Pages

8/7/24

Մարդու հիշողական ու հորինողական կարողությունների, դյուրահավատության, տեղեկույթի և պատմության մասին

Մի հարգարժան մարդ, որի երեխաների կնքահայրն է եղել հայրս, կարծեմ նաև հենց այդ մարդու կնքահայրը (լավ չեմ հիշում), վերջերս ինքնակենսագրական գիրք է հրատարակել, որտեղ նաև մեր ընտանիքին է անդրադարձել։ Նա ժամանակին մեր տանն է եղել քանիցս, մենք ենք հաճախ նրա տանը հյուրընկալվել, այնպես որ նա իսկապե՛ս մեզ ճանաչում է։ Բայց, հիմնվելով միայն իր հիշողության վրա և շատ վստահելով դրան, ինձ ներկայացրել է որպես... նկարիչ։ Ցավոք, նկարելու շնորհք չունեմ։

Երաժշտական հանրագիտարանում էլ, որ վերջերս է լույս տեսել, հայրիկիս մասին գրել են, թե համերգներ է տվել մի շարք արտասահմանյան քաղաքներում, և նշել են այդ քաղաքների անունները, սակայն դրանցից մի քանիսում հայրիկս երբեք չի եղել։ Իսկ հանրագիտարանային հոդվածը գրողները, բնականաբար ո՛չ միտումնավոր, բայց չգիտեմ ինչ աղբյուրի վրա հիմնվելով, սխալ տեղեկություն են տվել՝ առանց ճշտել փորձելու (կամ էլ գուցե ճշտել են, բայց ճիշտը չիմացողից)։ 

Գեղարքունիքի մարզի բարբառներին նվիրված մի գրքում էլ, որ նույնպես վերջերս է լույս տեսել, իմ մայրական գյուղի բարբառը սխալ է ներկայացված, գյուղի մասին տեղեկույթն էլ է անճիշտ։ Բարբառի առանձնահատկությունները ներկայացնելիս հիմնվել են թերևս 70-ականներին գրանցված մի բարբառային պատմության լեզվի վրա, այն դեպքում, որ այդ բարբառով ոչ ոք այսօր չի խոսում, նույնիսկ 70-ականներին այդ բարբառը չի եղել մեր գյուղի հիմնական լեզուն, այլ միայն Արևմտահայաստանից գաղթածների մի մասինը, ընդ որում միայն այդ գաղթականներինը և ոչ թե նաև նրանց զավակներինը։ Հիմա մտածում եմ․ եթե մեր գյուղի բարբառը սխալ է ներկայացված այդ գրքում, արդյո՞ք կարող եմ լիովին վստահել մյուս գյուղերի բարբառների մասին տրված տեղեկություններին։ 

Մենք ապրում ենք 21-րդ դարում՝ տեղեկույթի և տեղեկատվական տեխնոլոգիաների դարում։ Մեր դարում որևէ բան ճշտելը, հատկապես մեր կողքին ապրող մարդկանց կամ նրանց ընտանիքի անդամների մասին, պիտի որ շատ դժվար չլինի։ Մեր դարում տեղեկույթը կարելի է ձայնագրել, նկարահանել, լուսանկարել, և ձեռքի հեռախոսներով զինված մարդիկ անդադար դա անում են։ Մեր դարում պիտի որ հրապարակվող ու տարածվող տեղեկույթը շատ ավելի վստահելի ու ստուգելի լինի, քան նախորդ դարերում։ Բայց մարդու տկար հիշողությունը, անփութությունը կամ անբարեխղճությունը նույնիսկ ներկա դարում եղծում են իրականությունը և տարածում ու նաև հետագա դարերին իբրև հիշատակ ու ավանդ թողնում բաներ, որ իրականությանը չեն համապատասխանում։ 

Հնում մարդիկ տեղեկույթի ստացման ու պահպանման շատ միջոցներ չունեին։ Ինչ-որ բան լսում էին և գրում գրքերում՝ առանց ճշտել կարողանալու, թե իրենց լսածը հորինված ասեկոսե է, թե իրականություն։ Կամ էլ հիմնվում էին իրենց հիշողության վրա, որը, ինչպես արդեն գրեցինք, տեղեկույթի պահպանման անվստահելի օգնական է։ Մարդկանց որոշակի շրջանակներում տարածված հորինվածք ասեկոսեն մի պատմիչ կարող էր ներկայացնել իբրև ճշմարտություն, մի ուրիշ պատմիչ կրկներ նրան կամ մարդկանց մեջ տարածված նույն հորինվածքը, իսկ հետագա պատմաբանները դա ընդունեին իբրև հավաստի տեղեկություն (հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույն տեղեկությունը հանդիպում է մեկից ավելի պատմիչների երկերում) և պատմական ճշմարտություն, որն ամրագրելի է պատմության դասագրքերում, հանրագիտարաններում ու լայն հանրությանը հասանելի այլ աղբյուրներում։

Մինչդեռ արի ու տես, որ անգամ 21-րդ դարում, անգամ ինչ-որ մեկին իսկապես ճանաչող անձը կարող է ապավինել իր տկար հիշողությանն ու հորինել, կարելի է ասել՝ ստել՝ առանց ստելու որևէ նպատակ ունենալու, և ահա այսպես տարածել մի բան, որը չի համապատասխանում իրականությանը։

Այսպես ամեն օր ու ամեն ժամ մարդկային միտքը կերակրվում է բազմազան ստերով կամ կիսաճշմարտություններով, որոնք մարդու կա՛մ տկար հիշողության ու հորինասիրության (հորինահակման), կա՛մ անբարեխղճության արդյունք են։ Իսկ ի՞նչ ասել միտումնավոր ստերի մասին, եղելությունների միտումնավոր խեղաթյուրումների, որոնցով մարդկանց միտքը կերակրել են հնում և կերակրում են այսօր։ Եվ սա՝ անգամ գիտական աշխարհում, որում ներկա աշխարհի պայմանականություն-պահանջները (հուսամ՝ մի օր խելամտորեն վերանայելի) ագահ ու փառասեր մարդկանց ստիպում են, իրենց կարիերայի աճի և գումար աշխատելու հնարավորությունների մեծացման համար, կեղծել գիտական տվյալներ, արտադրել կեղծ գիտական կամ այստեղից-այնտեղից թխած-սարքած հոդվածներ, պաշտպանել գրագողությամբ ստեղծված կամ փողով պատվիրված թեզեր և գիտության աշխարհը լցնել աղբով։ Եվ ո՛չ միայն Հայաստանի պես հետխորհրդային կամ նախկին ու ներկա սոցիալիստական երկրներում՝ ըստ հին «բարի» ավանդույթների, այլև զարգացած ու  օրինահարգ երկրներում։

Մարդու հիշողական կարողությունն այնքան թերի է, որ մարդը կարող է իբրև թե հիշել բաներ, որոնք երբեք տեղի չեն ունեցել։ Մարդը կարող է համոզված կերպով, առանց խաբելու դիտավորության, իր կամ ուրիշների կյանքից պատմել այնպիսի բաներ, որոնք երբեք տեղի չեն ունեցել, բայց նա «հիշում» է (սա կոչվում է «կեղծ հիշողության համախտանիշ»)։ Մարդու հիշողական կարողության այսպիսի անկատարության վրա հիմնվելով՝ կարող են մարդուն նաև ներշնչե՛լ, թե իբրև թե «հիշում» է բաներ, որոնք իրականում նրա կյանքում տեղ չեն գտել։ Ուստի կարելի է մի ինչ-որ հանցանք չգործած անձին ներշնչելով «հիշեցնել», թե նա գործել է այդ հանցանքը և այսպիսով ստիպել նրան խոստովանել ու ընդունել այն։

Երբ ես կարդում եմ մի տեքստ, որ վերաբերում է պատմությանը (հատկապես հին շրջանների), որքան էլ հետաքրքիր լինի, երբեք չեմ կարող լիովին վստահել կարդացածիս ու չկասկածել, թե միգուցե կարդում եմ մի բան, որ հորինվածք է, ընդամենը գեղարվեստական ստեղծագործություն։ Նույնիսկ երբ մի պատմիչ այնպես է ներկայացնում, թե ինչ-որ մեկին անձամբ է ճանաչում (ինչպես իմ ընտանիքի բարեկամը, որ ինձ անձամբ ճանաչում է, բայց նկարչուհի է դարձրել) կամ ինչ-որ բան սեփական աչքով է տեսել, ես նրա իմացածն ու տեսածը հալած յուղի տեղ չեմ դնում։ Ահա այսպիսի անհաստատ բան է մարդկային անհաստատ հիշողությամբ և հորինասիրությամբ  ստեղծված պատմությունը, որի շուրջ ժամանակակից պատմաբանները հաճախ շատ լուրջ բանավեճեր են վարում, կուռ համոզվածությամբ, նույնիսկ ամբողջական մենագրություններ գրում՝ իբրև թեմա ընտրելով թերևս ընդամենը մեկ հնագույն աղբյուրից ծագած ու հետագայում կրկնված հավաստի կամ ոչ հավաստի կամ էլ ոչ այնքա՛ն հավաստի մի պատում։ Իսկ ես մտածում եմ՝ բայց վստա՞հ եք, որ ձեր քննարկած դեպքերի կամ անձերի մասին ճշգրիտ և ոչ թե հորինված տեղեկություններ են մեզ հասել կամ իրականության ու հեքիաթի այնպիսի խառնուրդ, որից այլևս անհնար է մաքուր ճշմարտությունը զտել-հանել՝ առանց սեփական հորինողական կարողությունն ի գործ դնելու։ Եվ երբ մտածում ես, որ ճշտման անենթակա մի պատմական տեղեկություն համադրվում է մեկ այլ այդպիսի՝ ճշտման անենթակա տեղեկության կամ այդպիսի տեղեկությունների հետ, և դրանից կատարվում է եզրահանգում, հասկանում ես, որ եզրահանգման հանդեպ նույնպես բնականաբար չես կարող ունենալ վստահություն։ 

Հատկապես զվարճալի են հին ու միջնադարյան պատմության «սրբագրիչները», որոնք որոշում են, որ մենք մինչև հիմա այսինչ հայտնի պատմական դրվագը ճիշտ չենք հասկացել, որ պետք է ուրիշ տեսանկյունից քննենք դրա հերոսներին ու հակահերոսներին, որ իրականում նա, ով դարեր ի վեր հերոս է կարծվել, իրականում այդպիսին չէր, և ընդհակառակը՝ բացասական ներկայացվածն էր հերոսը։ Փաստորեն բնավ չեն կասկածում պատմական աղբյուրներում ներկայացված «փաստերին»։ Գոնե հերոսի ու հակահերոսի մասին մեր բազմադարյան պատկերացումները ազգային ավանդություն կարող էինք դիտել՝ անկախ նրանից, թե այդ ավանդության մեջ ինչն է իսկապես տեղի ունեցել, և ինչը հորինվածք է՝ վատ հիշողության, սխալ տեղեկացվածության կամ միտումնավոր խեղաթյուրման արդյունք, ինչն էական չէ, քանի որ, միևնույն է, ստուգել ու ճշտել չենք կարող։ Իսկ «սրբագրիչները» որոշում են, որ մենք դարեր ի վեր շատ սխալ ազգային ավանդություն ենք ունեցել, որովհետև իբր սխալ ենք ընթերցել ու հասկացել պատմական աղբյուրները, և ժամանակն է սխալը սրբագրելու, նույնն է թե՝ ազգային ավանդությունից հրաժարվելու։ Իբր հանուն ճշմարտության կամ արդարության։ Չգիտես՝ լաս, թե խնդաս։ 

Պատկերացրեք, որ նույն սկզբունքով քննեին ու «վերանայեին» տարբեր կրոնների սրբազան գրքերը։ Իբր ինչ որ գրված է, արդեն ապացուցված է, որ իրոք տեղի է ունեցել, մի հատ էլ քննես, թե դրա որ դրվագում ինչ անճշտություն է մտել կամ ինչպես են դա դարերով սխալ մեկնաբանել, և դա իբր սրբագրես։ Մենք իրականում պատմական երկերին նույն դյուրահավատությամբ ենք վերաբերվում, ինչ որևէ սրբազան գրքի։ Երկուսում էլ՝ թե՛ պատմական երկում, թե՛ սրբազան համարված գրքում, կարող են նկարագրված լինել թե՛ իսկապես տեղի ունեցած, թե՛ հորինված դեպքեր կամ դրանց մանրամասներ։ Պարտադիր չէ, որ հորինվածք լինի միայն հրաշապատումը․ սովորական և լիովին բնական ու տրամաբանական համարվող որևէ դեպք նույնպես կարող է նույն հաջողությամբ լինել հորինվածք կամ պարզապես սխալ տեղեկացվածության ու չճշտված ասեկոսեի արդյունք։ Իրականությունն այն է, որ մենք չենք կարող ոչ մի բան էլ ճշտել։ Ուստի ճիշտ  ինչպես որ սրբազան գրքերում գրվածին են հավատացյալները հավատում, այդպես էլ պատմական համարվող գրքերում գրվածին են պատմաբաններն ու պատմության սիրահարները պարզապես հավատում՝ որևէ տեղեկության հավաստիությունը ճշտել չկարողանալու պատճառով։ Եթե երկու դեպքում էլ պարզապես հավատում ենք, սրբազան գրքի և պատմական գրքի միջև տարբերությունն այնքան էլ մեծ չէ հավաստիության առումով։

Երբ հասկանում ես մարդու հիշողական ու հորինողական կարողությունների հետևանքները թե՛ անցյալում, թե՛ մեր առօրյա կյանքում, հասկանում ես նաև, որ մեր ներկա կյանքն էլ, դարերի խորքից մեզ հասած մեր հավաքական հիշողությունն էլ ճշմարտության ու ստի մի այնպիսի խառնուրդ են, մի այնպիսի հորինվածք, որտեղ իսկապես անհնար է շատ բաների իսկությունը լիակատար վստահությամբ պնդել։ Կարելի է ասել՝ մեր կյանքն ու պատմությունը գեղարվեստական և ոչ թե վավերագրական ստեղծագործություն են, օրինակ՝ պատմական վեպ են, որում կան թե՛ իրականությանը համապատասխանող, թե՛ հեղինակի հորինած տեղեկություններ։ Եվ մենք մեզ անվերջ մատուցվող տեղեկույթի մի շատ մեծ բաժին, ըստ աշակերտական սովորության, ընդունում ենք առանց քննելու և մեր մտքում դրանք հավերժորեն դաջում իբրև աքսիոմներ, որոնք մեծ վստահությամբ կրկնում ենք ու փոխանցում հաջորդ սերունդներին՝ նույն բանն անելու համար։ Եթե նույնիսկ քննեինք էլ, ճշմարտությանը վերահասու լինել չէինք կարողանա բազմաթիվ փաստերի իսկությունն իսկապես ճշտելու անհնարինության պատճառով։ Իսկ մեր քննության արգասիքը կլիներ ընդամենը ևս մեկ տեսակետ քննված թեմայի վերաբերյալ։ Տեսակետ և ո՛չ երբեք աներկբա ճշմարտություն։

Ճիշտն ու սուտը խառնած առօրյա տեղեկութային հեղեղի մեջ հայտնված մարդկային դյուրահավատ միտքն էլ հեշտությամբ քշվում է այդ հեղեղից այն ուղղությամբ, որը կա՛մ որոշել է ինչ-որ մեկը, որին ու որի նպատակներին քշվողը տեղյակ չէ, կա՛մ ոչ ոք էլ չի որոշել, բայց այդ տարերային ալիքը կառավարողներ, իրենց դաշտ հասցնողներ ու օգտագործողներ վստահաբար կլինեն։