Pages

7/27/23

Հոդավոր բայեր (գրաբար)

Գրաբարում, ի տարբերություն աշխարհաբարի, հոդերը (ս, դ, ն) կարող են դրվել ոչ միայն գոյականի վրա, այլև այլ խոսքի մասերի, հաճախ` բայերի։

Բայերին կցվող այդ հոդերը (դիմորոշ հոդեր) սովորաբար գործածվում են ես, մեք, սա, սոքա, այս, այսոքիկ, դու, դուք, դա, դոքա, այդ, այդոքիկ, նա, նոքա, այն, այնոքիկ դերանունների (երբեմն նաև դրանցով կազմված բառակապակցությունների) փոխարեն կամ էլ դրանց հետ միասին, երբ դիմորոշ հոդը կրող բառը հաջորդում է որ հարաբերականին (ներառյալ հարաբերականի հոգնակին և հոլովաձևերը, այսինքն՝ որք, զոր, որոց և այլն, ինչպես նաև՝ ավելի հազվադեպ՝ որ-ով այլ կազմություններ՝ որպէս, որչափ, յորժամ, որպիսի, որ ինչ, որ ոք, յորմէ հետէ)։ Երբեմն որ-ից բացի կարող են նաև ա՛յլ հարաբերական (ո՛չ հարցական) դերանուններ էլ նախորդել հոդավոր բայերին՝ ուր, մինչ, զի, զիարդ, զինչ ևն)։ Այսինքն՝ որպեսզի բայերը հոդ ստանան, պիտի դրանց նախորդի հարաբերական*։

* Է՛լ ավելի հազվադեպ բայերը կարող են հոդ առնել նաև առանց հարաբերական դերանուններին հաջորդելու, և դրանցում այդ հոդը ժամանակ է ցույց տալիս (ս-ն և դ-ն՝ ներկան, ն-ն՝ անցյալը կամ ապառնին), եթե իհարկե այսպիսի դեպքերը հետագայի գրչական սխալների արդյունք չեն։

Որպես օրինակ բերենք Աստվածաշնչում «սիրել» բայի գործածության այն դեպքերը, որտեղ այս բայը գործածված է դիմորոշ հոդով։
Այսպէս կորիցեն ամենայն թշնամիք քո, Տէր, եւ որք սիրիցենն զնա` իբրեւ զելս արեգական ի զօրութեան նորա: (Դատ. Ե 31)
= նոքա, որ սիրիցեն զնա («սիրիցեն» բայը «նոքա»-ն փոխարինող ն հոդն է ստացել)

Զի եթէ սիրիցէք զայնոսիկ որ սիրենն զձեզ` զի՞նչ վարձք իցեն. ո՞չ ապաքէն եւ մաքսաւորք զնոյն գործեն: (Մատթ. Ե 46)
= զայնոսիկ, որ սիրեն զձեզ (այստեղ հոդավոր բայը գործածվել է «զայնոսիկ» դերանվան հետ և ոչ թե փոխարեն, ուստի հավելյալ ն հոդը կարող էր և չլինել)

Բայց գիտեմք եթէ որոց սիրենն զԱստուած` յամենայնի գործակից լինի ի բարիս` որք հրաւիրանաւն կոչեցան: (Հռոմ. Ը 28)
= նոցա, որք սիրեն զԱստուած

Որ խնայէ ի գաւազան` ատեայ զորդի իւր, իսկ որ սիրէն` խնամով խրատէ: (Առակ. ԺԳ 24)
= նա, որ սիրէ

Որ ունի զպատուիրանս իմ եւ պահէ զնոսա` նա է որ սիրէ զիս. եւ որ սիրէն զիս` սիրեսցի ի Հօրէ իմմէ։ (Յովհ. ԺԴ 21)
= նա, որ սիրէ զիս

Վերևի ավետարանական խոսքի շարունակության մեջ այս ն հոդը բայի փոխարեն կցվել է ոչ ժխտական մասնիկին, որովհետև հարաբերականին անմիջապես հաջորդում է ոչ թե բայը, այլ ժխտական մասնիկը. 

....եւ որ ոչն սիրէ զիս` զբանս իմ ոչ պահէ (Յովհ. ԺԴ 24)։
= նա, որ ոչ սիրէ զիս

Եւ էր մի ոմն յաշակերտացն բազմեալ առ Յիսուսիւ, զոր սիրէրն Յիսուս: (Յովհ. ԺԳ 23)
= նա, զոր սիրէր Յիսուս

Ասէ աշակերտն այն զոր սիրէրն Յիսուս` ցՊետրոս. «Տէր է այն»: (Յովհ. ԻԱ 7)
= աշակերտն այն, զոր սիրէր Յիսուս (այստեղ հոդավոր բայը գործածվել է «այն» դերանունով կազմված «աշակերտն այն» բառակապակցության հետ և ոչ թե փոխարեն, ուստի հավելյալ ն հոդը կարող էր և չլինել)

Մի քանի օրինակ էլ բերենք «տեսանել» բայով։

Գրեա զոր տեսանեսդ, որ էն, եւ որ հանդերձեալ է լինել յետ այնորիկ: Զխորհուրդ եւթն աստեղացդ զոր տեսերդ յաջ իմ.... (Յայտ. Ա 19-20)
--- զոր տեսանեսդ = զայդ, զոր տեսանես
--- որ էն = զայն, որ է
--- զոր տեսերդ = զայդ, զոր տեսեր

Զարհուրեալք յաներեւոյթ տեսլենէն այնորիկ՝ համարէին չար եւս քան զոր տեսանէինն: (Իմաստ. ԺԷ 6)
= զայն, զոր տեսանէին

Ի դատաստան եկի յաշխարհս յայս, զի որ ոչն տեսանեն` տեսցեն, եւ որք տեսանենն` կուրասցին: (Յովհ. Թ 39)
--- որ ոչն տեսանեն = նոքա, որ ոչ տեսանեն (այստեղ նույնպես հոդը ոչ թե բայի, այլ ժխտական մասնիկի վրա է, քանի որ հարաբերականին անմիջապես հաջորդում է ոչ-ը)
= նոքա, որք տեսանեն

Մի քանի օրինակ էլ՝ «անդ» (= այնտեղ) մակբայով։

Եւ առաքեցին յԵրուսաղէմ, զի որք անդն իցեն` արասցեն ա՛յնպէս։ (Յուդիթ ԺԱ 12)
= նոքա, որ անդ իցեն

Եւ իբրեւ ել նա արտաքս քան զդուռնն, ետես զնա այլ կին մի եւ ասէ ցայնոսիկ որ անդն կային. «Եւ սա ընդ Յիսուսի Նազովրեցւոյ էր»: (Մատթ. ԻԶ 71)
 = ցայնոսիկ, որ անդ կային

Համեմատենք վերոբերյալ նախադասությունը դրան փոքր-ինչ հետո (Մատթ. ԻԶ 73 համարում) հաջորդող նախադասության հետ, որում հոդը դրվել է ոչ թե «անդ»-ի վրա, այլ «կային» բայի, քանի որ այստեղ «որ» հարաբերականին անմիջապես հաջորդում է բայը և ոչ թե «անդ»-ը։

Եւ յետ սակաւ միոյ մատուցեալ որք կայինն անդ` ասեն ցՊետրոս. «Արդարեւ եւ դու ի նոցանէ ես»։   
= նոքա, որք կային անդ


Բերենք նաև  ս և դ հոդերով բայերի կիրառության օրինակներ։ 


Այլ մեք մտանեմք ի հանգիստն որք հաւատացաքս։ (Եբր. Դ 3)

= մեք...., որ հաւատացաք

Ո՞չ աւասիկ ամենեքեան սոքա որք խօսինս` գալիլեացիք են։ (Գործ. Բ 7)

= սոքա, որք խօսին

Զի՞նչ է այս զոր ասէս ցմեզ։ (Յովհ. ԺԶ 17)

= այս, զոր ասէ

....եւ ո՛վ է որ ասէդ ցքեզ թէ` «Տուր ինձ ըմպել»։ (Յովհ. Դ 10)

= դա, որ ասէ

Ա՛յր դու, չգիտեմ զինչ խօսիսդ: (Ղուկ. ԻԲ 60)

= զայդ, զոր խօսիս

Զի՞նչ իրք են վասն որոյ եկիքդ։ (Գործ. Ժ 21)

= այդոքիկ, վասն որոյ եկիք 


Գրաբարի քերականության այս առանձնահատկությանը կարող եք ծանոթանալ նաև, օրինակ, Հ. Աճառյանի «Գրաբարի ուսուցիչ» ձեռնարկում  (էջ 60)։