10/2/17
Հարցազրույց «Գրահավաքի» հետ
Վերջերս լրագրող Անահիտ Մինասյանը տողերիս հեղինակին ուղարկեց հարցեր, որոնց պատասխանեցի, բայց հետո պարզվեց, որ միայն շատ փոքրիկ մաս պիտի գործածվի ռուսալեզու «Digital.Report» առցանց պարբերականի «Как идет оцифровка библиотек Армении: новая жизнь старых книг» հոդվածում։ Ուստի Անահիտի հարցերին տվածս պատասխանները կհրապարակեմ այստեղ։
1. Որտեղի՞ց առաջացավ «Գրահավաք» բլոգի/կայքի ստեղծման գաղափարը, և ո՞րն էր նրա առաջնային նպատակը:
— Կարճ պատասխան։ Գաղափարը ծնվեց անգործությունից։ Երբեմն անգործ մնալը կարող է մի շատ լավ գաղափարի ծնունդ տալ։ Միտքդ ավելի անզբաղ է, իր համար հանգիստ թափառում է, ուստի, չգիտես որտեղից հղանալով, ծնում է լավ գաղափարներ ։)
Երկար պատասխան։ «Գրահավաքը» ստեղծվել է 2014 թվականին, երբ ես մի կարճ ժամանակ համեմատաբար ազատ էի, միայն կես դրույքով էի աշխատում և շատ գործ չունեի անելու, ուստի մտմտում էի, թե հանրության համար ինչ լավ ու օգտակար բան կարելի էր անել։ Ինչպես հուշում է բլոգի անունը, «գրքեր հավաքելու» գաղափարը ծագել է հենց ի սկզբանե։ Այդ ժամանակ մտադիր էի նաև ինքս էլ որոշ էլեկտրոնային գրքեր պատրաստելու (և մի քանիսը պատրաստեցի, դրեցի կայքում), համակարգչային ծրագրեր թարգմանելու-հայացնելու, ժողովրդին որոշ համակարգչային-համացանցային գիտելիքներ փոխանցելու, հայոց լեզվին վերաբերող նյութեր տրամադրելու և այլն։ Այս բոլորը ձեռքի հետ անում եմ, իհարկե, բայց, ինչպես հասկացել եք, «Գրահավաքը» հիմնականում առցանց գրադարան է, որը համակարգված ձևով ներկայացնում է համացանցային տիրույթում սփռված հայալեզու կամ հայագիտությանն առնչվող օտարալեզու գրքեր։ Ինչպես բացատրված է կայքիս հենց հիմնական էջում, «Գրահավաքը», ի տարբերություն համացանցային այլ գրադարանների, իրական գրքեր սովորաբար չի մատուցում (սակավ բացառությամբ)։ Այն տալիս է գրքերի միայն հղումներ, ինչ պատճառով էլ ես այս տիպի գրադարանը կոչել եմ «գրահղումների գրադարան», որպեսզի հնարավոր լինի այն տարբերել այլ տիպի գրադարաններից։ Քանի որ այս տիպի գրադարանի այլուր չեմ հանդիպել (գուցե կա, բայց ես չեմ տեսել), ես նրա համար նաև անգլերեն անվանում եմ ստեղծել՝ booklinks library (ռուսերեն՝ библиотека книгоссылок)։ Գրահղումների գրադարանն այլ բան չէ, քան տեղեկույթի որոշակի տեսակի կազմակերպման ձև (տվյալ դեպքում՝ համացանցում ազատորեն հասանելի գրքերին վերաբերող տեղեկույթի)։ Ինչպես կայքիս հիմնական էջում գրված է, ցանկանում եմ, որ այսպիսի գրադարաններ մի օր ստեղծվեն բոլոր լեզուների կամ մասնագիտական ոլորտների համար։ Տարածված լեզուների համար (օրինակ՝ անգլերենի և ռուսերենի) այսպիսի գրադարաններ ստեղծելն անշուշտ շատ ավելի հսկայածավալ աշխատանք ու ահռելի միջոցներ է պահանջում, բայց այսպիսի գրադարանները, գոնե զանազան մասնագիտական ոլորտների համար, կարծում եմ, անհրաժեշտություն են, և միգուցե հետագայում դրանք ստեղծվեն տեղեկույթի կազմակերպման գործով զբաղվող խոշոր ընկերությունների կողմից, օրինակ՝ Գուգլի։
Գրահղումների գրադարանն օգնում է ներբեռնելի կամ ազատ ընթերցման ենթակա գիրք որոնողին համացանցում ավելի հեշտությամբ գտնելու ուզածը։ Ես նաև զանազան թեմատիկ գրացուցակներ եմ ստեղծում՝ որևէ տիպի գրականություն ներկայացնելու կամ որևէ թեմային առնչվող գրքերը կամ դրանց բովանդակությունը մեկտեղելու և դրանով իսկ անհրաժեշտ նյութի որոնումը դյուրացնելու համար։ Բացի գրադարանի այբբենական ցուցակներից, որոնցում գրքերը պետք է որոնել ըստ հեղինակների անունների, կան նաև պարբերականների, հայերեն ձեռագրերի, նախախորհրդային շրջանի ռուսալեզու հայագիտական գրքերի, հայկական ձայնանիշերով հրատարակված գրքերի ցուցակներ, առանձին հեղինակների որոշակի գործերի և մատենաշարների բովանդակության համար ստեղծված ցուցակներ և այլն։ Գրահղումների գրադարանի մյուս առանձնահատկությունների մասին կարող եք կարդալ կայքի հիմնական էջում։
Ցավոք, քանի որ «Գրահավաք» գրադարանի վրա աշխատում եմ միայն ես, իսկ ես էլ վաղուց այլևս անգործ չեմ, ինչպես կայքի հիմնման ժամանակ, ուստի կայքով զբաղվել կարող եմ միայն իմ հիմնական աշխատանքից ազատ ժամանակ, և «Գրահավաքը» դեռևս չափազանց թերի գրադարան է, չնայած որ առաջին հայացքից հարուստ է թվում։ Որպեսզի այն շատ ավելի հարստանա և ավելի շատ մարդկանց պիտանի դառնա, պետք են աշխատող հավելյալ ուժեր, որոնք առայժմ չկան։
2. Ի՞նչ սկզբունքով եք ուղղորդվում «Գրահավաքում» ներառված գրքերի հղումները տեղադրելիս:
— ա) Քանի որ սա հայկական գրադարան է, ապա գրքերը պիտի լինեն կա՛մ հայալեզու, կա՛մ հայկական թեմաներին առնչվող։ բ) Գրքերը պիտի լինեն ազատորեն ներբեռնելի կամ առցանց ընթերցվող։ Կան կայքեր, որոնք գիրք են վաճառում. մենք հղում չենք տալիս դեպի վաճառվող գրքեր։
3. Ձեր կայքում թվով քանի՞ հեղինակի աշխատությունների հղումներ են ներկայացված, դրանցից քանի՞սն են էլեկտրոնային։
— Հեղինակներին չեմ հաշվել, ներեցեք։ Իսկ «էլեկտրոնային» ասելով՝ ի՞նչ նկատի ունեք։ Բոլոր գրքերն էլ, քանի որ էլեկտրոնային ընթերցիչ ծրագրերով ու սարքերով են ընթերցվում, «էլեկտրոնային» են, այսինքն՝ կամ թվայնացված, տեսածրված գրքեր են, կամ մուտքագրված բնագրեր։ Հիմնականում PDF, DjVu, HTML, EPUB և MOBI ձևաչափերի նիշքեր են, որոնց մի մասը կարելի է ընթերցել հենց համացանցում՝ առցանց ընթերցիչով։
4. Ո՞վ է Ձեր կայքի միջին վիճակագրական օգտատերը։
— Բնականաբար, կամ հայերեն կարդալ իմացողը, որ սովորաբար հայ է, կամ հայագիտությամբ հետաքրքրվող օտարը։ Օգտատերերի մեծ մասը Հայաստանից, Ամերիկայից, Ռուսաստանից և եվրոպական որոշ երկրներից է։ Ուրիշ տվյալներ չունեմ։
5. Ըստ Ձեզ՝ որո՞նք են ներկա պահին հայալեզու էլեկտրոնային (թվային ու թվայնացված) գրադարանների հիմնական խնդիրները։
— Քանի որ, ինչպես արդեն ասացի, «Գրահավաքը» տարբերվում է մյուս առցանց գրադարաններից, այսինքն՝ միայն գրահղումների գրադարան է և ո՛չ իրական գրքերի, ապա ես կարող եմ միայն այս տիպի գրադարանի խնդիրների մասին խոսել, ինչը թեթևակի արեցի վերևում։ Իսկ մնացած գրադարանները, որ հենց թվայնացված գրքեր են մատուցում, կարող են զանազան այլ խնդիրներ ունենալ, որոնց ես տեղյակ չեմ։ Կարող եմ կռահել, բայց ավելի լավ է՝ հարցին պատասխանեն մյուս առցանց գրադարանները ստեղծողներն ու աշխատեցնողները։
6. Ձեր դիտարկումներով՝ հայերեն լեզվով էլեկտրոնային գրադարաններում ներկայացված գրքերի նկատմամբ արդյո՞ք պահպանվում են հեղինակային իրավունքների պահանջները՝ հաշվի առնելով, որ դրանց ներբեռնումն անվճար է։
— Լավ հարց է, բայց դարձյալ ավելի շատ վերաբերում է հենց այդ գրադարանների տերերին։ Քանի որ ես սովորաբար միայն հղումներ եմ տալիս դեպի զանազան կայքերում տեղադրված գրքեր, ես չեմ կարող իմանալ՝ արդյո՞ք կայքում գիրքը տեղադրողները դա անելու համար թույլտվություն ունեցել են, թե ոչ։ Ով ասես կարող է գիրք թվայնացնել ու տեղադրել համացանցում։ Շատ հաճախ հենց հրատարակիչները կամ հեղինակներն են իրենց հրատարակած գրքերն ազատորեն տրամադրում, օրինակ՝ ԵՊՀ հրատարակչությունը, մեր Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՃՈՒՄ-ը և այլն։ Շատ գրքեր տեղադրված են զանազան համալսարանական կայքերում, մեր Ազգային գրադարանի առցանց շտեմարաններում, և, հետևաբար, ես մտածում եմ, որ այսպիսի լուրջ հաստատությունները դա անում են թույլտվությամբ։ Երբեմն պատահում է, որ որևէ անձնական կայքում գտնում եմ դեռևս գրախանութներում վաճառվող մի գիրք, որի հրատարակիչն իր գրքերն ազատորեն չի տրամադրում, և հասկանում եմ, որ դժվար թե այդ գրքի թվային տարբերակը թույլտվությամբ հայտնված լիներ կայքում։ Նման դեպքերում գիրքը չեմ ներառում գրահղումների գրադարանի ցուցակներում։ Բայց, կրկնում եմ, ես չեմ կարող այսպիսի հարցերը ճշտել, քանի որ հեղինակային իրավունքի օրենքով պաշտպանվող գրքերը թվայնացնողն ու համացանցում տեղադրողը ես չեմ։ Երբ մենք համացանցում գիրք ենք որոնում, հաճախ դիմում ենք որոնողական ծառայությունների, օրինակ՝ Գուգլի, օգնությանը։ Եվ, ինչպես գիտեք, Գուգլը բերում է թե՛ հեղինակային իրավունքի օրենքով պաշտպանված և ապօրինի տեղադրված, թե՛ այդ օրենքին այլևս չենթարկվող կամ թույլտվությամբ տեղադրված գրքեր։ Արդյոք կարո՞ղ ենք Գուգլին մեղադրել ապօրինի տեղադրված գրքերի հղումները նույնպես ցուցադրելու համար։ Չգիտեմ, այս խնդրին բավականաչափ տեղյակ չեմ։ Բայց ենթադրում եմ՝ մեղադրել չենք կարող։
Սեդա Ստամբոլցյան (Գրահավաք)