն է, որը պետք է առանձնացվի ցանկից։

Այս ցանկում 1-ին և 3-րդ միավորները քերականորեն համաձայնեցված են՝ զուգանման են, որովհետև նույնպիսի կառուցվածք ունեն։ Դրանց գլխավոր իմաստն արտահայտող բառը, որի շուրջ կառուցվել է շարույթի մնացած մասը, անորոշ դերբայ է (ստեղծել, բացել, լրացնել)։ Սակայն ցանկի 2-րդ և 4-րդ միավորները նույնպիսի քերականական կառուցվածք չունեն, ուստի պետք է վերաշարադրվեն այնպես, որ ստանան այն նույն քերականական կառուցվածքը, որն ունեն 1-ին և 3-րդ միավորները։ Դրանցում գլխավոր իմաստն արտահայտող բոլոր բառերն էլ (անհրաժեշտ քայլերը ցույց տվող բառերը) պիտի լինեն անորոշ դերբայներ՝ մուտքագրել, սեղմել, վճարել։ Կամ էլ, ընդհակառակը, պետք է փոխվի 1-ին և 3-րդ միավորների քերականական կառուցվածքը։ Ինչպիսի փոփոխություններ էլ կատարվեն այս ցանկում, նպատակը պիտի լինի մեկը․ ցանկի բոլո՛ր միավորները քերականորեն զուգանման պիտի լինեն և պիտի վերաբերեն ցանկի վերնագրին։

Սխալ կազմված մի ուրիշ ցանկ

✗✗✗

Վերջին տարում կատարված փոփոխություններն են՝

Տանիքի վերանորոգում

Մարզասրահի բացում

Թարմացվել է բոլոր սենյակների գույքը

Այս ցանկը նույնպես քերականորեն սխալ է կազմված. երրորդ միավորը քերականորեն համաձայնեցված չէ առաջին երկուսի հետ, որոնցում գլխավոր իմաստն արտահայտող բառը բայանուն է (բայահիմքից կազմված գոյական)՝ վերանորոգում, բացում։

Այս ցանկը նաև ճիշտ չի կետադրված, քանի որ ոչ թե վերնագիր ունի, այլ բացող նախադասություն, որի շարունակությունն է։ Երբ ցանկը սկսվում է այն բացող նախադասությամբ, որը թերի է՝ չի ավարտվել, ուստի վերջում ունի բութ, ցանկի միավորները պիտի շարունակեն այդ թերի նախադասությունը։ Այսինքն՝ եթե ցանկի միավորները հերթով շարես ցանկը բացող նախադասության կողքին, պիտի ստանաս գրագետ կազմված ամբողջական նախադասություն։ Պատկերացրեք, որ վերոնշյալ ցանկը հորիզոնական է, այսինքն՝ նրա միավորները կողք կողքի են շարված։

Վերջին տարում կատարված փոփոխություններն են՝ տանիքի վերանորոգում, մարզասրահի բացում, բոլոր սենյակների գույքի թարմացում։

Այս հորիզոնական ցանկն ուղղահայացի վերածելիս ճիշտ նույն կետադրությունն էլ պիտի գործածենք։

Վերջին տարում կատարված փոփոխություններն են՝

տանիքի վերանորոգում,

մարզասրահի բացում,

բոլոր սենյակների գույքի թարմացում։

Սխալ կազմված մեկ այլ ցանկի օրինակ

✗✗✗

Պատվիրատուն իրավունք ունի՝

  1. Ցանկացած ժամանակ ստուգել Կատարողի կատարած աշխատանքի որակն ու ծավալը։

  2. Չընդունել աշխատանքի արդյունքը, եթե չեն բավարարվել որակի ու ծավալի վերաբերյալ պահանջները։

  3. Միակողմանի լուծել պայմանագիրը....։

Սովորաբար այսպիսի կառուցվածքով են ներկայացվում պայմանագրերում կողմերի պարտականություններն ու իրավունքները։ «Այսինչն իրավունք ունի՝» կամ «Այսինչը պարտավորվում է՝» և ապա՝ մեծատառով սկսվող ու վերջակետով ավարտվող հաճախ բավական ընդարձակ նախադասություններ կամ դրանց խմբեր։ Սակայն այսպիսի ցանկը բութով եզրափակվող անավարտ նախադասությամբ սկսելն անտրամաբանական է։ Այսպիսի դեպքերում ճիշտ է բացող թերի նախադասությունը վերածել վերնագրի, որի վերջում հայերենում ոչ մի կետադրական նշան չի դրվում։ Այդ դեպքում վերնագրին հաջորդող յուրաքանչյուր միավոր անխնդիր կարող է սկսվել մեծատառով և ավարտվել վերջակետով (եթե դա պահանջվում է), ունենալ ցանկացած երկարություն ու կազմություն (կարող է լինել, օրինակ, բազմաստիճան)։ Մինչդեռ թերի նախադասությանը, որի վերջում բութ է դրված, պիտի հաջորդի փոքրատառով սկսվող շարունակություն։ Կետադրությունը ստուգելու համար վերոբերյալ ուղղահայաց ցանկը վերածենք հորիզոնական ցանկի։

Պատվիրատուն իրավունք ունի՝ 1. ցանկացած ժամանակ ստուգել Կատարողի կատարած աշխատանքի որակն ու ծավալը. 2. չընդունել աշխատանքի արդյունքը, եթե չեն բավարարվել որակի ու ծավալի վերաբերյալ պահանջները. 3. միակողմանի լուծել պայմանագիրը։

Թերի նախադասությանը հաջորդող ուղղահայաց ցանկը պիտի ունենա ճիշտ այն կետադրությունը, որը տեսնում եք վերևում։ Սակայն քանի որ պայմանագրերում սովորաբար շատ ավելի երկար են լինում մի այսպիսի ցանկի միավորները՝ շատ ավելի ծավալուն ու երբեմն նաև բազմաստիճան, ապա ցանկն ավելի գրագետ կազմված կլինի, եթե բութով ավարտվող բացող թերի նախադասության փոխարեն ունենա վերնագիր։ Այսինքն՝ մեր բերած օրինակում «Պատվիրատուն իրավունք ունի» թերի նախադասության փոխարեն ճիշտ կլինի գրել «Պատվիրատուի իրավունքները» վերնագիրը։

Պատվիրատուի իրավունքները

  1. Ցանկացած ժամանակ ստուգել Կատարողի կատարած աշխատանքի որակն ու ծավալը.....։

  2. Չընդունել աշխատանքի արդյունքը, եթե չեն բավարարվել որակի ու ծավալի վերաբերյալ պահանջները.......։

  3. Միակողմանի լուծել պայմանագիրը.......։

Բ. Ցանկի կետադրությունը

Վերևում բերված օրինակներում որոշ չափով խոսվեց նաև ցանկի կետադրության մասին։ Այստեղ այն կներկայացնենք ավելի հանգամանալից*։

* Նկատի ունեցեք, որ այստեղ ներկայացվող կետադրությունը վերաբերում է միայն հայերենին։ Այլ լեզուներում ցանկերի կետադրությունը կարող է տարբերվել։

Վերևում արդեն գրեցինք, որ ցանկի արտաքին տեսքը կամ ձևավորումը կարող է լինել հորիզոնական (կողք կողքի շարված միավորներ), ուղղահայաց (իրար տակ շարված միավորներ), շրջանաձև (բլիթի կտորների տեսքով) կամ մեկ ուրիշ՝ ըստ տեքստը ձևավորողի երևակայության։ Կետադրությունը հորիզոնական և ուղղահայաց ցանկերի դեպքում սովորաբար նույնն է, եթե ուղղահայաց ցանկը չի սկսվում վերնագրով, այլ բացող նախադասությամբ։ Վերևում տեսանք, որ այդպիսի ցանկը կարելի է նույն կետադրությամբ ներկայացնել թե՛ հորիզոնական, թե՛ ուղղահայաց տեսքով։ Այս պարբերության առաջին նախադասությունը նույնպես ցանկ է՝ հորիզոնական։ Այն ներկայացնենք իբրև ուղղահայաց ցանկ։

Ցանկի արտաքին տեսքը կամ ձևավորումը կարող է լինել՝

ա) հորիզոնական (կողք կողքի շարված միավորներ),

բ) ուղղահայաց (իրար տակ շարված միավորներ),

գ) շրջանաձև (բլիթի կտորների տեսքով),

դ) մեկ ուրիշ՝ ըստ տեքստը ձևավորողի երևակայության։

Այս ցանկն ունի բացող թերի նախադասություն, որի վերջում դրված է բութ։ Եթե այս ցանկը փոփոխենք այնպես, որ բացող նախադասությունը վերածվի վերնագրի, ապա նրա վերջում այլևս ոչ մի կետադրական նշան չի դրվի, իսկ ցանկի կետադրությունը կփոխվի։

Թվարկման կամ ցանկի արտաքին տեսքը կամ ձևավորումը

ա) հորիզոնական (կողք կողքի շարված միավորներ)

բ) ուղղահայաց (իրար տակ շարված միավորներ)

գ) շրջանաձև (բլիթի կտորների տեսքով)

դ) մեկ ուրիշ՝ ըստ տեքստը ձևավորողի երևակայության

Ինչպես տեսնում եք, այս դեպքում (վերնագրից հետո) ցանկի միավորների վերջում ոչ մի կետադրական նշան չկա։ Վերնագրից հետո ցանկի յուրաքանչյուր միավորի վերջում վերջակետ կդրվի, եթե այդ միավորը լինի ամբողջական նախադասություն, որը սկսվում է մեծատառով և ավարտվում վերջակետով։

Եթե վերոբերյալ ցանկն ուզում ենք ներկայացնել շրջանաձև, ապա ցանկալի է այն ներկայացնել որպես վերնագրի՛ն հաջորդող ցանկ և ոչ թե բացող թերի նախադասությամբ ցանկ։ Պատճառն այն է, որ շրջանաձև ցանկը, եթե համարակալված չէ, սկիզբ ու վերջ չունի, հետևաբար այսպիսի ցանկի միավորների վերջում ստորակետ, կետ կամ բութ դրվել չի կարող։ Նույնիսկ եթե համարակալված է, միևնույն է, մեր նշած այս կետադրական նշանները շրջանի ներսում եղած միավորների վերջում ավելորդ են թվում։ Բայց եթե շրջանաձև ցանկի միավորներն ամբողջական նախադասություններ լինեն, հատկապես եթե դրանք ծավալուն են, վերջում կարող են ունենալ վերջակետ։ Ցանկի կազմման ու կետադրման այս նույն սկզբունքները կիրառելի են նաև ցանկի ձևավորման այլ՝ ոչ սովորական տարբերակներում։

Եթե վերնագրին հաջորդող ցանկի յուրաքանչյուր միավորի գլխավոր իմաստն արտահայտող բառն անորոշ դերբայ է, ապա այսպիսի նախադասության վերջում նույնպես կարիք չկա որևէ կետադրական նշան դնելու՝ անկախ ցանկի արտաքին տեսքից։

Կայքում գրանցվելու քայլերը

  1. Ստեղծել մուտքանուն ու գաղտնաբառ

  2. Գաղտնաբառն անսխալ մուտքագրել երկու անգամ՝ ըստ կայքի պահանջի

  3. Պրոֆիլի էջում լրացնել պահանջվող տվյալներն ու էլեկտրոնային հասցեն

  4. «Վճարում» կոճակի միջոցով կատարել պահանջվող վճարումը

Ինչպես տեսնում եք, վերոբերյալ ցանկի միավորների վերջում ոչ մի կետադրական նշան չկա, թեև դրանք ավարտուն նախադասություններ են։ Պատճառն այն է, որ այս նախադասությունների գլխավոր իմաստն արտահայտող բառն անորոշ դերբայ է (կամ, քերականական եզրաբանությամբ, սրանք բայական անդեմ նախադասություններ են)։

Սակայն եթե այս ցանկի միավորները խիստ ծավալուն բայական անդեմ նախադասություններ են, հատկապես եթե ցանկի միավորը ոչ թե մեկ նախադասությունից է կազմված, այլ մեկից ավելի, ապա այս դեպքում նույնպես նախադասության վերջում դնում ենք վերջակետ։ Պայմանագրերում գործածվող մի ցանկի օրինակով մենք այս մասին արդեն խոսել ենք։

Նաև եթե այս ցանկը ոչ թե վերնագրով սկսվի, այլ բացող նախադասությամբ, որի վերջում դրված է բութ կամ միջակետ, ապա հաջորդող յուրաքանչյուր միավորի վերջում նույնպես կամ ստորակետ, կամ միջակետ կդրվի, իսկ ամենավերջին միավորը կավարտվի վերջակետով։

Արդեն տեսանք, որ եթե ցանկը բացող նախադասությունը թերի է, նրա վերջում դնում ենք բութ։ Իսկ եթե ցանկը բացող նախադասությունը թերի չէ, ապա նրա վերջում դնում ենք կա՛մ միջակետ, կա՛մ անգամ վերջակետ։ Միջակետ ենք դնում, եթե հաջորդող միավորներից յուրաքանչյուրը սկսվում է փոքրատառով և ավարտվում կա՛մ ստորակետով, կա՛մ միջակետով։ Իսկ վերջակետ ենք դնում, եթե ցանկի յուրաքանչյուր միավոր ամբողջական նախադասություն է, որը սկսվում է մեծատառով և ավարտվում վերջակետով։

Եթե ցանկի յուրաքանչյուր միավոր ամբողջական նախադասություն չէ, ապա նրա վերջում դրվում է ստորակետ, երբ այն կարճ է, այսինքն՝ ցանկի միավորների միջև դադարը շատ փոքր է։ Իսկ երբ ցանկի միավորը համեմատաբար երկար է, և ցանկի միավորների միջև դադարն ավելի մեծ է, յուրաքանչյուր միավորի վերջում դնում ենք միջակետ։ Այսպես ենք վարվում նաև, երբ ցանկի միավորների մի մասը կարճ է, մի մասը՝ երկար. դրանց բոլորի վերջում էլ դնում ենք նույն կետադրական նշանը՝ միջակետ։

Մենք արդեն բերել ենք ցանկի այնպիսի օրինակ, որի բացող նախադասությունը թերի է և ավարտվում է բութով, իսկ ցանկի միավորներն էլ կարճ են և բաժանվում են ստորակետով։ Հիմա բերենք ցանկի այնպիսի օրինակ, որը սկսվում է բացող ամբողջական (ո՛չ թերի) նախադասությամբ և ունի համեմատաբար երկար ու միմյանցից ավելի մեծ դադարով բաժանվող ցանկային միավորներ։

Աշխատանքային օրենսդրության նպատակները հետևյալն են.

  1. սահմանել ֆիզիկական անձանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` քաղաքացիներ) աշխատանքային իրավունքների և ազատությունների պետական երաշխիքները.

  2. նպաստել աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծմանը.

  3. պաշտպանել աշխատողների և գործատուների իրավունքներն ու շահերը:

Այս ցանկը վերցրել ենք «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքից» և փոփոխել միայն բացող նախադասությունը՝ այն դարձնելով ավարտուն։ Իսկ բուն օրենսգրքում այդ նախադասությունը թերի է, ուստի ավարտվում է բութով, բայց շարունակությունն ունի նույն կետադրությունը։

Աշխատանքային օրենսդրության նպատակն է`

  1. սահմանել ֆիզիկական անձանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` քաղաքացիներ) աշխատանքային իրավունքների և ազատությունների պետական երաշխիքները.

  2. նպաստել աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծմանը.

  3. պաշտպանել աշխատողների և գործատուների իրավունքներն ու շահերը:

Ցանկը բացող նախադասության վերջում կդնենք վերջակետ, եթե այդ նախադասությունն ամբողջական ավարտուն նախադասություն է, իսկ շարունակությունն էլ՝ բուն ցանկը, իր հերթին կազմված է ամբողջական նախադասություններից (կամ դրանց խմբերից), որոնցից յուրաքանչյուրը բնականաբար սկսվում է մեծատառով և ավարտվում վերջակետով։

Ցանկն անշուշտ կարելի է թե՛ համարակալել, թե՛ ներկայացնել առանց համարակալման, թե՛ ձևավորել զանազան նշաններով՝ համարների փոխարեն։ Համարակալելիս էլ կարելի է գործածել թե՛ թվանշաններ, թե՛ հայերեն տառեր։ Թվանշանի կամ հայերեն տառի կողքին կարող է դրվել կա՛մ միջակետ, կա՛մ փակագիծ, բայց ո՛չ՝ երկուսը միասին։

Համարակալման ձևեր

1) կամ 1.

ա) կամ ա. [Հայերեն փոքրատառերի դեպքում փակագիծն ավելի լավ է դիտվում, քան կետը։]

Ա) կամ Ա. [Փոքրատառով սկսվող ցանկային միավորից առաջ որպես թվանշան գործածվող հայերեն փոքրատառն ավելի լավ է դիտվում, քան մեծատառը։]


Գ. Հարցարանային հարց և պատասխանի տարբերակներ

Երբ գործ ունենք հարցարանային հարցի հետ, որին հետևում են ցանկի տեսքով ներկայացված պատասխաններ (պատասխանի տարբերակներ), ապա ամբողջական նախադասությամբ ներկայացվող հարցը պիտի վերջանա վերջակետով, քանի որ ավարտուն նախադասություն է։ Դրան հաջորդող ցանկի միավորները ոչ թե շարունակում են հարցը, այլ տալիս այդ հարցի պատասխանի տարբերակներ, և հարցն այս դեպքում ցանկի վերնագիր կամ բացող նախադասություն չէ։ Եթե պատասխանի տարբերակները բառ կամ բառակապակցություն են, սկսվում են փոքրատառով, և տողերից ոչ մեկի վերջում ոչ մի կետադրական նշան չի դրվում։

Ի՞նչ է նշանակում «մեղանչել» բայը։

ա) մեղք գործել

բ) ապաշխարել, զղջալ

գ) մեկի մեղքի տակ ընկնել

Եթե հարցն անավարտ նախադասություն է, որը շարունակվում ու ամբողջանում է պատասխանով, ապա այս դեպքում նույնպես կարիք չկա պատասխանի տարբերակներից յուրաքանչյուրի վերջում դնել կետադրական նշան, քանի որ ցանկի միավորներն իրար չեն շարունակում։

Մաշտոցը եղել է՝

ա) հայոց կաթողիկոս

բ) վարդապետ

գ) զինվորական

Եթե հարցն ավարտուն նախադասություն է, և պատասխանի տարբերակներից յուրաքանչյուրը՝ նույնպես ավարտուն նախադասություն, որը սկսվում է մեծատառով, ապա ցանկային միավորներից յուրաքանչյուրի վերջում անհրաժեշտ վերջակետը կդրվի։

Ինչո՞ւ Դանիելյան գրերը մերժվեցին։

ա) Դրանք քիչ էին և չէին բավարարում հայերենի հնչյունային համակարգին։

բ) Դանիելյան գրերը դժվարագիր էին, ուստի գործածության համար անհարմար։

գ) Հայերը չէին ուզում օտար գրեր գործածել՝ նախընտրելով ստեղծել սեփականը։