Մովսես Խորենացին իր «Պատմության» մեջ, Գրիգոր Լուսավորչի որդիներ Արիստակեսի և Վրթանեսի մասին խոսելիս, ասում է, որ ոչ թե նրանք էին ձգտում պատվի, այլ պատիվն էր ընկել նրանց հետևից («....որք ոչ զպատիւն յինքեանս ձգէին, այլ պատիւն զհետ նոցա ընթացաւ», գիրք Բ, գլ. Բ)։ Ի դեպ, սրանից անմիջապես հետո ավելացնում է՝ «ինչպես ասում է Ագաթանգեղոսը», որից հետևում է, որ վերոնշյալ խոսքը կամ Լուսավորչի որդիների մասին հատվածը Խորենացին վերցրել է «Ագաթանգեղոսից» (չակերտները միտումնավոր են դրված՝ իբրև գրքի և ոչ թե անձի անվան ցուցիչներ)։ Սակայն մեզ հասած «Ագաթանգեղոսում» այդ մասը չկա, ուստի կա՛մ Խորենացուն ծանոթ «Ագաթանգեղոսն» ուրիշ է եղել, կա՛մ Խորենացու պատմության այս մասն է հետագայում եղծվել, և «ինչպես ասում է Ագաթանգեղոսը» մասը Խորենացու մեզ հասած պատմության մեջ իր տեղում չէ։
Ինչևէ, սա մի փոքրիկ տեքստաբանական դիտարկում էր, իսկ բուն ասելիքս վերաբերում է Լուսավորչի որդիների՝ Խորենացու հիանալի բնորոշմանը։ Կուզեի, որ այն շատերն իմանային, ՄԱՆԿՈՒՑ անգիր անեին, դաջեին իրենց ուղեղում ու սրտում, երբեք չմոռանային և դարձնեին իրենց կյանքի կարևոր նշանաբաններից մեկը։ Ոչ թե ձգտել պատվի, փառքի, կոչումների, տիտղոսների և այլ այսպիսի ունայնության, այլ ապրել ու գործել այնպես, որ պատիվն ինքն ընկնի հետևիցդ, ընթանա հետևիցդ, բայց դու դրան բանի տեղ չդնես, թույլ չտաս՝ կողքովդ քայլի կամ, առավել ևս, քեզնից առաջ անցնի։ Որովհետև հենց թույլ տաս, Խորենացու այս խոսքն այլևս քեզ չի վերաբերի։
Ինչքան լավ կլիներ, եթե այս խոսքը լավ հիշեին ու կյանքի մի նշանաբանի վերածեին հատկապես նրանք, ովքեր իրենց բուն կոչմամբ իսկ չպիտի ձգտեին երկրային ունայն պատիվների ու կոչումների։ Մարդու անվանը կցված «պատիվները» նրա պատիվն ու փառքը ավելացնում են միայն ունայնամիտների ու քծնասերների սրտում, և այսպիսիներից նրա ստացած պատիվը՝ «հենց ա՛յդ իսկ է նրա վարձը»։ Նրանք, ովքեր պիտի բոլորովին այլ փառք փնտրեին, հողածին փոշեկերպ փառքն են փնտրում, և մինչ ունայնամիտները նրանց պատվում են, աշխարհի սկզբից եղած բոլոր Դիոգենեսները ծաղրում են։