Pages

6/7/14

Ծանոթագրություններով և բազմագլուխ գրքի պատրաստման հնարքներ տեքստային խմբագրիչում

Եթե գրում կամ թարգմանում եք գիրք կամ աշխատություն, որն ունի մեկից ավել գլուխներ, բազմաթիվ ծանոթագրություններ ու գործածում է փաստաթղթի ներսում եղած հղումներ, այնուհետև ուզում եք այդ գիրքը ճիշտ ձևավորմամբ և ցանկային հղումներով pdf-ի վերածել, ապա այս մի քանի հուշումը Ձեզ համար է։

Սկսենք ծանոթագրություններից։ Ծանոթագրություն դնել, կարծում ենք, բոլորն էլ գիտեն։ Բայց ենթադրենք՝ ուզում եք, որ յուրաքանչյուր գլխի (կամ բաժնի) ծանոթագրությունները սկսվեն 1-ից և ոչ թե շարունակվեն նախորդ գլխից։ Սա տարբեր կերպ է կատարվում MS Word-ում և LibreOffice-ի Writer-ում։


Word-ում պետք է յուրաքանչյուր գլխից առաջ section-ի բաժանում մտցնել, այնուհետև ծանոթագրությունների (footnotes) նախընտրանքներում նշել, որ յուրաքանչյուր բաժնի (section-ի) ծանոթագրությունները սկսվեն 1-ից։

LibreOffice-ի Writer-ում այս նպատակի համար փաստաթուղթը section-ների բաժանելու հարկ չկա. ոչ էլ page brake-եր մտցնելու կարիք կա։ Սրա համար միայն երկու գործողություն է պետք կատարել։
                    1. Պետք է ծանոթագրությունների նախընտրանքներում ընտրել Per chapter-ը (Tools / Footnotes / Counting / Per chapter)։
                    2. Որպեսզի դա իրոք գործի և ԼիբրիՕֆիսը հասկանա Ձեր գլուխների բաժանումները, պետք է յուրաքանչյուր գլխի վերնագրի ոճը (style) փոխեք գլխագիր 1-ի (Heading 1)։ Այսինքն՝ մկնիկով ընտրելով մգացնում եք գլխի վերնագիրը և սեղմում Heading 1 ոճի վրա։ Այսպես եք վարվում բոլոր գլուխների վերնագրերի հետ։ Վե՛րջ, այդուհետ Ձեր բոլոր ծանոթագրությունները յուրաքանչյուր գլխի համար կսկսվեն 1-ից։



Եթե գլխագրի ոճի տառատեսակն ու չափերը չեք հավանում, մկնիկի շարժագիծը պահելով վերնագրի տողի վրա՝ սեղմեք F11` բացելու համար ոճերի խմբագրման պատուհանը և, այնտեղ Heading 1-ի վրա կանգնելով և մկնիկի աջ ստեղնին սեղմելով, ընտրեք ոճը խմբագրելու հրահանգը։ Այնուհետև կարող եք փոխել այդ ոճի տառատեսակն ու չափերը։

Եթե LibreOffice-ի Writer-ից Ձեր աշխատությունն ուզում եք վերածել pdf-ի, որում կա բովանդակության ցանկ՝ գրքի գլուխներ հեշտությամբ տեղափոխվելու համար, ապա այս դեպքում ևս Ձեր գլուխների վերնագրերի ոճը պետք է անպայման ընտրած լինեք Heading 1-ը։ Երբ pdf-ի արտահանման (export) հրամանը տալու լինեք, դրա նախընտրանքներում նշեք, որ bookmark-ները ևս արտահանվեն. այս պարագայում bookmark բառով նկատի ունեն ոչ թե Writer-ի միջի bookmark-ը, այլ heading-ը։ Ենթագլուխների համար ընտրեք heading 2-ը և այսպես շարունակ (եթե էլի ենթաբաժանումներ ունեք)։

Կարող է հարց ծագել, թե ինչի համար է պետք գալիս Writer-ի միջի bookmark-ը (ոչ թե heading-ը)։ Այն Ձեզ պետք կգա, եթե ցանկանաք փաստաթղթի ներսում հղումներ դնել դեպի նույն փաստաթղթի մի ուրիշ հատված կամ վերնագիր։ Ենթադրենք գրել եք. «Սրան առավել մանրամասնորեն ծանոթանալու համար կարդացեք Դ գլխի «Հավելյալ տեղեկություններ» բաժինը», և ուզում եք, որ «Հավելյալ տեղեկություններ»-ի վրա ընթերցողները կտտացնելով՝ տեղափոխվեն այդ բաժին։ Ի՞նչ անել սրա համար։ Սրա համար երկու բառ է պետք հիշել՝ bookmark (էջանիշ) և hyperlink (հղում). սրանց հրամանները գտնվում են ընտրացանկի Insert բաժնում։ Ուր որ պիտի տեղափոխվեք հղմամբ, այդ հատվածը (բառը, արտահայտությունը, տողը) ընդգծեք և դրեք bookmark. Ձեզնից կպահանջվի այդ էջանիշին անուն դնել. դրեք ինչ հարմար եք գտնում։



Հետո գնացեք այնտեղ, որտեղի՛ց պետք է ընթերցողը հղվի, և, ընդգծելով անհրաժեշտ հատվածը, դրեք hyperlink։ Բացվող պատուհանում ընտրեք Document և սեղմեք Target in document-ի Target-ի կողքի կոճակը։ 

Բացված պատուհանիկում ընտրեք Bookmarks-ը, սրանց միջից էլ Ձեր դրած այն էջանիշը, որ Ձեզ պետք է։ Այսքան բան։ Եթե ուզում եք, որ հետդարձի հղում էլ լինի, այսինքն՝ ուր որ տեղափոխվել եք, այդտեղից կարողանաք անմիջապես վերադառնալ այն հատվածին, որից հղվեցիք, նույն գործողությունը կատարեք հակառակ ուղղությամբ, այսինքն՝ հիմա էլ bookmark դրեք (մեկ ուրիշ անուն ընտրելով) Ձեր դրած hyperlink-ի տեղը, իսկ hyperlink՝ bookmark-ի տեղը։ Երբ Ձեր աշխատությունն արտահանեք որպես pdf, վերջինիս մեջ Ձեր դրած այս հղումները կպահպանվեն։ Պարզապես արտահանման ժամանակ նախընտրանքներում պետք է ընտրեք Links/Export bookmarks as named destinations։

Microsoft Word-ում ևս նույն սկզբունքով են ստեղծվում pdf արտահանվող ցանկային միավորներն ու փաստաթղթի ներսում եղած հղումները (այսինքն՝ գործածելով heading-ը, bookmark-ը և hyperlink-ը)։