Pages

3/1/15

Գ. Սրվանձտյանցի «Քեշե Պոլե»-ն՝ արևելահայերեն թարգմանությամբ

Ստորև կգտնեք Գարեգին Սրվանձտյանցի «Հնոց եւ նորոց» հատորում գրաբարով գրի առնված հերոսական պատմության՝ «Քէշէ Պօլէ»-ի արևելահայերեն թարգմանությունը։




ՔԵՇԵ ՊՈԼԵ
Մի մարտի իրական պատմություն

Մեր Փրկչի շուրջ 1820 թվականին Բաղեշին մոտ Ոսիլ Ղրան ավանում նստում էր մի քուրդ դերվիշ՝ Նաբի անունով։ Նրա համբավն ու ազդեցությունը տարածվել էր Հայաստանի ու Քուրդիստանի բոլոր գավառներում, իսկ Ոսիլ Ղրանը քրդական կամ, ավելի ճիշտ, կորդվական բռնակալությունների մի կենտրոն էր։ Այս Նաբին՝ իբրև դենպետ ու պետերի պետ, իշխում էր իր շուրջ եղող հավասարապես բոլոր մեծամեծների ու բռնակալների մտքի ու բազուկների վրա, խորհուրդ ու հրաման էր տալիս նրանց և ինչ որ քանդում էր՝ քանդում էր և ինչ շինում՝ շինում։

Գլխին քող գցած էր ելնում շրջելու գյուղերում, ավաններում ու շեներում՝ երեսն անտեսանելի պահելով «անհավատ» քրիստոնյաների ու մեղավոր մահմեդականների՝ անարժան անձանց աչքերից։ Ուր և հասնում էին նրա ոտքերը, ամբոխը, հույժ խռնված, կուտակված, ընթանում էր հետևից՝ տեսնելու նրա հետքերը, մերձենալու ու մեծ երկյուղով համբուրելու նրա ձեռքերը, ոտքերն ու հագուստի փեշերը կամ լիզելու գարշապարների փոշին, խմելու և այն ջուրը, որով նա լվացվել կամ լվացվելու էր։ Սա քարոզում էր ոչ մահմեդականների դեմ հալածանք, և սա էր նրա խոսքերի ու ուսմունքի գլուխը. «Կա՛մ պետք է բոլոր մարդկանց մեր կրոնին փոխել, կա՛մ արեգակի ներքո բոլոր գտնվողներին ոչնչացնել»։

Եվ քանի որ բոլոր նրան լսողները նրա խոսքն իբրև պատգամ էին ընդունում, նրան զորավիգ եղան մերձակա բոլոր բռնակալները և որոշեցին հավատքի հրոսակային արշավանք ու ասպատակ կազմակերպել՝ հարձակվելով ոչ մահմեդականների վրա։ Նաբիին աշակերտելով՝ հրոսակների այս գնդերն առավել բազմաթիվ ու արի դարձան, և հազարավոր բռնավոր զինվորներն ամենքը՝ սրերով զինված ու հավատքով բոցավառված, հեծյալ ու հետևակ, մոտ 36 հազար մարդ էին՝ Բոհտան ամիրայի ու Միր Մեհեմմեդ մեծ իշխանի (որ բոլոր բռնակալներից ամենից ավագն էր) զորքերով հանդերձ։

Այն ժամանակ Սղերդում ու Ռնդվանում, քուրդ իշխաններից ու շեյխերից անկախ, նստում էր մի եզդի իշխան՝ Միրզըք անունով, որ մարդասիրաբար խնամք էր տանում իր իշխանության ներքո գտնվող բոլոր հայերին, ասորիներին ու եզդիներին։ Միրզըքն արի էր ու բարի կամք ուներ։ Ուստիև շատերը, փախչելով այլ բռնակալների անտանելի լծից, ապաստանում էին Միրզըքի երկրում, ապրում խաղաղության մեջ և ազատ պաշտում յուրաքանչյուրն իր կրոնը։ Այսպես բազմացավ ու ամրացավ գավառների բնակչությունը՝ ի սփոփանս պատսպարվածների և ի փուշ շրջակայքի տիրողների։

Նաբին և յուրայինները խորհրդակցելով՝ հրաման արձակեցին նախ հարձակվել Սղերդ քաղաքի ու Ռնդվան ավանի վրա, նախ կոտորել այնտեղ գտնվողներին, կոտրել-նվաճել Միրզըքի զորությունը, որպեսզի այնուհետև դյուրին լիներ տիրել մնացած բոլորին։ Ահ գցելով նրանց վրա՝ ասաց. «Ինքնակամ պետք է գան կա՛մ դեպի մեր հավատք, կա՛մ դեպի իրենց մահ»։
Իբրև գարնան օրերին զայրացած գետեր, այդպես հորդան տալով՝ քրդական բանակն ավարառությամբ, հրաձգությամբ ու սպանությամբ առաջ էր գնում։ Սա տեսնելով՝ Միրզըքը և հայերի ու եզդիների մեծամեծները հավաքվեցին, միաբանվեցին՝ ահավոր ու անխուսափելի կորստական վտանգի դեմն առնելու հնար գտնելու։ Երբ զարհուրած, ապշած, տարակուսած՝ ինչ անելը չգիտեին, ամենքի աչքերը դարձան նայելու հայերի ավագերեց քահանա տեր Պողոսին, ով գավառում նշանավոր էր խոսքով, ինչքով ու արիությամբ և խորհրդական, օգնական ու սիրելի էր Միրզըքին։ Քրդախոս հայերն ու եզդիները անվանում էին նրան Քեշե Պոլե։ Սա առաջ գալով կանգնեց սարսափահար ատյանում, բացատրեց նրանց՝ ասելով. «Այս կռիվը սովորական՝ մարմնավոր փառքի, իշխանության կամ վրեժի համար չէ՛, այլ մեր ազատության դեմ են գալիս՝ խլելու մեզնից մեր հավատքը։ Եվ քանի որ եթե խույս տանք, կսատակվենք, եթե դիմադրենք, կմեռնենք, բայց նաև կմեռցնենք և քաջի անուն կժառանգենք, ուրեմն անհապաղ դե՛մ դուրս եկեք՝ դեպի ճակա՛տ, և մեր կանայք ու մանուկները թող խոսքով քաջալերեն մեզ և մեզանից վերցնեն հաղթելու և փրկվելու քաջության կամ կռվելու և մեռնելու օրինակը։ Ահա ես ձեր բոլորից առաջ եմ գնում»։

Տեր Պողոսի խոսքերից ազդված ու ոգևորված՝ Միրզըքն ու ատյանի բոլոր մեծամեծները (մանավանդ վստահ՝ բազմահաղթ տղամարդու վրա, որի կորովության փորձը բազմիցս առել էին նախապես), երկյուղից սթափվելով, տեղներից ոստնեցին, զենք վերցնելով՝ կազմ ու պատրաստ կանգնեցին։
Ձայնեցին հայերի տեր Պողոսն ու եզդիների Միրզըքը, շուտով գումարվեց մոտ 10 հազար հոգի։ Միրզըքը քարոզել տվեց պահք պահել ու աղոթել, Աստծուն օգնության կանչել և հրամայեց իր ինչքերից ու ստացվածքներից ողորմություն բաշխել բազում կարոտյալների. նույնպես վարվեցին նաև ովքեր ունևոր էին։ Աստծո վրա հուսալով հանդերձ՝ դիմեց նաև հմայությունների ու գուշակների, ովքեր հաջողության նշան ցույց տվին նրան։ Այնուհետև խրախուսելով իր սակավամարդ բանակին՝ առաջ խաղաց դեպի Սղերդ քաղաք՝ զորքը բաժանելով երկուսի՝ հայերի ու եզդիների։ Հայերի զորագլուխ կարգեց տեր Պողոսին, իսկ եզդիներինն ինքն էր՝ Միրզըքը։ Հայերն առհասարակ հետևակ էին, հրացանակիր, սուսերակիր ու ասպարավոր, իսկ եզդիները՝ մեծավ մասամբ հեծյալ ու տիգավոր։

Այնտեղ, ուր հանդիպեցին երկու կողմերի հակառակորդների ճակատները, Միրզըքն ու տեր Պողոսը դարձան դեպի իրենց գնդերն ու ասացին. «Պատրա՛ստ կանգնեք ու մեր հետևից դիտեցե՛ք, ահա մենք արշավում ենք դեպի թշնամիները. եթե Աստված մեզ հաջողություն տվեց, ողջ հետ կդառնանք ձեզ մոտ՝ ի քաջալերություն բերելով հաղթության նշան, իսկ եթե մեռնենք, այնժամ դուք ամենքդ, միահամուռ հարձակվելով, ցո՛ւյց տվեք ձեր տիրասիրությունը, ազատասիրությունը՝ արիաբար մահը հանձն առնելով։ Սակայն մեռնելիս ձեզնից յուրաքանչյուրի փոխարեն նրանցից հազարի՛ մեռցրեք և այդպե՛ս կնքեք ձեր վախճանն ու մեր վրեժը»։
Սա ասելով՝ ողջունեցին զորքին, և սրանք լալով ու արտասուք թափելով՝ թողեցին նրանց գնալ։

Ինչպես առյուծը որսի ժամանակ և իբրև արագաթռիչ արծիվ՝ շուտով այն վայրն ընթացան, խոյացան Միրզըքն ու տեր Պողոսը, հասան, հարձակվեցին ու քրդերի զորքի մեջ ընկան եղեգները խանձող կրակի նման, ամպրոպի պես փոթորկելով՝ աջ ու ձախ զարկեցին, լափեցին, թավալեցին, նիզակաքաղ արեցին ստվար բանակը, ընտիր-ընտիրների սատակեցրին և երկու ականավոր քաջերի գլուխները կտրելով՝ նիզակի վրա ցցած՝ բերեցին իրենց բանակը։ Իսկույն ցնծության աղաղակ բարձրացավ զորքի մեջ, և յուրաքանչյուր մարդ, հաղթության հույսով լի վառվելով, վազում էր հարվածելու թշնամուն, որ ատելությամբ եռալով ու վրեժխնդրությամբ բորբոքված՝ հարձակվում, վրա էր գալիս։

Երկու կողմերի միմյանց խառնվելու և այնքան հրազենների արձակման պատճառով արևի լույսը մթնում էր, և սրերի ու տեգերի անգթաբար, սաստիկ, միմյանց կոտորող մայրիների անտառներ հիշեցնող բախումից ահեղ ձայներ էին հնչում ամպերի որոտի ու մրրկված ծովի ջրերի կոհակների ձայնի նման։
Երկար ժամեր անցան. ոչ հաղթության կողմն էր երևում և ոչ՝ պարտության, քանզի մի կողմի քաջությունն ու մյուսի ստվարությունը վիճակը զուգակշիռ էին պահում։

Այս տագնապալի վայրկյանին Բոհտանի զորքի զորապետ Միր Մեհեմմեդ ամիրան՝ հուժկու և հաջողաձեռն մի այր, աշտանակած ընտիր նժույգ, սպառազեն ու նիզակավոր, հագած երկաթյա զրահ, առաջ խաղաց, ընթացավ, իր հետևից շատերի սպանեց հայերի գնդից և հասավ այնտեղ, ուր Միրզըքն էր՝ տեղացող հարվածներից զերծ մնալով՝ զրահով ամրափակված լինելու պատճառով։ 

Շրջվեց տեր Պողոսն ու տեսավ քրդին հաջող կերպով այդքան հառաջացած, իսկույն վազեց հասավ նրան, իր հեծած սև քուռակից՝ հետևի կողմից, արագ ոստնեց քրդերի զորապետի ձիու գավակը և մի բազկով գրկափակելով, պրկելով նրա երկու ձեռքերը նրա կրծքին՝ մյուս ձեռքով գոտուց հանեց դաշույն ու խրելով նրա ծոծրակը՝ արյուն թափեց։ Զորապետն իսկույն մեռավ և վայր ընկավ երիվարից, իսկ ինքը, սպանվածի նիզակը վերցնելով, աշտանակելով նրա բարձրավիզ ճերմակ նժույգը, իբրև արագահաս կայծակ եկավ օգնելու Միրզըքին, որ նույն ժամին քաջությամբ մոտենում էր հաղթանակ տանելու։ Տեր Պողոսը մնացածներին էլ զարկեց, և ովքեր ընկան՝ ընկան, իսկ ովքեր փախան՝ փախան՝ ցիրուցան լինելով երկրի երեսին։

Փախչողների մի մասը, որի մեջ շատ էին հրացանակիր հետևակները, ապաստանել էր սղերդցիների գոմերում։ Միրզըքն ու տեր Պողոսը, նրանց հետևից մտնելով, պաշարեցին ու կամենում էին ձերբակալել նրանց, իսկ վերջիններս հանդգնությամբ դիմադրելով՝ կռվում էին նրանց հետ։ Եվ երբ անձնատուր չեղան, Միրզըքը հրամայեց գոմերն այրել։ Այստեղ ապաստանածները կենդանի-կենդանի այրվեցին, իսկ նրանց ճենճերները հալչելով՝ ջրի պես, առուներով, հոսեցին դեպի մերձակա գետը, ինչն այնտեղ կանգնածները տեսան։

Հաղթողները վերցրին թշնամու բանակի ողջ ավարը և խնդությամբ վերադարձան իրենց տեղերը։ Իսկ քրդերից փրկվածներն այլևս չհամարձակվեցին հիշել իրենց նախկին մտադրությունն ու նաև այս ահավոր պարտության վրեժլուծությունը։

Մեծացավ Միրզըքի իշխանությունը, մեծարվեց տեր Պողոսի անունը, և նրա կենդանության լուրը զարհուրեցնում էր քրդերին մինչև նրա մահվան օրը։

Պատմողի մասին
Սա պատմող Սիմեոն վարդապետը ծնվել էր Սասնո Քաջարանց գյուղում՝ հարուստ ու անվանի ծնողներից։ Անձնյա էր, թիկնավետ, հսկայակերպ, հաստոսկր, խիստ զորեղ ու սրտոտ։ Սա նախ ամուսնանալով ունենում է մի դուստր, ապա, կողակցի մահից ու դստերն ամուսնացնելուց հետո, քանի որ գրոց աշակերտ էր, ձեռնադրվում շուշտակ վարդապետ (շուշտակ են կոչում նախկինում ամուսնացած, ապա՝ կնոջ մահից հետո կուսակրոն ձեռնադրված հոգևորականներին- թրգմ.), կրոնավորում Աղձնիքի ու Տարոնի երկրի վանքերում և Ադրիանուպոլսեցի բարեհիշատակ Պողոս պատրիարքի օրերին գնում ու մի քանի տարի մնում է Սբ Երուսաղեմում։ Երբ բնակվում էր Սասունում գտնվող Սբ Աղբերիկ վանքում, որտեղ էր և քաջահամբավ վանահայր Գաբրիել շուշտակ վարդապետը, վանքի շուրջ բնակվող քրդերի հրոսակների արշավանքների ժամանակ վանքը թալանվելուց պահպանելու համար, վերջինիս հետ միաբանությամբ՝ երկուսով, բազում ու մեծամեծ նախճիրներ էին գործում՝ հաջողակ լինելով միաժամանակ և՛ տեգ ու զենք գործածելիս, և՛ ոտքով կամ երիվարով կռվելիս։

Այն ժամանակ, երբ Տուրուբերանին տիրող Սելիմ փաշան եկել էր իր իշխանության տակ առնելու Սասունը և սասունցիք դիմադրում էին նրան՝ չկամենալով հանձն առնել հպատակվելու Սելիմին, երկու կողմերի ասպատակները տևեցին մոտ 15 տարի, և Սբ Աղբերիկ վանքն այս մարտերում, որպես պորտ, Սասունի ու Տուրուբերանի կենտրոնն էր։

Այս Սիմեոն վարդապետը, այլևայլ կռիվների ու բազում վտանգների միջով անցնելով, լավագույնս մարտիրոսացել էր. նրա գրեթե ամբողջ մարմինը զարդարված էր սպիներով։ Սիմեոն վարդապետը մեռավ 1855 թ. խոր ծերության մեջ, իր բնիկ գավառի Բացի գյուղում, ուր և թաղվեց՝ Քաջարանց գյուղին մոտ, և ուր ցայսօր կենդանի է նրա դստերից ծնված տեր Մակար քահանան։


Գարեգին Սրուանձտեանց, Հնոց եւ նորոց. պատմութիւն վասն Դաւթի եւ Մովսէսի Խորենացւոյ (Թուղթ Դիոնէսիոսի, օրինակք յիշատակարանաց, դամբարան Ս. Սուքիասանց, ձեռագիր մատեանք, Քէշէ Պօլէ), Կ. Պոլիս, 1874 թ., էջ 168-186

Գրաբարից փոխադրեց Ս. Ս.