Pages

9/11/16

Եթե մոգ լինեի...

Եթե ես մոգ լինեի, մի խորհրդանշական մեծ մեդալ կպատրաստեի և այն կախաղան կբարձրացնեի, վրան մի քանի բուռ լաց կլինեի, հետո մեդալը կտանեի-կթաղեի՝ ինչ-որ կախարդական մաղթանքներ գռմռալով, գերեզմանը կկնքեի, որ մեդալոսկորներն անշարժ մնային ու հանկարծ կնքված գերեզմանից դուրս չպրծնեին երբեք, տապանաքար կդնեի, տապանաքարին կգրեի. «Աստ հանգչի մեդալն ունայնութեան, սնափառութեան, այլախաբութեան եւ ինքնախաբէութեան»։ Կասեի՝ օղորմի, ու հանգիստ շունչ քաշելով՝ կհեռանայի։

Եթե ես մոգ լինեի, մի խորհրդանշական փոքրիկ գիրք կպատրաստեի, կազմին կգրեի «գիտական թեզ», կդնեի գլխիս, կտանեի գերեզմանոց, գլխիցս կիջեցնեի, սև ագռավներին կկանչեի՝ հատուկ խունկ փչելով ու կախարդական մաղթանքներ երգելով, ագռավների լուրջ ու գիտնական հայացքների ներքո խնկի կրակվող ածխից կլցնեի գրքի վրա, կայրեի, մոխիրը կթաղեի, տապանաքար կդնեի, վրան կգրեի. «Աստ հանգչի թեզն ունայնութեան, սնափառութեան, յիմարաբանութեան, գողութեան եւ ընչասիրութեան»։ Կասեի՝ օղորմի, ու հանգիստ շունչ քաշելով՝ կհեռանայի։

Եթե ես մոգ լինեի, թեզը հողին հանձնելու հաջորդ օրը կկազմակերպեի նաև թեզի անբաժան ընկերոջ՝ գիտական կոչումի թաղումը։ Նույն հանդիսավորությամբ, նույն լրջությամբ։ Տապանաքարին կգրեի. «Աստ հանգչի կոչումն յանուրեքութիւն»։ Կասեի՝ օղորմի, ու հանգիստ շունչ քաշելով՝ կհեռանայի։

Եթե ես մոգ լինեի, կգնայի լայնարձակ մի դաշտ, այն ժամանակ, երբ քամին մեղմորեն շնչում է ականջիս, արևն էլ՝ մեղմորեն զարկում դեմքիս, խոր շունչ կքաշեի, կծնկեի անուշաբույր խոտին և սրտի թրթիռով առջևս կդնեի հետս տարած մեծ կապոցը։ Մի երկու կախարդական մաղթանք կասեի կապոցի վրա և  ապա այն կբացեի, ձեռքերիս մեջ առնելով՝ հատ-հատ կհամբուրեի գույնզգույն թռչնիկներին և համբուրելուց հետո նրանց բաց կթողնեի երկրի չորս կողմերը։ Թռչուններից մեկի վզից կապված կլիներ «որոնում» պիտակը, մյուսի վզից՝ «հարցասիրություն» պիտակը, երրորդի՝ «անշահախնդրությունը», չորրորդի՝ «ինքնամոռացությունը», հինգերորդի՝ «ուսումնատենչությունը», վեցերորդի՝ «ուսումնասիրությունը», յոթերորդի՝ «գիտությունը», ութերորդի՝ «ստեղծարարությունը», իններորդի՝ «աշխատասիրությունը», տասներորդի՝ «բարի նպատակը», տասնմեկերորդի՝ «բազմապատիկ բարի պտուղները», իսկ տասներկուերորդի՝ «երանությունը»։ Կասեի՝ բարի, հաջողակ և մշտակա՜ն թռիչք ձեզ, թռչնիկներ, ու հանգիստ շունչ քաշելով՝ կհեռանայի։