24/04/2014

Էլ. գիրքն ու ծանոթագրությունները

Կարծում եմ՝ շատերին ծանոթ իրավիճակ է. տպագիր գիրք ենք կարդում և հանդիպում ծանոթագրության, որը ոչ թե էջատակին է, այլ գրքի վերջում, այն էլ՝ թերևս ընդհանուր ծանոթագրությունների՝ տվյալ գլխի կամ ստեղծագործության բաժնում։ Եթե ծանոթագրությունները շատ են, մի մասը չենք կարդում, չէ՞, կամ էլ եթե ծանոթագրված բառը մեր մեջ հարց չի առաջացնում, անկախ նրանից, թե գործի հեղինակը կամ խմբագիրն  այդ բառին վերաբերող ինչ կարևոր ասելիք ունի, այն անտեսում ենք։ Գրքի վերջում տեղադրված ծանոթագրությունները հարմար չեն, էջատակինն են հարմար։ Բայց ի՞նչ անել, եթե էլեկտրոնային գրքերի ձևաչափերում՝ epub, fb2, mobi և այլն, մեր իմացած էջ հասկացությունը չկա։ Քանի որ էջ չկա, էջատակի ծանոթագրություն էլ չի կարող լինել։ Սա էլ նշանակում է՝ բոլոր ծանոթագրությունները պիտի տեղափոխվեն գրքավերջ (կամ ինչ-որ բաժնի վերջ), կամ դրանց համար մեկ այլ լուծում պիտի գտնվի։ Էլեկտրոնային գրքերում ևս գրքի վերջում տեղակայված ծանոթագրությունները հարմար չեն։ Սեղմիր բնագրում ծանոթագրության  հղման վրա, տեղափոխվիր գրքի վերջ, ծանոթագրությունը կարդա, հետո նորից սեղմիր համապատասխան հղման վրա, վերադարձիր բնագրի այն հատվածը, որից հղվեցիր։ Դարձյալ հարմար չէ, էլ չեմ ասում, որ գուցե որոշ ընթերցիչներ այս գործողությունը կատարելու հետ կապված անհարմարություններ ունենան։

Ուրեմն ի՞նչ լուծում կարելի է գտնել այս դեպքում։ Ծանոթագրությունն անմիջապես ծանոթագրվող բառի վրա բացվող պատուհանիկում ներկայացնելը շատ հարմար կլիներ, սակայն էլ. գրքերի տարածված ձևաչափերն ու դրանց ընթերցիչներն առայժմ այս հնարավորությունը չունեն։ Ահա այս պատճառով մենք մտածում ենք, հետևելով որոշ էլեկտրոնային հրատարակությունների փորձին, ծանոթագրությունները դնել ծանոթագրվող բառի անմիջապես կողքին՝ ուղիղ փակագծերում և շեղատառ։ Փայլուն լուծում չէ, իհարկե, բայց առայժմ ավելի հարմար տարբերակ չենք գտնում։ Ի՞նչ եք կարծում այս մասին։ Ո՞րն է ավելի հարմար ընթերցողի համար՝ ծանոթագրությունը կարդալ անմիջապես ծանոթագրվող բառի կողքի՞ն՝ ուղիղ փակագծերում ու շեղատառ, որպեսզի տարբերվի հիմնական բնագրից, թե՞ հղմամբ գնալ ծանոթագրության բաժին, ծանոթագրությունը կարդալ և դարձյալ հղման միջոցով վերադառնալ բնագրի ընթերցումը շարունակելու։ Շնորհակալ կլինենք հարմար լուծումներ առաջարկելու համար։

2 comments:

  1. Այդ դեպքի համար կարելի է օգտագործել հղումներ, ծանոթագրվող բառից դեպի ծանոթագրություն տանող, և այնտեղից էլ հետ վերադարձնող

    ReplyDelete
  2. Շատ լավ։ Այդպես կանենք։

    ReplyDelete

Եթե ասելիք ունեք, գրեք այստեղ։