Pages

5/11/14

Լինուքս-3. Հայերենը Լինուքսում

Նախորդ մասը՝ այստեղ։

Առաջին հերթին մարդկանց կարող է մտահոգել հայերենի հարցը. «Արդյոք ինչպե՞ս պիտի մուտքագրենք հայերեն, ի՞նչ է պետք դրա համար», «Կա՞ն արդյոք հայերեն տառատեսակներ»։ Միանգամից պատասխանենք, որ Լինուքսում հայերենի հարցը, ես կասեի, ավելի լավ է լուծված, քան Ուինդոուսում։ 

Ստեղնաշարներ
Լինուքսյան բաշխումներում արդեն իսկ տեղադրված են հայերեն թե՛ գրամեքենայի (typewriter), թե՛ հնչյունային (phonetic) դասավորությամբ ստեղնաշարներ, որոնք պարզապես պետք է ընտրել ստեղնաշարների ցանկից։ Ստեղնաշարների դասավորությունը փոխելու համար էլ կարելի է ընտրել ստեղնային այն համադրությունը, որը հարմար է Ձեզ. սովորաբար մենք գործածում ենք alt+shift համադրությունը, ուստի, եթե լինուքսյան Ձեր բաշխումում այլ համադրություն կլինի, խնդիր չկա, փոխեք ալտ-շիֆտի։

Հիմա կհարցնեք՝ որտե՞ղ ավելացնենք ստեղնաշարը, ինչպե՞ս փոխենք ստեղնային համադրությունը։ Լինուքսյան բաշխման մեջ կա System Settings` «Համակարգի կարգավորումներ» բաժինը, ուր փնտրեք ստեղնաշարին (keyboard) վերաբերող կարգավորումները։ Դասավորությունը layout-ն է, ստեղնային համադրությունը՝ shortcut-ը, ստեղնը՝ key-ն։ Բավական է՝ մտնեք System Settings, արդեն կկողմնորոշվեք ուր գնալ և ինչն ինչպես փոխել. դժվար ոչինչ չկա։

Քանի որ լինուքսյան բաշխումները շատ-շատ են, մեր բացատրությունները կներկայացնեն ամենատարածված բաշխումը՝ Ուբունտուն։ Ուբունտուահիմն կամ ուբունտուածին այլ բաշխումներում ևս պիտի որ շատ բան նույնը լինի։

Եթե ստեղնաշարի դասավորությունը լավ չգիտեք կամ ինչ-որ բան Ձեզ համար սովորական ստեղնաշարի դասավորությունից տարբեր է, ստեղնաշարի պատկերը կարող եք մեխել էկրանին։ Դրա համար պարզապես պետք է միջերեսային վահանակում (պանել) տեղադրված ստեղնաշարային պատկերակի վրա սեղմելով՝ ընտրեք Show layout chart-ը, այնուհետև, եթե ուզում եք, որ ստեղնաշարի պատկերը մեխվի էկրանին, կանգնելով նրա վրա՝ մկնիկի աջ կողմին սեղմեք և ընտրեք Always on top-ը։ Այսպես կարելի է որևէ այլ ծրագրի պատուհան ևս մեխել էկրանին, որպեսզի այն միշտ երևա, և այլ ծրագրերի պատուհաններ չփակեն այն։

Տառատեսակներ

Քանի որ մենք վաղուց անցել ենք յունիկոդ տառատեսակների, ապա, ինչպես համացանցում գրելիս հատուկ հայերեն տառատեսակ չենք տեղակայում, այդպես նաև լինուքսյան բաշխման մեջ արդեն տեղակայված շատ տառատեսակներ կարող ենք գործածել հայերեն մուտքագրելու համար։ Սակայն ավելի մեծ ընտրություն ունենալու համար առաջարկում ենք ներբեռնել մեր կազմած հավաքածուն՝ սեղմված նիշքի տեսքով, որը պարզապես ընդարձակեք («անզիպ» արեք) և, տառատեսակների նիշքերը բանալով, սեղմեք բացված պատուհաններում առկա Install կոճակի վրա։ Վե՛րջ։ Այդուհետ, եթե բացեք, օրինակ, LibreOffice-ի Writer-ը (Microsoft Word-ին փոխարինող շատ հարմար ծրագիր, որ կա նաև Ուինդոուս համակարգի համար), տառատեսակների շարքում կտեսնեք Ձեր տեղակայած հայերեն տառատեսակները։

ANSI-ն փոխարկել Unicode-ի

Հին այլագրումով ստեղծված բնագրերը նորին փոխարկելու համար, եթե Ձեր համակարգչում դեռևս կան այդպիսի նիշքեր, կարող եք գործածել http://unicodenow.com/-ի առցանց փոխարկիչը, որը շատ հարմար է և շատ արագ փոխարկում է անգամ ծավալով մեծ նյութեր։ Ուինդոուսի համար ստեղծված փոխարկիչները (օրինակ՝ այն, որ, որպես հավելված, կցվում է  Microsoft Word-ին), ցավոք, Լինուքսում չեն գործում։ Լինուքսի համար ևս ստեղծված է փոխարկիչ ծրագիր, սակայն նրա տեղակայումը հարմար չէ սկսնակների համար։ Հուսանք, որ տեղակայման և գործածության համար ավելի հարմար ծրագիր կստեղծեն մեր ծրագրավորողները։ Համենայն դեպս, եթե ուզում եք փորձել,  ներբեռնելու և տեղակայելու համար այցելեք «ՆուռԼինուքսի» այս էջը։ Իսկ ավելի լավ է՝ բավարարվեք վերոնշյալ առցանց փոխարկիչի մատուցած ծառայությամբ։

Թեև այսօր այլևս ANSI այլագրմամբ տառատեսակներ չեն գործածվում (պարզապես իմաստ չունի դրանք գործածել, երբ կան յունիկոդային տառատեսակներ), սակայն երբեմն, երբ, օրինակ, պետք է լինում փնտրում կատարել հին նիշքերում, որոնք ստեղծվել են հին այլագրման տառատեսակներով, կարիքն ենք ունենում նաև ANSI-ի համար ստեղծված ստեղնաշարային դասավորության։ Լինուքսում լռելյայն այն տեղակայված չէ, ինչպես և ոչ մի այլ օպերացիոն համակարգում։ Եթե Windows համակարգում դրա համար KDWin կոչվող ծրագրից կարող եք օգտվել, ապա Լինուքսում այդպիսի ստեղնաշար ունենալու համար պետք է հետևեք դարձյալ վերոնշյալ կայքի համապատասխան էջի ցուցումներին՝ տեղակայելու համար նաև հին տառատեսակների հետ գործող ստեղնաշարը։ Այս ստեղնաշարը հնչյունային դասավորությամբ է և չունի «և» գրանշանն ու ապաթարցի նշան։

Եթե ցանկանում եք գրամեքենայի դասավորությամբ ստեղնաշար  ANSI-ի համար, ապա ներբեռնեք մեր պատրաստած սահմանումը և վարվեք նրա հետ այնպես, ինչպես նկարագրված է վերը մեր հղած կայքում։ Այս ստեղնաշարում արդեն կան թե «և»-ը, թե ապաթարցի նշանը, ինչպես նաև ուղիղ փակագծերն ([ ]) են ավելացվել, քանի որ դրանք հայերենում ևս հաճախ են գործածվում։

Լատինատառ հնչյունային այբուբենով (IPA) ստեղնաշար գործածելու համար ներբեռնեք մեր պատրաստած ստեղնաշարային մյուս սահմանումը (թարմացրել ենք 2017 թ. հնվ. 30-ին) և վարվեք նրա հետ վերոգրյալ կերպով։

Իսկ ավելի հարմար է, եթե ներբեռնեք այն նիշքը, որում մենք արդեն կցել ենք բոլոր հայերեն ստեղնաշարները։ Պարզապես այն ներբեռնեք և, անվան մեջ թողնելով միայն am-ը, նրանով փոխարինեք համակարգային նիշքերում եղած համապատասխան նիշքը։ Չմոռանալ այլ նիշքերում ևս համապատասխան փոփոխությունները կատարել, ինչպես նկարագրված է վերոնշյալ կայքէջում։

Բայց քանի որ ենթադրվում է, որ դեռևս սկսնակ եք (այս հոդվածաշարն ուղղված է սկսնակներին), ապա  ANSI-ի ստեղնաշարների հավելումը կատարելու համար դիմեք մասնագետների կամ Լինուքս համակարգին ավելի լավ տիրապետողների։ Կամ էլ փոքր-ինչ էլ սպասեք, մինչև Ձեզ կբացատրենք, թե ինչպես կարելի է, խիստ անհրաժեշտության դեպքում, փոփոխություններ կատարել համակարգային նիշքերում։

Հաջորդ մասը՝ այստեղ։