Pages

3/23/23

«Ի»-ով վերջացող օտար ազգանունների սեռական հոլովը

 

Սլավոնական «-սկի» վերջածանցով ազգանուններ

Այվազովսկու, Մայակովսկու, Բրոդսկու, Գրադսկու

Նաև՝ ռուս. Գորկի → Գորկու

Բայց՝ ռուս. Բակլաստի (Бакластый) → Բակլաստիի, ուկր. Բաբի (Бабий) → Բաբիի, Պալի (Палий) → Պալիի, չեխ. Հրոզնիի, Բոհատիի, Պլախիի

Վրացական «-շվիլի» վերջածանցով ազգանուններ

Սահակաշվիլու, Ջավախիշվիլու, Տուրաշվիլու, Մազնիաշվիլու

Բայց՝ Մռովելիի, Օրբելիանիի, Գորգասալիի, Ծերեթելիի, Ճիաուրելիի, Ամիլախվարիի

Այլ ազգերի ազգանուններ

Վերդիի, Վիվալդիի, Բելլուչիի, Կյուրիի, Ուայլիի, Օ՛Հենրիի (իտալական, ֆրանսիական, անգլիական, իռլանդական ևն)

Ավջիի, Բինիջիի, Դեմիրջիի, Իզմիրլիի (թուրքական)

Աբադիի, Ահմադիի, Բարզանիի, Հալաբիի, Քազիմիի, Ռաշիդիի, Ֆարաբիի (իրանական, արաբական)

Ալմասիի, Բարանիի, Լասկիի, Նագիի (հունգարական)

3/21/23

Թվարկում կամ ցանկեր

Թվարկում կամ ցանկ* ներկայացնելիս պետք է ուշադրություն դարձնել երկու բանի՝ ցանկի քերականական կառուցվածքին և կետադրությանը։

* Թվարկում — բանավոր կամ գրավոր խոսքում որոշակի հաջորդականությամբ մի առ մի թվելը՝ անվանելը՝ հիշատակելը։ Ցանկ — (այս բառի ամենալայն իմաստը՝ որպես անգլ. list-ի համարժեք) թվարկված միավորների ամբողջությունը գրավոր խոսքում, թվարկման գրավոր արտահայտությունը։

Ա. Քերականական զուգանմանություն (parallelism)

Ինչպիսի արտաքին տեսք էլ ունենա ցանկը՝ հորիզոնական (կողք կողքի շարված միավորներ), ուղղահայաց (իրար տակ շարված միավորներ), շրջանաձև (բլիթի կտորների տեսքով), թե մեկ ուրիշ՝ ըստ տեքստը ձևավորողի երևակայության, կետադրությունը կարող է տարբերվել, սակայն քերականական կառուցվածքին վերաբերող պահանջները բոլոր դեպքերում էլ նույնն են։ Քերականական զուգանմանությունը (համանմանություն, համաձայնեցվածություն) ցանկի կառուցման ամենակարևոր սկզբունքն է, որը եթե խախտված է, նշանակում է՝ ցանկը սխալ է կազմված։ Եվ սա վերաբերում է բոլոր լեզուներին, ո՛չ միայն հայերենին։ Այսինքն՝ ինչ լեզվով էլ թվարկում կամ ցանկ ներկայացնեք, պետք է նախևառաջ ուշադրություն դարձնեք քերականական զուգանմանությանը, եթե ուզում եք, որ ցանկն իսկապես ցանկ լինի։

Այդ սկզբունքը հետևյալն է. ցանկի բոլոր միավորները պետք է քերականորեն համաձայնեցված լինեն՝ շարունակեն այն նո՛ւյն նախադասությունը, որը բացում է ցանկը (այսինքն՝ ծառայում դրա համար որպես սկիզբ), կամ վերաբերեն նո՛ւյն վերնագրին (եթե ցանկն ունի վերնագիր) և իրար հետ քերականորեն համաձայնեցված լինեն։

Դիտարկենք սխալ կազմված ցանկերի որոշ օրինակներ։