6/3/14

Լինուքս-4. Տերմինալ. նախագիտելիք

Նախորդ մասը՝ այստեղ։

Տերմինալը Լինուքսում մի գործիք է, որով հրամաններ են տրվում այս կամ այն գործողության կատարման համար։ Իսկական տերմինալը ժամանակին գործածվող առանձին մի սարք էր՝ դարձյալ հրամանների իրականացման համար, որն այսօր չի գործածվում։ Այդ իսկ պատճառով լինուքսյան տերմինալը երբեմն կոչում են terminal emulator/simulator, այսինքն՝ տերմինալին նմանակող։ Քանի որ տերմինալը բացվում է պատուհանիկի տեսքով, այն կարող ենք նաև հրամանապատուհան կոչել՝ ելնելով նրա՝ մեզ համար տեսանելի արտաքին տեսքից։ Սովորաբար տերմինալը գտնվում է ծրագրացանկերի Accessories բաժնում։ Այն կարելի է կանչել, այսինքն՝ բացել, ctrl alt T ստեղնային համադրությամբ։


Ի՞նչ կարելի է անել տերմինալով։ Կարելի է ծրագրեր տեղակայել, ջնջել, թարմացնել, աշխատեցնել, փնտրել նիշքեր, ստանալ համակարգի այս կամ այն գործիքի, ծրագրի վերաբերյալ տվյալներ, կարդալ նիշքեր ու էլի հազարումի բան անել, անգամ խաղ խաղալ (օրինակ՝ «Օձ»՝ Snake պարզ խաղը)։

Թեև ներկայումս թողարկվող լինուքսյան բաշխումների մեծ մասում տերմինալով արվող շատ գործողություններ կարելի է անել տերմինալի շրջանցմամբ՝ գրաֆիկական միջերես ունեցող տարբեր ծրագրային գործիքների միջոցով, սակայն, այնուամենայնիվ, դեռևս որոշ գործողություններ կարելի է միայն տերմինալով կատարել։

Ուինդոուսյան հիմնական ընտրացանկից Ձեզ անշուշտ ծանոթ է Run-ը։ Սակայն սովորական օգտվողը հազիվ թե երբևէ այն գործածելու կարիքն ունենա։ Այսպես չէ Լինուքսում, ուր օգտվողները պետք է կարողանան օգտվել տերմինալից։ Բայց սա թող չխրտնեցնի ոչ ոքի։ Տերմինալից օգտվելը ոչ միայն դժվար չէ, այլև շատերին հաճելի։ Մարդիկ կան, որ անգամ այն ամենը, ինչ կարելի է հանգիստ անել այս կամ այն ծրագրի միջոցով, նախընտրում են տերմինալով անել։ Ուրեմն սովորենք մի շարք հրամաններ, որոնք Ձեզ վստահաբար պետք կգան։

cd
Այս հրամանով տեղափոխվում եք այն պանակը, որը Ձեզ անհրաժեշտ է նրանում նիշքերի հետ գործողություն կատարելու համար։ Ենթադրենք՝ ուզում եք գնալ համակարգչի home բաժնում գտնվող պանակներից մեկը։ Ուրիշ բան պետք չէ գրել, քան պարզապես՝ cd և home-ում գտնվող պանակի անունը։ Օրինակ՝
cd Documents
cd Downloads
cd Music

Եթե Ձեզ պետք է այդ պանակների ներսում գտնվող պանակ, ապա ուղին (path) կնշվի հետևյալ կերպ՝

cd Music/Bach

Սա նշանակում է, որ գնում եք  Music պանակում գտնվող Bach պանակը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Տերմինալում գրվող ո՛րևէ անուն՝ պանակի, նիշքի, ծրագրի ևն, պետք է ամբողջությամբ ճիշտ լինի, առանց որևէ վրիպակի և հաշվի առնելով նաև մեծատառ-փոքրատառը։

Եթե պանակի կամ նիշքի անունը մեկից ավելի բառերից է կազմված, ենթադրենք՝ վերոնշյալ Bach պանակում ունեք Piano sonatas անունով պանակ, ապա այդ պանակի անունը տերմինալում նշելիս պետք է բացակից առաջ դնել \ նշանը։ Այսինքն՝ այդ պանակի ուղին կնշվի հետևյալ կերպ՝

 cd Music/Bach/Piano\ sonatas

Թե տերմինալում ինչպիսի գործողություններ կարելի է կատարել նիշքերի հետ նախ վերոնշյալ հրամանը գործածելով, կարող եք կարդալ, օրինակ, pdf-ի հետ աշխատանքին նվիրված մեր գրառման մեջ՝ «Ինչ կարելի է անել pdf-ի հետ Լինուքսում և ինչպես»։

 locate
Տերմինալով կարելի է փնտրել ո՛րևէ նիշք՝ գործածելով locate հրամանը։
Օրինակ՝ եթե բացեք տերմինալն ու գրեք՝ locate -b pdf, այս հրամանը վայրկենապես կբերի ցանկը ոչ միայն Ձեր համակարգում գտնվող բոլոր pdf նիշքերի, այլև այն նիշքերի, ծրագրերի կամ պանակների, որոնց անվանումներում կա pdf տառակապակցությունը։ Եթե պետք է միայն .pdf ընդլայնմամբ նիշքերի ցանկը, ապա հենց այդպես՝ կետով գրեք այն՝  locate -b .pdf։

Տերմինալում կարելի է նաև հայերեն տառեր գործածել, այնպես որ հայերեն անվանումով նիշքեր ևս կարող եք փնտրել locate հրամանով։

Դադարեցնել տերմինալում սկսված գործողությունը
Եթե Դուք տերմինալով ինչ-որ բան եք անում՝ ծրագիր գործածում, որոնում կատարում, pdf տպում, համացանցից ինչ-որ բան ներբեռնում և այլն, և գործողությունն ուզում եք դադարեցնել, ապա տերմինալի պատուհանը փակելը ոչ բոլոր դեպքերում է, որ կդադարեցնի նաև սկսված գործողությունը։ Ընդհանրապես տերմինալով սկիզբ առած որևէ գործողություն դադարեցնելու ձևը ctrl C ստեղնային համադրությունը գործածելն է։

Տերմինալային հրամանների մասին թեման կշարունակենք լինուքսյան ծրագրային փաթեթների կառավարմանը ծանոթանալուց հետո։

Շարունակելի