Pages

3/21/22

Նոր պարսկերեն և արաբերեն բառեր արդի հայերենում

Թարմացվել է 2024 թ. մարտի 29-ին։


Նոր պարսկերեն և արաբերեն բառեր, որոնց մի մասը հայերենին անցել է թյուրքական լեզուների միջոցով

Ներկայացվող ցանկը խիստ հեռու է ամբողջական լինելուց և չի հավակնում այդպիսին լինելու։ Այն պարզապես մոտավոր պատկերացում է տալիս արդի հայերենում (գրական լեզու և բարբառներ) դեռևս գործածվող և հայաստանաբնակների մեծ մասի համար հիմնականում հասկանալի այն փոխառությունների մասին, որոնք հայերենին անցել են միջին հայերենի շրջանից մինչև 20-րդ դար նոր պարսկերենից ու արաբերենից, հաճախ թյուրքական լեզուների (թուրքերեն, ադրբեջաներեն) միջոցով։ Ոչ միշտ է հստակ, թե բառն ուղղակի՞ փոխառություն է ծագման լեզվից, թե անցել է հայերենին թյուրքական լեզուների միջոցով։ Նույն բառը կամ դրա բարբառային ձևերից մեկը մի հայերեն բարբառ կարող էր թյուրքական լեզվի միջոցով անցած լինել, իսկ մի ուրիշում տեղ գտած լինել հենց ծագման լեզվից։

Ցանկի բառերի համար ներկայացված են հայերենում այսօր դրանց տրվող նշանակությունները, որոնք երբեմն կարող են տարբերվել ծագման լեզուներում (կամ հայերենում դրանց ունեցած նախկին) նշանակություններից։

Ցանկում ներառել ենք մի քանի վրացերեն ու քրդերեն բառ ևս՝ պարզապես դրանց ծագումը ցույց տալու համար։

Տեսեք նաև թյուրքական ծագման փոխառությունների մեր ցանկը։

 

աբուռ (պրս․) — պատվի՝ ամոթի զգացում․ սրանից՝  անաբուռ — անամոթ, անպատիվ

ադաթ (արբ․) — սովորույթ, ավանդույթ

ազաբ, ազապ (արբ․) — ամուրի, չամուսնացած

ազիզ (արբ․) — սիրելի, թանկագին

ալամ (արբ․) — աշխարհ․ գործածվում է հայերեն համարժեքի հետ միասին՝ «ալամ-աշխարհ» («ամբողջ աշխարհ» իմաստով)

ալվան (արբ․) — երփներանգ

ախմախ (արբ․) — հիմար

այիբ (արբ․) — 1. թերություն, պակասություն. 2. ամոթ

աշկարա, աշքյարա (պրս․) — «ափաշքյարա»-ի մեջ՝ բացահայտ, հայտնապես

աջաբսանդալ (վրց․) — կերակրատեսակի անուն, փխ․՝ խառնաշփոթ

ասա (արբ.) — գավազան (եպիսկոպոսական), արբ. عصا-ից

արաղ (արբ․) — օղի, ցքի

ափաշկարա, ափաշքյարա — տես աշկարա, աշքյարա

բաբաթին (արբ․) — կարգին, բավականաչափ, մեծ

բադրիջան (պրս․) — սմբուկ

բազառ (պրս․) — շուկա, առևտուր, հատկապես՝ բազառ անել — սակարկել․ սրանից՝  թանգաբազառ — թանկ վաճառող

բազրգյան (պրս․) — վաճառական (պրս․ բառի արմատը վերոբերյալ «բազառ»-ն է)

բալ(ք)ի (պրս.) — գուցե

բաղ, բաղչա (պրս․) — այգի

բամիա (արբ․)

բարաթ (պրս․) — մուրհակ կամ ընդհանրապես փաստաթուղթ

բարաքյաթ(արբ․)— օրհնություն,լիություն

բե- (պրս․) — ժխտական նախածանց, օր․՝ բեխաբար, բեմուրազ

բեթար (պրս․) — վատթար

բեխաբար (պրս․) — անտեղյակ

բեսամթ — տես սամթ

բլբուլ (պրս․) — սոխակ

բոխչա (պրս․) — կապոց (շորերի)

բոստան (պրս․) — բանջարանոց

գաջ (պրս․)

գիլ (պրս․) — իբրև օճառ գործածվող կավահող կամ քար

գիլաս (պրս․) — կեռաս

գլուր, գլուլ (պրս․) — ոլոռ

գյադա (պրս․) — տղամարդ (անարգական բառ)

գյոռ (պրս․) — գերեզման

գյուլլա (պրս․) — փամփուշտ․ սրանից՝  գյուլլել — կրակելով սպանել

գյուրզա (պրս․)

գուրզ (պրս․)

դաբաղ (արբ.)

դալան (պրս.) — բակամուտք, կամար (պրս․ և ադրբ. նշանակում է փակուղի, նրբանցք)

դախ, դահ (պրս., արբ.) — հնացած, ոչ մատղաշ

դախլ (արբ․) — վաճառասեղան

դաղ(ել) (պրս․)

դաղալ (պրս․) — խարդախ

դամ (պահել) (արբ., պրս․) — նույն ձայնը երկար պահելով նվագակցել, ձայնակցել

դաստա (պրս․) — փունջ, տրցակ, կապոց

դավի, դավա (արբ․) — վեճ, կռիվ (այս իմաստը թուրքերենից է․ արբ․ նշանակում է «դատ»)

դարդ (պրս․) — վիշտ

դըռբ (արբ․) — հարված

դոշաբ (պրս․)

դոստ (պրս․) — բարեկամ․ սրանից՝  դոստանալ — բարեկամանալ

դու (պրս․) — զառի 2 թիվը

դուշման (պրս․) — թշնամի

եթիմ (արբ․) — որբ

զահրումար (պրս․) — անարգական բառ՝ գրող ու ցա՛վ, չոռ ու ցա՛վ, գրո՛ղ

զանջաֆիլ (արբ․) — կոճապղպեղ

զաթի, զաթեն (արբ․) — արդեն  իսկ

զատ, զաթ (արբ․) — որևէ բան

զեյթուն (արբ․) — ձիթապտուղ

զիբիլ (արբ․) — աղբ

զիլ (պրս․) — սուր (ձայնի մասին)։ Ծագումով պարսկերեն է (պրս. «զիր»), բայց «լ»-ով ձևը թուրքերենից է։

զիյան (պրս․) — վնաս

զիյանքյար (պրս․) — վնասատու

զխկում (արբ․) — անարգական բառ․ տես  զահրումար

զնջիլ, ժնջիլ (պրս․) — շղթա

զոռ (պրս․) — ուժ․ սրանից՝  զոռել (ստիպել), զոռով (ստիպողաբար, մի կերպ), զոռ տալ (ուժ տալ) ևն

զոռբա (պրս․) — զորավոր, ուժեղ մարդ, բռնակալ

զուլալ (արբ․) — վճիտ, մաքուր

զուլում (արբ․) — աղետ, պատուհաս

զուռնա (պրս․)

թազա (պրս․) — թարմ, նոր․ սրանից՝ թափթազա (թրք․) — լրիվ նոր

թաթալաբազ (պրս.) —  1. խեղկատակ, ծամածռություններ անող մարդ. 2. թեթևամիտ. 3. խաբեբա, ստախոս

թալակ (պրս․) — թակարդ

թախտ (պրս․) — բազմոց

թամադա (վրց․) — սեղանապետ

թամամ (արբ․) — լրիվ, ամբողջական

թամաշա (արբ․) — տեսարան

թայ (պրս․) — զույգից յուրաքանչյուրը

թայֆա (արբ․) — խմբավորում (բացասական իմաստով)

թառլան (պրս․) — սիրուն, նախշուն

թասիբ (արբ․) — պատիվ

թավա (պրս․) — տապակ

թարխուն (արբ.)

թզբեխ (արբ․) — համրիչ, տերողորմյա

թիքա (պրս․) — պատառ, կտոր

թմախ (պրս․) — մի բանի աչք տնկելը

թմախքյար (պրս․) — աչքածակ

թուլա (պրս․) — լակոտ (շան ձագ), քոթոթ

թումբան (պրս․) — երկար վարտիք

թրաշ (պրս․) — սափրում․ սրանից՝ թրաշել — սափրել․ թրաշ պահել — մորուք պահել, չսափրվել

ժանգյալ (պրս․)

ինադ (արբ․) — համառություն, կամակորություն․ սրանից՝  ինադու — ի հեճուկս, (մեկին) հակառակ

իշտահ (արբ․) — ախորժակ (օր.՝ «իշտեդ քացախ»)

լագան (պրս․) — կոնք, տաշտ

լազաթ (արբ․) — հաճույք, բավականություն

լահմաջո (արբ․)

լաչակ (պրս․) — գլխաշոր

լայաղ, լայեղ (արբ․) — արժանի, վայել

լաքա (պրս․) — կեղտաբիծ

լեշ (պրս․) — գեշ (կենդանու դիակ)

լղար (պրս․) — նիհար

լոթի (վրց․) — շռայլ

խաբար (արբ․) — լուր, տեղեկություն

խաթա (արբ․) — փորձանք

խաթաբալա (արբ․) — փորձանք, դժբախտություն

խաթր (արբ․) — հարգ, պատիվ. խաթեր, խաթրու — հանուն, ի սեր, համար

խալ (պրս․) — բնապիծ, պուտ

խալաթ (արբ․)

խալխ (արբ․) — ուրիշները, ժողովուրդ

խալըսել (արբ․) — վերջանալ

խամ (պրս․) — անփորձ, անվարժ

խանչալ (պրս․) — դաշույն

խասիաթ (արբ․) — բնավորություն

խավիար (պրս.)

խարաբ (արբ․) — փչացած, անսարքին

խեր (արբ․) — բարիք

խիար (պրս․) — վարունգ

խումար (արբ․) — զարթխում

խուրդել (պրս․) — մանրացնել (փողը) («խուրդա»՝ մանր փող)

խուրմա (պրս․) — արմավ

խուրջին (արբ․) — բրդյա երկաչք ուսապարկ

խսուր (արբ․) — թերություն

հաբ (արբ․) — դեղահատ

հազր (արբ․) — պատրաստ․ սրանից՝  հազրել

հաթաթա (արբ․) — սպառնալիք

հալ (արբ․) — վիճակ, դրություն․ նաև՝ հալ-հարաքյաթ (նույն իմաստով)

հալա, հլա, հըլը (արբ․) — դեռ

հալալ (արբ․) — արդար, մաքուր, հաճախ՝ «հալալ է ինչ-որ մեկին» դարձվածքում

հալբաթ (արբ․, պրս․) — Ծագում է արաբերենից, սակայն թե՛ ձևով, թե՛ իմաստով խիստ տարբերվում է արաբերեն բառից։ Թե՛ պարսկերենում, թե՛ թուրքերենում ու ադրբեջաներենում և թե՛ քրդերենում նշանակում է «իհարկե»։ Հայերենում դարձյալ իմաստափոխվել է և նշանակում է «հավանաբար»։

հախ (արբ․), «հախից գալ» դարձվածքում = խեղճացնել, ըստ արժանվույն հատուցել

համ․․․ համ․․․ (պրս․) — և... և․․․

համբալ (արբ․) — անարգական բառ (նշ․ «բեռնակիր»)

հայաթ (արբ․) — բակ

հայվան (արբ․) — անասուն

հանաք (քրդ․) — կատակ

հաջաթ (արբ․) (արբ․ և ադրբ․ = «գործիք») — առնանդամ

հաջի (արբ․) — մահտեսի

հավայի (պրս․) — իզուր, անիմաստ, օդի մեջ («հավա» = օդ)

հավես (պրս․) — ցանկություն, տրամադրություն, հաճելի, հետաքրքիր

հարամ (արբ․) — պիղծ

հարաքյաթ (արբ․) — ուժ, կարողություն

հարիֆ (արբ․) — միամիտ, անխելք

հեչ (պրս․) — բնավ

հերս (արբ․) — զայրույթ. սրանից՝  հերսոտ, հերսոտել

հեքիմ (արբ․) — ժողովրդական բժիշկ

հոգնա (արբ․)

ղադա (արբ․) — ցավ

ղադր (արբ․) — հարգ, արժեք․ մեկի ղադրն իմանալ — մեկի արժեքն իմանալ

ղազ (պրս․) — սագ

ղալաթ (արբ․) — սխալ

ղալբ (արբ․) — խարդախ. սրանից՝ ղալբություն — խարդախություն

ղալմաղալ (արբ․) — աղմուկ

ղախպ (արբ․) — պոռնիկ

ղամազ (արբ․) — անհասկացող, բթամիտ

ղայդին (արբ․ «ղայդա»-ից կազմված, ինչպես «կարգին»-ը) — կարգին

ղայիմ (արբ․) — պինդ, հաստատուն

ղառ (արբ․) — ագռավ (խաղաքարտ)

ղասաբ (արբ․) — մսագործ

ղարիբ (արբ․) — պանդուխտ

ղիամաթ (արբ․) — սաստիկ ցուրտ, բուք ու բորան

ղումար (արբ․) — դրամի շահումով խաղ, մոլախաղ

ղումարբազ (պրս․) — խաղամոլ

ղուրբան (արբ․) — մատաղ

ղսմաթ (արբ․) — բախտ

ճիտ (արբ.) — վիզ

մազալու (արբ․) — տարօրինակ

մալ (արբ․) — ապրանք

մալա (պրս․) — ծեփիչ

մախմուր (արբ.) — 1. թեթև հարբած  (= պրս. սարխոշ). 2. թավիշ, թավշե (շփոթվել է նույնպես արբ. «մախմալ»-ի հետ, որ «թավիշ» է նշանակում)

մահանա (պրս․) — պատրվակ

մահտեսի, մղդսի (արբ.) — Երուսաղեմ ուխտի գնացած անձ (արբ. مقدسي՝ «մակդիսի»-ից՝ «երուսաղեմացի»)

մայլա (արբ․) — թաղ, թաղամաս

մայմուն, մեյմուն (արբ․) — կապիկ

մասխարա (արբ․) — ծիծաղաշարժ, ծաղրածու

մարալ (պրս.) — էգ եղջերու, փխբ.՝ գեղեցիկ կին

մարջան (արբ․) — բուստ

մեյդան (արբ․) — հրապարակ

մթամ,միթամ (վրաց․) — իբր

մկրատ (արբ.)

մութաքա (արբ․) — երկարավուն բարձ

մուխաննաթ (արբ.) — անշնորհակալ, նենգ, տմարդի

մուննաթ (արբ․) — տրտունջ, դժգոհություն

մունդառ, մուռտառ (պրս․) — կեղտոտ. սրանից էլ՝ մխտռել

մուշտարի (արբ․) — հաճախորդ

մուռ (արբ․) — վրեժ

մուրաբա (արբ․)

մուրազ (արբ․) — իղձ, փափագ

մուֆտա, մուհտա (արբ․) — զուր, անտեղի

մռու (արբ․) — կծու (հատկապես սոխը)

յադ (պրս․) — օտար, խորթ

յանի (արբ․) — իբր

յասաման (պրս․) — եղրևանի

յար (պրս․) — սիրական

յարաբ (արբ.) — արդյոք

նազ (պրս․) — սեթևեթում, քմահաճություն

նազար (պրս․) — վախկոտ

նազիկ, նազուկ (պրս․) — նուրբ, փափուկ

նազիր (արբ․)

նալ (արբ․) — պայտ․ սրանից՝  նալել (պայտել)։ «Պայտ»-ը նույնպես արաբական ծագում ունի․ տես «պայտար»։

նալիկ (արբ․) — փայտե ոտնաման

նաղդ (արբ․) — կանխիկ․ սրանից՝  նաղդի (այս պահին), նաղդել (մեկի գլխին կապել)

նաղլ (արբ․) — պատմություն, հեքիաթ

նամ (պրս․) — խոնավ

նամարթ (պրս․) — տմարդի

նամուս (արբ․) — պատիվ․ սրանից՝  աննամուս

նանա (արբ․) — անանուխ

նավս (արբ․) — ձախորդություն, չար աչք․ սրանից՝  նավսել — չար աչք գցել, ձախորդություն հրավիրել

նարդի (պրս․)

նարդիվան (պրս․) — սանդուղք

նաֆար (արբ․) — անձ, շունչ

նուբար (պրս․) — երախայրիք, տարվա առաջին պտուղ

շալ (պրս․)

շալվար (պրս․) — տաբատ

շառ (արբ․) — չարիք, փորձանք

շարբաթ (արբ․) — օշարակ

շիշակ (պրս․) — միամյա գառ

շիրա (պրս․) — քաղցու, պտուղների քաղցր հյութ

շողուլ (արբ.) — ուղղալար

ուդ (արբ․)

ուստա (պրս․) — վարպետ

չաման (պրս․) — քիմոն

չանա (պրս․) — ծնոտ

չանգալ (պրս․) — պատառաքաղ

չարազ (պրս․)

չափառ (պրս․) — ցանկապատ

չափռաստ (պրս․) — ճարմանդ

չաքուճ (պրս.) — մուրճ

չինար (պրս․) — սոսի

չոբան (պրս․) — հովիվ

չուստ (վրց․). սրանից՝  չստիկ

պայտար (արբ․) — պայտ խփող արհեստավոր։ Այս բառից է առաջացել «պայտ»-ը (և ոչ թե հակառակը)։

պնդուկ (արբ․)

ջադու (պրս․) — կախարդ

ջահել (արբ․) — երիտասարդ

ջայնամ — տես ջհաննամ

ջան (պրս․) — 1. փաղաքշական բառ, 2. մարմին

ջանավար (պրս․) — գազան

ջառմա (արբ․) — վնաս, մեկի վրա ծանրացած բեռ

ջեբ (արբ․) — գրպան

ջեբկիր (պրս․) — գրպանահատ

ջիգյար (պրս․) — լյարդ, սիրտ

ջիվան (պրս․) — երիտասարդ, ջահել

ջհաննամ, ջհանդամ,ջայնամ (արբ․) — գրողի ծոց, դժոխք․ սրանից՝ ջհանդամվել, ջայնվել — գնալ կորչել

ջհեզ (արբ․) — օժիտ

ջհուդ (արբ․) — հրեա

ջուղաբ (արբ․) — պատասխան

ջվալ (պրս․) — բուսաթելերից պինդ կտորից կարված պարկ

ռադ (անել) (արբ․) — քշել,վտարել․ ռադ լինել — գնալ կորչել,հեռանալ

ռանգ (պրս․) — երանգ, գույն. փխբ.՝ տեսակ

ռանդա (պրս․), սրանից՝  ռանդել

ռանչպար (պրս․) — հողագործ, երկրագործ

ռաստ (պրս․) — «ռաստ գալ, ռաստվել» բայերում (= հանդիպել)

ռաֆադա (պրս․) — լավաշթխեք, բադադ, բաթաթ, տեփ, դեփ

ռեհան (արբ․)

սադափ (արբ․)

սազ (պրս․) - պատշաճ, հարմար․ սրանից՝  սազել (պատշաճել, լավ նստել (զգեստի մասին))

սազ (պրս․) (երաժշտ․ գործիք)

սազանդար (պրս․) — սազահար, երաժիշտ

սալա (արբ․) — տափակ կողով

սամթ (արբ․) — նպատակահարմար միջոց, հնարք. թերևս սրանից էլ՝ բե- պրսկ. մասնիկով՝  բեսամթ (շատ, խիստ, ուժեղ)

սապոն (արբ․) — օճառ

սարխոշ (պրս․) — թեթև հարբած

սթար (արբ.) — վիճակ. սրանից՝  սթրվել — լուռ կամ հանգիստ մնալ

սիլա (պրս․) — ապտակ

սինի (պրս․) — սկուտեղ

սնդուկ (արբ․)

սուփրա (արբ․) — հաց ուտելու սփռոց կամ սեղան

վախտ (արբ․) — ժամանակ․ սրանից՝  վախտին — ժամանակին, մի ժամանակ

- վարի (պրս.) — նման, կերպ. բարդություններում՝ հայավարի, մարդավարի, տնավարի ևն 

վեզիր (արբ.)

վեջ (արբ․) — հոգս, փույթ

վերան (պրս․) — ավերակ, վատթար և բացառական հոլովի հետ ու բացասական իմաստով՝ սաստիկ, հույժ

փալան (պրս․) — համետ

փալաս (պրս․) — հին լաթի կտոր․ իբրև անարգական բառ՝ թուլամորթ

փահլևան (պրս․) — լարախաղաց

փաչա (պրս․) — ազդր

փապուճ (պրս․) — հողաթափ, տան կոշիկ

փարա (պրս․) — փող

փարաջա (արբ․) — պարեգոտ, սքեմ

փեշ (պրս․) — քղանցք, կիսաշրջազգեստ (կանացի)

փեշակ (պրս․) — արհեստ, զբաղմունք

փեշքեշ (պրս․) — նվեր

փըրչ (քրդ․), սրանից՝  փրչոտ

փիլաքյան (պրս.) — սանդուղք

փինաչի (պրս․) — անորակ աշխատանք անող

փիչխա (վրա՞ց.) — փոքրիկ, պստիկ

փիս (պրս․) — վատ

փիքր (արբ․) — փիքր անել՝  մտածել

փլավ (պրս․)

փոշման(ել) (պրս․) — զղջալ, միտքը փոխել

փուչ (պրս․) — դատարկ․ չշփոթել հայ․ «փչել»-ի արմատ «փուչ»-ի հետ

քաբաբ (արբ․)

քաթան (արբ․) — կտավ

քամանչա (պրս․)

քաչալ (պրս․) — ճաղատ

քառթ, քարթ (պրս․) — խազ (պրս․ «քարդ» նշանակում է «դանակ»), սրանից՝ քառթու/քարթու, քառթել/քարթել (դանակով կամ սղոցով խազ քաշել, քերծել)

քարավուզ (արբ․ կամ պրս․) — նեխուր

քարթու (պրս․) — հնացած, չորացած (հաց), նաև անարգական բառ՝ «քյառթու» ձևով

քափ, քյափ (պրս․) — փրփուր (կերակրի երեսի)

քեֆ (արբ․) — խնջույք, կերուխում

քիշմիշ (պրս․) (խաղողի տեսակ)

քիսա (անել) (պրս․) — բաղնիքի կոշտ ձեռնոցով տրորել-մաքրել մարմինը

քիչ (պրս․) — սակավ

քլունգ (պրս․) 

քյաբաբ (արբ․)

քյալ (պրս․) — անարգական բառ՝ տհաս (ուղիղ իմաստով = գոնջ, վերքոտ գլուխ, որի վրա մազ չի բուսնում)

քյալամ (պրս․) — կաղամբ

քյալլա (պրս․) — գլուխ, գանգ

քյառ (պրս․) — խուլ

քյասար (արբ․՞) — ուղիղ

քյասիբ (արբ․) — աղքատ

քյավթառ (պրս․) — անատամ

քյար (պրս․) — շահ

քյոհնա (պրս․) — հին, մեծ

քյոշկ (պրս․) — ապարանք, տաղավար

քյոսա, քյոսե (պրս․) — քարձ, ցանցառամորուս

ք(յ)ոռ (պրս․) — կույր, բութ (դանակը)

քյուֆթա (պրս․)

քողտիկ, քոխտիկ (պրս․) — տնակ, հյուղակ, խրճիթ

քոմել (արբ․) — խմբել, կուտակել (արբ․ كومة «քումա»՝ կույտ, դեզ, բառից)

քունջ (պրս․) — անկյուն, խորշ

քուչա (պրս․) — փողոց

քուֆր (արբ․) — հայհոյանք․ սրանից՝ քֆրտել, քրֆել — հայհոյել

օղբաթ (արբ․) — փորձանք

ֆայմ (արբ․) — կռահում, հասկանալու կարողություն, խելք․ սրանից՝  ֆայմել — գլխի ընկնել, կռահել

ֆըստըխ (արբ.) — պիստակ 

ֆիդայի (արբ․) — ազատամարտիկ