6/2/14

«Ուրբաթագիրքը», «Պարզատումարը» և այլ գրքեր՝ pdf ձևաչափով



(Հոդվածը վերջին անգամ փոփոխվել է 2021 թ. օգոստոսի 3-ին)

Այս գրառումն ուղեցույց է նրանց համար, ովքեր չգիտեն ինչպես  pdf նիշքի տեսքով ձեռք բերել գրքեր այն առցանց գրադարաններից, որոնք գրքերի ներբեռնման գործիք չեն տրամադրում։ Առաջին հերթին դա ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի կայքն է, որում ներկայացված են Հայաստանի ազգային գրադարանի և ԳԱԱ գրադարանի թվայնացրած գրքերը։ Ապա՝ նաև webaram կայքը, որից գրքեր ձեռք բերելու համար կարդացեք ներքոշարադրյալ Բ միջոցի մասին։

Եթե օգտվում եք Ակադեմիայի գրադարանի կայքի՝ ներքոբերյալ նկարում տեսանելի ժողովածուներից (գրքերի էջերի հասցեները սկսվում են http://greenstone.flib.sci.am-ով), ապա դրանցում առկա գրքերը pdf ձևաչափով չեն տրամադրվում. կայքը թույլ է տալիս դրանք առցանց ընթերցիչով կարդալ, բայց ցույց չի տալիս որևէ հնարավորություն՝ այդ գրքերը pdf կամ այլ ձեւաչափով ներբեռնելու համար։ Սակայն այդպիսի հնարավորություն, այնուամենայնիվ, կա։ Պարզապես այն թաքցրել են մեզնից, իսկ մենք թաքնվածն ի հայտ կբերենք ։)


Առաջարկում ենք երկու միջոց՝ այդ գրքերը pdf տարբերակով ունենալու համար։

Ա միջոց

Այդ գրքերի pdf տարբերակները թաքնված են, և դրանք կարելի է «բացահայտել»՝ առցանց ընթերցիչով բացված գրքի հասցեի տողում կատարելով փոքրիկ փոփոխություն։ Ջնջեք հասցեի վերջնամասը՝  _index.html, փոխարենը գրեք .pdf և սեղմեք մուտքի ստեղնը։ Սա կբացի նույն գիրքը pdf տարբերակով։

Օրինակ՝ ենթադրենք «Ազգային սահմանադրութեան» գիրքն եք բացել առցանց ընթերցիչով։ Այդ էջի հասցեն հետևյալն է՝

http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/haygirq/book/azgayin_sahmanadrutyun_index.html

Հիմա այս հասցեն դարձրեք՝

http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/haygirq/book/azgayin_sahmanadrutyun.pdf

Գիրքը ներբեռնելու համար սեղմեք ctrl S ստեղնային համադրությունը։ Եթե դա չի գործում, ապա, եթե գիրքը ծավալուն է, պետք է մի փոքր սպասեք, մինչև ամբողջությամբ բացվի, հետո սեղմեք բացված pdf-ի վերին աջ անկյունում գտնվող այն պատկերակի վրա, որը թույլ է տալիս նիշքը ներբեռնել։

Եթե պարզվի, որ գիրքը շատ ծանր է, և նպատակահարմար չլինի այն ամբողջությամբ ներբեռնել, քանի որ Ձեզ անհրաժեշտ է գրքի միայն մի հատված, ապա կարող եք օգտվել հաջորդ միջոցից։

Բ միջոց

Եթե բացեք Ձեզ անհրաժեշտ գիրքը, առցանց ընթերցիչում կգտնեք գրքի անհրաժեշտ էջերը տպելու գործիք`






Դրա միջոցով կարող եք Ձեզ անհրաժեշտ էջերը տպել որպես pdf, եթե համակարգչում տեղակայված ունեք pdf-ի տպիչ։ Եթե գործածում եք Ուինդոուս համակարգը, այդպիսի տպիչ է, օրինակ, BullZip-ը, որը նաև կցում է pdf նիշքեր։ Սա պետք կլինի այն դեպքում, եթե պետք է հետո առանձին հատվածներ կցեք ու մեկ նիշքի վերածեք։ Նաև պետք կգա այն դեպքում, եթե գրքի Ձեզ անհրաժեշտ մասը ծավալուն է. միանգամից շատ էջեր տպելը կարող է խիստ ծանրաբեռնել համակարգիչը և անհաջողությամբ պսակվել, ուստի խորհուրդ ենք տալիս ծավալուն հատվածները տպել մաս-մաս, ասենք՝ միայն 50 էջ, հետո ևս 50 և այսպես շարունակ։ Այս դեպքում գրքի Ձեզ անհրաժեշտ մասը կունենաք մի քանի pdf-ով, որոնք մեկ pdf-ի վերածելու համար էլ Ձեզ անհրաժեշտ է կցող ծրագիր (եթե ունեք Adobe Acrobat ծրագիրը, pdf-ներ կցող այլ ծրագրի կարիք չունեք)։

Եթե Լինուքս համակարգն եք գործածում, ապա նույն գործողությունները կատարելու համար Ձեզ ևս անհրաժեշտ են pdf-ի տպիչ և pdf կցող ծրագիր։ Դրանք ունենալու համար տեղակայեք cups-pdf և pdfsam կամ pdf chain ծրագրային փաթեթները։ Առաջինը տպիչ է, երկրորդը՝ pdf-ներ կցող կամ մասնատող շատ հարմար ծրագիր։
****************************

Եթե նույն գրադարանի մյուս ժողովածուներում տեղադրված գրքերի pdf-ներն եք ուզում ձեռք բերել(էջերի հասցեները սկսվում են http://serials.flib.sci.am-ով), պետք է բացել գիրքը, սեղմել վերին աջ անկյունում երևացող i տառի վրա (այսպես է պետք վարվել նաև նմանատիպ ընթերցիչներ ունեցող այլ կայքերում ևս, օրինակ՝ archive.org-ում)։ Բացվող պատուհանիկում էլ սեղմեք pdf-ի պատկերակի վրա այնպես, ինչպես բացատրված է ստորև՝ նկարում։



Այդ բաժինների գրքերը հենց Ակադեմիայի գրադարանի կայքում փնտրելիս (դրանք կարելի է փնտրել նաև «Հայ գիրք» շտեմարանի ցուցակի միջոցով) Ձեզ անհրաժեշտ է գիտենալ հետևյալը։

Գրքերն այնտեղ ներկայացված են հորիզոնական շարքով, գրքի պատկերների տեսքով։ Երբ սեղմում եք որևէ գրքի պատկերի վրա, սեղմման համար ընտրեք դրա ներքևի աջ անկյունում գտնվող գրքույկանման փոքրիկ պատկերակը։
Եթե սեղմեք գրքի պատկերի այլ հատվածներում, կհայտնվեք կամ բովանդակության հղումներ ունեցող էջում, կամ էլ «դատարկ» էջում, ուր ոչ բովանդակության հղումներ կան, ոչ էլ՝ գիրքը տեսնելու որևէ այլ հնարավորություն։

Եթե պարզվի, որ տեխնիկական խնդիր կա և գիրքն ընթերցիչով չի բացվում, գրքի pdf տարբերակը բացելու համար կատարեք հետևյալ փոփոխությունը հասցեում. հասցեի վերջից՝ /book/ մասից հետո, ջնջեք ինչ որ կա և փոխարենը գրեք Binder1.pdf (Binder-ը՝ մեծատառով)։

Օրինակ՝http://serials.flib.sci.am/Founders/Acharyan%20LQ1/book/index.html#page/1/mode/2up

Այս հասցեն պիտի դառնա՝
http://serials.flib.sci.am/Founders/Acharyan%20LQ1/book/Binder1.pdf