Նախորդ գրառմանս մեջ գործածեցի «զորությունակիր» բառը և մտածեցի, թե արդյոք ինչո՛ւ են -ություն-ին կցված մեկ այլ ածանցով կամ արմատով ածանցավոր կամ բարդածանցավոր բառերում -ություն-ը վերածում -ութեն-ի (օրինակ՝ միութենական, բնութենակից, հայտնութենական և այլն)։ Չէ՞ որ գրական հայերենում յու>ե հնչյունափոխություն գոյություն չունի։ Եթե լիներ, կգրեինք ու կասեինք, օրինակ, անկենաքար և հնչենային՝ անկյունաքար-ի և հնչյունային-ի փոխարեն։ Նայեցի Հայկազյան մեծ բառարանում․ կան յարութիւնական, յարութիւնակից, բնութիւնակից, բնութիւնակցութիւն, բնութիւնաբար, բնութիւնական բառերը։ Սրանց կողքին կան նաև բնութենակից-ն ու յարութենակից-ը, բայց երկուսն էլ՝ ուշ շրջանի գրականությունից։ Բնութիւնակից-ի կողքին բառարանագիրը փակագծերում նաև ավելացրել է. «(որ առ յետինս գրի բնութենակից)»։
Հետևություն։ Գրական հայերենում իրո՛ք չկա յու>ե (իւ>ե) հնչյունափոխություն։ Բայց մենք գիտենք, որ մեր շատ բարբառներում -ություն-ը վերածվել է -ութեն-ի (զորութեն, արքայութեն ևն, այլ բարբառներում էլ՝ ութին-ի՝ զորութին, արքայութին)։ Հետևաբար, -ութեն-ով բառերը բարբառային ձևի վրա են կազմվել։ Իսկ եթե հետևենք գրական հայերենի հնչյունական օրենքներին, ապա -ություն-ին ածանց կամ արմատ ավելացնելիս -ություն-ը պիտի թողնենք անփոփոխ, ինչպես վերոնշյալ բառարանային օրինակներում և իմ գործածած զորությունակիր-ում։