1/6/23

«Ուղղափառ» եզրի գործածության մասին

 Թարմացրել եմ «Լեզվաոճական ուղեցույցը», որի նոր հոդվածներից մեկը նվիրված է «ուղղափառ» եզրի գործածությանը։ Այն առանձին ներկայացնում եմ ստորև։


Ուղղափառ (ռուսաբանություն)

Ուղղափառների Զատիկը միշտ չէ, որ համընկնում է մեր եկեղեցու Զատիկի հետ։ →

Հունադավանների Զատիկը միշտ չէ, որ համընկնում է մեր եկեղեցու Զատիկի հետ։

Ուղղափառները խաչակնքվում են աջից ձախ։ →

Հունադավանները խաչակնքվում են աջից ձախ։

Ուղղափառությունը Հայաստանում (Վիկիփեդիայի հոդված) →

Հունադավանությունը Հայաստանում

✗ Ինչու են ուղղափառ, կաթոլիկ, առաքելական եկեղեցիները տարբեր օրեր նշում Սուրբ Ծնունդը →

✔ Ինչու են հունադավան, կաթոլիկ, Հայ առաքելական եկեղեցիները տարբեր օրեր նշում Սուրբ Ծնունդը

Ուղղափառներն ու առաքելականները Սբ Ծնունդը նշում են ոչ թե դեկտեմբերին, այլ հունվարին։

Հունադավաններն ու Հայ առաքելական եկեղեցին Սբ Ծնունդը նշում են ոչ թե դեկտեմբերին, այլ հունվարին։ /

Հունադավան եկեղեցիներն ու Հայ առաքելական եկեղեցին Սբ Ծնունդը նշում են ոչ թե դեկտեմբերին, այլ հունվարին։

✗ Հույն ուղղափառ եկեղեցի, Ռուս ուղղափառ եկեղեցի →

✔ Հույն օրթոդոքս եկեղեցի, Ռուս պրավոսլավ եկեղեցի

Տարածված սխալ է, ռուսերեն համարժեքի կիրառության հետևողությամբ, հայերենում նույնպես հունադավան եկեղեցիներն ու դրանց անդամ քրիստոնյաներին «ուղղափառ» կոչելը՝ սրանով նրանց հակադրելով Հայ առաքելական եկեղեցուն ու նրա հավատացյալներին։ Նաև տարածված սխալ է Հայ եկեղեցին ու նրա անդամներին «առաքելական» կոչելը՝ հակադրելով հունադավան եկեղեցիներին ու կաթոլիկներին (անշուշտ նկատի չունենք Հայոց եկեղեցու պաշտոնական անվան մեջ «առաքելական» բառի գործածությունը)։ Առաքելական են բոլոր պատմական եկեղեցիները՝ թե՛ հունադավան, թե՛ կաթոլիկ, թե՛ հայոց։ Այսինքն՝ չենք կարող միայն հայերին «առաքելական» կոչել՝ հակադրելով հունադավաններին ու կաթոլիկներին։ «Առաքելականներ» անունով քրիստոնյաներ գոյություն չունեն։ Ճիշտ այդպես էլ չենք կարող, ռուսերենի հետևողությամբ, հայերեն «ուղղափառ» բառով կոչել հունադավաններին (Հույն եկեղեցի, Ռուսաց եկեղեցի, Վրաց եկեղեցի և մնացած բոլոր այն եկեղեցիները, որոնք, հետևելով Բյուզանդիայի հունական եկեղեցուն, ընդունել են առաջին 7 տիեզերական ժողովները՝ ներառյալ Քաղկեդոնի ժողովը)։

Ինչո՞ւ է հայերեն «ուղղափառ» բառի այսպիսի գործածությունը սխալ։ Որովհետև «ուղղափառ» նշանակում է ուղիղ հավատք ունեցող, և այս եկեղեցիներն ուղղափառ կոչելով, իսկ Հայոց եկեղեցին՝ ոչ՝ մենք փաստորեն ընդունում ենք, որ այդ եկեղեցիներն ուղղադավան են, ուղիղ հավատք ունեն, իսկ մեր եկեղեցին՝ ոչ։ Անհեթեթ է, ճի՞շտ է։ Մարդ ինչպե՞ս կարող է օտար ու ոչ դավանակից եկեղեցին կոչել ուղղադավան, իսկ սեփականը՝ ոչ ուղղադավան։ Որ «ուղղափառ» բառի այսպիսի կիրառությունը հայերենում ռուսաբանություն է և չի համապատասխանում այդ բառի՝ հայերենում եղած ավանդական իմաստին ու կիրառությանը, երևում է նրանից, որ ռուսերենում է, որ այս բառի համարժեքը (православный) գործածվում է միայն ռուս քրիստոնյաների ու նրանց դավանակից մյուս քրիստոնյաների (հույներ ևն) համար՝ շրջանցելով հայերին ու վերջիններիս դավանակից մյուս քրիստոնյաներին։ Ռուսներն ու նրանց դավանակից ազգերն են, որ հայերին «ուղղափառ» չեն համարում։ Մինչդեռ Հայոց եկեղեցին իրեն մշտապես «ուղղափառ» է կոչել, և այս բառը գործածվում է նաև Հայ առաքելական եկեղեցու ավելի ընդարձակ անվանման մեջ։ Ավելին՝ հնում, դավանաբանական տարաձայնությունների պատճառով (որոնք առ այսօր էլ լուծված չեն), Հայոց եկեղեցու վարդապետները մեր եկեղեցին ու հավատքը մշտապես կոչել են ուղղափառ, իսկ ոչ դավանակից այլ եկեղեցիներն ու նրանց հավատացյալներին՝ այլափառ կամ նույնիսկ չարափառ՝ նկատի ունենալով, որ նրանք չունեն ուղիղ հավատք՝ ուղղափառ չեն։ Եվ այսօր ևս Հայոց եկեղեցին իրեն և իր դավանանքը շարունակում է կոչել «ուղղափառ». այս բառն իր իմաստը չի փոխել, նոր իմաստ ձեռք չի բերել, ինչպես կարող են կարծել ոմանք, այլ այս բառը սխալ իմաստով գործածողներն են շատացել ռուսերենի և ռուսական մտածողության ազդեցության, երևույթներին ռուսական տեսանկյունից նայելու հետևանքով։

Հայոց եկեղեցու այժմյան պաշտոնական տարածված անունը՝ «Հայ առաքելական եկեղեցի»-ն, հին պատմություն չունի։ Դեռևս 20-րդ դարի սկզբում Հայոց եկեղեցին պաշտոնապես այդպես չէր կոչվում, այլ սովորաբար՝ պարզապես Հայ(ոց) կամ Հայաստանյայց եկեղեցի։ Իսկ Մաղաքիա արքեպս Օրմանյանն այն առաջարկում էր կոչել «Ուղղափառ»։ Ահա թե ինչ է նա գրում իր «Հայոց Եկեղեցին»* աշխատության (Կ. Պոլիս, 1911 թ․) ԼԳ գլխում («Եկեղեցւոյ անունը»).

Ընդհանրապէս տարածուած սովորութիւն է կրկին անուններով բացատրել իւրաքանչիւր մասնաւոր եկեղեցին, մէկը ազգագրական և միւսը վարդապետական.... Այսպէս են զանազան եկեղեցիներու սովորական կոչումները, զորօրինակ, Յունական Որթոդոքս եկեղեցի, Ռուսական Պրաւոսլաւ եկեղեցի, Լատինական Կաթոլիկ եկեղեցի, Անգղիական Եպիսկոպոսական եկեղեցի, Սկովտական Երիցական եկեղեցի, Ամերիկեան Աւետարանական եկեղեցի, և այլն։ Հայոց Եկեղեցւոյ գալով սովորաբար ազգագրական անունն է որ կը գործածուի, և վարդապետական անունի մասին ընկալեալ սովորութիւն մը չկայ։ Ինքն ալ կը գոհանայ միշտ Հայաստանեայց կամ Հայոց կամ Հայ կոչումները տալ իրեն պարզապէս։ Իսկ սուրբ և առաքելական և ուղղափառ և ուրիշ նմանօրինակ կոչումներ, իբր լոկ պատուանուն կը գործածուին, և ոչ իբր յատուկ անուն։  ....Բայց վերջապէս, եթէ հարկաւ կը պահանջուի որ Հայաստանեայց Եկեղեցին ալ երկրորդական կամ վարդապետական անուն մը ունենայ, մեր տեսութեամբ յարմարագոյն է Ուղղափառ կոչումը նախընտրել, հայերէն բնիկ հնչումով....

* Գրքի ամբողջական անունն է՝ «Հայոց Եկեղեցին և իր պատմութիւնը, վարդապետութիւնը, վարչութիւնը, բարեկարգութիւնը, արարողութիւնը, գրականութիւնը ու ներկայ կացութիւնը»։

«Ուղղափառ»-ը հունարեն «օրթոդոքս», ռուսերեն православный բառերի հայերեն համարժեքն է։ Բնական է, որ յուրաքանչյուր եկեղեցի իրեն ուղղափառ է համարում, իսկ իր դավանանքը չունեցող, իր դավանանքին հակասող հավատք ունեցող եկեղեցիները՝ ոչ ուղղափառ։ Որոշ եկեղեցիներ իրենց պաշտոնական անվան մեջ գործածում են այս բառը։ Սա անում են ոչ միայն հունադավան եկեղեցիները, այլև Հայ առաքելական եկեղեցուն դավանակից համարվող, այսինքն՝ տիեզերական միայն առաջին երեք ժողովներն ընդունող ոչ քաղկեդոնական մնացած եկեղեցիները (ղպտի, ասորի միաբնակ, եթովպական, հնդիկ մալանկարա և էրիթրեական)։ Անգլերենով վերջիններիս անուններն են Coptic Orthodox Church, Syriac Orthodox Church, Ethiopian Orthodox Church և այլն։ Արդյոք «ուղղափառ» կոչելով միայն հունադավան եկեղեցիները՝ մեզ դավանակից եկեղեցինե՞րն ինչ պիտի կոչենք։ Սրա՞նք ինչ են, եթե իրենց անվանման մեջ նույնպես ունեն «ուղղափառ» բառը, բայց, ըստ դավանության, տարբերվում են հունադավաններից, այսինքն՝ շատերի պատկերացրած «ուղղափառները» չեն և, օրինակ, աջից ձախ չեն խաչակնքվում, ինչպես հույները, վրացիներն ու ռուսները։

Հետևաբար, այս շփոթից խուսափելու միակ ճիշտ լուծումը տվել է դարձյալ Մաղաքիա Օրմանյանը վերոբերյալ մեջբերման մեջ։ Հունադավան եկեղեցիների անվանումներում պետք է գործածել «ուղղափառ» բառի հունարեն համարժեքը՝ «օրթոդոքս»-ը, որ հունարեն լինելով՝ միջազգային եզրի արժեք է ստացել (այսինքն՝ գործածվում է շատ լեզուներում՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն ևն), և Ռուսաց եկեղեցու պարագայում՝ ռուսերեն համարժեքը։ Իսկ ընդհանրաբար նրանց կոչում ենք հունադավաններ (ոչ թե ուղղափառներ) և նրանց հավատքը՝ հունադավանություն (ոչ թե ուղղափառություն)։

Հունադավան եկեղեցիներ (= արևելյան օրթոդոքս եկեղեցիներ, արևելյան «երկաբնակ» եկեղեցիներ, Eastern Orthodox Churches)

Հույն (կամ Հունական) օրթոդոքս եկեղեցի

Ռուս (կամ Ռուսական) պրավոսլավ եկեղեցի

Վրաց օրթոդոքս եկեղեցի

Ռումին (կամ Ռումինական) օրթոդոքս եկեղեցի և այլն

Մեր եկեղեցուն դավանակից եկեղեցիներ (= հինարևելյան ուղղափառ եկեղեցիներ, արևելյան «միաբնակ» եկեղեցիներ, Oriental Orthodox Churches)

Ասորի (կամ Ասորական) ուղղափառ եկեղեցի (իսկ հունադավանը՝ Ասորի (կամ Ասորական) օրթոդոքս եկեղեցի)

Ղպտի (կամ Ղպտական) ուղղափառ եկեղեցի

Եթովպական ուղղափառ եկեղեցի

Հնդիկ մալանկարա ուղղափառ եկեղեցի

Էրիթրեական ուղղափառ եկեղեցի



Սբ Էջմիածնի պաշտոնական «Արարատ» ամսագրի 1911 թ. տարբեր համարներից («պրավոսլավ»՝ «ուղղափառ»-ի փոխարեն, երբ խոսքը Ռուս եկեղեցու մասին է)


Դարձյալ «Արարատ»-ից (1895 թ.) («օրթոդոքս»՝ «ուղղափառ»-ի փոխարեն, երբ խոսքը հունադավանների մասին է)