Դպրոցից սկսած՝ մեզ սովորեցնում են, որ հայերենում շեշտակիր է բառի վերջին վանկը։ Նշվում է նաև մի քանի բառային բացառություն, ինչպես՝ գոնե, միգուցե և էլի մի քանի բառ։ Սա ճիշտ է, բայց մի վերապահությամբ։ Հայերենում կոչականները պարտադիր չէ, որ վերջին վանկի վրա շեշտ առնեն. շատ հաճախ նրանց առաջին վանկն է շեշտվում, և սա շատ հնուց՝ միջնադարից եկած առոգանական առանձնահատկություն է։ Վերջին հարյուրամյակի հրատարակություններում մենք կոչականների վերջնավանկ շեշտադրության ենք միշտ հանդիպում, բայց սա իրականում երբեմն արհեստական շեշտադրություն է։ Այսպես չէ հին հրատարակություններում և միջնադարյան ձեռագրերում։ Հին հրատարակություններում և միջնադարյան ձեռագրերում շատ հաճախ կարելի է հանդիպել կոչականի սկզբնավանկ շեշտադրության։ Այս տարբերության պատճառն այն չէ, որ հայերենում կոչականի շեշտադրությունը մեծապես փոխվել է վերջին հարյուրամյակում։ Պատճառն արհեստական կանոնապահությունն է։ Իրականում հայերենում իրո՛ք կոչականը հաճախ սկզբնավանկ շեշտադրություն ունի, ինչպես միջնադարում և նախախորհրդային շրջանում։ Որպեսզի համոզվեք, որ սա ճիշտ է, մոռացեք հայերենում շեշտակրության օրենքի մասին և փորձեք ուշադիր լսել, թե հայերն ինչ շեշտադրությամբ են բնական խոսքում կոչականը գործածում, հենց Դուք ինքնե՛րդ ինչպիսի շեշտադրություն եք գործածում մարդկանց կանչելիս։ Կնկատեք, որ շատ հաճախ, իրոք, առաջին վանկն եք շեշտում։ Դիտարկեք այս օրինակները.
- Վա՛րդան, տո՛ւն արի։
- Զա՛րուհի, ձեռք մի՛ տուր։
- Աբրահա՛մ,– բարկացավ նա։
- Վարդա՜ն, Վարդա՜ն։
- Սիմո՞ն, էդ դու ե՞ս։
- Զարուհի՞, տանն ե՞ս։
Այսուհետ, եթե ուշադիր լինեք կոչականի գործածությանը ձեր և այլոց խոսքում, կնկատեք, որ որոշ դեպքերում առաջին վանկն ենք շեշտում, որոշներում էլ՝ վերջին։
Տեսե՛ք, թե վերոբերյալ օրինակներում կոչականի շեշտը որտեղ է դրված։ Սրանք ձեռագրային և հին տպագիր գրքերից օրինակներ են։ Առաջին երկուսը 1401 թ.-ի մի ձեռագրից է, հաջորդ երկուսը՝ Զոհրապյանի հրատարակած Աստվածաշնչից (1805 թ.), իսկ վերջինը՝ հ. Արսեն Այտընյանի «Քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերէն լեզուի» (1883 թ.) աշխատությունից։ Ընդ որում, Այտընյանը «Քերականության» մեկ այլ՝ ավելի ընդարձակ հրատարակության մեջ («Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերէն լեզուի», Վիեննա 1866 թ. (վրհրտ. Երևան 1987 թ.), Բ մաս, էջ 362) հստակորեն, որպես կանոն, գրում է.
«Կոչականներն առաջին վանկին վրայ կը շեշտուին. այսպէս. Ո՛րդեակ. հա՛յրիկ. ա՛նզգամ. Սի՛մոն. Մա՛րիամ. Փի՛լիպպոս, ևայլն։
Կոչականներն այսպէս կը շեշտուին խօսքի մէջ, կամ ուրիշ բառի հետ եղած ատեն. իսկ մինակ որ մնան, (մանաւանդ յատուկ անունները,) զորօրինակ մէկն անունով կանչելով՝ վերջին վանկը կը շեշտուի․ այսպէս․ Բովանդակ ուժովն սկսաւ պոռալ. Տիրա՛ն, Տիրա՛ն... բայց իւր ձայնին արձագանգն էր միայն պատասխանը»։
Իսկ սա Ն. Մելիք-Թանգյանի «Աշխարհաբարի քերականութիւնը» աշխատությունից է (Բ. տպ., Նոր-Ջուղա, 1900, էջ 72).