Համացանցում կան Հովհան Ոսկեբերանի գրաբարյան թարգմանությունների հրատարակությունների թվայնացված բազմաթիվ օրինակներ, հատկապես մեր Ակադեմիայի գրադարանի կայքի շտեմարաններում։ Նրա գործերի՝ համացանցում առկա հայերեն թարգմանությունների ցուցակը կարող եք տեսնել
այստեղ։
Ազգությամբ ասորի, բայց հունարենով ստեղծագործած Ոսկեբերանն ապրել է Դ-Ե դարերում, եղել սկզբում Անտիոքի հոգևոր սպասավոր, հետո Կոստանդնուպոլսի արքեպիսկոպոս կամ հայրապետ։ Քարոզել կամ գրել է բազմաթիվ ճառեր, հատկապես սուրբգրային մեկնություններ։ Նրա գործերի մեծ մասը թարգմանվել է հայոց ոսկեդարում՝ առաջին Թարգմանիչների ձեռքով, և այդ թարգմանությունների հայերենն ընտիր է։ Գրաբար սովորել ցանկացողները Ոսկեբերանի երկերի գոնե որոշ հատվածներ պե՛տք է կարդան։
Բայց ես այսօր նրան հիշել ու ձեզ ներկայացնում եմ, ո՛չ որովհետև նա բեղուն մատենագիր է եղել կամ որ նրա երկերի գրաբարյան թարգմանություններն ընտիր են։ Հովհան Ոսկեբերանը Հայ Առաքելական Եկեղեցու այսպես կոչված «տասներկու վարդապետներից», այսինքն՝ ուսուցիչներից, մեկն է, և մեր Եկեղեցին նրա հիշատակը նշում է տարվա մեջ երկու անգամ։ Ուսուցիչներն ինչի՞ համար են. որպեսզի նրանցից սովորեն, չէ՞։ Ուրեմն՝ այս հայրապետը կամ բարձրաստիճան հոգևորականը եղել է անվախ ու անկաշառ անձնավորություն և չի վախեցել իշխանությունների ու հարուստների, հատկապես Եվդոքսիա կայսրուհու, անօրինությունների մասին բարձրաձայնել և նրանց կշտամբել։ Նա նաև փորձել է պաշտպանել այն մարդկանց, ովքեր տուժել են իշխանությունների ձեռքից, օրինակ՝ երբ Եվդոքսիան խլում է մի պաշտոնյայի այրու և զավակների ունեցվածքը, Ոսկեբերանը չի երկմտում պաշտպանելու այրուն ու նրա զավակներին՝ ընդդեմ կայսրուհու։ Ի վերջո, Եվդոքսիան, ժողով գումարել տալով, Ոսկեբերանին աքսորում է Փոքր Հայք։ Աքսորի դժվար ճանապարհը ծեր մարդն անցնում է քայլելով, ինչը հավասարազոր էր խոշտանգման։ Որոշ ժամանակ անց աքսորավայրում վախճանվում է։