Pages

6/22/23

Հոգալ / հոգ տանել + մասին/համար

 

✔ Հոգալ ծախսերը, հոգալ մեկի կամ մի բանի մասին

✔ Հոգ տանել մեկի կամ մի բանի մասին

Ընդհանրապես հոգալ-ն էլ, հոգ տանել-ն էլ գրական արևելահայերենում մի քանի ձևով են գործածվել ի սկզբանե՝ թե՛ հայցական/տրական հոլովի հետ (հոգալ ինչ-որ բան(ի), հոգ տանել ինչ-որ բանի), թե՛ մասին-ի հետ, թե՛ համար-ի։ Բոլորն էլ գործածվել են, ուստի բոլորն էլ կարելի է ճիշտ համարել։ Բայց այսօր հոգ տանել-ի հետ ավելի բնական է հնչում «մասին» կապի գործածությունը։ Բացի դրանից, ինչպես ցույց են տալիս ԱՐԵՎԱԿ-ում որոնման արդյունքները, այս բայի հետ «մասին» կապը մի քանի անգամ ավելի շատ է գործածվել արևելահայ գրականության մեջ, քան «համար» կապը։ Ճիշտ ու սխալի հարց չէ սա, այլ նրա, թե որն է ավելի տարածված ու ավելի բնական հնչում։ Համար-ի հետ գործածությունը նպատակ է հուշում․ հոգ տանել ինչ-որ բանի համար՝ հոգալ ինչ-որ նպատակով։ Իսկ մասին-ի հետ գործածությունը թյուրընկալում կամ երկիմաստություն չի առաջացնում։

Բացի դրանից, գրաբարում շատ տարածված է հոգալ+պատմական հոլով կառույցը (օրինակ՝ հոգալ զնմանէ)։ Պատմական հոլովը թարգմանվում է «մասին» կապով, ո՛չ «համար» (մեր բերած օրինակը նշանակում է հոգալ նրա մասին)։ Իսկ հոգալ + վասն կառույցը կարող է թարգմանվել թե՛ «մասին», թե՛ «համար» կապերով, և թերևս սա է պատճառը, որ արդի հայերենում հոգալ-ը կամ հոգ տանել-ը գործածվում է նաև «համար» կապի հետ։

Հոգ տանել + մասին-ի գործածության մի քանի օրինակ արևելահայ գրականությունից

Իսկ քահանան ժամն արձակեց և գնաց տուն, և աղքատին թողեց եկեղեցու մեջ և հոգ չտարավ նրա մասին: (Ա. Բակունց)

Իրոք, նա գրքերից գիտեր, որ հովիվները հյուրասեր են, նա իսկույն համոզվեց, որ հովիվ Ասլանն իրեն՝ անծանոթ Գենյա Միրզոյանին, անպայման կհյուրասիրեր որևէ բանով և հոգ կտաներ նրա գիշերելու մասին: (Վ. Անանյան)

Մայրս այնքան զբաղված էր, որ ամենևին ժամանակ չուներ հոգ տանելու վառելիքի մասին. այդ պատճառով, այդ հոգսը մնաց իմ և քույրերիս վրա: (Րաֆֆի)

Պետք էր անհապաղ հոգ տանել երկվորյակ եղբոր մասին, քանի շունչ կա բերանում, իսկույն ևեթ տուն փոխադրել, բժիշկ կամ քահանա կանչել: (Զ. Դարյան)

Այժմ հարկավոր էր հոգ տանել ապագայի մասին: (Նար-Դոս)

Պատասխանից հետո սպարապետը կարգադրեց արարողապետին հոգ տանել սուրհանդակի մասին: (Ստ. Զորյան)



 

6/12/23

Հանրակրթական դպրոցներում կրոն դասավանդելու մասին

Ես կողմ եմ, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում դասավանդվի կրոն՝ ինչ անվամբ էլ որ այն ներկայացվի (անունը կարևոր չէ)։

Ես դեմ եմ, որ երեխաներին կրոնը քարոզվի։ Այսինքն՝ ես կողմ եմ, որ երեխաները ստանան կրոնական գիտելիքներ, բայց դրանց մատուցումը չլինի քարոզչական եղանակով ու երեխաներին «դարձի բերելու» նպատակով։

Թե՛ Եվրոպայում, թե՛ դրանից դուրս կան զարգացած և ժողովրդավարական երկրներ, որոնցում կրոնը ոչ միայն ուսուցանվում է, այլև պարտադիր առարկա է հանրակրթական դպրոցներում։

Ֆիննական դպրոցական կրթությունը վաղուց համարվում է լավագույններից մեկն ամբողջ աշխարհում։ Ֆիննական դպրոցներում ֆինների հիմնական կրոնի՝ լութերականության դասավանդումը պարտադիր է ֆինն երեխաների համար դպրոցական կրթության բոլոր մակարդակներում՝ 7-ից մինչև 18/19 տարեկանը։ Ովքեր այլակրոն են, սովորում են իրենց կրոնը։ Տես նաև այստեղ։

Ուելսում կրոնական կրթությունը թե՛ դպրոցներում, թե՛ անգամ նախադպրոցական հաստատություններում նույնպես պարտադիր է. կրոնն ուսումնասիրում են 3-ից մինչև 16 տարեկանը։

6/10/23

Մաշտոցյան ուղղագրության վերականգնման նախանձախնդիր մարդկանց

 Ովքեր ծանոթ են դասական ուղղագրության այն տարբերակին, որ գործածում ու ջատագովում են հարգելի քաղաքագետ ու Իրական դպրոցի գրաբարի ուսուցիչ Ալեքսանդր Քանանյանը, հարգելի գրականագետ Լուսինե Ավետիսյանը և Իրական դպրոցը, նկատել են անշուշտ, որ նրանք օ-ի փոխարեն աւ են գրում արևելահայերենում, լ-ի փոխարեն ղ՝ այղ, քայղ, ողիմպոս և այլ այսպիսի բառերում՝ փորձելով գրել այնպես, ինչպես հավանաբար գրել են Մեսրոպ Մաշտոցն ու այլք Ե դարում։ Նաև իւ-ի փոխարեն եւ-ով գրվող բառերի և այլ այսպիսի վաղգրաբարյան ձևերի վերականգնումներ են կատարել աշխարհաբարի համար գործածվող ուղղագրության մեջ։ Ես այսօր Իրական դպրոցի ֆեյսբուքյան էջում՝ ուղղագրության վերաբերյալ մի գրառման տակ, հետևյալ մեկնաբանությունը թողեցի, որն այստեղ էլ եմ դնում բոլոր նրանց համար, որոնց հետաքրքրում է իմ տեսակետն այս «մաշտոցյան» ուղղագրության վերաբերյալ։

Իրական դպրոցի հայերենասերներին ու դասական ուղղագրության ձեր ընդունած «մաշտոցյան» տարբերակի ։) նախանձախնդիր հետևորդներին մի կարևոր բան ասեմ, դուք մտածեք, լա՞վ։ Ուղղագրությունը միայն բառերի տառային կազմին չի վերաբերում։ Այն վերաբերում է նաև բառերը մեծատառով թե փոքրատառով սկսելուն, բառերի անջատ, կից կամ գծիկով գրելուն և այլն։ Եթե դուք, անտեսելով լեզվի զարգացումն ու դրա առաջ բերած իրողությունները, ուզում եք հավատարմորեն վերականգնել մաշտոցյան ուղղագրությունը (դրա համար էլ գրում եք «այՂ», «Ղատինական», «օ» չեք գրում, որովհետև Մաշտոցը «աւ» է գրել, «օ» տառ չի ստեղծել և այլն), ուրեմն նախ՝ պիտի հրաժարվեք բոլորգրերով գրելուց, քանի որ Մաշտոցն այս տառերը նույնպես չի ստեղծել ու չի կիրառել։ Մաշտոցյան տառերը միայն մեծատառերն են՝ երկաթագիրը։ Ուրեմն դուք էլ, հավատարմորեն վերականգնելով մաշտոցյան ուղղագրությունը, պիտի գրեք միայն մեծատառերով։ Երկրորդ՝ մաշտոցյան ուղղագրության մեջ բնականաբար մեծատառի ու փոքրատառի տարբերակում չկա, բայց դուք տարբերակում եք։ Եվս մեկ շեղում մաշտոցյան ուղղագրությունից։ Մաշտոցյան ուղղագրության մեջ բառանջատում չկա․ բառերը կից են գրվում, միավորման գծիկով գրվող բառեր էլ չկան։ Էլի շեղումներ։ Եվ, ձեր ցավիկը տանեմ, մաշտոցյան շրջանից պահպանված համարյա տեքստ չկա, որ առանձին բառերի մաշտոցյան ուղղագրության վերաբերյալ իսկապես հստակ ու վերջնական պատկերացում ունենայինք։ Բազմաթիվ վիճելի ուղղագրությամբ բառեր կան դասական ուղղագրության մեջ։ Հո Տեկորի կամ երուսաղեմյան մի քանի տող արձանագրությունները չե՞ն ձեր աղբյուրը, որ անգամ հայերենի բոլոր տառերը չեն ներկայացնում։ Մի խոսքով՝ մտածեք գրածիս շուրջ, լա՞վ։ Թե չէ «օ» չէ, «աւ», «այլ» չէ, «այղ» ու կիսագիտական փիլիսոփայություններ ։)

Այստեղ ավելացնեմ, որ դասական ուղղագրության այն տարբերակների համար, որ այսօր գործածում են սփյուռքում ու երբեմն նաև Հայաստանում (հաճախ ես ինքս էլ) ես նախընտրում եմ «ավանդական ուղղագրություն» անվանումը։ Ինչո՞ւ։ Որովհետև այս ուղղագրությունը, ինչպես էլ այն մաքրես-ճշգրտես  ու ժամանակակից հայերենին հարմարեցնես, միևնույն է, մեսրոպյան կամ մաշտոցյան չի կարող դառնալ։ 21-րդ դարի հայերենում ո՛չ հնարավոր է իսկապես մաշտոցյան ուղղագրություն կիրառել (կարելի է գործածել դրա տնազը), ո՛չ կա դրա իմաստը։ Հնարավոր է գործածել ավանդակա՛ն ուղղագրության որևէ տարբերակ, այսինքն՝ մի ուղղագրության, որ կիրառվել է ավանդաբար՝ երկար դարերի ընթացքում, և հիմնված է մաշտոցյան ուղղագրության հիմնական սկզբունքների վրա, բայց նաև արտացոլում է դարերի ընթացքում լեզվի անհրաժեշտաբար կրած փոփոխությունները։ Ի վերջո այդ փոփոխությունները Մաշտոցի  ու նրա ուղղագրության հանդեպ մեր նախնիների «անհավատարմությունից» չէ, որ առաջ են եկել, այլ լեզվի բնական զարգացումների հետևանք են, որոնք անտեսելը ոչ թե մեծ գիտության, այլ դրա պակասի նշան է։ Եվ արդի հայերենում իբր իսկական մաշտոցյան ուղղագրության վերականգնման բոլոր փորձերը որքան էլ ներկայացվեն գիտական հիմնավորումներով, անլուրջ են։