Pages

4/24/14

Ոչ ժամանակակից հայ հեղինակների գործերի հրատարակության հարցեր

Երբևէ հանդիպե՞լ եք Թումանյանի, Շիրվանզադեի, Րաֆֆու և այլ հայ հեղինակների լեզվում առկա ուղղագրական «վրիպակների», օրինակ՝ բառում ինչ-որ տառի բացթողման, և տարակուսել, թե ինչի հետ գործ ունեք՝ իսկապես վրիպակի՞, թե հեղինակների ապրած շրջանի հայերենի առանձնահատկությունների։ Իսկապես, միշտ չէ, որ հնարավոր է սա հասկանալ, հատկապես եթե լեզվաբան չես, այլ սովորական ընթերցող, որ ապրում ես 21-րդ դարում և խոսում-գրում մի հայերենով, որը տարբերվում է հայ դասական գրողների մեծ մասի լեզվից։ Եվ, ի վերջո, վրիպակների հետ էլ կարող ենք գործ ունենալ, եթե սրբագրիչն ինչ-որ բան չի նկատել։ Եվ պատկերացրեք, որ վրիպակի դեպքում, կարծելով, թե հեղինակի կիրառած բառաձևի հետ գործ ունենք, գործը կամ նրա մեզ հուզող հատվածը վերարտադրելիս վրիպակը շարունակ կրկնենք։ Կամ էլ, ընդհակառակն, կարծելով, թե վրիպակի հետ գործ ունենք, հեղինակի լեզուն «սրբագրենք»։


Այսպիսի թյուրիմացություններից ազատվելու համար թերևս կարելի է վերահրատարակվող գրքերում առանձին ցանկով տալ հեղինակի կիրառած բոլոր այն բառային տարաձևությունները, որոնք կարող են ժամանակակից ընթերցողի մեջ տարակուսանք առաջացնել, որպեսզի բնագրում դրանց հանդիպելիս նա իմանա, որ գործ ունի ոչ թե սխալների կամ վրիպակների հետ, այլ հին կամ բարբառային բառաձևերի։ Այս դեպքում, եթե նա հանդիպի այդ ցանկից դուրս գտնված այն ձևերին, որոնցում կա, օրինակ, տառի բացթողում, կհասկանա, որ ոչ թե հին բառաձևի հետ գործ ունի, այլ վրիպակի։

Մեկ այլ խնդիր է կետադրությունը։ Հայ դասական գրողների մեծ մասն ապրել և ստեղծագործել է նախախորհրդային շրջանում, ուստի գրել և գործերը տպագրել ավանդական ուղղագրությամբ։ Խորհրդային շրջանում նրանց գրքերը վերահրատարակվել են ուղղագրության փոփոխմամբ, բայց նրանց կիրառած կետադրության պահպանությամբ։ Եթե պահպանվեին թե՛ ուղղագրությունը, թե՛ կետադրությունը, սա կլիներ «ոչնչին ձեռք չտալու» սկզբունք։ Բայց ուղղագրությունը փոխված է, կետադրությունը՝ ոչ։ Նախախորհրդային շրջանի, ինչպես նաև խորհրդային շրջանի առաջին մի քանի տասնամյակի կետադրությունը զգալի տարբերվում է արևելահայերենի ժամանակակից կետադրությունից (մեր կետադրությունը վերջին հարյուրամյակում ժամանակ առ ժամանակ բզբզվում է լեզվաբանների կողմից. վախենամ՝ այս բզբզոցը դեռ շարունակվի)։ Ուստի այսօր հայ դասականների գրքերը կարդալիս ընթերցողը բախվում է նաև մեկ այլ խնդրի՝ կամ շարունակ «սխալներ» է գտնում, եթե քիչ թե շատ տիրապետում է ժամանակակից հայերենի կետադրությանը, կամ երբեմն պարզապես լավ չի հասկանում գրվածը, քանի որ իր իմացածից տարբեր և երբեմն անսովոր ու անհարմար կետադրությունը հավելյալ խոչընդոտներ է առաջացնում բնագրի իմաստը հասկանալու համար։

Նախախորհրդային և հետխորհրդային առաջին շրջանների հայ հեղինակների գործերի վերահրատարակություններում հին կետադրության պահպանման պատճառն այն է, որ կետադրության անհաջող փոփոխության դեպքում, հնարավոր է, իմաստային փոփոխություն տեղի ունենա. ուստի հարգվում է հեղինակի կետադրությունը (նույնիսկ եթե գրողը պարզապես կետադրություն լավ չի իմացել)։ Կարելի է այս սկզբունքը հասկանալ, բայց...

Ինձ շատ հետաքրքրեց, թե նման դեպքում ինչպես են վարվում, օրինակ, անգլիացի բանասերներն իրենց դասականների գործերը վերահրատարակելիս։ Անգլերենի կետադրությունը սկզբունքորեն չի փոխվել 19-րդ դարից ի վեր, ուղղագրությունը՝ նույնպես։ Գնանք ավելի հետ, օրինակ՝ շեքսպիրյան շրջան։ Այդ ժամանակվա ուղղագրությունն էլ, կետադրությունն էլ տարբերվում են ժամանակակից անգլերենի ուղղագրությունից ու կետադրությունից։ Համեմատենք 17-րդ դարասկզբին հրատարակված շեքսպիրյան գործերը 19-20-րդ դարերում, ինչպես նաև այսօր հրատարակվածների հետ. հրատարակիչները փոխել ու փոխում են թե՛ ուղղագրությունը, թե՛ կետադրությունը։ Փաստորեն, Շեքսպիրի ո՛չ ուղղագրությունը, ո՛չ իսկ կետադրությունը «չեն հարգվում»։ Սա էլ մի ուրիշ սկզբունք, որը նույնպես կարելի է հասկանալ։ Եթե կետադրությունը փոխում ես խելամտորեն ու բանիմացորեն, այսինքն՝ այնպես, որ ոչ միայն չես փոխում հեղինակի արտահայտած իմաստը, այլև նույնիսկ օգնում, որ ժամանակակից ընթերցողն այն ավելի լավ ըմբռնի, ոչ միայն որևէ կերպ չես մեղանչում շեքսպիրների հանդեպ, այլև թերևս արժանանաս նրանց երախտագետ գովասանքին, եթե երբևէ, իհարկե, հանդիպես նրանց։ Երևի անգլիացի բանասերները հենց այս գեղեցիկ դիտավորությամբ էլ Շեքսպիրի գործերը վերահրատարակելիս չեն պահպանում նրա կիրառած ուղղագրությունն ու կետադրությունը և, բնականաբար, չեն դիտում սա դասականների գործերի վերահրատարակության հակագիտական սկզբունք։

Մենք ևս գրաբար բնագրեր հրատարակելիս փոխում ենք կետադրությունը, քանի որ, բնականաբար, միջնադարյան կամ մի քանի դար առաջվա կետադրությունը շատ է տարբերվում ժամանակակիցից։ Փաստորեն, այս դեպքում էլ կետադրության փոփոխությունը հակագիտական չի համարվում։

Ուրեմն ի՞նչն է խանգարում նույն սկզբունքը կիրառել նաև նախախորհրդային, ինչպես նաև խորհրդային վաղ շրջանների հայ հեղինակների արձակ երկերի վերահրատարակության մեջ, եթե տեսնում ենք կետադրական մեծ անջրպետ կամ շիլաշփոթ։ Կարծում ենք՝ կետադրական թեթևակի միջամտությունը՝ կատարված բանիմացորեն, բացարձակապես չի աղարտի հեղինակի ոչ լեզուն, ոչ միտքը։ Եթե չենք «հարգում» այս հեղինակների գործածած ուղղագրությունը և այն փոխում ենք, նրանց կետադրությունը «հարգելը» մխիթարանք չէ։ Եթե այդ հեղինակները տեսնեին, որ իրենց գործածած ավանդական ուղղագրությունը փոխվել է, վստահ եմ՝ նրանց մեծ մասը կըմբոստանար և դա պարզապես սրբապղծություն կհամարեր։ Մինչդեռ նույնքան վստահ եմ, որ իրենց կիրառած կետադրության բարեխիղճ ու խելամիտ թեթևակի բարեփոխմանը, եթե դա պիտի չխանգարեր գրվածի իմաստի ճիշտ ընկալմանը կամ առոգանական ճիշտ ընթերցմանը, նրանք բնավ էլ դեմ չէին լինի, գուցե անգամ շնորհակալ լինեին։ Օրինակ՝ եթե նախադասության սկզբում կամ վերջում գտնվող դերբայական դարձվածի դեպքում հեղինակի դրած ստորակետը բութի փոխենք, ինչ-որ բան կփոխվի՞ արտահայտված իմաստում։ Կամ եթե բազմահարկ, էջի կեսը բռնող բարդ նախադասության մի քանի՝ առոգանությամբ չշաղկապված միավոր ոչ թե հեղինակի դրած ստորակետով տրոհենք, այլ երբեմն միջակետով կամ վերջակետով, որ ընթերցողն իր ընթացքում շնչասպառ չլինի, մե՞ղք կգործենք։ Ո՛չ բնավ։ Բայց եթե առոգանության նշաններին ձեռք տանք, ասենք՝ շեշտը մի վանկից տեղափոխենք մի ուրիշ վանկ, կաղավաղենք հեղինակի, ինչպես նաև այդ ժամանակվա հայերենին հատուկ առոգանական-արտասանական հնչյունապատկերը, ինչն, ըստ իս, անելու իրավունք չունենք։

Այս մասին՝ առայժմ այսքանը։