Pages

2/4/23

Աղոթքի, եգիպտական անապատների և հայրենիք պաշտպանելու մասին

 Ես չգիտեմ՝ սբ Սարգիսն իրո՞ք աղի բլիթ ուտողներին բարի բախտ բերում է, թե ոչ, բայց վստահ եմ, որ, ցավոք սրտի, անգամ բազմահազար անկեղծ աստվածասերների մեկտեղված ջերմ աղոթքները կամ այստեղ-այնտեղ տնկված խաչերը չեն փրկում զինված թշնամու հարձակումներից ու հայրենիքի կորստից։ Երևի երբեք որևէ  տեղ այնքան շատ աղոթողներ հավաքված չեն եղել, որքան քրիստոնեական վանականության օրրան եգիպտական անապատներում, որտեղ 4-5-րդ դարերում ծաղկում էին բազմաթիվ թե՛ միայնակեցական, թե՛ համայնակեցական վանքեր՝ բազմահազար կրոնավորներով, որ իրենց մարմնին բազմաթիվ նեղություններ տալով՝ զօրուգիշեր աղոթում էին։ Այդ վանքերը դեռևս 5-րդ դարից գիտե՞ք քանի անգամ են ավերվել թշնամի ազգերի հարձակումներից։ Կամ մի՞թե քրիստոնյա Եգիպտոսն այդպես հեշտությամբ կընկներ արաբական լծի տակ, կարաբանար ու իբրև քրիստոնյա պետություն իսպառ կվերանար աշխարհի երեսից, եթե աղոթքները զինված թշնամուց փրկելու զորություն իրոք ունենային։ Հավատը լավ բան է, աղոթքը՝ նույնպես, բայց սրանք միայն անձնական խնդիրների լուծման համար են, օրինակ՝ ներքին խաղաղություն ձեռք բերելու, հույսը չկորցնելու ու չվհատվելու, ոգեշնչվելու և այլն։ Բայց ազգային հարցեր չեն լուծում, ցավոք, և հայրենիքն ու զինվորներին չեն պաշտպանում թշնամու զենքից։ Իսկ մեր ժողովրդի մի շա՜տ մեծ մաս դեռ կարծում է, թե աղոթքով ու խաչով կամ անեծքով ու օրհնությամբ կարելի է ազգային հարցեր լուծել ու թշնամիներից ազատվել։ Սա տգիտություն է, ցավոք սրտի։ Ու նաև այս տգիտության դառը պտուղներն ենք մենք անվերջ ճաշակում։ Միշտ հիշե՛ք եգիպտական անապատների օրինակը։